Հայաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն իր ձևաչափով աննախադեպ հանդիպում անցկացրին Բրյուսելում։ Թե՛ հայ, թե եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների բառապաշարում կար ընդհանրական մեկ գաղափար՝ բարձրացնել Հայաստանի դիմադրողունակությունը։ Առավելապես շեշտադրվել է տնտեսական դիմակայունության ամրապնդումը՝ քաղաքական բարեփոխումների, տնտեսական զարգացման և մարդասիրական աջակցության իմաստով։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նախատեսում են ամուր գործակցություն ՀՀ-ի հետ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այսինքն՝ տնտեսության զգալի ոլորտներում։ 2․6 մլրդ եվրոյից զատ, որի 500 մլն եվրոն արդեն տրամադրվել է, կտրամադրվի լրացուցիչ 270 մլն եվրո տնտեսության զարգացման համար։ 65 մլն դոլար էլ ԱՄՆ-ն կտրամադրի։
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ուզում է տեսնել Հայաստանը՝ որպես բարգավաճող ու կայուն երկիր, որը խաղաղ է հարևանների հետ։ ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի գործընկերը լինել այս հարցում․ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն իր տեղը զբաղեցնի որպես ուժեղ, անկախ ազգ՝ իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ»։ Ֆոն Դեր Լայենն ասաց, որ պատրաստ են ուս-ուսի կանգնել Հայաստանի կողքին և այժմ կատարում ենք այդ խոստումը։ Նշում են, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։
Ի՞նչ նպատակ ուներ այս հանդիպումը Բրյուսելում, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, և աշխարհաքաղաքական ինչպիսի՞ համատեքստ կստանա ապրիլի 5-ը։ Բանավեճին մասնակցում են Արմեն Պետրոսյանը՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ, Հարություն Մկրտչյանը՝ քաղաքագետ, Էդգար Ղազարյանը՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Հայկ Միրզոյանը՝ Պահպանողական կուսակցության ղեկավար, Անահիտ Ադամյանը՝ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ։
Աղբյուրը Factor.am, 05․04․2024թ
Share this content: