Միքայել Հայրապետյանը հրաժարական է տվել Պահպանողական կուսակցության նախագահ պաշտոնից: Նա տարածել է դիմում-հայտարարություն, որում ասվում է.
«Ելնելով այն հանգամանքներից, որ՝
ա) մերժում եմ բանսարկությունները, խարդավանքներն ու դավադիր գործելու մեթոդոլոգիան,
բ) ՊԿ-ն իմ ղեկավարած տարիներին (1998-2022թթ.) եղել է անբասիր քաղաքական կառույց, և պատրաստ չեմ այն թեկուզ մտքի ծայրով դիտարկել նաև որպես բիզնես-պրոյեկտ,
գ) Պահպանողական կուսակցության հիմնարար փաստաթուղթ «Ռազմավարական Ծրագրի» «Քաղաքական ոլորտ» բաժնի գաղափարակցության և հոգեկցության մասին դրույթն այժմ մասամբ է գործում կուսակցության ներսում,
դ) նպատակահարմար չեմ գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ եմ անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել,
ե) անպատվաբեր եմ համարում մանրուքների ձեռամբ՝ որոշ կառույցների հրահրած խարդավանքների մեջ ներքաշվելը,
զ) երկրի ներկա քաղաքական վայրիվերումների և անհանդուրժողականության շրջանում իմ առաքելությունը շարունակում եմ տեսնել բացառապես գաղափարական անշեղության պահպանման ու երկրում քաոս և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու ռուսական իմպերիալիստական ծրագրի խափանման մեջ, ինչի անհնարինությանն եմ բախված` քաղաքական կազմակերպության առաջնորդի կարգավիճակում,
է) ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում,
սույնով հայտարարում եմ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իմ հրաժարման մասին:
Այսօրվանից սկսյալ՝ ՊԿ նախագահի անունով իմ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ չի կարող վավեր համարվել:
Շնորհակալություն եմ հայտնում Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության հիմնադրման տարեդարձի օրն՝ ինձնից առաջ հրաժարական ներկայացրած ՊԿ փոխնախագահ Զավեն Վարդանյանին և ՊԿ ղեկավար մարմինների անդամներին, ինչպես նաև բոլոր ազնիվ ու անկաշառ պահպանողականներին՝ քաղաքական 24-ամյա համատեղ գործունեության համար»։
Share this content: