Ժողովրդավարականացման հերթական փուլի շեմին

Ուղիղ 90 տարի առաջ, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Վահան Տերյանը, որը հայտնի է իբրեւ հայ դասական բանաստեղծ, հանդես եկավ երկու ծրագրային զեկուցմամբ («Հայ գրականության գալիք օրը» եւ «Հոգեւոր Հայաստան»), ուր հայ ժողովրդի դժբախտությունների, ինչպես նաեւ հայ մշակույթի անմխիթար վիճակի պատճառ համարեց կղերական, մեկուսացած, գետտոյական մտածողությունը: Այդ մտածողությանը նա հակադրեց քաղաքացիականությունը: Ավելորդ չէ նշել, որ դրանից հետո թեեւ հայ ժողովուրդն անցավ ցեղասպանության ու հայրենազրկման միջով, կարճատեւ ընթացքում ունեցավ պետականություն (1918-1920թթ.), ուղիղ 70 տարի եղավ կոմունիստական կայսրության մաս, իսկ 1991-ից էլ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր է, սակայն տերյանական մտահոգությունը, կապված մտածողության մարտնչող կղերականության կերպի եւ այդպես էլ իր ուղին չհարթող հայկական քաղաքացիականության հետ, այսօր էլ հրատապ է եւ ավելի քան արդիական:

Խորհրդային Միության փլուզումը սոսկ առաջին արարն էր գլոբալացող, ժողովրդավարականացող եւ ազատականացող աշխարհի զարգացման տրամաբանության: Հաջորդ փուլն անշուշտ պետք է լիներ նորանկախ երկրների ինտեգրումը համաշխարհային տրամաբանության մեջ: Մերձբալթյան ժողովուրդները, որ ավելի կարճ ժամանակ էին գտնվել կոմունիստական կայսրության կազմում եւ առավել պատրաստակամ էին թոթափելու կոմունիստական ժառանգությունը, արեւելաեվրոպական իրենց բախտակիցների հետ ավելի շուտ բռնեցին զարգացման բնականոն հունի մեջ մտնելու ճամփան. անշուշտ դրա համար շատ կարեւոր դերակատարում ունեցավ նաեւ իրենց եվրոպական աշխարհագրական դիրքը:

Ավելի քան 10 տարվա քաղաքական, տնտեսական եւ ամեն կարգի վայրիվերումների ու ռազմական առճակատումների միջով անցած Հարավային Կովկասի հերթը մի փոքր ուշացավ: Այստեղ մեր խնդիրը չէ դրա խորքային եւ գիտական բոլոր պատճառների վերհանումը, սակայն արձանագրենք միայն, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո պարզ դարձավ, որ մեր տարածաշրջանի արեւմտականացման արագությունները մեծացվելու են: Առաջինը այն բախեց Վրաստանի դուռը: Եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ Վրաստանում թավշյա հեղափոխության առաջնորդներն անշուշտ քաղաքականացված եռյակն էր, սակայն ամբողջ պատասխանատվությունը դրվեց հասարակական շարժման վրա: Իսկ քաղաքացիական գիտակցության հասրակական պատվերը Վրաստանում ձեւավորվում էր ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ համեմատած` առավել «արեւմտյան» Շեւարդնաձեի օրոք համակեցության ձեւեր գտած հեռուստակայանների ու հասարակական կազմակերպությունների կողմից, այլեւ այն պարզ պատճառով, որ բաց սահմանների պայմաններում դեռեւս շարունակվող ասիական կլանային համակարգը բնակչությանն ուղղորդում էր դեպի այդ հեղձուկից հնարավորինս շուտ ազատվելու եւ Մարդուն իր արժեքային համակարգի հիմքում ունեցող արեւմտյան կառույցներ:

Ուկրաինայում կատարվող դեպքերը եւս մի լրացուցիչ հիշեցում են այն մասին, որ նախապես կոմունիստական հասարակարգի դեմ գործելու կոչված քաղաքական կուսակցությունները օրինաչափորեն դատապարտված էին իրենց խորքում կոմունիստական մեթոդոլոգիական ժառանգություն կրելու, ուստի դարձյալ շեշտադրումը կատարվեց անձանց եւ հասրակական կազմակերպությունների մակարդակում, իսկ ժողովրդավարականացման այս երկրորդ փուլի առաջնորդները նույնպես կա՛մ մտավորականներ էին, կա՛մ հասրակական-պետական գործունեության մեջ թրծված անձինք:

Որեւէ ողջախոհ մեկը չի կարող կասկածել, որ նույնիսկ աշխարհագրորեն հաջորդը Հայաստանն է այս շարքում: Այստեղ, սակայն, կան յուրահատուկ նրբերանգներ, որոնք կարող են որոշիչ լինել: Դրանցից առաջինն այն է, որ եւ՛ Վրաստանում, եւ՛ Ուկրաինայում ժողովրդավարականացման ալիքը բարձրացավ համապետական ընտրությունների ժամանակ, մինչդեռ Հայաստանում այն առաջիկայում բացակայում է: Հաջորդ ոչ պակաս կարեւոր նրբերանգն այն է, որ եւ՛ Վրաստանում, եւ՛ Ուկրաինայում տարիներ շարունակ հասարակական կազմակերպությունները լցրել էին այն դաշտը, որ թերացել էին քաղաքական կազմակերպությունները, մինչդեռ Հայաստանում քաղաքական գերխիտ եւ միեւնույն ժամանակ ամայի դաշտը կարողացել է հնարավորինս խեղդել հասրակական դաշտին` նրան մղելով կա՛մ ավելորդ քաղաքականացման, կա՛մ այն աստիճանի ապաքաղաքականացման, որ վերածվել է քաղաքացիականության դեմ հաշվեհարդարի: Հասարակական կազմակերպությունները որպես քաղաքացիական գիտակցության քարոզման եւ սերմանման լավագույն ինստիտուտներ` Հայաստանում թերզարգացած են. դրանք ուղիղ համեմատական են քաղաքական կվազի-համակարգին:

Սրանով հանդերձ, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ապագետտոյացումը, ապակլանայնացումն ու Ռուսաստանից ապաֆորպոստացումը կախված է հասարակական կազմակերպությունների բռնելիք դիրքից: Իսկ այդ դիրքն իրենով պետք է վերաբերմունք ցույց տա հայաստանյան թե՛ քաղաքական կառույցներին, թե՛ քաղաքականացված, բայցեւ դեռեւս կենսունակ անձանց, ինչը բարեհաջող կատարվեց հարեւան Վրաստանում, ինչպես նաեւ Ուկրաինայում: Այսպիսի վիճակում է հայտնվել Հայաստանը` ժողովրդավարականացման անխուսափելի եւ երկար սպասված փուլի շեմին, երբ արեւմտյան արժեքային համակարգի կրող նոր սերնդի գործիչների բացակայության պարագայում կարող է գործել մեկ անգամ արդեն փորձարկված եւ ոչ մի տեղ չտանող առճակատումը` թե՛ երկրի ներսում, թե՛ սահմաններին, մանավանդ եթե հաշվի առնենք Ադրբեջանի քաղաքական եւ ինստիտուցիոնալ համակարգերի Հայաստանից էլ վատթար, խորհրդային ատավիզմային բուրգի գոյությունը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., հունվարի 8

Share this content: