Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ի՞նչ կփոխվի մեր կյանքում, եթե Փաշինյան Նիկոլի իշխանությանը փոխարինի խորհրդարանական ընդդիմության իշխանությունը:
Խոսքը բարոյական կողմի մասին չէ: Անշուշտ, կապիտուլյանտները, ապազգային տարրերը, անգրագետներն ու ապաշնորհները պետք է հեռանան: Խնդիրն այլ է՝ վերցնելով իշխանությունը, ի՞նչ պետք է իրականացնի խորհրդարանական ընդդիմությունը, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը չի իրականացնում: Օրինակ՝ կչեղարկի՞ 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչը, կփոխի՞ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և տնտեսական մոդելը, կբարեփոխի՞ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և այլ խնդրահարույց իրավական ակտերը, կվերանայի՞ Պուտին Վլադիմիրին այցելելու ժամանակացույցը, կսահմանափակի՞ Կոպիրկինի դերն ու նշանակությունը Հայաստանի ներքին կյանքում:
Կա՞ արդյոք գեթ մեկ բնագավառ, որը լիարժեք կփոխվի Փաշինյան Նիկոլի և խորհրդարանական ընդդիմության տեղափոխության արդյունքում:
Լսելով խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հանրային ելույթները, կարդալով վերջիններիս հոդվածներն ու գրառումները կարելի է փաստել, որ գալով իշխանության նրանք մասամբ փոխելու են կադրերին և իրենց կադրերն ավելի լավ են անելու այն, ինչ անում են Փաշինյան Նիկոլի կադրերը: Միայն այդքանը:
Այսինքն, գալով իշխանության, խորհրդարանական ընդդիմության կադրերն ավելի լավ են իրագործելու 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչի կետերը, ավելի գրագետ են կիրառելու ՀՀ Սահմանադրությունն ու խնդրահարույց օրենքները, ավելի կհստակեցնեն Պուտին Վլադիմիրին այցելելու ժամանակացույցը, ինչպես նաև Կոպիրկինի դերն ու նշանակությունը Հայաստանի ներքին կյանքում:
Համոզված եմ, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը վատն է:
Վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցիչ ավելի լավ կիրականացնի այն, ինչ իրականացնում է Փաշինյան Նիկոլը:
Սակայն, արդյո՞ք մեզ պետք է, որ, օրինակ՝ 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչն ավելի լավ կատարվի, ՀՀ խնդրահարույց Սահմանադրությունն ու օրենքներն ավելի լավ գործեն, Պուտին Վլադիմիրին այցելելու ժամանակացույցը վերջինիս համար ավելի հարմար լինի, իսկ Կոպիրկինի դերն ու նշանակությունը Հայաստանի ներքին կյանքում ավելի նշանակալի լինի:
Անձամբ ինձ պետք չէ: Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլի իշխանությանը պետք է փոխարինի խնդիրներին այլ տեսանկյունից նայող ընդդիմություն: Հակառակ դեպքում, կունենանք այն, ինչ ունենք: Մի բան էլ ավելի»:
Share this content: