Օրակարգում Հայաստանի անկախությունն է

Իրենց աստվածներին եւ նրանց հետ կապված տոներն ու ծեսերը հնում էլ ուժեղները պարտադրել են նվաճվածներին: Եվ սա միակ արդարացումն է իրենց անկախ հռչակած, սակայն իրականում իրենց նվաճվածության հետ հաշտված, ավելին` դրա լիակատարությունը երազող ՀՀ քաղաքական վերնախավի, մասնավորապես իշխանությունների համար: Մնացյալն ամոթ է ու նախատինք, խորշանք առաջացնող ստորաքարշություն ու ցածրակարգություն:

Փետրվարի 23-ը օտարի` ո՛չ չեզոք ու մեզ հետ կապ չունեցող սոսկական օտարի, այլ մեր հայրենիքն ու ժողովրդին լլկած կոմունիստական բանակի օրն է, որը Պուտինի իշխանության անցնելուց հետո ժառանգեց իբր ժողովրդավարության ուղին բռնած Ռուսաստանը: Խայտառակությունն այն է, որ Հայաստանում ոչ միայն դեռեւս կան ռուսական ռազմական ուժեր, այլեւ մերոնք էլ են նշում այդ օրը, թեեւ ունենք մերը` Հունվարի 28-ը, սակայն չունենք այդ մեր-ի գիտակցումը: Հազարամյա ճորտերը, որ այդպիսին են մնացել նաեւ այսօր, անմիջապես կասեն` չէ՞ որ այդ բանակը մարդկությանը փրկեց ֆաշիզմից, 300 հազար հայորդիներ զոհվեցին այդ բանակի շարքերում մարտնչելով դարչնագույն չարիքի դեմ: Շտապեմ հանգստացնել, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տոն, փառք Աստծո, կա եւ նշվում է մեր երկրում: Բացի այդ, այդ պատմական հաղթանակի մի մասն է միայն պատկանում Խորհրդային Միությանն ու նրա բանակին, թեեւ կոմունիստական քարոզչությունը տասնամյակներ շարունակ հոմո-սովետիկուսների` փոքրիկ տարողությամբ գլուխները լցրեց խորհրդային բանակի եզակիության պատմական կեղծիքով: Ու գլխից հոտած մեր հասարակությունը ջանք չթափեց մեկ անգամ ինքն իրեն հարց տալու, թե ինչու ոչ պակաս թվով հայորդիներ իրենց կյանքը կամավոր դրեցին ֆաշիզմի դեմ պայքարում նաեւ այլ երկրներում, այլ բանակների շարքերում. մի՞թե հանուն կոմունիստական երկրի սիրույն:

1988-ից սկսած իմ ոչ մի աշակերտ ու ուսանող չէր հանդգնել շնորհավորել ինձ այդ օրվա առթիվ, մինչդեռ այս տարի ամենայն անկեղծությամբ նրանք շնորհավորեցին: Ես կարկամել էի. ի՞նչ պիտի անեի, եթե լսարանում լինեին իմ պատանեկության տարիների ընկեր, սովետական բանակի կողմից սպանված, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի որբ մնացած դստրիկը կամ որեւէ գետաշենցու երեխա, ովքեր իրենց վրա են զգացել այդ բանակի հետեւանքները: Այս հարցը ես ուղղում եմ Հայաստանի մանկուրտային քաղաքական վերնախավին` հավելելով նոր հարցեր. դուք ջանք չեք խնայում համոզելու Արեւմուտքին, թե իբր քրիստոնեական մշակույթի կրող Հայաստանը պետք է երբեւէ հայտնվի Եվրամիության մեջ, իսկ երբեւէ մտածե՞լ եք, որ այդ Եվրամիության երկրների ժողովուրդները, ի տարբերություն ձեզ, հիշողություն ունեն եւ հիշում են այդ բանակի ոչ պատերազմական ավերածությունները Գերմանիայում, այդ բանակի տանկերի թրթուրների տակ ճզմված չեխ ազատատենչ ժողովրդի զավակներին, Հունգարիայի ողբերգությունները… Այդ դու՛ք կարող եք չհիշել, թե այդ բանակն ինչպես էր մեր Արցախն ու Նախիջեւանը հանձնում Ադրբեջանին` տարածաշրջանի համար ստեղծելով հավիտենական թշնամանքի մթնոլորտ, ինչպես էր Կարսն ու հարակից տարածքները նվիրում թուրքերին, ինչպես էին մորթում, այրում ու բռնաբարում Զանգեզուրի ազատատենչ ժողովրդին: Իսկ նրանք հիշու՛մ են, եւ զուր են հակաֆաշիզմի թիկունքում թաքնվելու ձեր գավառական ֆաշիստական փորձերը:

Դուք չեք կարող դատապարտել ֆաշիզմը, չեք կարող թեկուզ մակերեսորեն ընկալել ֆաշիզմի բարբարոս էությունը, այլապես կդատապարտեիք եւ մեր պատանի երկրի վերնախավում արշավելու չէիք կոչի Բակունցի ու Չարենցի, Թոթովենցի ու Եսայանի…. պայծառ գլուխները կերած արնախում չեկիստներին, նրանց քստմնելի տոնը եւս պետական չէիք հռչակի, Հայաստանի անկախության մասին խորհելու համար նրանց հալածող կոմսոմոլներին անկախության իրավական համակարգի պահապաններ չէիք կարգի, ժողովրդից չէիք ծածկի ԿԳԲ-ի գործակալների զազրելի ցուցակները:

Այս տարի, հենց այն օրերին, երբ հայ ստրուկները փետրվարի 23-ի կապակցությամբ իրենց ծաղկեպսակն էին դնում Անհայտ զինվորի անմար կրակի մոտ (կրկնում եմ` անհայտ զինվորը ոչ մի կապ չունի տեւական մի ընթացքում մարդկության ժանդարմը դարձած խորհրդային բանակի հետ), այդ նույն բանակի գերագույն գլխավոր հրամանատարը Բաքվում ոչ միայն ծաղկեպսակ էր դնում իր զորատեսակի գեներալ Ալիեւի արձանի մոտ, այլ բառի բուն իմաստով խոնարհվում ու ծնկում էր` այնտեղից տիրոջ հոխորտանքով հայտարարելով, թե Մոսկվա կկանչի մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարին… Իսկ հաջողվե՞ց հայ քաղաքական վերնախավին, չեմ ասում Գեներալ Անդրանիկի (ի դեպ, մեր Գեներալի ծննդյան օրն էր Պուտինը զույգ ոտքով ծնկի իջել գեներալ Ալիեւի արձանի առջեւ) կամ Վազգեն Սարգսյանի շիրիմների մոտ, այլ ցեղասպանության արձանի առջեւ խոնարհեցնել փետրվարի 23-ի բանակի հրամանատարին. թե՞ ցեղասպանության թանգարանի մատյանում մի երկու խոսքը բավարար էր մերոնց` լլկված կուրտիզանուհու հանգույն:

Վտանգավոր է մեր պետության ապագայի, գոյության համար, երբ հայ պարմանուհիները «բաշարող», իրենց համար ցանկալի փեսացու են տեսնում հայկական բանակից խուսափողի մեջ, բայց փետրվարի 23-ի առթիվ նվերներ առնում նրանց: Եթե տարոնա-դաշքեսանյան ու կոմպլեմետար մեր պետական քաղաքականությունը հասցրել է այն հանգրվանին, որ խորհրդային գաղութատիրություն չտեսած մեր երիտասարդ սերունդն է այսօրվա տերերի նման հայտնվել ստրկամտության ու գաղութացված գետտոյականի մտածողության ճիրաններում, ապա օրախնդիր է դարձել Հայաստանի անկախության համար պայքարը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Չորրորդ իշխանություն», 2006թ., փետրվարի 28 «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2006թ., մարտի 1, թիվ 45

Share this content: