"ՇԵՄ" մատենաշար

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն քաղաքակրթություն ենթադրում է ուրույն հասարակություն: Մարդկությունն այժմ քաղաքակրթական երրորդ աստիճանն է թեւակոխում: Մի կողմ թողնենք նախապատմական ժամանակները, որի մեջ ապրող էթնիկ էկզոտիկ խմբեր այսօր էլ կան մոլորակի տարբեր անկյուններում. սրանց համար հասարակություն հասկացությունն օգտագործելն ընդունված չէ: Դրանք հիմնականում արյունակցական կապերով ընդհանրացող խմբեր են, որոնց առաջնային նպատակը գոյապահպանությունն է, ինչը գրեթե չի տարբերվում կենդանական պարզ գոյապահպանումից. միակ տարբերությունն այն է, որ այս խմբերում սկսում է սաղմնավորվել ռազմականի առաջնայնությունը: Թեեւ, իհարկե, այստեղ այդ առաջնությունն ունի բացառապես սպասարկողի գործառույթ: Մի կողմ թողնենք նաեւ վաղ- կամ նախա-քաղաքակրթությունների պատմաշրջանը, որ պատված է առեղծվածների թանձր մշուշով:


ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն քաղաքակրթություն ենթադրում է ուրույն հասարակություն: Մարդկությունն այժմ քաղաքակրթական երրորդ աստիճանն է թեւակոխում: Մի կողմ թողնենք նախապատմական ժամանակները, որի մեջ ապրող էթնիկ էկզոտիկ խմբեր այսօր էլ կան մոլորակի տարբեր անկյուններում. սրանց համար հասարակություն հասկացությունն օգտագործելն ընդունված չէ: Դրանք հիմնականում արյունակցական կապերով ընդհանրացող խմբեր են, որոնց առաջնային նպատակը գոյապահպանությունն է, ինչը գրեթե չի տարբերվում կենդանական պարզ գոյապահպանումից. միակ տարբերությունն այն է, որ այս խմբերում սկսում է սաղմնավորվել ռազմականի առաջնայնությունը: Թեեւ, իհարկե, այստեղ այդ առաջնությունն ունի բացառապես սպասարկողի գործառույթ: Մի կողմ թողնենք նաեւ վաղ- կամ նախա-քաղաքակրթությունների պատմաշրջանը, որ պատված է առեղծվածների թանձր մշուշով:

Ժամանակագրությամբ առաջին աստիճանի քաղաքակրթություններին (հարավ-միջերկրական, վաղ-սեմական (վաղ-միջագետքյան), հնդ-իրանական, հունա-հռոմեական եւ այլն) համապատասխանում են ռազմական հասարակությունները, որտեղ բոլոր գրված ու չգրված օրենքները սպասարկում ու շրջանառվում են ռազմականի տրամաբանության տիրույթում: Այստեղ շարունակում է գոյության իր իրավունքը պահպանել նախապատմականի հիմնախնդիրը` գոյապահպանությունը, սակայն կանոնակարգվելով` ձեռք է բերում համակարգի բնույթ: Հենց այս տիպի հասարակությունում է սաղմնավորվում արդեն գալիք պատմափուլի քաղաքակրթություններին հատուկ հասարակության տրամաբանությունը` մշակութայնությունը, որն այս համակարգում ունի ընդամենը սպասարկողի գործառույթ: Ռազմական հասարակության ներսում է, որ համակարգվում եւ դասդասվում են շրջակա աշխարհի մասին պատկերացումներն ու հավատալիքները` ծնունդ տալով կրոնին: Ժամանակագրությամբ այս առաջին աստիճանի քաղաքակրթությունները կոչված էին լուծելու երկու խնդիր. առաջին` ո՞րն է տեսակի` մարդու տեղը տիեզերքում ու բնության մեջ, երկրորդ` ո՞րն է իր տեսակի` իր մաշկի գույնն ունեցողի ու իրեն հասկանալի լեզվով խոսողի տեղն իրենից այդ ու նման այլ տարբերություններ ունեցողների մեջ: Հայ մշակույթն այս փուլն անցել է իր հարազատ հնդ-իրանական մայր քաղաքակրթության ներսում: Այս փուլում են ձեւավորվել առաջին ազգերը (ազգ` ոչ քաղաքական եւ քաղաքացիական բնորոշմամբ, որ սկսեցին շրջանառվել 18-19-րդ դարագլխից) եւ պետությունները:

Ժամանակագրությամբ երկրորդ աստիճանի քաղաքակրթություններին (միջին-սեմական, ուշ-սեմական, հնդ-իրանական, արեւմտյան եւ այլն) համապատասխանում են մշակութային հասարակությունները, որտեղ բոլոր գրված ու չգրված օրենքները սպասարկում ու շրջանառվում են մշակութայնության տրամաբանության տիրույթում: Այստեղ շարունակում է գոյության իր իրավունքը պահպանել նախորդ քաղաքակրթությանը հատուկ ռազմականությունը, որը կանոնակարգվելով` իր տեղը զբաղեցնում է մշակութային համակարգի ներսում: Ավելին` չի դադարում գործել նախապատմականի հիմնախնդիրը` գոյապահպանությունը, որն ընդամենը փոխում է իր դրսեւորման կերպը: Ժամանակագրությամբ այս երկրորդ աստիճանի քաղաքակրթությունները կոչված էին լուծելու մեկ խնդիր` ո՞րն է անհատի տեղը ոչ միայն տիեզերքում ու բնության մեջ, այլեւ հենց իր արյունակիցների միջավայրում: Սա ինդիվիդուալացման երկհազարամյա ժամանակաշրջանն է, որը համակարգվեց եւ մեկնարկեց Քրիստոսի Ավետարանով, շարունակվեց ազգային պետությունների ստեղծմամբ, զարգացմամբ ու մայրամուտով եւ ավարտվում է քաղաքացիական հասարակությունների ամրապնդմամբ: Քաղաքակրթական առումով քաղաքացիական հասարակությունը, որ հանդես է գալիս որպես մշակութային հասարակության բարձրակետ, միեւնույն ժամանակ հասարակայնորեն կամուրջն է երկրորդ եւ երրորդ պատմափուլերի հասարակությունների:

Պատմական ճակատագրի բերմամբ` հայության համար այս փուլի դրսեւորումները եղան բացառապես մշակութայինի (նեղ առումով) տեսքով, որի լավագույն օրինակներից են Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, ուր մարդ արարածն իր տվայտանքներով կանգնած է Արարչի առջեւ. ինչպես նաեւ «Սասնա ծռեր» էպոսի հատկապես վերջին` «Փոքր Մհեր» ճյուղը, ուր երկրային ամեն ինչն ունեցողը ինքնաբացարկ է հայտնում ու դնում անհատի գերխնդիրը: Հայ մշակույթն այս փուլն անցավ իր յուրօրինակությամբ` իր ուժերի ներածի չափով սինթեզելով ու գեներացնելով հնդ-իրանական, միջին-սեմական ու արեւմտյան քաղաքակրթությունների իրողությունները: Բայց քանի որ հայությունը երկար ժամանակով պարբերաբար զրկվում էր ինքնիշխանությունից, չկարողացավ դասական իմաստով ավարտին հասցնել իր մշակութային հասարակության տիպը, ուստի եւ այսօր բարդությունների է հանդիպում հատկապես դրա բարձրակետի` քաղաքացիական հասարակության ձեւավորման հարցում:

Հենց երկրորդ շրջանի քաղաքակրթությունների մշակութային հասարակությունների ներսում է, որ սաղմնավորվում է գալիք` գլոբալ քաղաքակրթությանը հատուկ ինֆորմացիոն (տեղեկատվական) էությունը, որ իր մասին առավել տեսանելիորեն ազդարարեց կայսրությունների (մասնավորապես ԽՍՀՄ-ի տեսքով հանդես եկող ռուսականի) փլուզումից հետ: Քաղաքակրթական այս անցումը պայմանավորված է ոչ միայն մշակութային հասարակության ճգնաժամով, այլ հենց այդ հասարակության ներսում սկսված գիտական գերարագ առաջընթացով:

Ժամանակակից տեխնոլոգիաները թելադրել են իրենցով պայմանավորված նոր տիպի մշակույթ, նոր տիպի մտածողություն ու նոր տիպի գործունեություն: Ժամանակագրությամբ երրորդ աստիճանի այս առայժմ միակ` գլոբալ քաղաքակրթությանը (ինչը չի բացառում նախկին քաղաքակրթությունների ու մշակույթների ինտեգրացիոն գոյությունն իր ներսում) համապատասխանում է ինֆորմացիոն հասարակությունը, որտեղ բոլոր գրված ու չգրված օրենքները սպասարկում ու շրջանառվում են ինֆորմացիայի տրամաբանության տիրույթում: Ինչպես մշտապես եղել է, հաջորդ քաղաքակրթությունն իր հասարակության էության մեջ ներառում է նախորդի հաստատունները: Այստեղ եւս պահպանվում են ոչ միայն ռազմական հասարակությանը բնորոշ կարեւորագույն տարրերը եւ մշակութային հասարակությանը բնորոշ կարեւորագույն տարրերը, այլեւ մինչեւիսկ նախապատմական գոյապահպանական էության վերախմբագրված բնույթը:

Պատահական չէ, որ այսօրվա անգլիացի դպրոցականը նախկինի պես չգիտի Շեքսպիրի «Համլետը», որ այսօրվա հայ դպրոցականը նախկինի պես չգիտի, ասենք, Րաֆֆու «Սամվելը». նրանք այդ ընկալում են ոչ թե որպես մշակութային (կուլտուրայի) շերտ, այլ առաջին հերթին որպես ինֆորմացիա, որ քաղում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Այստեղ էականը, ոչ թե այս երեւույթի լավ կամ վատ, մեր քիմքին հարազատ կամ խորթ լինելն է, այլ փաստը: Աշխարհն ընթանում է ա՛յս ուղղությամբ. սա՛ է ժամանակակից աշխարհի զարգացման տրամաբանությունը: Քաղաքակրթական նախորդ տրամաբանական անցման ժամանակ Վռամշապուհ արքան կռահեց դա ու Մաշտոցի միջոցով փորձեց համընթաց քայլել աշխարհին. նա իր առանց այն էլ նվազ միջոցները ծախսեց ոչ թե Պարսից կամ Հռոմեական կայսրությունների դեմ սուր ճոճելու համար, այլ փնտրելու եւ գտնելու Դանիել Ասորուն, ֆինանսավորելու Մաշտոցի երկու անգամ կրկնված ճամփորդությունը, հայկական դպրոցների ցանց ու թարգմանչական շարժում ծավալելու համար: Այսօր նույնատիպ մի քաղաքակրթական անցումային փուլի շեմին է կանգնած մարդկությունը, եւ նույնատիպ քաղաքակրթական ընտրանքի առջեւ է կանգնած հայությունը: Նոր եկող քաղաքակրթության տրամաբանությունը ստիպում է վերակազմավորվել որպես ինֆորմացիոն հասարակություն` ստեղծելով դրան համապատասխան մշակույթ, որն իր սահմանման մեջ իսկ տարբերվում է մշակույթի ավանդական սահմանումից:

Այս հրամայականը, կարծես թե, անիրատեսական է: Առաջանում են բազում հարցեր, որոնցից ամենաէականը թերեւս այն է, որ ներկա աշխարհում կան եւ՛ նախա-քաղաքակրթության, եւ՛ առաջին ու երկրորդ պատմափուլերում գտնվող ժողովուրդներ ու հասարակություններ, որոնք իրենցից բավականին լուրջ զինական ուժ են ներկայացնում, ավելին` նախընթաց շրջանում բավականին ազդեցիկ մշակույթ են արարել: Լուծումը, որքան էլ առաջին հայացքից բարդ, շատ պարզ է ու նման այն լուծմանը, որ գտան նախորդ պատմափուլի քաղաքակրթություններն իրենց նախորդած փուլի նկատմամբ: Տեղեկատվական հորձանուտն իր մեջ կոչնչացնի վերադասավորվելու, կամրջումների գնալու համար անկենսունակ մշակույթներն ու քաղաքակրթությունները կամ նրանց կվերածի մոլորակում մնացած, բայց մոլորակից դուրս գործող էկզոտիկայի` ընդամենը առաջավոր աշխարհի համար ապահովելով նրանցից սպասվող ռազմական վտանգի չեզոքացումն ու նրանց ստերիլիզացումը, ինչպես դա եղավ նախկինում` ռազմականից մշակութայինի անցնելու անկարողների հետ, ինչպես նաեւ նրանց հետ, ովքեր այդ անցումը չկարողացան կատարել աստիճանաբար, ներդաշնակորեն եւ ամբողջությամբ ու գլխապատառ նվիրվածությամբ ժամանակից շուտ նետվեցին այնտեղ:

Պետք է հաշվի նստել նոր եկող քաղաքակրթության կողմից բերվող ինֆորմացիոն հասարակության հրամայականների հետ: Հայ մշակույթի, միով բանիվ` հայության համար այսօր քաղաքակրթական ընտրանքի արդյունավետ լուծումը պայմանավորված է բացառապես հաշվի նստելու այդ կարողունակությամբ ու քաղաքակրթական նախորդ շրջափուլերի հայկական արժեքային համակարգի մրցունակ, կենսունակ եւ դեմք որոշող արժեքները ֆիքսելով ու դրանք ինտեգրելու, սինթեզելու հանճար պահանջող կարողունակությամբ: Որքանով որ բարեբաստիկ, նույնքան եւ ճակատագրական է ներկա ժամանակաշրջանն այդ ընտրանքն արդյունավետ լուծելու տեսանկյունից: Փոքրիկ սայթաքումն իսկ կարող է ռազմավարական տեսակետից անդառնալի ու կործանարար լինել: Ստացվում է Նոյյան տապանի պես մի բան, երբ կա՛մ ոչնչացվելու ենք, կա՛մ հնարավորություն ենք ունենալու սահմանափակ տարողությամբ տապանի մեջ առնել միայն ամենաառաջնայինները, որոնք ապահովելու են Նոր կյանքը. սա՛ է քաղաքակրթական ցանկացած փուլի անցման գուցեեւ ռոմանտիկորեն դաժան, բայցեւ երկաթյա տրամաբանությունը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«www.hra.am», 2005թ., փետրվարի 15

«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., փետրվարի 15

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.