Հայտարարություն
Մտահոգվելով վերջին օրերին ՀՀ սահմանների մոտ և Արցախում ադրբեջական զինուժի զորաշարժերի, Ադրբեջանի և նրա դաշնակից ՌԴ-ի ագրեսիվ հռետորաբանության ու ՀՀ-ում հեղաշրջում նախապատրաստելու մասին ռուսական ակնարկների կապակցությամբ,
Համաձայնելով, որ իշխանության վարած սխալ ռազմավարության հետևանքով է 2020-ի 44-օրյա պատերազմի, 2021-ի մայիսի 12-ի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի-14-ի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ժողովուրդը կրել մեծ կորուստներ, որոնք կարող են չկրկնվել, եթե ՀՀ քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ կատարվեն,
Համոզված լինելով, որ ՀՀ անկախության օրակարգն ու ՀԱՊԿ-ից ազատվելը հնարավորություն կտան զարգացնել գործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ երկրների հետ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցերում և կանխել կամ լավագույն դիրքերից դիմագրավել թշնամիների կողմից նախապատրաստվող հերթական ագրեսիան,
Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը չսպասել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակին և ռուսական կապանքներից ազատվելու, ազգային անվտանգությունն ապահովելու համար օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։
ՊԿ-ն նաև հայտարարում է, որ ՀՀ օրվա բարձրագույն պաշտոնյաների հանդեպ խորն անվստահություն, վարվող քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություն ունենալով հանդերձ, ՀՀ-ում ռուսական աջակցությամբ ենթադրյալ հեղաշրջման ցանկացած փորձ դիտարկելու է որպես թշնամական հարձակում պետության, ժողովրդի ազատության և քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու իրավունքի վրա։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
09․09.2023թ.
Երևան
Share this content: