"ՇԵՄ" մատենաշար

ԱԶԱԳՅԻՆ ԲԵԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ

Առաջիկա տասնամյակում մեծ հաշվով վճռվելու է Հայաստանի, հետեւաբար` ողջ հայության ճակատագիրը: Ներկա դարաշրջանի լրջագույն մարտահրավերների դիմաց Հայաստանը կանգնած է նախորդ դարի աննախընթաց կորուստների վիթխարի բեռով եւ դարձյալ աննախընթաց ռազմական թույլատրելի հաղթանակի նվազող պաշարով: Աշխարհում այսօր անկասելի արագություններ զարգացնող տեկտոնիկ փոփոխությունների փլատակների տակ չմնալու, հակառակը` շահած դուրս գալու եւ առաջ ընթանալու միակ ճանապարհն այդ փոփոխությունների ակտիվ մասնակիցը դառնալն է, այլպես Հայաստան պետությունը եւ հայ ազգը, որպես պատմության սուբյեկտ, կանհետանան Պատմության «սեւ խոռոչներում»: Նահանջելու կամ հապաղելու հնարավորություն, տեղ ու ժամանակ չկա. բոլոր պաշարները սպառվել են նախորդ դարերի ընթացքում: Հետեւաբար անհրաժեշտ է միով բանիվ Ազգային Բեկման գաղափար` մոտեցումների ու տարբերակների, ծրագրերի ու մեթոդների գեներացիա, նոր քաղաքակրթության զարկերակի որսում, համահունչ ընթանալու կամք, գիտակցում եւ իղձ:


ԱԶԱԳՅԻՆ ԲԵԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ

Առաջիկա տասնամյակում մեծ հաշվով վճռվելու է Հայաստանի, հետեւաբար` ողջ հայության ճակատագիրը: Ներկա դարաշրջանի լրջագույն մարտահրավերների դիմաց Հայաստանը կանգնած է նախորդ դարի աննախընթաց կորուստների վիթխարի բեռով եւ դարձյալ աննախընթաց ռազմական թույլատրելի հաղթանակի նվազող պաշարով: Աշխարհում այսօր անկասելի արագություններ զարգացնող տեկտոնիկ փոփոխությունների փլատակների տակ չմնալու, հակառակը` շահած դուրս գալու եւ առաջ ընթանալու միակ ճանապարհն այդ փոփոխությունների ակտիվ մասնակիցը դառնալն է, այլպես Հայաստան պետությունը եւ հայ ազգը, որպես պատմության սուբյեկտ, կանհետանան Պատմության «սեւ խոռոչներում»: Նահանջելու կամ հապաղելու հնարավորություն, տեղ ու ժամանակ չկա. բոլոր պաշարները սպառվել են նախորդ դարերի ընթացքում: Հետեւաբար անհրաժեշտ է միով բանիվ Ազգային Բեկման գաղափար` մոտեցումների ու տարբերակների, ծրագրերի ու մեթոդների գեներացիա, նոր քաղաքակրթության զարկերակի որսում, համահունչ ընթանալու կամք, գիտակցում եւ իղձ:

Սա ընկալվեց առնվազն այն պահից, երբ Հայաստանը կանգնեց անկախությանը դեմ հանդիման: Սկսվեցին դեգերումները` գաղափարական ու քաղաքական մակարդակներում: Երբ լրջությունն ու սթափությունը չէին լքել մեզ, համապատասխան գինը վճարելով` ընթանում էինք առաջ, ինչպես քայլել սովորող երեխան, որ օրինաչափորեն երբեմն ընկնում ու վնասվում էր, բայց արդյունքում ամրանում ու քայլելու վարժվում: Ու երբ արդեն թվաց, թե քայլել, միեւնույն է, արդեն գիտենք, որոշեցինք, որ պետք է արեւելյան ալարկոտի պես պառկել ու ճարպակալել: Ու թանձրացան, թող ներվի ասել, անտիլրջությունն ու անտիսթափությունը, հոխորտանքն ու ռեալության զգացողության կորուստը: Որոշեցինք, որ պատերազմ էինք հաղթել, մինչդեռ դա թեեւ շա¯տ կարեւոր, բայց պատերազմի ընդամենը ռազմական գուցեեւ առաջին փուլն էր, ճակատամարտերի մի շղթա, ու, ինչպես կասեր նորագույն շրջանում մեր ամենասթափ դատողը, «Պատերազմի ու ճակատամարտի շփոթությունը շատ շատերին է փորձանքի բերել»: Հիմա մենք ազգովին ենք կանգնած այդ փորձանքի շեմին: Չի՛ կարող պատերազմ հաղթած ժողովուրդը չվստահել ինքն իրեն, չի՛ կարող ատել իր անկախությունն ու ռուսի թիկունքում թաքնվելու մարմաջով ապրել, չի՛ կարող վախենալ ու լքել երկիրը. այսօրվա տարփողվող տարոնականությունը չի կարող թաքցնել սա: Ուրեմն մեր հաղթածն իրոք որ պատերազմը չէր:

Այս ամենավտանգավոր շեմին, այս ինքնամերժմանը, այս վախին, այս գաղթին, այս մեկուսացմանը հասանք բազում շփոթների ու թյուրիմացությունների արդյունքում, որոնց մասին զգուշացված էր վաղուց:

Անշուշտ, կարող ենք ոգեւորվել, թե ինչպես Վրաստանում եւ Ուկրաինայում եղավ, մեզանում էլ կլինի Արեւմուտքի բարի կամոք. հո չե՞ն թողնելու, որ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը կրակն ընկնի ինքն իր ձեռքին: Բայց սա լուրջ չէ. այդպես չի՛ լինում. ինչպես 90 տարի առաջ գրում էր մեր մեկ այլ սթափ դատողը` «...չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի»: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Աստված պահպանվածի՛ն է պահպանում»: Երբ մեզ վրացիներից եւ ուկրաինացիներից էլ առաջ հուշեցին, մենք փախանք ապրիլի 13-ին` ապրիլի 12-ից բարոյական հաղթանակի մի նոր Ավարայր հյուսելու ինքնախաբեության հազարամյա բանաձեւը պատրաստ ունենալով: Ցույց տվեք գեթ մեկ զարգացած պետություն, որ չի անցել իր ապրիլի 12-ների միջով, որոնց կառափնարանների կողքին մերն իրոք «ազատ» էր եւ «արդար»:

Բացի այդ, դեռ պիտի քաջություն ունենանք խոստովանելու, որ մենք այդպես էլ չկարողացանք նախագահության համար քվեարկվողների մեջ ունենալ Սահակաշվիլու կամ Յուշչենկոյի որակներն ունեցող գեթ մեկ արեւմտյան արժեքային համակարգով գործիչ (չշփոթել Արեւմուտքին քծնելու կամ վաճառվելու պատրաստակամության հետ):

Մյուս կողմից էլ` ինչպիսին մենք էինք, այնպիսին էլ մեր շեւարդնաձեներն ու կուչմաներն էին (նույնիսկ Աստված չկարողացավ դուրս գալ իր պատկերով եւ նմանությամբ ծնելու գայթակղության միջից). պատմաբանները դեռ կգրեն, թե ինչպիսի գրագետ կոմբինացիաներ իրականացրին Շեւարդնաձեն ու Կուչման, մինչդեռ մեզանում 19-րդ դարավերջի գեղջկական աշխարհընկալումը մարտնչող է ու անզիջում:

Մենք մեր բոլոր շերտերով ու խավերով բաց թողեցինք լրջանալու հերթական պահը, որ խոսում է լավագույն դեպքում` ժողովրդի, բայց ոչ հասարակության գոյության մասին:

Չնայած վախին, այսօր, փառք Աստծո, շատերն են գիտակցում, որ սահմանադրություն փոխելով, փողոցներ ասֆալտապատելով, նախարարներ ու փոխնախարարներ նշանակելով, կոռուպցիայի մասին «բռնեցեք գողին» բղավելով, այս ու այն երկրին սիրաշահելու նպատակով մեր երկրի սեփականությունը բաշխելով, զանազան կարմիր ժապավեններ կտրատելով ու նմանատիպ կոսմետիկայով չենք դադարեցնելու ո՛չ հանրապետության բնակչության կոսմիկական արագությամբ ծերացման գործընթացը, ո՛չ արտագաղթը, ո՛չ էլ ապահովության զգացում ու բարոյական արժեքների դավանման մթնոլորտ ենք ստեղծելու, իսկ որ ամենասոսկալին է` կարճ ժամանակից տեսնելու ենք, որ արդեն անհնար է մրցակցել մեզանից մղոններով առաջ անցնելու արագություններ զարգացրած հարեւանների ու աշխարհի հետ:

1998-ի իշխանափոխությունից հետո մենք երկու անգամ խորհրդարանական եւ երկու անգամ նախագահական ընտրություններ ունեցանք: Տեսանք արդյունքը եւ հասկացանք ժամանակին մեր գործածի իրական արժեքը: Տեսանք ու շարունակում ենք մեր ազգային քիմքին հարմար մոտեցումը` ոչ մի անգամ ետ չդառնալ թեկուզ սխալ ճամփից...

Իսկ խոտորումից դարձ կատարելն իրոք որ տղամարդկային որակներ է պահանջում, ինչն ամենեւին առնչություն չունի գեղջկական հոխորտանքների հետ: Այդ որակներից առաջինը գիտակցման կամքն է: Դա, վստահ եմ, կարեւորագույն դրույթ է, այլապես չէր զգուշացվի Տիրոջ կողմից. «Կտեսնեք եւ չեք նկատի, կլսեք եւ չեք ընկալի»: Բայց չէ՞ որ անցած յոթ տարին շատ ցցուն են դարձրել բարոյական նորացման, արժեքային համակարգի վերասահմանման, մատրիցային հաշվարկման համակարգի, ոչ ստանդարտ քաղաքականավարման պահուստային մոդելավորման, տոտալ եւ լոկալ անակնկալների գաղափարի, համաշխարհային խաղի կանոնների եւ արագությունների համակարգի հրամայականները: Ուզում եմ հավատալ, որ սրանց գիտակցման կամքն ունեցող եւ ազատությունը որպես բարձրագույն արժեք դավանող հատուկենտների շարքերը ստվարացել են այն գոնե նվազագույն անհրաժեշտի չափ, որ հնարավոր է դարձրել հերթական անգամ բաց չթողնել լրջանալու պահը. այն, ինչ ինչ-որ տեղ ներելի է 7 տարեկանին, աններելի է դառնում 14 տարեկանում:

Կկարողանա՞նք հաղթահարել դարերով ձեւավորված ձեռքբերովի ու կործանարար բարդույթները, վեր կանգնել ինքներս մեզնից: Որպես պատասխան պարզապես կրկնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի` կարծես հենց այսօրվա համար ասված 8-ամյա վաղեմության խոսքերը. «Ես նպատակ չեմ հետապնդում ողբերգականացնել իրավիճակը եւ ամենեւին տագնապ չեմ հնչեցնում, քանի որ վստահ եմ մեր ժողովրդի ողջամտությանը»:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Չորրորդ իշխանություն», 2005թ., հունվարի 21

«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., հունվարի 29

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.