
Վերջին օրերին խոսվում է անկլավների վերադարձի մասին: Խոսքը Տավուշի եւ Արարատի մարզերի անկլավների մասին է: Մենք էլ ունենք անկլավ` Արծվաշենը, որը 1992-ից գտնվում է Ադրբեջանի տնօրինության տակ: Լավատեղյակները պնդում են, որ այն այժմ ավերակ է եւ հնարավոր չի լինի բնակեցնել: Մենք զրուցել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի հետ:
— Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո անկլավները հանձնելու մասին խոսակցությունները թափ են հավաքել: Խոսվում է Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին, բայց կարծես չի խոսվում Ձեր հայրենի գյուղի` Արծվաշենի մասին:
— Ես երկար տարիներ զբաղվել եմ Արծվաշենի խնդրով, ինքս Արծվաշենից չեմ` ծնունդով Երեւանից եմ: Արծվաշենը հայկական անկլավ է, որը 1992-ի օգոստոսին, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, փոխանակվել է, թե ինչի հետ է փոխանակվել, Տեր-Պետրոսյանը փակագծեր չի բացում, հասկանալի չէ, ես էլ չեմ կարող ասել: Տարիներ շարունակ դատախազություն եմ դիմել, որպեսզի Տեր-Պետրոսյանի ասածի հիման վրա գործ հարուցվի, սակայն ընթացք չեն տվել: Դատախազությունը մշտապես մերժել է` տարբեր պատճառաբանություններ բերելով: Այժմ հասել ենք այն կետին, որ ուղիղ տեքստով խոսվում է անկլավների մասին, սակայն, չգիտես ինչու, հայկական կողմն Արծվաշենի հարցը չի բարձրացնում: Ուղեղիս մեջ պարզապես չի տեղավորվում:
— Ո՞ր դեպքում Ադրբեջանն Արծվաշենը կվերադարձնի հայկական կողմին:
— Բանակցություններն այս ռակուրսով են ընթանում, թե իբրեւ ԽՍՀՄ-ի օրոք ում ինչ պատկանել է, այժմ վերցնում է: Դե, եթե այդպես է, Արծվաշենը ԽՍՀՄ-ի ժամանակ պատկանել է Հայաստանին: Այստեղից պարզ է դառնում, որ Արծվաշենը պետք է վերադարձվի Հայաստանին: Մի շատ հետաքրքիր բան կա: 2019-ի դեկտեմբերին, երբ արծվաշենցիները կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում, Փաշինյան Նիկոլը, դիմելով արծվաշենցիներին, ասաց, թե արծվաշենցիները չուզող հարեւաններ են: Ես չեմ կարող անուն տալ այդ երեւույթին եւ ասել, թե ինչու մեր ժողովրդին այդպես անվանեցին: Փաստն այն է, որ ՀՀ ղեկավարությունն արծվաշենցիներին անվանում է հարեւան: Գուցե հենց դա է պատճառը, որ չի էլ քննարկվում Արծվաշենի հարցը:
— Իսկ եթե Արծվաշենը վերադարձվի հայկական կողմին, ի՞նչ եք կարծում` մարդիկ կգնա՞ն այնտեղ ապրելու:
— Ես չեմ կարող այլոց անունից խոսել: Ես՝ ինքս, ոչ մի անգամ Արծվաշենում չեմ եղել, սակայն այն վերադարձվելուն պես ես անմիջապես կփորձեմ այնտեղ ինչ-որ բան կառուցել:
— Բայց ինչպե՞ս են մարդիկ այնտեղ բնակություն հաստատելու, նախ՝ չկա ճանապարհ, հետո` քարուքանդ վիճակում է:
— Այնպես չէ, որ Տիգրանաշենը տալուց լավ վիճակում են տալու, կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Քելբաջարը, որ հանձնում էին, լա՞վ վիճակում էր։ Ոչ: Մարդիկ տներ էին վառում եւ այլն: Օրինակ, նույն Բարխուդարլուն անապատ է, այնտեղ ոչինչ չկա:
Աղբյուրը` Hraparak.am, 18.05.2023թ․, հեղինակ` Հայկ Գևորգյան
Share this content: