Հարգելի գործընկեր,
առաջարկում եմ քննարկել և միասնաբար ստորագրել կուսակցությունների գործունեության բարոյական սկզբունքների վերաբերյալ ընդհանուր խարտիա։ Ստորև ներկայացնում եմ խարտիայի նախագիծը և հիմնավորումը։
Նախագիծ
ԽԱՐՏԻԱ
Ներքոստորագրյալ կուսակցություններս,
- առաջնորդվելով պետության, ժողովրդի և մարդկության նկատմամբ պատասխանատվությամբ,
- նպատակ հետապնդելով զարգացնել քաղաքական համակարգն ի շահ պետության և հասարակության,
- կարևոր համարելով քաղաքական-պետական գործչի առաքինությունը որպես ազգային անվտանգային խնդիր,
պայմանավորվում ենք
1. Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու քաղաքակրթական արժեքները։
2. Հնարավորինս զերծ մնալ բացասականությունից, զբաղվել քաղաքական ռեալ գործունեությամբ, ասելիքն ու անելիքը սևեռել քաղաքական դիրքորոշման, նախագծերի, ծրագրերի ներկայացման և իրականացման վրա։
3. Պահպանել հասարակության ներքին խաղաղությունը որպես ազգային առաջընթացի անհրաժեշտ պայման։
4. Հրապարակային ելույթներում խոսել հայերեն (լոգոս), վարել առաքինի վարք՝ չստել, չզրպարտել, չկեղծել, չգործել մահացու մեղքեր և չարդարացնել դրանք։
5. Միմյանց վերաբերվել եղբայրաբար, որպես միևնույն հանրային կարգավիճակ ունեցող գործընկերոջ, պաշտպանել միմյանց թշնամական-հակաքաղաքակրթական ոտնձգություններից։
Խարտիան կարող են ստորագրել կուսակցությունները և քաղաքական նախաձեռնությունները։
——
Հիմնավորում
Իրավիճակի նկարագրություն
Առաջընթացի համար անհրաժեշտ է պատասխանել 3 հարցի՝ ինչ եմ արել, ինչ եմ անում, ինչ եմ ծրագրում անել։ Այս հարցերն այդպես էլ կոչվում են՝ «առաջընթացի 3 հարցերը»։ Առաջընթացի խորհրդատվությունը մատուցվում է այս 3 հարցերի շուրջ։ Քաղաքական գործիչների մի մասի ելույթները, հարցազրույցները չեն կառուցվում այս 3 հարցերի շուրջ, ինչը քաղաքական համակարգի ճգնաժամի պատճառներից մեկն է։
Որոշ քաղաքական գործիչներ բարդույթավորվում են իրենց կուսակցության մասին խոսելիս, չեն գնահատում-արժևորում իրենց գործը, վախենում են դիրքորոշում և ծրագրեր ներկայացնելուց։ Կան լրագրողներ, որոնք ընդառաջ գնալով քաղաքական գործչի բարդույթներին, շփոթում են քաղաքական գործունեությունը քաղաքական վերլուծաբանության հետ և քաղաքական գործչից ակնկալում վելուծաբանի անշառ կարծիք։ Քաղաքական գործչի և լրագրողի այս խաղը քողարկվում է կեղծիքով, իբր ժողովրդին հետաքրքիր չի, թե ինչ է անում կամ ծրագրում անել քաղաքական գործիչը կամ կուսակցությունը։ Իսկ չբարեկամ ուժերը նպաստում են այս խաղին ու ճգնաժամի խորացմանը։
Առաջընթացի 3 հարցերի կիրառումն ունի նաև պրոգրեսիվ նշանակություն։ Կուսակցությունները խոշորանում, գործակցում, միավորվում, դաշինքներ են կազմում կոնկրետ գործի, խնդրի, նպատակի շուրջ։ Եթե քաղաքական գործիչը սևեռվի գործերի և ծրագրերի վրա և չբավարարվի «խելացի» երևալով, եթե քաղաքական գործչից պահանջվեն գործ, դիրքորոշում և ծրագրեր, ապա ասպարեզից դուրս կմղվեն պատեհապաշտը, ծույլն ու դատարկախոսը։ Իսկ գործ անողներն ու ծրագրեր իրականացնողները կարող են գաղափարական կամ ծրագրային ընդհանրությունների շուրջ գործակցություն կամ դաշինք ձևավորել ու մրցել, թե ով ավելի հաստատակամ է պաշտպանում անկախությունն ու ժողովրդավարությունը, ազգային իրավունքները, ով առաջընթացի ծրագրեր ներկայացնում։
Բազմաթիվ քաղաքացիներ կարծում են, թե օտար երկրներն են այստեղ իշխանություն ձևավորում, և ժողովրդավարությունը ֆիկցիա է։ Նրանց դժվար է բացատրել, որ ընտրություններին արտաքին միջամտությունը ոտնձգություն է ինքնիշխանության և ժողովրդավարության նկատմամբ։
Ցավալի է իրավիճակը քաղաքական ակտորների դաշտում։ Որոշ պատգամավորներ քաղաքական տեքստ չունեն։ ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը, այդ թվում հաղթելու ներուժ ունեցողները, ինչպես նաև գործող համայնքապետերի մեծ մասն ասում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում և չեն ուզում զբաղվել։ Երբեմն կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է անկուսակցականը։ Քաղաքական դիրք-պաշտոն ունեցողների մի մասն իր պաշտոնին ու կոչմանը չի վերաբերվում քաղաքական պատասխանատվությամբ, արհամարհում պաշտոնի քաղաքական նշանակությունը։ Այս անբարոյական մոտեցումները հիմք են տալիս ենթադրելու, որ իշխանությունը հենվում է ստի, կեղծիքի, երեսպաշտության և անբարոյականության վրա։
Էլ ավելի աննորմալ իրավիճակ է կուսակցություններում և քաղաքական նախաձեռնություններում։ Քաղաքական միավորների մեծ մասում բավարար թվով քաղաքական գործիչներ չկան։ Բազմահազարանոց կուսակցություններում մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որոնք լրջորեն պատրաստվում են դառնալ պատգամավոր, նախարար, վարչապետ։ Ավելին՝ կուսակցականների մեծ մասը բարձրաձայն ասում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Այս իրավիճակն աննորմալ չէ։ Այն վտանգավոր է։ Եթե կուսակցությունը չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, ապա կարող ենք հիմնավոր կասկած հայտնել, որ քաղաքական համակարգը բարոյական ճգնաժամի մեջ է։ Այս ճգնաժամն է պատճառը, որ քաղաքական պաշտոնների են հավակնում ու հասնում ստախոսը, դատարկախոսը, հակաքաղաքական, հակաժողովրդավարական տարրերը։
Լուծում
Մտավախություն կա, որ եթե քաղաքական գործունեությունը շարունակաբար այլասերվի, ապա կուսակցությունները կարող են վերանալ որպես ավելորդ գործիք, իսկ երկրում կարող է հաստատվել հակաժողովրդավարական համակարգ։ Այս անցանկալի հեռանկարից խուսափելու մտահոգությունը, ինչպես նաև՝ կուսակցությունների թուլության, քաղաքական գործիչների ծուլության, քաղաքական խոսույթի անկատարության և համակարգային ճգնաժամի վերաբերյալ քննադատությունները հասունացրել են ընդհանուր խարտիա ստորագրելու գաղափարը։
Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ կուսակցությունը համալրվի քաղաքական գործիչներով, որոնք միասին կպայքարեն ծրագրի, նպատակի իրականացման համար, ակտիվ կմասնակցեն ընտրություններին հաղթելու նպատակադրմամբ։ Այս նպատակով նախ անհրաժեշտ է քաղաքական համակարգը դուրս բերել բարոյական ճգնաժամից, պարզել քաղաքական գործչի կերպարը, պարզեցնել կուսակցության դերը, բարձրացնել նրա հեղինակությունը հանրային ընկալումներում։
Բարոյական ճգնաժամից դուրս գալու և քաղաքական համակարգի զարգացման համար կուսակցությունները կարող են ստորագրել խարտիա, որով կսահմանվեն քաղաքական գործունեության բարոյական նորմերը։ Խարտիայի կետերով կարող են սահմանել քաղաքականությամբ զբաղվողի կոչումը, բարոյական նկարագիրը, պատասխանատվության շրջանակը, առաքելությունը, միմյանց և իշխանության նկատմամբ վերաբերմունքը, կուսակցությունների փոխհարաբերությունների նորմերը և այլն։
Ակնկալիք
Ենթադրելի է, որ այսպիսի խարտիան կպարտավորեցնի քաղաքական միավորներին ավելի արդյունավետ գործել ի շահ անկախության և ժողովրդավարության։ Քաղաքական համայնքում, հնարավոր է՝ կհաստատվեն բարոյական նորմեր, որոնցով կառաջնորդվեն քաղաքական բոլոր գործիչները։ Այդ նորմերը կարող են պարտավորեցնել նրանց հավատարիմ մնալ քաղաքական գործչի կոչմանը, միմյանց վերաբերվել եղբայրաբար և գիտակցել քաղաքական գործիչներին միավորող ընդհանուր առաքելությունը և իրենց ամբողջությունը որպես ժողովրդավարական քաղաքական համակարգի գոյության անհրաժեշտ պայման։ Այս նորմերի և ազդեցությամբ հնարավոր կլինի ստեղծել գործակցության առողջ միջավայր, խոշորացնել գոյություն ունեցող քաղաքական միավորները, առողջացնել քաղաքական մրցակցությունը, նվազագույնի հասցնել արտաքին ազդեցությունը իշխանության ձևավորման հարցում, ստեղծել ազատ, արդար ընտրություններով իշխանություն ձևավորելու, ժողովրդավարության ամրացման և հասարակական առաջընթացի հիմքեր։
Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյան
21.05.2024թ.,Երևան
Share this content: