"ՇԵՄ" մատենաշար

«Փոքր Մհերին ընդառաջ»

Սարգսյանց Գեւորգ |


ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Նորակերտ պետությանն անհրաժեշտ է նոր, կիրթ, սթափ մտածող, դարերով ձեռք բերած բարդույթներից ազատ հոգեւոր ընտրանի, որն ունակ լինի գիտակցականի մակարդակի բարձրացնել քաղաքացիական ինքնորոշման ու կայացման գործընթացն ու կամքը: Չէ՞ որ վաղուց է գտնված նոր գինին հին տակառները չլցնելու բանաձեւը:

Հատկապես կարեւոր է այն, որ տարփողվող ազգային գաղափարախոսության ժամանակներում հեղինակն իրատեսորեն ու սթափ մոտեցմամբ գիտական հայացք է նետում գործընթացներին` մատնանշելով մի ուղի, որն իր էականությամբ հենց պետականության գաղափարախոսության ծիրում է եւ հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության` առնվազն մոտակա տասնամյակների ռազմավարության դոկտրինալ անկյունաքարը:

Մեր առջեւ դրված է լինել - չլինելու օրհասական խնդիրը. արագ փոփոխվող եւ սառնասիրտ ներկայի միջազգային պայմաններում, աշխարհաքաղաքական լղոզված ու անկայուն մարտավարությունների մթնոլորտում է ընթանում մարդկային տեսակի պահպանման ու գոյատեւման անզիջում ու հարատեւ պայքարը, ուր եւ մենք պետք է գտնենք ու զբաղեցնենք մեր սանդղակը` հերթական անգամ ապացուցելով համամարդկային համակարգի շրջանառությանը մեր պիտանելիությունը: Դատապարտված ենք հերթական անգամ ապացուցելու, որ ծեր ենք, բայց ոչ զառամյալ, իմաստնացած ենք, բայց ոչ հոգնած:

Նմանատիպ բազում հիմնահարցերի շուրջ է մտորել տալիս մեզ հեղինակն իր այս գործով` ստիպելով մշտարթուն լինել մեր բանականությամբ ու զգացողությամբ: Իրավամբ չարենցյան հարցերի շարան` ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում, ինչպես նաեւ` կարթնանա՞ արդյոք մեր մեջ այդքան երկար ննջող Փոքր Մհերը` Մարդն ու Աստվածը:

Եվ որպես պատասխան է հնչում այնքան պարզ ու այնքան բարդ, այնքան հստակ ու այնքան խորը գտնված վերնագիրը` Փոքր Մհերին ընդառաջ:

ԱՐԿԱԴԻ Մ. ԲՐՈՒՏՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

ՓՈՔՐ ՄՀԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Կենդանիներին եւ իրապես մարդկայի՛ն

մարդկանց կապող օղակը, որը երկար

որոնում են ու ոչ մի կերպ չեն կարողանում

գտնել, մե՛նք ենք»

ԿՈՆՐԱԴ ԼՈՐԵՆՑ

Նախորդ դարի ամենաառեղծվածային ու լեգենդար բրիտանացի հետախույզ Լոուրենս Արաբիացու հետ 1919թ. իր ունեցած եւ 1931-ին հրապարակած հարցազրույցում ամերիկացի նշանավոր լրագրող Լինկոլն Սթեֆընսն այսպիսի տողեր ունի. «- Ա՛յդ է ահա,- գոչեց:- Ա՛յդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն այն է, ինչ պետք է հայերի հանդեպ:

Անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ի՛նչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, եւ նա ասաց, որ մենք` ամերիկացիներս, ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ… բոլորի՛ն:

Պարզապես հույս ուներ կամ հավատում էր, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո` մենք պետք է հարցը վերջացնենք այդ Բանն անելով. եւ` հիմնավորապե՛ս անելով, չթողնելով ոչ մի Ադամ ու Եվա, որ հայերը չշարունակեն այլեւս Կայեն աճեցնել…»:

Լոուրենս Արաբիացու հետ այս հարցազրույցը ծնում է իրարամերժ մտքեր ու զգացողություններ՝ անհասկանալիորեն խճճվելով իրականություն դարձած փաստերին: Ինչ-որ բան այն չէ. մի՞թե քաղաքակիրթ բրիտանացին կարող էր լինել այդքան հայատյաց կամ ազգատյաց: Հատկապես հուզում են մի շարք հիմնահարցեր՝ ո՞վ ենք մենք եւ ու՞ր ենք գնում, իրո՞ք ծերացած ազգ ենք ու բազմաթիվ հին, Լոուրենսի ասած, ցեղերի նման պետք է հեռանանք պատմության բեմահարթակից` մեր տեղը զիջելով ավելի կենսունակներին, որոնք եւ կշարունակեն կատարել մեր ու այն արդեն իսկ հեռացածների դերը մարդկային քաղաքակրթության զարգացում կոչվող այս անվերջ ողբերգակատակերգության մեջ:

ՄԵՆՔ

Վերլուծելով այսօրվա մեր վիճակը, իհարկե, հնարավոր չէ հետադարձ հայացք չնետել դեպի մեր անցյալն ու չհամեմատել պատմական իրադարձությունները, որոնք իրենց հետքն են թողել զանգվածային անգիտակցականի խորին շերտերում: Անշուշտ, վերլուծությունն ավելի շիտակ ու դյուրին է լինում, երբ կատարվում է այլ ազգերի պատմության ու զանգվածային հոգեբանության հետ համեմատելով:

Ի սկզբանե պետք է նշել, որ նման փոքրածավալ վերլուծության մեջ հնարավոր չէ ամբողջությամբ ընդգրկել հայի հոգեբանական նկարագրի կարեւոր ու մեծ հիմնահարցը, բայց էական ու ցավոտ կետերը, կարծում եմ, պետք է նշել գոնե ուրվագծերով: Չենք կարող շրջանցել այնպիսի հարցեր, որոնք իր տարբեր ելույթներում ժամանակին հնչեցրեց Հայաստանի առաջին նախագահը` «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», «հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները` ո՛չ ավել, ո՛չ պակաս»: Դրանք մեծ հուզում առաջացրին թե՛ ընդդիմության մեջ (ինչը քաղաքականապես հասկանալի է), թե՛ բնակչության տարբեր ընկերային շերտերում: Խոստովանեմ, որ սկզբնական շրջանում ես էլ բացասական կերպով ընդունեցի նշված, ինչպես կարծում էի, սխալ, մեր ազգային արժանապատվությանը դիպչող գնահատականները: Հետագա վերլուծությունը սթափեցնող էր. պարզվեց, որ մենք մեր մասին շատ ավելի լավ կարծիքի էինք, քան իրականում ենք:

ՄԱՐԴԻԿ

Մարդու հոգեբանությունը հիմնված է բնախոսության (ֆիզիոլոգիա) առանձնահատկությունների վրա: Եթե համեմատենք հնադարյան մարդու եւ տարբեր ռասաների, ազգերի ու ցեղերի մարդկանց մարմնային կառուցվածքներն ու բնախոսությունը, կհամոզվենք, որ դրանք նույնն են՝ թե՛ այսօր, թե՛ հազարավոր տարիներ առաջ: Ավելին՝ տարբեր ցեղերի հեքիաթների, առասպելների եւ լեգենդների համեմատական ուսումնասիրությունը միանշանակ հուշում է, որ մարդու հոգեբանությունը նույնն է ամենուրեք: Իսկ ի՞նչ է ցեղի կամ ազգի հոգեբանությունը: Ըստ Յունգի՝ ազգային հոգեբանությունն անհատական հոգեբանության ավելի բարդ ձեւն է միայն1(108): Միանշանակ կարելի է պնդել, որ հոգեբանությամբ, ըստ էության, բոլոր ցեղերը եւ ազգերը հիմքում իրար նման են. բացառություն չենք հայերս: Միեւնույն ժամանակ տարբեր ազգեր ունեն ֆիզիկական ու հոգեբանական յուրահատուկություններ: Դա առաջին հերթին կապված է այն բնակլիմայական պայմանների հետ, որտեղ գոյացել ու սերնդեսերունդ գոյատեւել է տվյալ ազգը: Այստեղ իր նշանակությունն ունի նաեւ աշխարհաքաղաքական դիրքը:

Մի կողմից հաստատուն կերպով պարզված է, որ բոլոր ազգերն իրար նման են, մյուս կողմից` ապացուցված է, որ հիմնական բնազդներով մարդիկ ոչնչով չեն տարբերվում կենդանական աշխարհի մնացած տեսակներից: Եվ որպես տեսակի պահպանման միջոց կենդանական աշխարհում, ինչպես նաեւ մարդկանց մեջ, գործում են որոշակի հիմնական բնազդներ՝ ուտելը, բազմացումը եւ ագրեսիան կամ փախուստը: Բացի նշված հիմնական բնազդներից, բարձր մակարդակի կենդանիները բնաշրջման (էվոլյուցիա) զարգացման ընթացքում ձեռք են բերում նոր բնազդներ, որոնք, ինչպես եւ հիմնականները, անգիտակցականի մակարդակով ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ: Եվ այդ անգիտակցականն ի հայտ է գալիս, նյութականանում է ազգային լեգենդների ու առասպելների միջոցով՝ աստվածների ու հերոսների կերպարանքով:

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ միակ տարբերակիչը` սերնդեսերունդ ծիսակարգված` ձեռքբերովի բնազդները կարող են հիմք հանդիսանալ ազգային գաղափարախոսության համար: Գուցեեւ՝ բանահյուսության ձեւով, իսկ ավելի ճիշտ՝ ազգային կրոնի տեսքով: Օրինակ Յունգը կտրականապես համաձայն չէ նրանց հետ, ովքեր աստվածների մեջ տեսնում են մետաֆիզիկական էության մարմնացում, երեւակայության խաղ կամ հավատամքի մոգոնում: Ըստ նրա, հեթանոս պանթեոնի աստվածները հիմնական հոգեկան ուժերի ի սկզբանե ինքնավար եւ ցայժմ ամբողջությամբ չգիտակցված հոգեկանի տարրերի անձնավորումներ են1(98): Բայց չէ՞ որ գաղափարախոսությունը գիտակցականի կատեգորիա է, իսկ կրոնը մերժում է դոգմայից դուրս ցանկացած հարցադրում ընդհանրապես. կրոնը միայն անվիճարկելի հավատք է, մինչեւ վերջ չգիտակցված անգիտակցականի արտադրանք: Ուրեմն կարող են գոյություն ունենալ` կա՛մ ազգային կրոն (որի օրինակները կան մարդկության մեջ), կա՛մ պարզապես գաղափարախոսություն (որը ոչ մի առնչություն չունի ազգայինի հետ, այլ զուտ անհատական գիտակցված կողմորոշում է), կա՛մ սկզբունք:

ԱԶԳԵՐ

Ազգերն իրենց նախնիների ու ժամանակակիցների հետ կապված են անգիտակցականի կապերով. եւ մենք, օրինակ, մեր միջնադարյան գրությունների հեղինակներին նույնիսկ թարգմանաբար չենք կարող լիովին հասկանալ, այլ ըմբռնում ենք ավելի շուտ բնազդով, քանզի չենք ապրում իրենց խորհրդանիշերի (սիմվոլ) մթնոլորտում: Դա դեռեւս XIX դարում է նշել Լեբոնը: Այսօրվա հայ ազգը, սփռված լինելով երկրագնդով մեկ, նախ` հոգեբանությամբ արեւելահայ է ու արեւմտահայ, ապա, ինչը նաեւ շատ էական է, ապրում է տարբեր մշակութային ու կենցաղային խորհրդանիշերի միջավայրերում: Հետեւապես գիտակցական, այն է՝ գաղափարախոսական մակարդակում շատ տարբերություններ կան, որքան էլ չուզենանք դա խոստովանել:

Ուրեմն, հայոց ազգային գաղափարախոսություն, ինչպես նաեւ որեւէ այլ ազգային գաղափարախոսություն գոյություն ունենալ չի կարող: Ստացվում է, որ նման կարգախոսներով հանդես եկողները հաճո երեւալու համար պարզապես կեղծում են` քաղաքական նպատակներով խաղացնելով ազգի հուզական լարերը: Դա գուցեեւ արդարացվում է քաղաքական տեսանկյունից, բայց ոչ երբեք գիտականորեն: Իսկ եթե անդրադառնանք գաղափարախոսությանը, ապա կարող ենք գործ ունենալ միայն պետական գաղափարախոսության, պետական ռազմավարության հետ` հիմքում դնելով երկրի սահմանադրություն կամ այլ կանոնակարգված դրույթներ: Օրինակ սիոնիզմը, որի հիմքում դրված են ազգային կրոնի հիմնադրույթներ, օժտված է պետականության գաղափարով: Այսինքն` անգիտակցականի խորքերում թաքնված հոգեկան ուժերի ինքնավար տարրերը գիտակցվեցին եւ հրեաներին հրամցվեցին որպես քաղաքական ռազմավարություն, որ պայմանականորեն շատերը հակված են անվանելու ազգային գաղափարախոսություն: Ի դեպ, ամեն մի հրեա կարող է գիտակցորեն ընդունել կամ չընդունել սիոնիզմի գաղափարախոսությունը. եւ հակառա!

կը` սիոնիզմին կարող են անդամակցել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ:

Միաժամանակ ակնհայտ է, որ չգիտակցված հոգեկան ուժերի` որոշակի ուղղորդմամբ խաղարկումը կարող է հանգեցնել զանգվածային խելահեղության, ինչը տեղի ունեցավ հիտլերյան Գերմանիայում: Գերման ազգի անգիտակցականի վերլուծությունը կատարել են տարբեր հոգեբաններ, մասնավորապես Կ.-Գ. Յունգը եւ Է. Էրիքսոնը: Այդ հեղինակների երկերն ուսումնասիրելիս շատ հետաքրիր համընկնումներ կարելի է տեսնել գերման եւ հայ ազգերի անգիտակցականի միջեւ:

Բոլոր ցեղերին է բնորոշ ամենափրկչի սպասման գաղափարը: Մինչեւ օրս մանրակրկիտ հոգեվերլուծությունը կատարված է միայն գերման ազգի նկատմամբ. այդ վերլուծության առանձին դրույթներ կարելի է օգտագործել հայերիս զանգվածային հոգու խորքերի մի քանի հատվածներ լուսաբանելու համար: Այսպես. Վոտանը, որը գերմանացիների եւ սկանդինավյան ազգերի հեթանոս պանթեոնի գերագույն աստվածն էր, հեռանում է ննջելու Ցիֆնոյզեր սարի մեջ: Եվ որբացած, մոլորված ու վիրավոր զանգվածային անգիտակցականը սրտատրոփ սպասում է Վոտանի արթնանալուն. ահա կգա Վոտանը ու կպատժի թշնամիներին, եւ ազգը կմիաբանվի, կազատվի տագնապի, անհանգստության (դիսկոմֆորտ) զգացումից, կվերականգնվի երկար ժամանակ ճնշված արժանապատվությունը: Մեր Փոքր Մհերը եւս վերադարձի ակնկալիքով հեռանում է ննջելու ժայռի մեջ: Եվ մենք նույնանման զգացմամբ սպասում ենք, որ նա կգա ու կջախջախի մեզ տանջող թշնամիներին, եւ կվերականգնվի մեր ճնշված արժանապատվությունը: Սպասում ենք` չգիտակցելով, որ մե՛ր մեջ է ննջում Մհերը:

Ըստ Էրիքսոնի հոգեվերլուծության՝ աշխարհաքաղաքական դիրքով գերման ազգը գտնվում է քաղաքական, ռազմական եւ մշակութային խաչմերուկում, որտեղ միջնադարից մինչեւ XX դարն իրեն շրջապատում էին «արեւմուտքից՝ հուզական ¨ ռացիոնալ Ֆրանսիան, արեւելքից՝ անգրագետ, կրոնամոլ ու դինաստիական Ռուսաստանը, հյուսիսից ու հյուսիս-արեւմուտքից՝ անհատապաշտական «բողոքականությունը», իսկ հարավ-արեւելքից՝ ասիական անհոգությունը: Արեւելքի ու արեւմուտքի, հյուսիսի ու հարավի միջեւ եղած բոլոր հակամարտություններն իրենց մարմնավորումն էին գտնում Գերմանիայի այս կամ այն մասում, գերմանացու հոգում»2(474): Աշխարհաքաղաքական զուգահեռը հայ ազգի բնօրրանի հետ ակնհայտ է:

Կա եւս մեկ զուգահեռ. «Գերմանացու մասնատված կերպարը հիմնված է պատմական անհանգստության (դիսկոմֆորտ) զգացման վրա, ինչն անվանում են լիմեսբարդույթ (Limescomplex). - սահմանային իրենց կառույցները հռոմեացիները լիմես էին կոչում: - Լիմես Գերմանիկուսը,- շարունակում է Էրիքսոնը,- Չինական մեծ պարսպի նման մի պատ է եղել, որը արեւմտյան ու հարավային Գերմանիայով մեկ կառուցել են հռոմեացիները` իրենց ենթակա գավառները բարբարոսների ձեռքում գտնվողներից բաժանելու համար: Այդ պատը քանդվեց հին անցյալում: Բայց այն փոխարինվեց մշակութային պատով, որը կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ գտնվող Հարավային Գերմանիան բաժանում էր Հյուսիսային բողոքական Գերմանիայից»2(473): Մեզանից ու՞մ ծանոթ չեն Արեւելյան (Պարսկա- կամ Ռուսա-) Հայաստան ու Արեւմտյան (Բյուզանդական կամ Թուրքա-) Հայաստան անվանումները (աշխարհագրական «պատ»), ինչպես նաեւ «ախպար» պիտակը (մշակութային «պատ»), որով արեւելահայերից շատերը անվանում են արեւմտահայերեն խոսողներին, ինչի խորքերում թաքնված են բազմաթիվ երանգներ: (Այսօր, երբ քանդվում ե!

ն միջազգային ու քաղաքակրթական պատնեշները, տրվելով անգիտակցական մղումներին, մենք ստեղծում ենք ներազգային հերթական պատը` «ղարաբաղցի»-«հայաստանցի», ինչին իրենց հերթին նպաստում են նաեւ սփյուռքահայերն ու արցախահայերը` հորինելով հատուկ բնորոշում` «հայաստանցիներ» կամ, որ ավելի անհեթեթ է հնչում, «Հայաստանի հայեր»:) Մինչեւիսկ հայոց լեզվում առաջացած կիրճն է արտացոլում մեր երկրի բաժանումն ու դարեր շարունակ քաղաքակրթական տարբեր ազդեցությունների տիրույթում գտնվելը: Բազմապլան մասնատումն է, որ շերտավոր նստվածքի տեսքով ճնշում է մեր անգիտակցականն ու ստեղծում անհանգստության (դիսկոմֆորտ) զգացում: Անհրաժեշտ է թոթափել այս բարդույթը, ինչը պետք է որ մեզ համար անհամեմատ հեշտ լինի, քան գերմանացիների, որոնք միայն XX դարավերջին քանդեցին իրենց երկիրը կիսող հերթական պատը եւ միավորվեցին մեկ պետությամբ, սակայն անելիքներ դեռ շատ ունեն:

Էրիքսոնը գրում է. «Իր ամբողջ պատմության ընթացքում Գերմանիան ենթարկվել է կործանարար ներխուժումների (կամ մշտապես խոցելի է եղել): Ճիշտ է` ավելի քան 100 տարվա ընթացքում թշնամին չգրավեց երկրի կենսական կարեւորության կենտրոնները, սակայն գերմանացին շարունակում էր գիտակցել իր խոցելի դրությունը, ինչպես ռացիոնալորեն, այնպես էլ իռացիոնալորեն»2(473):

Նույնպիսի խոցելիությամբ տառապում էր եւ է Հայաստանը, ինչը, իհարկե, իր հետքն է թողել անգիտակցականում: Եվ այդ անգիտակցականի հենքի վրա է հիմնված հայի արտագաղթելու մղումը: Սակայն ինչու՞ նման մղումով չի տառապում գերման ազգը: Ակնբախ է Վոտանի ու Փոքր Մհերի տարբերությունը: Հեթանոս պանթեոնի գերագույն աստված Վոտանն ունի իր շուրջը հավաքված այլ աստվածների մի խումբ, ունի իր զինվորները՝ բերսերկները, ունի նաեւ իր հետախույզները՝ ի դեմս ագռավների: Իսկ Փոքր Մհերը միայնակ հերոս է` հանուն ազգի ազատության միայնակ ելած պայքարի: Անգիտակցականի մակարդակում գրանցված գաղտնագիրը բացելով` տեսնում ենք մեր ազգերի տարբերությունը. գերմանացիները, լինելով դաշտային ու անտառային ցեղ, համախմբված են ու կենտրոնամետ, մինչդեռ մեծ մասամբ սարեցի հայերն ավելի անձնավորված են՝ օջախակենտրոն, այսինքն՝ անհատապաշտ: Եվ այս տեսակետից հասկանալի է, թե ինչու Լոուրենսը մի քանի անգամ եւս շեշտում է հայերի քրիստոնյաներ, նույնիսկ երդվյալ քրիստոնյաներ լինելը: Եվ դա իզուր չէր ասվում. քրիստոնեությունն էա!

պես մարդակենտրոն, անհատապաշտական կրոն է: Հայ ազգն այդ արմատապես ապազգային կրոնը` քրիստոնեութունը, ընդունել է եւ հնարավորինս ազգայնացրել իր եկեղեցով: Քրիստոնեության անհատապաշտությունն անգիտակցաբար հոգեհարազատ է հայերիս: Իսկ մարդակենտրոնությունը` անհատապաշտությունը, դեպի իրապես, լորենցյան բնորոշմամբ, մարդկայի՛ն մարդը քաղաքակրթության եւս մեկ քայլն էր` կատարված երկու հազար տարի առաջ: Ուստի հայերս իրապես մարդկայի՛ն մարդ դառնալու հիմնական նախապայմաններն ունենք: Գուցե դա՞ ի նկատի ուներ Լոուրենսը, երբ ասում էր, թե հայերը մարդկային անտանելիության վերջնական խոսքն են, որպես ցեղ՝ ակադեմիկ բանավեճում նրանք համանման են վերջին մարդուն3(5): Նշված բարդույթներով միայն մենք չէ, որ տառապում ենք: Նախ ճշտենք, որ ի տարբերություն գերմանացիների` անհատապաշտ հայերս պարզապես չենք կարող ընկնել ֆաշիզմի գաղափարախոսության ազդեցության տակ. Վոտանը փոթորկի ու խելահեղության աստվածն է, որը սանձազերծում է հուժկու զգացմունքներ ու պատերազմի կիրք, նա գերագույն մոգ է եւ կախարդ` մոտ օկուլտային ցանկացած!

գաղտնիքի1(277): Մինչդեռ Մհերը միայնա՛կ մարդ է ու աստված:

Այսօր, երբ մենք ձեռք ենք բերել անկախություն եւ ունենք մեր ազգային պետությունը, ի՞նչն է կարեւոր մեզ համար: Դրա պատասխանը հրաշալի ձեւակերպել է Վահան Տերյանը` դեռեւս 1914 թվին Հոգեւոր Հայաստանի կենդանացումը գերխնդիր հռչակելով. «… Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է: Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցել ազգային ապագան: Ահա այդտեղից է ծագում նրա ծխականությունը, որ ես էլ շեշտել եմ մի անգամ եւ որին հակադրել եմ քաղաքացիությունը»4(11):

ԲՆԱԶԴ

Տեսակի պահպանման զորավոր միջոցներից է ներտեսակային ագրեսիան, որը գործում է կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեջ: Եթե տեսակի կողմից օգտագործվող կենսատարածքի որեւէ մասը մնում է չօգտագործված, իսկ այդ ընթացքում՝ մեկ այլ մասում տեսակը գերբազմաքանակության պատճառով սպառում է սննդի բոլոր պաշարներն ու տառապում քաղցից, նման վտանգը չեզոքացվում է ամենայն պարզությամբ` նույն տեսակի կենդանիներն օտարվում են միմյանցից: Սրանո՛վ է պայմանավորված ներտեսակային ագրեսիայի կարեւորագույն ֆունկցիան5(38):

Ներտեսակային ագրեսիան, որպես տեսակի պահպանման միջոց, ըստ բնության օրենքի` բնորոշ է բոլոր ազգերին, այդ թվում նաեւ մեզ: Բայց հայերիս պարագայում ինչ-որ շեղում կա: Հայտնի է, որ մենք օտարների նկատմամբ շատ ավելի սիրալիր վերաբերմունք ենք ցուցաբերում, քան ինքներս մեր: Եվ դա բացատրում ենք մեր հյուրասիրությամբ: Իսկ ի՞նչ է` ուրիշ ազգերը պակա՞ս հյուրասեր են: Հյուրընկալությունը բնորոշ է բոլոր ազգերին` մի քիչ ավել, մի քիչ պակաս: Մենք մեր օտարամետությունը, որն իռացիոնալ կերպով ամրագրված է մեր անգիտակցականի մեջ, փորձում ենք ռացիոնալիզացիայի ենթարկել: Ահա թե ինչ է ասում Ֆրոմը. «Իռացիոնալ կրքերի ռացիոնալիզացմանն ու յուրայինների խմբի գործողությունների արդարացմանն ուղղված մտածողության օգտագործման աստիճանը ցույց է տալիս, թե Homo Sapiens դառնալու համար դեռ որքան մեծ է մարդու անցնելիք տարածությունը»6(181):

Փորձենք հասկանալ մեր բնավորության այդ գիծը: Չէ՞ որ «միայն սեփական անգիտակցականի գործընթացների ճանաչման միջոցով մարդը կարող է իմանալ` խոսքը ռացիոնալիզացիայի՞ մասին է, թե՞ իսկության»6(182): Բանն այն է, որ հայերիս` մեր բնօրրանում, պետության մեջ միատարր լինելը, որին գումարված օջախակենտրոնությունը, կամ ավելի ճիշտ՝ անհատապաշտությունը միայն վնասել է` ներտեսակային ագրեսիային տալով չափազանց սուր բնույթ, քանի որ ագրեսիվ վարքի աճող պատրաստակամությունը խտացման բնորոշիչ հետեւանքն է5(246):

Գուցեեւ մեր իրարամերժ վարքը, արքայատյացությունը, արտագաղթի պատրաստակամությունը, սեփական պետականության հանդեպ անհոգ վերաբերմունքը (ինչը հայոց պետության բոլոր աստիճաններում առավել ցայտուն է երեւան գալիս օրինախախտության տեսքով՝ սկսած հասարակ քաղաքացուց մինչ¨ ամենաբարձր պաշտոնավորը) հենց վերը նշած պատճառնե՞րն ունեն: Ասենք, Միացյալ Նահանգներում նորաթուխ ամերիկահայերը կարգապահ քաղաքացի են դառնում, որակով կատարում են ցանկացած աշխատանք, ժամանակին մուծում են պետական տուրքերը ¨ այլն: Բայց դրա հետ մեկտեղ գրանցված է ուշագրավ մի եր¨ույթ. այդ նույն նորագաղթ ամերիկահայերը կարգապահորեն հերթ են կանգնում իրենց հետ առեւտուր անող տեղացիների խանութներում, մինչդեռ հայերին պատկանող խանութներում, որոնցից մեծ մասամբ օգտվում են հենց իրենք, երեւանյան տեսարան է նկատվում՝ հերթը մշտապես խանգարվում ու խառնվում է, տիրում է աղմուկ ու անհանդուրժողականություն: Նորի՞ց գործում է բնաշրջմամբ սուր բնույթ ստացած բնազդը: Սակայն ինչու՞:

Որոշ վերապահումներով դրա պատասխանը կարելի է գտնել Լորենցի մոտ. «Զուտ ներտեսակային ընտրությունը կարող է հանգեցնել մորֆոլոգիական հատկանիշների եւ վարքային ծավալատիպերի երեւան գալուն՝ ոչ միայն անօգտակար միջավայրին հարմարվելու իմաստով, այլ ուղղակի վնասակար տեսակի պահպանման համար»5(47): Լորենցն այս կապակցությամբ օրինակ է բերում փասիանի մի տեսակը (արգուս), որի արուի թեւերն այնքան են մեծացել, որ նա համարյա թռչել չի կարող: Այդ աքլորի բնաշրջումը մտել է փակուղի եւ արտահայտվում է նրանով, որ այդ տեսակի փասիանի արուներն իրար հետ մրցակցում են ոչ թե թեւերի համար նախատեսված թռիչքով, այլ թեւերի փետուրների մեծությամբ` ձեւականությամբ, ու իրար հետ չեն կարողանում «պայմանավորվել» նման անհեթեթությունից հրաժարվելու շուրջ: Ընտրությունը՝ նպատակահարմարության այդ խիստ պահապանը, ոչ թե «մատների արանքով է նայում» դրան ու հատուկ դրա համար ստեղծում մի լրացուցիչ համակարգ, այլ անգամ ինքն է մոլորվում ու մտնում կործանարար փակուղի: Դա մշտապես կատարվում է այն դեպքերում, երբ ընտրությունն ուղղոր!

դվում է միմիայն նույնատեսակների մրցակցությամբ` առանց այլատեսակների շրջապատի հետ շփման5(48): Նույնանման ընտրության կողմից բնաշրջման ընթացքում, կարծես թե, բացթողում է կատարվել հայերիս պարագայում. եւ ներէթնիկական ագրեսիան գերզարգանալով տանում է մեզ դեպի փակուղի:

ՈՒՂԻ

Ինչու՞ մինչ այսօր պահպանվել եւ չենք կործանվել ինքնաոչնչացմամբ: Գուցե իրո՞ք մեզ փրկեց ժամանակին որդեգրած ու դավանած քրիստոնեությունը, որը հոգեհարազատ լինելով մեր բնազդին՝ իր վրա վերցրեց մեր իսկ ձեռքով տապալած պետության առաքելությունը Հայ եկեղեցու տեսքով: Կա՞ արդյոք ներտեսակային ագրեսիան մեղմելու հնարավորություն:

Պարզվում է, որ բնության մեջ առկա է այդ ֆենոմենը: Լորենցը բերում է սագերի օրինակը: Բնաշրջումը սագերի մոտ ներտեսակային ագրեսիան շեղել է «ողջույնի» ծիսակարգի. երբ ներտեսակային ագրեսիան հասնում է կրիտիկական սահմանագծին՝ սագերը կուռ մարտաշարքերով սկսում են աղաղակել` այդպիսով դուրս մղելով իրենց մեջ կուտակված բացասական լիցքերը: (Լիցքապարպման նույն խնդիրը մարդկային հասարակությունը լուծել է զանազան խաղեր հորինելով. հիշենք թեկուզ միայն մեր ազգային կոխը:) Ծիսակարգված այսպիսի ողջույնը միավորում, համախմբում է սագերին, եւ այդ «ողջույնը» անգիտակցականի մակարդակով ժառանգաբար փոխանցվում է սերնդեսերունդ` ստանձնելով ձեռքբերովի բնազդի կարգավիճակ: Դրա վառ օրինակն է նորածին սագը. «Լույս աշխարհ գալու տանջագին ու ոչ անվտանգ գործը կատարած սագիկը տառապանքի փոքրիկ թրջված գնդիկի պես պառկած է` ուժասպառ ձգած իր վզիկը, եւ կարող է միայն մեկ արձագանք տալ շրջապատին: Եթե մոտենաք նրան ու սագի ձայնի նմանվող մի երկու ձայն հանեք, նա դժվարությամբ կբարձրացնի ճոճվող գլխիկը եւ «կողջունի»: Վայրի փոքրիկ սագն ուրի!

շ ոչինչ չգիտե անել, բայց արդեն «ողջունում» է իր ընկերային շրջապատը»5(190): Նման ծիսակարգը ձեռք բերելու համար անհրաժեշտ է միայն մեկ բան` սովորություն, որն անընդհատ կրկնվելով դառնում է ավանդույթ: «Կենդանիների մոտ առկա այդ հասարակ ավանդույթում ու մարդկանց մշակութային բարձրագույն ավանդույթներում առկա ընդհանուրը սովորությունն է: Խիստ ամրապնդելով արդեն ձեռք բերածը` սովորությունն ավանդույթների կայացման մեջ կատարում է նույն դերը, ինչ ժառանգականությունը ծիսակարգերի բնաշրջման ծագման մեջ»5(74): Ուշագրավ է բրիտանական խորհրդարանի օրինակը, որտեղ պատգամավորները նիստերի ժամանակ քարկոծում են իրար, իսկ նիստերի դահլիճից դուրս կարող են լինել ամենամտերիմ ընկերներ: Դա ձեռք բերած ծիսակարգ է, ավանդույթ, որը շեղելով ներտեսակային ագրեսիան` դուրս է մղում կուտակված էներգիան` չվնասելով դիմացինին: Իսկ անգիտակցականում բնավորվելով` այն դարձել է բնազդ՝ մշակութային բնաշրջման արդյունք:

Որպես ապագա` մեր ժողովուրդը որդեգրել է ժողովրդավարությունը: Ըստ Յունգի` ժողովրդավարությունն ագրեսիվ բնազդները քաղաքական միջոցներով վերափոխելու ու հավասարակշռելու ձեւերից է. այն հնարավորություն է ստեղծում դրանք «մանրացնելու» կենցաղային (dօmestic) վիճաբանությունների, որի անունն է քաղաքական կյանք: Յունգն ընդգծում է, որ ժողովրդավարությունն իսկապես հոգեբանական առումով խիստ կարեւոր ուղղորդվածություն է, որը հաշվի է նստում մարդու բնական էության հետ եւ չի բացառում հակամարտությունների անխուսափելիությունը սեփական ազգային սահմաններում1(122):

Այսպիսով, հայերիս իսկապես հիանալի պայմաններ են տրված. եւ Լոուրենսը դա՛ էր ակնարկում: Նրա հարցազրույցը հասցեագրված էր ո՛չ ուրիշ մեկի, այլ միայն հայերիս: Նա մեզ զգուշացնում է շատ հպանցիկ ու նուրբ ձեւով: Դա լուրջ ահազանգ է, որը եթե անտեսենք, ապա կորցնելով մեր նկարագիրը եւ վերաճելով ինչ-որ մուտանտի` իրոք դատապարտված ենք ինքնա՛ոչնչացման:

Երբ 1988-1989թթ. հանրահավաքներին կուտակվում էին հարյուր հազարավոր մարդիկ, համերաշխության, համատարած սիրո ու հարգանքի մթնոլորտ էր տիրում երկրում. Ազատության հրապարակից կարծես իրոք վեր սլացավ ու ազգով մեկ թեւածեց Փոքր Մհերի ուրվականը: Ի՞նչ կատարվեց մեզ հետ. ինչու՞, կորցնելով միմյանց նկատմամբ սերը, հարգանքն ու համերաշխության մղումները, պահպանեցինք միայն բացասական-հուզական վերաբերմունքը` դեպ ամեն ինչ ու ամեն ոք` վերհիշելով միայնակությունը, անպաշտպանվածությունը, ներտեսակային ագրեսիան, ու այն ներդրեցինք քաղաքականության մեջ: Մհերը դարձյալ խռով մնալով մեզնից` մտավ ժայռի մեջ. մենք չազատվեցինք մեր բարդույթներից ու պատմական բնաշրջման ընթացքում ձեռք բերած բացասական բնազդներից:

Մենք երեւի մոռացել ենք, որ «անձի ինքնաճանաչմանն ու զարգացմանն ուղղված անհատական ջանքերի շնորհիվ միայն կարող է ծնվել նոր աշխարհընկալման կերպ (attitude), որը եւ թույլ կտա վերափոխել մարդկային, քաղաքական ու ընկերային պայմանները»5(113), կամ ինչպես Գարեգին Նժդեհն է նշում. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը միայն հարվածներ է ստանում եւ ողբերգորեն անկարող է հակահարվածել, ապա դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն»7(410):

Եթե մենք չվերանայենք մեզ ու չշտկվենք, ապա դատապարտված ենք փակուղու` փասիանների այն տեսակի նման: Ժամանակն է, որ ամփոփելով ազգային ինքնության գոյապահպանական մտքի դարավոր փորձը, մեր նորակերտ մտավոր ընտրանին բացահայտի ու գիտակցի անգիտակցականի մղումները եւ վերակենդանացնի Հոգեւոր Հայաստանը` մաշտոցյան բանական շնչով ապահովելով ընթացքի անընդհատականությունը: Իսկ ուղին տրված է վաղուց. մնում է քայլենք Փոքր Մհերին ընդառաջ:

Ծանոթագրություններ

Տեքստում նշվում են հղման համարը եւ էջը` փակագծում:

1. ԿՊՈռվՌՍ Թ.: կրՌւՏսՏչՌÿ տՏսՌՑՌՍՌ; հՑ-կպՑպՐոցՐչ, “ՇՉպվՑՈ”, 1996չ.

2. նՐՌՍրՏվ ն.: կրՌւՏսՏչՌÿ Ռ տրՌւՏՈվՈսՌջ ՉսՈրՑՌ; հՈՎՈՐՈ, ԼջՊՈՑպսՖրՍՌռ ԺՏՎ “ըՈւՐՈՍ”, 1999չ, Ց. II, կրՌւՏՈվՈսՌջ թՌՑսպՐՈ.

3. Լոուրենս Արաբիացի, Այդ անտանելի հայերը, Պահպանողական «Շեմ» մատենաշար, Երեւան, 2001թ:

4. Վահան Տերյան, Հոգեւոր Հայաստան, Պահպանողական մատենաշար, Երեւան, 2001թ:

5. Խ.խՏՐպվՓ: ԸչՐպրրՌÿ; ԾՏրՍՉՈ; “կՐՏչՐպրր”, 1994չ.

6. հցՎպՐՍՌ ըՏչՏՉ; ԾՏրՍՉՈ; ԼջՊՈվՌպ տՏսՌՑՌփպրՍՏռ սՌՑպՐՈՑցՐօ, 1990չ, ն.ՂՐՏՎ: կրՌւՏՈվՈսՌջ Ռ ՐպսՌչՌÿ.

7. Ավօ, Նժդեհ, Պեյրութ, ՏՊ Համազգային, 1968թ:

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԲՆԱԲԱՆԸ

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ,

Ես եղել եմ, կա՜մ կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,

Հազար էսպես ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱՆ

Ներկայացվող գործն արդիական է եւ իր խորությամբ` յուրահատուկ: Շոշափվող հիմնախնդիրները բացահայտում են ցավոտ նյարդակերտեր, եւ հենց դրանք են ընկած մեր երկրի բնակչության հուզման ակունքում, եթե նույնիսկ չեն գիտակցվում: Հասցեագրվում է էթնոհոգեբանությամբ, հայագիտությամբ զբաղվողներին եւ հասարակությանն ընդհանրապես:

ՀՏԴ 159.9

ԳՄԴ 88

Ս – 259

Ս 0303010000

0128(01)-2003

ISBN 99930-847-2-7

ՍԱՐԳՍՅԱՆՑ ԳԵՎՈՐԳ:

Ս 259 «Փոքր Մհերին ընդառաջ»:

¡ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչություն: Երեւան: 2003. – 20 էջ: Տպաքանակ` 1000:

Հրատարակված է հայր եւ որդի Մխիկյանների

միջոցներով եւ Աստծո կամոք:

Խմբագիր`

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Տեխնիկական խմբագիր՝

Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

Սրբագրիչ`

Սյուզաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

¡ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչություն:

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆՑ

Ծնվել է 1947թ., Բաքու քաղաքում: 1959թ. ընտանիքով տեղափոխվել է Երեւան: 1966թ. ավարտել է Երեւանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: Նույն տարին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: 1971թ. ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդել Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում եւ շինարարական տեխնիկումում: 1972-1992թթ. տարբեր պաշտոններ է վարել ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեում: ԽՍՀՄ ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ է: Զորացրվել է ինքնակամ: 1994-95թթ. եղել է «Ազգային պետություն» կուսակցության փոխնախագահը: Անկուսակցական է: Ներկայումս «Քաղաքական հոգեբանություն» եւ «Հատուկ ծառայությունների հոգեբանություն» հատուկ կուրսեր է դասախոսում: Հեղինակ է հանրապետական զանգվածային եւ գիտական մամուլում տպագրված տասնյակ հրապարակումների:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.