Հեռանկարի ետևից

Մեր երիտասարդների մեծամասնությունը հեռանկար չի տեսնում կամ առնվազն այն չի կապում Հայաստանի Հանրապետության հետ:

Այնինչ հեռանկար պետք է լինի միշտ, եւ` ըստ փուլերի՝ հեռանկարային, մոտ ապագա, ներկա, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա հստակ իրատեսական ժամկետներ (այսօր պետք է անել սա, մեկ տարվա կտրվածքով` սա, 5 տարվա կտրվածքով` սա, այնուհետեւ 10, 25, 50, 100… տարի):

Իսկ հեռանկար չենք տեսնում, որովհետեւ փոքրուց մեզ սովորեցնում են ապրել անցյալի ուրվականներով եւ անորոշ «պայծառ ապագայի» տեսլականներով` որ մենք 3000-ամյա համաշխարհային ազգ ենք, առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, ծովից ծով Հայաստան ենք եղել, մեզ դրանց պատճառով ցեղասպանել են, մեր Նարեկացին, Խորենացին… եւ այլն: Եվ կամ` մենք զիբիլ ենք, ապրելու իրավունք չունենք եւ այլն: (Մինչդեռ որեւէ ազգ ո՛չ բացառիկ է, ո՛չ էլ ապրելու իրավունքից զուրկ:)

Այստեղից էլ կատարվում է հետեւություն. «Ուրեմն, բալա ջան, դու պետք է լինես «Մեծ Մարդ», աշխարհին խոսեցնել պետք է տաս քո մասին, դու Հայաստանի պայծառ ապագան ես, ամո՞թ չի` լինես քո աշխատանքով ապրող հասարակ մարդ»: Հաջորդ քայլին ածանցում ենք պարտադիր բարձրագույն կրթության աքսիոմը, հայտնաբերում մեր առանձնահատուկ նշանակության անձ լինելը, առանց որի աշխարհը յոլա չի կարող գնալ, որը հետագայում կլեգիտիմացնի ցանկացած տեղից եւ ցանկացած պահի մեր փողոց հատելու մշակութացված ավանդույթն ու իրավունքը, եւ այսպես շարունակ: Եվ կամ մյուս կողմն է` առանց միջակայքի. «Ուրեմն, բալա ջան, դու այստեղ եւ հայերի մեջ ապագա չունես, կյանքը մի անգամ է տրվում այս լեն-բոլ աշխարհում»:

Բնականաբար այս պայմաններում ձեւավորվող անհատը բախվելով իրականությանը եւ ներարկված ներաշխարհի հակասությանը կանգնում է երկնտրանքի առջեւ. այն է` թոթափել իր բարդութավորված ներաշխարհը կեղծիքից, որ հաճախ սեփական Ես-ից հրաժարման պատրանք է ստեղծում, կամ` ներամփոփվելով խորասուզվել դեպի իրականությունից կտրված երազների աշխարհ: Այնուհետեւ այդ անձը թմրանյութից կախվածություն ունեցողի պես սկսում է ելքեր փնտրել բավարարելու համար: Արդյունքում դառնում է ուրիշների հաշվին ինքնահաստատվող, քցող-թռնող, քցող-բռնող, կենացային-հայրենասիրական ճառեր արտասանող, անբեկանելի ճշմարտություններ հորջորջող, հանդերձավորվում է հավերժական դժգոհության եւ մունաթի դիմակով: Արդյունքում չենք էլ զգում` ինչպես ենք վերածվում զառամյալ պանիկովսկիների: Եվ արդեն հուսախաբված, հուսալքված, անվստահ, անհավատ, անսեր կատարվում է վերջնական դատավճիռը` «Էս երկիրը երկիր չի՛, ես այստեղ ո՛չ փայ ունեմ եւ ո՛չ անելիք»:

Ուրեմն` ժամանակն է ազատվելն մեռելածին կարծրատիպերից, մեր ուսերից մի քանի հազար տոննայանոց բեռը` դարերով քայքայված լեշը թոթափելու, որպեսզի նորեն երիտասարդանանք: Ինչպես պոետն էր ասում` «Մեռելներին, որքան էլ հարազատ, թաղել է պետք»: Մենք մեր ողջ էությամբ պետք է գիտակցենք մեր նորածին Ազգ՝ նորածին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լինելու փաստը: Միայն այս դիրքից է, որ մշտապես հեռանկար կունենանք` ե՛ւ անձնական, ե՛ւ պետականության տեսանկյունից: Այնժամ մենք կշնչենք կյանքով լեցուն ազատության օդը, մեզ կզգանք տակավին երիտասարդ, առույգ, ուսման կարոտ, արագություններ զարգացնելու պատրաստակամ: Այդժամ մենք կհասկանանք մեր ումից սերված եւ ո՛վ լինելը, կկարողանանք լինել լիիրավ ժառանգորդը մեր ծնողի եւ տե՛րը` մեր ներկայի:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երիտասարդ պահպանողականների միության անդամ, ասպիրանտ

Share this content: