Ում համար են ղողանջում զանգերը

Օշականը Հայաստանի ամենամեծ գյուղերից է: Ամեն հայ գիտե, որ այնտեղ է ամփոփված հայոց գրերի արարիչ Մաշտոցի աճյունը: Հայաստանյան քիչ թե շատ բարեկեցիկ դպրոցների առաջին դասարանցիներն այնտեղ են կատարում այբբենարանի հանդեսը: Հայաստան այցելող սփյուռքահայրեից շատերն իրենց պարտքն են համարում Գառնի, Գեղարդ, Սեւանա լիճ, Էջմիածին այցելելու հետ տեսնել Մաշտոցի դամբարանը: Մաշտոցը Հայ եկեղեցու կողմից սուրբ է հռչակված: Հայ եկեղեցու տոնացույցում հոկտեմբերի երկրորդ կիրակին կարգվել է որպես Սուրբ թարգմանչաց տոն. Մաշտոցը նաեւ հայ առաջին թարգմանիչն է: Սուրբ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին է նվիրված հունիս ամսվա վերջին կամ հուլիսի առաջին կիրակի օրը նշվող եկեղեցական տոնը: Հաջորդ տարի լրանում է պետականազրկության երկար ու ձիգ դարերի ընթացքում (Պատմական Հայաստանի հողի վրա` 1045թ.-ից` Բագրատունյաց հարստության անկումից ի վեր) հային հայ պահած միակ զենքի` գրերի գյուտի 1600-ամյակը:

Խորհրդային իշխանության վերացումից ի վեր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին գործող է դարձել: արեգին Ա կաթողիկոսի օրոք, սփյուռքահայ բերերարների միջոցով վերանորոգվել եւ բարեկարգվել են եկեղեցին ու նրա շրջակայքը: Օշականի տարածքում երկու բախտորոշ ճակատամարտ է տեղի ունեցել. նախ` 336 թվին, երբ հայոց զորքերը պարտության են մատնել ու գլխատել են երկիր ներխուժած մազքութաց Արշակունի թագավորին, եւ 1827 թվին, երբ ռուսական զուրքերն ու հայ աշխարհազորայինները դարձյալ պարտության են մատնել պարսից արքայազնի բանակին, որը պատրաստվում էր մի քանի ժամ անց գրավել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը: Պեղումների ժամանակ Օշականի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. 7-5-րդ դարերի ամրոց, բնակատեղի, պալատական 5 համալիր եւ դամբարանադաշտ: Օշականցիները հիմնականում բնիկ են:

Մենք շատ ենք սիրում հիշել մեր ազնվատոհմերին, բայց նրանց ներկայացուցիչներից ընդամենը մեկ-երկուսի գերեզման է անխաթար հասել մինչեւ 21-րդ դար. դրանցից է քաջ իշխան եւ Մաշտոցի իմաստուն աշակերտ Վահան Ամատունու գերեզմանը:

Մինչեւ իսկ անաստվածության մեջ նետված Խորհրդային Հայաստանի իշխանություններն էին հոգ տանում Օշականի դիմագիծը պահպանելու համար: Մի խոսքով, Օշականն իր կենսագրությամբ, կարծես թե, մի անաղարտ բեկորը լինի բոլոր ժամանակների տոհմիկ Հայրենիքի: Բայց…

Հիմա թողնենք պատմության խորխորատներում դեգերելը եւ փորձենք նայել իրականության աչքերին, եթե մեր քաջությունը կզորի դրան:

Խորհրդային տարիներին հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին հայտարարվել էր Ուսուցչի տոն. այդ ավանդույթը պահպանվեց նաեւ պետականության վերականգնումից հետո: Հոկտեմբերի 3-ին, ուրեմն, Հայստանում նշվում էր Ուսուցչի օրը, իհարկե ոչ այն լրջությամբ, ճոխությամբ ու թնդանոթային հրավառությամբ, ինչպես դրանից մեկ օր առաջ նշվեց «Կոտայք» գարեջրի օրը:

Եվ Ուսուցչի օրը (հիշեցնեմ` կիրակի օր) այցելեցի Հայոց առաջին ուսուցչի շիրմին. քավ լիցի, ամենեւին գերեզմանապաշտություն չէ: Եվ ոչինչ որ պարապ էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին. ուսուցչին հիմա ո՞վ է գնահատում, «գնահատանքի» արժանի են փողոցների մայթերին ձեռքերը կարկառած հազարավոր մուրացկանների կողքով մեծ արագություններով սլացող հարյուր հազարավոր դոլարներ արժեցող մեքենաների մեջ բազմած օլիգարխներն ու միմյանց արվամոլության մեջ մեղադրող իշխանավորները: Ասելիքս սրա մասին էլ չէ: Այլ…

Երեկոյան, ըստ օրենքի, սկսվեց կիրակնօրյա երեկոյան ժամերգությունը: Երկու հոգեւորական ամենայն բծախնդրությամբ կատարում էին կարգը… իսպառ դատարկ եկեղեցում: Իսկ Օշականը Հայաստանի ամենամեծ գյուղերից է, ինչպես նաեւ… այստեղ կարելի է նորից սկսել այս հրապարակման ընթերցումն ամենասկզբից:

Ժամերգության ունկնդիրն ու մասնակիցն այն մի քանի մոմերն էին, որ մինչ այդ «1700-ամյա քրիստոնյա» ժողովրդի մի երկու զավակ եկել, հապճեպորեն վառել ու հեռացել էին:

Փառք Աստծո, ժամերգության մի պահի հայտնվեցին մի քանի սփյուռքահայեր, ժամերգության հնչյունների ներքո իջան Մաշտոցի գերեզմանի մոտ, ապա մոմ վառեցին ու դուրս եկան. ժամերգությունը շարունակվում էր իսպառ դատարկ եկեղեցում` մի քանիսով ավելացած մոմերի հալոցքի ներքո: Հյուրերի այցելությունից հատկապես ոգեւորվեցին եկեղեցու պարսպի մուտքի մոտ հավաքված երեխաները, որոնց հյուրերը դրամ տվեցին (այդպիսի կադրեր կարելի է տեսնել նշանավոր Գլակա վանքի ավերակների մասին պատմող հայ զբոսաշրջիկների նկարահանումներում, երբ քուրդ երեխաներին են հայ հայրենաբաղձներն իրենց բարձունքներից ողորմում): Հետո հայրենի լավաշով փաթաթված, հայրենի դաշտերում արածած գառան խորոված գնեցին եկեղեցու պարսպից դուրս ու, մարմնավոր հոգու պարտքը կատարած, հեռացան` իրենց ետեւից թողնելով դատարկ եկեղեցում հնչող ժամերգության ձայներն ու փող աշխատած վաճառականների բավարարված հայցքները:

Հայաստանում, ըստ մարդահամարի, երեք միլիոն հայ է ապրում: Մինչդեռ եկեղեցիները, որ անկախությունից ի վեր կարգի են բերվում, դատարկ ժամերգությունների համար են: Իսկ մենք տրտնջում ենք, թե Արեւմտյան Հայաստանում մնացած մեր տաճարները մզկիթների են վերածվել, ու նամազն է այնտեղ երկինք բարձրանում: Մենք երկինք բարձրացնելիք ունե՞նք մեր ներսում:

Նույնիսկ մուրացիկ հաշմանդամներն այժմ եկեղեցու մոտ չեն հավաքվում` լավ իմանալով, որ այնտեղ եկող չկա, իսկ եկողներն էլ ամենեւին չեն գալիս ողորմություն տալու, այլ` ստանալու` պաշտոնի, փողի, Հայրենիքից հեռանալու վիզայի, շքեղ ավտոմեքենայի տեսքով, երբեմն էլ սիրած մարդու հետ հարաբերությունները կարգավորելու ակնկալիքով:

Ասում են, թե Հայաստանում գործում է ավելի քան 40 աղանդ: Տա Աստված, որ գոնե այնտեղ նրանք աղոթք ունենան (դրա անկեղծությանն էլ չեմ հավատում), որովհետեւ «խնդրողին է տրվում», մինչդեռ մեր խնդրանքները կապ չունեն Աստծո հետ, հոգու հետ, գրի հետ, ազգի հետ, Հայրենիքի հետ. իսկ թե ինչի հետ կապ ունեն, գիտի յուրաքանչյուր հայ, բայց երբեք չի բարձրաձայնի:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2004թ., հոկտեմբերի 15

Share this content: