«Վայ քու, արա»:
Մ. Տեր-Գուլանյան
Այդպես էլ հայաստանցիներին պարզ չդարձավ, թե ով է մտավորականը: Գուցե «մտավորական» տերմինը կոմունիստական ու ռուսական հասարակագիտական մտքի ստեղծա՞ծն էր եւ այդ պատճառով էլ մեզ համար խորթ մնաց: Մենք մեր գիտակցության մեջ մե՛կ մտավորական անվանեցինք նրանց, ովքեր բարեկիրթ են, մե՛կ նրանց, ովքեր բանում են ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր աշխատանքի ոլորտում, մե՛կ նրանց, ովքեր թեկուզ հեռակա, երեկոյան կամ կոոպերատիվ, բայց բարձրագույն կրթության դիպլոմ ունեն: Գուցե ոչ սպառիչ, բայց հավանաբար մասնակի բավարարող կարող է լինել հետեւյալ սահմանումը` մտավորականը նա է, ում միտքն իշխում է ֆիզիկական ցանկություններին, ում առաջնորդում են ոչ թե ստամքոսն ու ագահ աչքը, այլ ուղեղը, ով նյութա-սեռայինից առա՛ջ ունի բանական ու հոգեւոր պահանջմունքներ:
Հակասականություն, այնուամենայնիվ, կա. բարեկիրթ կարող են եւ պարտավոր են լինել նաեւ նրանք, ովքեր ո՛չ բարձրագույն կրթություն ունեն, ո՛չ էլ զբաղված են մտավոր, հոգեւոր աշխատանքով: Ոչ ֆիզիկական, ինչ-որ տեղ նաեւ մտավոր կոչվող աշխատանքով կարող են զբաղվել, ասենք, գործակատարները, ում ո՛չ բարձրագույն կրթություն ուենալը, ո՛չ էլ բարեկիրթ լինելն է հարցվում: Իսկ հայկական չափանիշերով բարձրագույն կրթություն` դիպլոմ, կարող են ունենալ նաեւ նրանք, ովքեր ո՛չ բարեկիրթ են, ո՛չ էլ որեւէ ոլորտում են բանում, այլ պարզապես, ասենք, օլիգարխ են: Այս հակասականության շփոթն այնքան մեծ է, որ տիրույթը տատանվում է մտավորականների դասից մինչեւ մտրակավորների դաս:
Ըստ տրամաբանության ու ըստ «մտավորականի» մասին հայկական ժամանակակից նախապաշարման` պետք է որ, ասենք, հեռուստատեսության ղեկավարները, դրանց մշակութային, տնտեսական, գովազդային, քարոզչական եւ այլ կարգի քաղաքականությունը որոշողները մտավորականներ լինեին: Սրանց բարեկրթության մասին են խոսում (որպեսզի ավելի խորքերը չգնանք), ասենք, իրենց պատրաստած գովազդների «մունաթը», գավառական անհիմն ագրեսիան, բացառապես երկու ծայրահեղությունների` ազգային բացառիկության եւ ազգային ինքնասարկազմի վրա կառուցված լինելը: Իրականու՛մ բարձրագույն կրթություն ստացած լինելու պարագայում` եւ՛ պատվիրատուն, եւ՛ գովազդ պատրաստած սցենարիստ-ռեժիսոր-դերասան գեղջկախումբը, եւ՛ եթերի արտոնություն տված հեռուստատեսությունների` պորտաբաց աղջիկ-տղա ղեկավարները կիմանային, որ, ասենք, «մեր կյանքի լավագույն պահերը» խորհրդային ժամանակներում որոնելու եւ Չարիքի կայսրության հանդեպ կարոտախտ ունենալու իրենց կենդանական բնազդները ժամանակակից աշխարհում նույնն են, ինչ հոլոքոստի համահեղինակ դառնալը (փառք Աստծո, քաղաքակիրթ Եվրոպան ֆաշիզմն ու կոմունիզմը վերջերս իրավաբանորեն դրեց նույն հարթության վրա). կիմանային, որ «Ջերմուկ» գովազդելիս Ստալին մեջբերելը նույնն է, ինչ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի միլիոնավոր մարդկանց մահվան վճիռների ստորագրության համահեղինակ դառնալը: Բարձրագույն կրթությամբ քաղաքապետն այս պարագայում կամաչեր եւ թույլ չէր տա, որ հենց քաղաքապետարանի դիմաց, ինչպես եւ ամբողջ քաղաքը, ողողեին ռուսալեզու եւ կոմունիստամիտ գովազդներն ու կարգախոսները: Եվ այսպես շարունակ, եւ այսպես անվերջ:
Եվ եթե սա է հայ մտավորականի արտադրանքը, ապա լրիվ իրավունքն ունեն իրար խառնվելու սրանց` ու ազատախոհ-այլախոհ հայրենասեր Վիգեն Բաբայանի պես բանասիրական կրթություն ստացած, ասենք, անկախ (?) երկրի պաշտպանության նախարարի հակոտնյա աշխարհընկալումները, ով «Ռուսաստան լսելիս` կարմիր գույնից խրտնող ցուլ», «տեղից վեր կացող» է անվանում բոլոր նրանց, ովքեր հանդգնում են Ռուսաստանին իրականացրած` ՀՀ իշխանությունների վաճառքները քննադատել: Եվ այստեղ չի լսվում, ի դեպ, միանգամայն տեղին եւ անկեղծ «վայ քու, արա» հոգու ճիչը. բայց չէ՞ որ ամեն ինչ այստեղից է սկսվում: Ինձ թվում է, թե ինքս կարող եմ որեւէ բանական մարդու համար միանգամայն հասկանալի լեզվով բացատրել, որ, այո՛, Ռուսաստանը` մեռնող այդ կայսրությունը, շատ վտանգավոր է մեր ազգային ապագայի համար, եթե կարողանա մեր երկրի տնտեսության որոշակի, այն էլ` էներգետիկ ոլորտում ապահովել իր մոնոպոլ իրավունքները: Բայց անիմաստ եմ համարում նման բան անելը, քանի որ կընկալվեմ որպես «տեղից վեր կացող», թեեւ Տեղ գյուղում չեմ ծնվել. քանի որ գիտենք, թե ներկա իշխանություններն ինպես են վարվում «տեղից վեր կացողների հետ», եթե անգամ այդ «տեղից վեր կացողը» վեր էր կացել իր համակուրսեցի նախագահին բարեւելու: Իսկ կոմունիստական կարմիրի նկատմամբ ցուլի առողջ կեցվածք ունեցողներ եթե դեռ մնացել են մեր հասարակության մեջ, ապա ամեն ինչ չէ, որ կորած է, ապա դեռ կարելի է հավատալ Հայաստանի ապագային:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ «Չորրորդ իշխանություն», 2006թ., մայիսի 6
Share this content: