"ՇԵՄ" մատենաշար

Սփյուռքը ինպես որ կա

Հացպանյան Սարգիս |


ՊԱՐՏՔԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Պետականության հաստատումից ի վեր պիտի գտնվեր մի սփյուռքահայ (թեեւ մեծ մեղք է Կիլիկյան Հայաստանում ծնված, հայկական կրթություն ստացած, Արցախյան պատերազմին կամավոր մասնակցած, Հայաստանի Հանրապետության հռչակումից առաջ Հայաստանի մշտական բնակիչ դարձած ու միայն հանգամանքների պարտադրանքով 10 տարի Եվրոպայում անցկացրած ազնիվ, լուսավոր ու խիզախ հայորդուն սփյուռքահայ անվանելը), որ բարձրաձայներ ահավոր դառը ճշմարտությունները:

Հայրենահայությունն այսօր իր ճակատագրական ընտրանքն ունի, ու եթե սխալ կատարեց իր հաշվարկները, ապա անդարձ է լինելու կորուստը. թեկուզ մանեւրային նահանջի՝ այլեւս հնար չունի հայը: Վարվե՞նք տոնական ջայլամությամբ - դրա համար տեղ չի թողնում հեղինակն իր մերկ փաստերով ու փաստարկներով:

Սփյուռքի մեծագույն մասը մերժում էր Խորհրդային Հայաստանը, որ մենք նույնացնում էինք խորհրդային կարգերի մերժման հետ: Բայց Հայաստանի հանդեպ վերաբերմունքը կարծես թե չի փոխվում, պահանջատիրությունը շրջվել ու ներկայացվում է Հայաստանին: Դաժան է, բայց այսօր արդեն փաստ, որ Խորհրդային Հայաստանը Սփյուռքին ավելի էր «հարազատ», քանի որ հնարավոր էր Հայրենիքի խորհրդային լինելով պատճառաբանել հրաժարումը Հայաստանից, հնարավոր էր պատճառաբանել դասալքությունը, որդիական պարտքի չվճարումը. դրա համար էլ, երբ Հայաստանի բնակիչները որոշել էին դուրս գալ ԽՍՀՄ-ից եւ անկախ պետություն կերտել, սփյուռքյան կուսակցությունները, չգիտես որ իրավունքով, դեմ էին դրան. հիմա էլ դեմ են՝ դեռ չեն հաշտվել անկախ Հայրենիքի գաղափարին, մանավանդ երբ այդ Հայրենիքն իրենց շրջաբերականներով չի կառավարվում, այլ սեփական շահի գիտակցման տարտամ փորձեր է անում:

Մի՞թե ճիշտ էր Լոուրենս Արաբիացին, երբ ասում էր, թե հայերն այդ հողերն ուզում են, որպեսզի արտոնագրությամբ վարձու տան ուրիշներին ու, ի հաշիվ ստացած վարձի, ապրեն ծովեզրին, քաղաքներում ու զբաղվեն արժեթղթերի առք ու վաճառքով:

Չէր սխալվել Վիլյամ Սարոյանը, երբ 1966-ին Ալեքսանդրեթի գերեզմանոցում իրեն ուղեկցող 4 տարեկան Սարգսի համար ասել էր, թե Մեծ մարդ է դառնալու: Եվ այդ մեծությունը պետք չէ փնտրել ո՛չ նրա ծագման, ո՛չ դաստիարակության, ո՛չ ԱՍԱԼԱ-ական անցյալի, ո՛չ մինչեւիսկ Արցախյան պատերազմի զինյալ մարտիկ ու վավերագրող մտավորական լինելու մեջ, այլ հայության ու հայ պետության առջեւ դրված խնդիրների սթափ գիտակցման ու քաղաքացիականության մեջ:

Բազմապատիկ արժեքավոր են քաղաքացու, սփյուռքահայի, Եկեղեցու, պարտքի, իրավունքի, բարոյականության մասին Ս.Հացպանյանի դատողությունները, քանի որ դրանք առաջինն են. առաջինն են իրենց անկեղծության ու լրջության մեջ: Գուցե այսքան պարզ ու այսքան չընկալվող ճշմարտությունների այսքան ազնվական մատուցու՞մը ստիպի առանց ծեքծեքումների նայելու իրականության ուղիղ աչքերի մեջ: Տա՛ Աստված:

Դառն են Սարգիս Հացպանյանի ճշմարտությունները, որոնց գիտակցումն իսկ սարսռեցնում է: Մերն է ընտրելու իրավունքը - կուլ տալ բուժիչ այդ դառնահա՞բը, թե՞ երանությամբ տրվել տաք ավազանում երակները բացածի մահացու արնահոսությանը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՍՓՅՈՒՌՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

1968թ. սեպտեմբեր ամսին ինձ ծննդավայրս Կիլիկիայից Կ.Պոլսո Շիշլի թաղամասում գտնվող Գարակէօզեան որբանոց էին բերել: Բերել էին հայեցի դաստիարակություն տալու: Սասունից, Բաղեշից (Բիթլիս), Տիգրանակերտից, Սեբաստիայից, Կեսարիայից, Ատիամանից, Մալաթիայից, Մուսալեռից եւ Աղեքսանդրեթից այստեղ էին բերել նաեւ ինձ նման շատ հայ երեխաների: Մեզնից շատերը հայերեն չգիտեին, ինձ նման իմացողներն էլ՝ խոսում էին տարբեր գավառաբարբառներով միմիայն: Մաշտոցյան տառերը մեզ բոլորիս անծանոթ էին:

Հայերենի մեր առաջին ուսուցչուհին՝ 1915 թիվը վերապրողներից, ծագումով սեբաստացի, արդեն բավականին պատկառելի տարիքով օրիորդ Մարիամ Մինասյանն էր: Հմուտ մանկավարժ, իր ողջ կյանքը երեխաներին մայրենին սովորեցնելով անցկացրած անձնավորությունն ամեն առավոտ, արեւածագից շատ առաջ Կ.Պոլսո մի թաղամասից մինչեւ մեր վարժարանի թաղամասը ոտքով գալիս-հասնում էր հատուկ մեզ՝ Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկիայից բերվածներիս հայերեն սովորեցնելու համար։

Այդ ժամերն օրիորդ Մարիամ Մինասյանի դասաժամերը չէին, նա ոչ էլ վճարվում էր դրանց դիմաց։ Նա իր կամքով եւ սիրահոժար էր անում այդ, անում էր մեծ սիրով եւ գուրգուրանքով առ մեզ՝ 1915 թվի մնացորդների մնացորդների մնացորդներին, կարծես ի հեճուկս թշնամու եւ մոլախոտի նման դեռ Հայոց Էրկրում ծնվածներիս։

Կապուտաչյա, ամբողջովին սպիտակած մազերով օրիորդ Մարիամ Մինասյանը երբեք իմ հիշողությունից դուրս չի գալիս։ Ես իմ կյանքում արած ամեն ինչի հիմքում, անկախ իմ կամքից, ՕՐԻՈՐԴ ՄԱՐԻԱՄ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ եմ ունեցել, ում հիշատակին էլ որդիական սրբազան երկյուղածությամբ ձոնվում է այս հրատարակումը։ Ինքս ինձ միշտ հաշվետու եմ զգացել նրա հիշատակի առջեւ, թեկուզ աներեւույթ, բայց կարծես միշտ նա եղել է իմ կողքին, ինձ հետ, ինձ համար։ Նա ինձանից անբաժան իմ խիղճն է եղել. հիմա էլ է այդպես, բարեբախտաբար այս առումով ոչինչ չի փոխվել։

Նա է եղել իմ առաջին ուսուցչուհին, դաստիարակը եւ իմ խմորի թթխմորը։ Եվ նա այս ամենն արել է Թալեաթի շքեղ գերեզմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Պոլսո գիշերօթիկ Գարակէօզեան Վարժարանում։ Թալեաթը շուտվանից անցել էր պատմության աղբանոցը, բայց 1915 թվականի որբերից օրիորդ Մարիամ Մինասյանը նույն հողի վրա շարունակում էր հայ մարդ ձեւավորել։ Ահա՛ թե ինչու ես կամ ու այսպիսին եմ...

Ձեւավորումս շարունակվել է Կ.Պոլսո Սուրբ Խաչ Դպրեվանքում։ Այստեղ գիտակցորեն հասկացել եմ մարդ՝ մեծատառով ՄԱՐԴ հասկացության իրական արժեքն ու իմաստը։ Դա եղել է այն եզակի վայրը իմ աշխարհում, ուր ամեն ինչ պատկանել է բոլորին՝ մանկությունը, գիտելիքը, խաղերը, սերը, կարոտը, Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան, ամեն ինչ եւ ամեն վայրկյան պատկանել է մեզ բոլորիս։ Ամեն բան եղել է ընդհանուր եւ ամենքիս համար։ Մեկս եղել ենք բոլորի համար, բոլորը եղել են թե՛ մեկիս, թե՛ բոլորիս համար։

Չգիտեմ՝ արդյո՞ք նկարագրելու մեջ լուրջ դժվարություն ունեցածս՝ Կ.Պոլսո Սուրբ Խաչ Դպրեվանքի նմանը կա աշխարհում, բայց ես հենց այդ եղածի պատերից ներս անցկացրած գիշերօթիկ վեց տարիների ընթացքում եմ մարդ դարձել։ Լինելով Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիո, այսպես ասած, վերջին հայ մոհիկանների շառավիղներից՝ իմ համն ու հոտն ստացել եմ Սուրբ Խաչ Դպրեվանքում։ Գարակէօզեան Վարժարանում օրիորդ Մարիամ Մինասյանի ձեռքով իմ մարդկային խմորին դրված թթխմորը Սուրբ Խաչ Դպրեվանքում արդեն պատրաստի հաց դարձավ։ Եվ այս ամենը կատարվում էր բանաստեղծ Պետրոս Դուրյանի շիրիմից միմիայն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Դպրեվանքում։

Այնտեղ եմ սովորել անխտիր ում ասես հաշիվ տալն ու պահանջելը։ Առ այսօր դեռ հաշիվ եմ տալիս աշխարհին՝ շատ լավ իմանալով հանդերձ, որ աշխարհից իմ հաշիվ պահանջելու օրերն անհասանելի սարերի հետեւում չեն։

Թուրքի հետ հակասության պատճառով ես դարձա սփյուռքահայ, այլապես ինչու՞ պիտի հեռանայի իմ ծննդավայր Կիլիկիայից, ինչու՞ պիտի լքեի իմ հայրենի հողը:

Մենք՝ 1980-ականների երիտասարդներս, հենց Թուրքիայի Հանրապետության ներսում սկսեցինք մի քիչ անսովոր բան՝ պահանջատիրություն ներկայացնել: Ասում էինք, որ պետք է մեր լեզվով խոսենք, մենք ենք այդտեղի իսկական տերերը, որ թուրքերն են եկվոր եւ իրենք են մեր ամբողջ դժբախտությունների պատճառը դարձել, որ նրանք չունեն այնքան կրթություն, ազնվություն ու բարոյականություն՝ խոստովանելու, իրենք իրենց հետ հաշվի նստելու, իրենք իրենց վերլուծությունն անելու: 1978-79թթ. Կ.Պոլսում ուսանող հայ երիտասարդությունը քաջությունն ունեցավ այդ հարցերն իրենց սեղանի վրա դնելու:

Այս թեմաներով մամուլում հանդես գալու համար ձերբակալվեցի, տանջվեցի թուրքերի կողմից: Մանավանդ ռազմական հեղաշրջումից հետո, երբ այնտեղ հաստատվեց ֆաշիստական համակարգ, ինձ համար այլեւս անհնարին դարձավ Թուրքիայում մնալը: 1915 թվականի եւ 1980-ականների Թուրքիաների միջեւ տարբերություն չկար: Եվ հայկական հողում ծնվածս, հայկական միջավայրում մեծացածս դարձա սփյուռքահայ, հայտնվեցի Եվրոպայում:

1980-ականների Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա. ահավասի՛կ իմ ուղին, որտեղ ծանոթացա տեղի հայկական համայնքների հետ: Տեսա, որ այդ մարդիկ իսկապես կտրված են իրենց արմատից, որ նույնիսկ հարեւան չեն իրենց լեզվին, որ ծանոթ չեն իրենց պատմությանը, որ անհաղորդ են իրենց մշակույթին: Երբեմն անուն-ազգանունները մնացել են հայկական, սակայն չկար հայը: Եվ ինձ՝ հայրենի հողից եկած մարդուս ցնցեց այդ իրականության հետ հանդիպումը: Ես չէի կարողանում պատկերացնել. ապրում էին միլիոնավոր մարդիկ, կարծես թե կային, բայց իրականում չկային: Չկար այդ մարդը, ո՛չ մի բանով չկար. չկար մշակութապես, չկար հոգեպես, պատմական արմատներից ընդհանրապես կտրված էր: Նույնիսկ նամակագրական կապ չուներ իր հարազատների հետ, չուներ կարոտ: Արտաքնապես կար այդ մարդը. մարմին ուներ, երկու ոտք ուներ, իբրեւ թե գլուխ ուներ, սակայն կատարյալ մի անասունի, կենդանու մինչ այժմ անհայտ մի տեսակի նման բան էր: Եվ ահա այսպես էր, որ ես ինձ համար հայտնագործեցի Սփյուռքը:

Ես շատ երկար, 10 տարուց ավելի ապրել եմ Սփյուռք ասված իրականության մեջ, եւ գիշեր ու զօր տանջել է ինձ այս միտքը, թե ի՞նչ է իրականում Սփյուռքը: Երբ ես Հայաստան եկա, շատ ավելի խորքից ճանաչեցի Սփյուռքը: Հայաստանում արդեն վերջապես հասկացել եմ, որ Սփյուռքը կա՛մ դինոզավրերի ժամանակաշրջանի նման վերլուծման ենթակա մի հանգամանք է, կա՛մ դեռ չհայտնաբերված անասունի մի տեսակ, որին պետք է անվանել, կոչել ինչպես որ ինքն է, որովհետեւ ինքը չունի այդ գիտակցությունն ու քաջությունը՝ ասելու. «Ես բաղկանում եմ այս, այս, այս մասերից, մտածում եմ այսպես, գործում եմ այսպես. մտածում եւ գործում եմ՝ ուրեմն կամ»: Բայց արդյո՞ք մտածում է: Մտածելն ընդհանրապես մարդուն ու մարդկային հասարակությանն է տրված, այսինքն՝ մարդն է մտածում, բանական էակն է մտածում: Բայց իմ սփյուռքահայության տասնամյակում եւ հիմա, երբ շատ ավելի հաճախ եմ շփվում Սփյուռքի ու սփյուռքահայերի հետ, չեմ տեսնում մտածող ուղեղ եւ գործող մարմին: Չկա՛ այդ բանը: Ընդհանրապես չկա: Դա բացակայում է, որովհետեւ բացակայում են այնքան շատ բաներ, որ գոյության պարտադիր պայմաններն են:

Սփյուռք ասված իրականությունը, որ մոտավորապես 19-րդ դարի վերջից է սկսվել ու շարունակվում է մոտ 100 տարի, մահվան դատապարտված բանտարկյալի նման է: Սփյուռքն իր բոլոր գաղթօջախներով՝ մեծ մի բանտ է, ուր մարդիկ կամավոր են գնում: Կարծես հանցագործ լինեն, որ ինքնակամ գնում հանձնվում են այդ Սփյուռք կոչեցյալին՝ ասելով. «Մենք եկանք: Հիմա որ խուցն ուզում եք՝ տեղավորեք մեզ: Մենք ամեն ինչի պատրաստ ենք, մենք եկել ենք մահանալու»: Այսինքն՝ անձնասպանության են գնում: Ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն սպանել: Ահավասիկ, եթե աշխարհում ամեն հայ սրա պատասխանն իր համար տա, ուրեմն հայերի հարցը կլուծվի: Հայն ինքնաոչնչացման գնալու մեծագույն տաղանդ ունեցող միակ եւ անկրկնելի ազգն է մոլորակի վրա:

Հայերն իսկապես շատ ծեր են: Մեր հասակակից ազգերն այսօր պատմության տարբեր դասագրքերում են միայն: Բայց որ մենք իբրեւ դեռ կանք, գոյատեւում ենք՝ այս երեւույթը մի քիչ խաբուսիկ է: Եթե քանակ ես հաշվում, ինչպես ոչխարի հոտը, ապա՝ այո՛, այսքան ու այսքան ենք: Բայց ազգն անասունների գլխաքանակ չէ, որովհետեւ այն ունի արմատներ, պատմություն, անցյալ, մշակույթ, լեզու..., որ, ուզես թե չուզես, քեզ կապում է քեզնից առաջվա հետ: Եվ եթե դու կաս, պետք է ապագա կերտես, այդ անցյալդ պետք է ապագայի հետ կամրջվի:

Այդ մարդիկ, չանվանելով իրենց ապրած իրական կյանքը, չեն ուզում իրականության աչքերի մեջ նայել ազնվորեն՝ առանց խաբելու թե՛ իրենք իրենց եւ թե՛ դիմացինին, ու ապրում են կատարյալ դժոխքի մեջ:

Երբ 1990թ. մշտական բնակության նպատակով եկա Հայաստան ու սկսեցի այստեղ ապրել, գործել, տեսնել, շփվել, մտածել, տեսա՝ ինչքան խորթ էր ինձ այս ամբողջը. իսկապես շատ խորթ էր: Բայց դրա մեջ ոչ մեկը մեղավոր չէր. ես հետո ինքս ինձ մեղադրեցի: Ես էի իմ մտքի մեջ նկարել մի Հայաստան, որտեղ որպես դերասաններ պատկերել էի ինձ եւ ուրիշ մարդկանց, գրել էի սցենարը, երաժշտությունը, ամբողջ թատրոնը: Այստեղ հասկացա, որ դա՛ չէ Հայաստանը՝ մտացածինը: Ուրեմն տարիներ շարունակ պատրաստած իմ այդ թատերականությունն էր կեղծ կամ ուտոպիա: Իմ այդ ուտոպիան փշրվեց միանգամից. ես տեսա կենդանի մարդկանց՝ իրենց առօրյայով ու կենցաղով: Հասկացա, որ կենդանի էակը՝ իրական Հայրենիքը սա՛ է: Այդ իրականությունը տեսած մարդը, այսինքն՝ մի քայլ առաջ նետած մարդը, անշուշտ, չէր կարող ետ քայլ նետել. Հայաստան քայլը՝ արվելիք վերջին քայլն էր:

Ես կարող եմ ասել, որ իմ ամբողջ գերդաստանից (մենք հինգ քույր ու եղբայր ենք) ես միակն եմ, որ գիտակցաբար որոշել եմ գալ Հայաստան ու ապրել այստեղ՝ ինչ էլ որ լինի Հայաստանի վիճակը՝ պատերազմ կամ սով, վերացում կամ բարգավաճ ապագա: Գալով Հայաստան՝ ուզում էի մեկ անհատի, մեկ հայի անհատական ճակատագիրս ընդհանուր ճակատագրի հետ միացնել. այսքան բան: Այսինքն՝ մի մեծ կաթսայի մեջ եփվող ճաշի մեջ ես էլ էի լինելու՝ անկախ այն բանից՝ կվառվի՞, թե՞ ոչ այդ ճաշը: Եվ այսպես ես վերադառնում էի իմ մանկությանը, տատիկիս պատմած հայկական հեքիաթները, սովորեցրած հայկական բանաստեղծությունները, որոնք այսօր արդեն չկան Սփյուռքի մեջ: Այդ հայկականությունն արդեն վերացած է։ Սփյուռքում թոռնիկն իր տատիկին չի ճանաչում, չի ապրում իր տատի ու պապի հետ, նույն բակը չունեն նրանք, երբեւիցե նույն թթի ծառից չեն օգտվում, միմյանց հետ նույնիսկ նամակակցական կապ չունեն: Տարին կամ երկու տարին մեկ, եթե իհարկե ճանաչում են զիրար, ու գիտեն, որ ինչ-որ մի երկրում մի մորաքույր կա, հեռախոսով հազիվ թե կապվում խոսում են: Սա՛ է Սփյուռքը:

Հայաստան գալուցս քիչ անց սկսվեցին ռազմական գործողությունները: Ես աչքովս տեսա, թե ինչպես են մարդիկ կամավոր ճակատ մեկնում: Պատերազմն ընդհանրապես ամենադաժան երեւույթն է մարդկության համար: Ոչ մեկի համար պատերազմը չի կարող լավը լինել. չկա մի մարդ աշխարհում, որ ասի. «Գիտե՞ս, ես ուզում եմ պատերազմ, դա շատ լավ բան է, դրանից այս, այս, այս լավ բաները կլինեն»: Բայց անդորրից այդքան վատ, հակասական իրավիճակին այսպես կամավոր գնալ՝ ես Հայաստանում տեսա:

Ես շշմած էի, երբ Սփյուռքում ասում էին, թե՝ «Հայաստանում մեկ միլիոն մարդ ոտքի է ելել»: Ես չէի հավատում: Մոտավորապես երեք ամիս անց Փարիզում մեկ հատ տեսաերիզ ստացանք Երեւանից: Չգիտեմ՝ 10, 20, 30 անգամ, առանց հավատալու այդ ցույցերին, նկարահանված ժապավենը դիտեցինք: Ընկերներով չէինք կարողանում հասկանալ, թե դա ինչպես է պատահել: Ոչ մի հարց աշխարհի ոչ մի երկրում չի կարող (մեծ թե փոքր ժողովուրդ՝ մարդկանց քանակն էական չէ) երեք մարդուց մեկին ոտքի հանել: Այս տարօրինակ իրավիճակը Հայաստանում ստացվել էր:

Ինձ համար հիմա էլ սա՝ պատասխանը չգտնված հարց է: Ես ուզում եմ ինքս ինձ այդ հարցի պատասխանը տալ, որը, շատ դժբախտաբար, չեմ կարողանում ճարել, որից էլ կախված է արդեն, կարծում եմ, մեր երկրի ապագան: Այսինքն՝ եթե մի հարցի առիթով երեք հայից մեկը ոտքի է կանգնել, ինչու՞ վաղն այդ երեք հայից երկուսը չպիտի կանգներ, կամ՝ այդ երեք հայից մյուս մեկը եւս չկանգներ մեկ այլ հարցի առիթով: Այդ երեք հայից մեկը հիմա պառկած վիճակում է, երկրորդը գնացել է երկրից, մյուսն էլ՝ կա՞, թե՞ չկա՝ հարցականի տակ է դրված, շատ դժբախտաբար: Սա անհասկանալի երեւույթ է, եւ ոչ ոք չի ուզում լուրջ վերլուծության ենթարկել այս իրավիճակը, հասկանալ՝ ինչու՞:

Ասում ենք՝ մարդ ենք, բանական էակ ենք ու ինչուներ կան աշխարհում, այդ բոլոր ինչուներն այսպես թե այնպես իրենց պատասխաններն ունեն, բայց հայերն այդ ինչուները կարծես թե շատ չեն հարցնում, չեն ուզում հարցրած լինել, ավելի շատ խուսափում են հարցնելուց, իրենց դուր չեկած պատասխանը գտնելուց. ավելի հարմար են համարում չհարցնել ու փախչել-գնալ այստեղից: Այսինքն՝ հեշտին են դիմում:

Իսկ այդ տարիներին, որ ես նոր էի եկել, մարդիկ հեշտին չէին դիմում: Հայաստանում ես ճանաչեցի հարյուրավոր, հազարավոր մարդկանց, ովքեր կին, ընտանիք, աշխատանք ունեին, բայց թողեցին այդ ամբողջն ու նստեցին մի ուղղաթիռ (ես էլ եմ եղել այդ ուղղաթիռի մեջ, դրա համար էլ լավ եմ ճանաչում այդ ընթացքը)՝ գնալու համար մի տեղ ու ասելու. «Սա մե՛րն է, մենք սա պահպանելու համար ենք եկել ու այստեղ կարող ենք մահանալ»: Սա տարօրինակ երեւույթ էր. խաղաղ ընթացքից մարդն այսպես կամավոր գնում էր ամենահակասական՝ պատերազմական իրավիճակին: Կանգնում էր՝ ասելու, որ պիտի պաշտպանի իր երկրի խաղաղությունն ու իր ազգի իրավունքը: Այդպիսիներն ինչքա¯ն շատ էին 90-ականների Հայաստանում:

Եվ հենց դրա շնորհիվ մեր փոքրիկ Արցախ աշխարհում գոնե կարողացանք թշնամուն կասեցնել, հասանք այն բանին, որ նա մեզ հետ չվարվեր այնպես, ինչպես միշտ սովոր էր վարվելու: Սա կարծեմ առաջին երեւույթն էր, որ ցնցեց հային, սակայն հայն առ այսօր չի կարողանում հոգեբանորեն մարսել իր հաղթանակը: Ես հիշում եմ՝ Արցախից Երեւան ամեն գալիս մարդիկ, լինեին այստեղից թե Սփյուռքից, հարցնում էին. «Ե՞րբ են մերոնք նահանջելու, ե՞րբ են հողերը տրվելու»: Հայը, որ միշտ պարտություն էր տեսել ու լսել նախնիներից, միշտ լաց ու կոծի էր վարժվել, հիմա պատրաստ չէր խնդալու, արժանապատիվ այդ սերնդի տված կռիվը գնահատելու, ինքն իր արածին հավատալու: Շատ խաբուսիկ բան կար Երեւանում այդ ժամանակ՝ «Սա ռուսների գործն է, ռուսներն են անում» ու նման բաներ, ինչը ողբերգություն է: Եվ սա ընդհանուր հայկական երեւույթ է:

Արցախ աշխարհում ես (լինելով պատերազմի մասնակից իբրեւ կամավոր) իմ աչքերով տեսա լիիրավ հաղթանակ, լիիրավ մարդ, լիիրավ գյուղացի, լիիրավ հայ, լիիրավ ամեն ինչ։ Եվ այդտեղ՝ ճակատում է, որ խաբուսիկ ոչինչ չկա: Կար մահն ու մեջտեղում՝ խրամատում՝ կյանքը: Կեղծիքի չգտնված բանն աշխարհում ընդհանրապես խրամատն է, որտեղ կա՛մ պիտի ապրես ու կյանքը շարունակվի, կա՛մ՝ քեզ պիտի սպանեն: Մահն ու կյանքը միայն այդտեղ են շփվում իրար հետ՝ խրամատում: Հայերն ընդհանրապես միշտ խուսափում են խրամատից, միշտ ուզում են խուսափած լինել: Եվ միշտ մյուս օրվան են թողնում այսօրվա հոգսն ու գործը՝ թե իբր հետո կլուծվի, հետո կլուծվի, հետո կլուծվի: 90-ականների սերնդի վրա շատ մեծ էր սերունդների կուտակած՝ գործ անելու՝ իրավիճակից դուրս գալու, քրտինք թափելու, արյուն տալու բեռը: Եվ իսկապես մի քանի սերունդների գործն արեց կամ փորձեց անել այդ երիտասարդությունը:

Ես խրամատում դարձյալ բախվեցի իմ անցյալի հետ: «Հայ դատ», «պահանջատիրություն», «մեր հողերը» եւ նման գաղափարներով մեծացածս, ուրեմն, սպասում էի, որ հիմա կգան, ուր որ է մերոնք կգան: «Մերոնք», այսինքն՝ սփյուռքահայերը այսօր կգան, վաղը կգան, մյուս օրը կգան: Տեսա՝ եկող չկա: Տուրիստ եկող չկա, Գառնի-Գեղարդ-Էջմիածնի համար եկող չկա, ու¯ր մնաց թե պատերազմի գան: Այդ ժամանակ հարց ես ուղղում ինքդ քեզ՝ բա ու՞ր մնացին ազգ, ազգություն, հող, հայրենիք գաղափարները: Մի՞թե Մուշը, Վանը, Ալաշկերտը..., որտեղ այսօր քուրդն ու թուրքն են ապրում, որ վերացական, քո մտքի միջի, քո հոգու միջի հայրենիք է, ու դու իբրեւ դրանց համար ես ապրում, իսկ Արցախ աշխարհի կոնկրետ այս կամ այն գյուղը, ուր հայն է ապրում, հայն է հողը մշակում, որ ամենասարսափելի իրավիճակում է, որ չորս կողմից շրջափակման մեջ է, հայրենիք չէ: Ճակատագիրն էլ տվել է հնարավորություն, որ այդ ամենադժվար պահին գաս ու օգնես քո հայրենակցին, բայց դու չկաս:

Սա ինձ համար ճակատագրական էր՝ այդ սփյուռքյան էջի վերջին գնահատականը տալու: Չէ՛ր կարելի այդքան մարդկանց խաբել: Տարիներ շարունակ իբրեւ թե այդքան «ազգային», «հայրենասիրական» չգիտեմ ինչ դաստիարակություն ես տալիս մարդուն, սակայն երբ գալիս է դրա քննության շրջանը, չկա քննություն հանձնողը, չկա ու չկա, փախել է. դիպլոմն առել ու փախել է: Ինձ համար այդտեղ քանդվեց Սփյուռքի թղթե դղյակը:

1992-93-ին, երբ Մարտակերտն ու Շահումյանն ադրբեջանցիների ձեռքին էր, ես հասկացա, որ ո՛չ՝ սա ազգային խնդիր լինելով՝ չի ընկալվում, սա իրենց՝ հատկապես սփյուռքահայերին չի հուզում: Այդ իսկ պատճառով էլ երկու ձեռքերիս մատների չափ սփյուռքահայ չի մասնակցել այս պատերազմին: Եվ հիշում ես պատմությունը, Ֆրանկոյի ժամանակաշրջանը. Իսպանիայի ներքին խնդրի համար, որպեսզի ֆաշիստները չգան իշխանության, մինչեւիսկ Մալայզիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Կանադայից, չգիտեմ էլ որտեղից հազարավոր մարդիկ, ովքեր իսպանացի չէին, ծագումով Իսպանիայի հետ կապ չունեին, 30-ականներին կամավոր գնացին կռվելու ազատ Իսպանիայի համար ու հազարներով ընկան: Այսինքն՝ մարդկության համար ելան ու ընկան: Է՛հ, ուրեմն, մեզ մոտ ազգության համար էլ չեկան եւ չընկան, ուր մնաց թե մարդկության համար լավ բանի ընդունակ լինեին: Դե հիմա անուն տանք սրան, եթե կարող ենք:

Ամեն անգամ, երբ Եռաբլուր կամ Արցախի որեւէ գերեզմանատուն եմ այցելում, տեսնում եմ հազարավոր երիտասարդների շիրիմներն ու, ուզեմ թե չուզեմ, ամաչում եմ: Ամո՛թ է: Մեր ազգի քանակ ասելը շատ են սիրում՝ 7-8 միլիոն. ու այդքանից հազարներով շիրիմներ կան Արցախ ու Հայաստան, եւ փաստորեն սփյուռքահայ մի քանի մասնակիցներ միմիայն: Նրանք էլ, ըստ երեւույթին, ամոթից են եկել ու մասնակցել այս ամբողջին եւ վե՞րջ:

Սա աններելի է, որովհետեւ տարիներ շարունակ, հատկապես «ավանդական» կոչվող կուսակցությունների «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան պիտի կերտենք», «Մենք չենք կարող պանդխտության մեջ ապրել», «Դեպի հայրենի¯ք» կոչերով, այժմ արդեն ըստ իս այդ լոլոներով սերունդներ աճեցրած այդ ամբողջ համակարգը միանգամից հայտնվեց շատ պարզ իրականության մեջ, ողորմելի վիճակում: Սա կեղծիք է, սա սուտ է, սա ճիշտ չէ, մարդկանց ճիշտը չեն ասում:

Երբ ես Սփյուռքում մարդկանց հետ անմիջական կապերի մեջ եմ մտնում, իրենք չեն զորում անկեղծանալ ու ասել. «Այո՛, դա մեզ չի հուզում, դա մեր խնդիրը չէ, մենք միայն ձեւ ենք անում: Ի՞նչ պատերազմ, ի՞նչ հայրենիք, ի՞նչ հող, ի՞նչ տնտեսություն, ի՞նչ Հայաստան, ի՞նչ ես խոսում: Մեզ հետաքրքրում է մեր գրպանում եղած փողի չափը. հիմա մենք դա «ղումարի» կտանք թե այլ բանի վրա կծախսենք՝ դա մեր պրոբլեմն է: Ինչու՞ ես մեզնից ուզում կերտել այն, ինչ դու ես ցանկանում»: Սա՛ է իրողությունը:

Ես կարծում էի, թե այս ամբողջը բոլորիս է պատկանում՝ եւ՛ պարտքը, եւ՛ իրավունքը, որ Հայաստանը ոչ մեկի սեփականաշնորհված հողը չէ: Երբ հատկապես սփյուռքահայի աչքերով ես նայում այդ վերացական «հայրենիք» հասկացությանը՝ բոլորինն է, որի համար իբրեւ թե կարոտով-բանով են ապրել սերունդներ, սակայն երբ սկուտեղի վրա գալիս է անկախ Հայրենիքը, նա արդեն դրանից հրաժարվում է, չի ուզում դրա մասին խոսել, մտածել, գործել, չի ուզում իր պարտքը վճարել գոնե իր կարոտներին (եթե իրականում դրանք եղել են անկեղծ), տեր կանգնել իր կարոտներին. այսինքն ստացվում է, որ նույնիսկ իր երբեմնի «կարոտների» դավաճանն է նա: Պարտքը վճարել չի ուզում, բայց պարտքն ամեն վայրկյան վճարող հայաստանցու կյանքն ու մահը տնօրինելու իրավունք է պահանջում, երկքաղաքացիություն է ուզում (թեեւ դրա համար միանգամյա չնչին վճարն էլ չի կատարի. քանի՞ սփյուռքահայ են այս տարիների ընթացքում ընդամենը 300 $ վճարելով կացության հատուկ կարգավիճակ ստացել): Բանականությունից բացի այստեղ բարոյականություն էլ չկա:

1992-ին դեմքս ամբողջությամբ այրվել էր, եւ ընկերներս Ամերիկայից անծանոթ մեկի միջոցով հատուկ քսուք էին ուղարկել: Այդ մարդը եկավ մեր տուն, զրուցեցինք: Ասում եմ.

- Ինչու՞ ես եկել, ի՞նչ գործ ունես այս կողմերում:

- Իմ հայրենիքն է, Հայաստանն է,- ասում է:

Ասում եմ.

- Բայց դու ի՞նչ կապ ունես Հայաստանի հետ:

- Ո՞նց թե,- զարմացավ,- իմ հողն է՝ եկել եմ:

- Դու այս հողում վաղը լինելու՞ ես,- հարցնում եմ:

- Չէ,- ասում է,- երկուշաբթի թռչելու եմ:

- Բա այդ ո՞նց դարձավ քո հողը. կատուն որ կատու է,- ասում եմ,- եթե մի սենյակ տանես, կհոտոտի, կպտտվի ու կգծի իր սահմանը: Դու քո սահմանը Լոս Անջելեսում գծել ես՝ չէ՞: Ու եթե ավելի շուտ օդանավ լինի՝ նստի գնա, որովհետեւ քո այստեղ լինելն ինձ վիրավորում է: Ես դա չեմ հանդուրժում:

- Ինչու՞,- զարմացավ:

- Դու այս երկրի համար ի՞նչ ես արել,- ասում եմ,- ընդհանրապես՝ քո ծնված օրից մինչեւ այսօր: Ոչինչ չես արել՝ չէ՞:

- Այո,- ասում է:

- Դե որ այո, հիմա դու քո ոչինչ չարած երկիրը գալիս ես, ու այստեղի մարդիկ էլ, որովհետեւ սփյուռքահայ ես, չինացու նման երկու տակ առջեւդ ծռվում են, կարծիքդ են հարցնում, տուն են հրավիրում, հյուրասիրում են: Չէ՞: Ուրեմն դու ոչինչ չտալով՝ արդեն ստանում ես ու հետն էլ ասում՝ Ի՛մ հողն է. ո՞ր իրավունքով: Ու եթե պիտի չտաս, այլ միայն ստանաս, ուրեմն արագ հեռացիր, իսկ եթե տալու ես, ուրեմն շուտ-շուտ արի:

Այդ մարդը վիրավորվեց, ես դիտավորյալ կպա նրա արժանապատվությանը: Այդ մարդը դրանից ազդվեց. իրեն ճանաչողները հետո ասում էին (այդ իմ միակ հանդիպումն էր նրա հետ), թե Հայաստանից վերադառնալուց հետո նա լրիվ փոխվել էր, այլ մարդ էր դարձել: Այդ վիրավորվող մարդը լուսահոգի Վարուժան Քարյանն էր, որ Լոս Անջելես գնալուց հետո հիմնեց «Հայրենիք» միությունը եւ 3 ամիս անց 8 կոնտեյներ սնունդ ու հագուստ ուղարկեց Ղարաբաղ: Մի ամբողջ շրջանին այդ մարդը 2 տարի պահեց: Մինչեւ այդ Լոս Անջելեսում կար 56 «հայկական» միություն: «Հայրենիքը» Վարուժան Քարյանի շնորհիվ դարձավ ամենագործուն միությունը, որ հիմա արդեն 5-6 հարյուր անդամ ունի, ովքեր պետությանը հարկ տալու նման ամեն ամիս իրենց ազգային տուրքն են տալիս կազմակերպությանը եւ տարին մի քանի լուրջ ծրագրեր են իրականացնում Հայաստանում ու Արցախում. եւ արդեն 10 տարի: Եվ այս ամբողջը ծնվեց վիրավորելու շնորհիվ: Վիրավորելը շատ ճիշտ բան է, եթե մարդը վիրավորվելու ընդունակ է: Բայց շատ քիչ սփյուռքահայեր են վիրավորվելու ունակ:

Վարուժանն այնտեղ ասել էր, որ իրենց առօրյա հիմար ծախսերով հնարավոր է երկիր պահել: Եվ ճիշտ էր ասել: Ես ամբողջ Սփյուռքին ՄԵ՛-ՂԱ՛-ԴԸ՛-ՐՈՒ՛Մ ԵՄ: Եթե օրը մի քանի բաժակ սուրճ խմող սփյուռքահայը միայն մեկ գավաթի գումարը երկրի համար մի կողմ դներ, այսօր Հայաստանը ոտքի կանգնած կլիներ, Հայաստանը ծաղկած կլիներ:

10 տարվա մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը չգիտեմ ինչքան միլիոն փող է հավաքել: Իսկ Հայաստանի 1 տարվա բյուջեն մոտ 400 միլիոն է: Այդ Սփյուռք ասվածի 10 տարվա արածը, վստահ եմ, Հայաստանի 1 տարվա բյուջեի 1/5-ն էլ չի կազմում: Սա արդեն խոսում է Սփյուռքի մասին. Սփյուռքը պիտի աներ 100, արել է՝ 1, 99-ը չի՛ արել:

Միայն իմ ընկերների ու ծանոթների միջոցներով իմ միջնորդությամբ Հայաստան եւ Արցախ է մտել մի քանի միլիոն դոլար: Հարց եմ տալիս Սփյուռքին՝ ի՞նչ է՝ միայն իմ ծանոթներ՝ բազմապատկած 10՝ հավասար է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՞ն: Ինձ նման ձրի աշխատող 10 հոգի հերիք է, որ ամբողջ աշխարհում տարածված «Հայաստան» համահայկական հիմնադրամի օֆիսների, տեխնիկայի ու ամբողջ օրը եղունգները խարտող, հեռախոսով շատախոսող եւ համակարգչային հիմար խաղեր խաղացող քարտուղարուհիների հսկայական գումարների անիմաստ վատնումը չլինի: Բազմաթիվ անգամ այդ հոգաբարձուների ու նվիրատուների Հայաստան գնալ-գալու գումարները կարող էին նաեւ օգտակար գործի համար լինել. մեկ հոգու ծախսը մոտ 4 հազար դոլար է, իրենց կանանց կամ ամուսիններին էլ ձեռքի հետ հետները բերում, «Արմենիա» հյուրանոցում մի քանի օր պահում են, ինչ է թե ասեն. «Այս քարը ճիշտ եք դրել, աբու¯, պատի այս գույնը ի¯նչ ճիշտ եք ընտրել» կամ՝ հակառակը:

Իրենց հերթին էլ այստեղի պատվիրակություններն են գնում այնտեղ ու առաջնակարգ հյուրանոցներում մնում, փոխանակ որեւէ հայի տանը գիշերեն, թեկուզ գետնին պառկեն: Գետնին քնածներն են երկիր կառուցում, անտառներում քնածներն են երկիր կառուցում, սոված ուսուցիչն է երկիր կառուցում, ոչ թե սրանք: Սա բոլորիս համահայկական ամոթի հիմնադրամն է...

Ինձ շատ ցավ պատճառեց, երբ տեղական մի օրաթերթում կարդացի, որ սփյուռքյան «ավանդական կուսակցություններից» մեկն Իջեւանում իր հերթական մասնաճյուղն է բացել՝ երդման արարողությամբ ու նման բաներով 11 հոգու ընդունել կուսակցության շարքերը: Շատ կուզենայի, որ այդ «դասական կուսակցությունը» այդ նույն Իջեւանում 10 հոգու համար աշխատատեղ ստեղծած լիներ: Այդ 3 «դասական, ավանդական կուսակցություններին» էլ ես շատ լավ եմ ճանաչում, դրանց կարելի է, այսպես, ոտքից գլուխ մերկացնել. չեմ հասկանում, թե Հայաստանի պետական մարմիններին կամ հասարակ ժողովրդին ի՞նչ պրոպագանդով են այսքան ժամանակ այսպես խաբուսիկ եւ կեղծ պատմություններով սնուցել ու այնպիսի իրավիճակի մեջ դրել, որ առեղծվածների մասին են մարդիկ մտածում: Դրանց տարեկան բյուջեն եւ ընդհանուր շրջանառությունը մի քանի անգամ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն: Ու՞մ են խաբում, ինչու՞ են խաբում:

Հողից կտրված, օտարության մեջ «Հայաստան, հայկականություն, հայրենիք» իմաստավորմամբ կեղծ ու խաբուսիկ սերունդներ իբրեւ թե դաստիարակես ու այսօր երկրի մեջ 10 հոգու համար աշխատատեղ չստեղծես - ինձ համար անհասկանալի է: Ժամանակ առ ժամանակ հագած շոր-կոշիկ կուղարկեն մեր այդ հայրենակիցները, բայց այստեղ կարգին գործ չեն ստեղծի, տնտեսություն չեն զարգացնի, չեն օժանդակի, որ այստեղի մարդը՝ այստեղի մեր հայրենակիցը, իր արհեստով, իր գիտելիքով, իր իմացածով ապրի, ինքն իրենից մի բան տա եւ դրա դիմաց մի բան ստանա:

Սպասում եմ՝ 88 թիվ, 90 թիվ, 2000 թիվ եւ արդեն 21-րդ դար. նույն լոլոներն են, նույն հեքիաթներն են ամեն տեղ, ոչինչ չի փոխվում, ավելին՝ դեպի վատն է գնում: Եվ եթե մեկը կարծում է, որ սրա պատճառն անկազմակերպ լինելն է, շատ է սխալվում: Հարկ է, որ բոլորն իմանան, թե այդ «կուսակցությունները» շատ էլ լավ ներքին կազմակերպվածություն ունեն, նույնիսկ կարող են այլոց օրինակ հանդիսանալ: Բայց այդ ամբողջ կազմակերպվածության արդյունքն ի շահ Հայրենիքի ոչ մի՝ ի՛նչ հոգեւոր, ի՛նչ բարոյական, ի՛նչ ֆինանսական, ի՛նչ տնտեսական ոլորտում չի երեւում:

Իսկապես արժեքների այլասերման համակարգում ենք գտնվում: Ինձ համար մեծ դժբախտություն է, բայց չեմ կարողանում բացատրել դա: Ու երբ պատասխաններ էլ գտնում եմ, այդ գտածներս ամոթալի են լինում ինձ համար:

Ես Սփյուռքում եղել եմ ռազմական մի կառույցի հավատարիմ անդամներից: Այդ կազմակերպությունն Արեւմտյան Հայաստանի համար արյուն է թափել: Այդ զինյալ պայքարը 70-80-ականներին արտասահմանում թուրքական դիվանագետների զգետնման գործն է կատարել: Ուրեմն, դրա առաջամարտիկներից մեկը, որ թուրք դիվանագետ է սպանել, դրա համար Եվրոպայում ձերբակալվել, դատվել ու 10-12 տարի բանտում է եղել, այդ զրկանքներից հետո Հայաստանի պետության կողմից գրկաբաց ընդունվել է, բանտից ուղղակի տեղափոխվել է Հայրենիք, ապա զենքը ձեռքին կամավոր գնացել է Արցախ, կռվել է Շահումյանի ու Մարտունու շրջաններում, Երեւան վերադառնալուց հետո էլ ընտանիք է կազմել, այսօր հեռացել է երկրից: Զրկանքները գիտակցաբար կրած այդ հայորդին Green ard է խաղացել, ինչպես առօրյա լոտոներն են խաղում, շահել է եւ այդ շահած լինելու ուրախության մեծ հանգամանքով՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ստեղծած ընտանիքն էլ հետը վերցնելով՝ թռել-գնացել է Լոս Անջելես, եւ չգիտեմ հիմա որ ետին թաղամասերի սրճարաններում, ինչպես Հայաստանում է ընդունված ասել, անգործ ֆռֆռում է:

Հիմա, եթե աշխարհում կա մի հայ մարդ, որ կարողանա ասվածի վերլուծությունն անել եւ այս եղածին խելամիտ որեւէ բացատրություն տալ, թող առանց ինքնախաբեության անի դա:

Արժեքների այսքան այլասերում եւ կեղծիք պատահական լինել չեն կարող: Մարդ, որ գնում է զինվորական գործողություն կատարելու, որտեղ իրեն կարող էին խփել ու սպանել, մարդ, որին եւ՛ Սփյուռքում, եւ՛ Հայրենիքում հարգում էին ու սիրում որպես ազգային հերոսի, հանկարծ հեռանում է երկրից: Ծայրահեղացնեմ՝ գնում է մի պետություն, որը պահում է Թուրքիային. այն Թուրքիային, որի դեմ կռվելու համար նա բանտում է թողել իր երիտասարդությունը: Սա անհասկանալի երեւույթ է: Այսքան ծայրահեղ օրինակը ես դիտավորյալ եմ տալիս, որ հասկանանք հայի կերպարը, հայի տարօրինակությունը: Այսպես միայն մեզ մոտ կարող է լինել: Այսքան չգիտակցված ապրել, այսքան իմաստազուրկ ապրել՝ կարծես թե միայն մեզ մոտ է լինում: Կարծում եմ, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ մե՛նք ենք մեղավոր, միայն մենք եւ էլի միմիայն մենք:

Ես հայագիտություն եմ սերտել ու մեր պատմության մեջ չեմ գտել գոնե մեկ հատիկ ժամանակաշրջան, մեկ տարի, մեկ դեպք, որտեղ մեզ հետ կատարված որեւէ դժբախտության մեղավորը մենք չլինենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ տուժենք, հետո էլ նստում լաց ենք լինում՝ ինչու¯ այսպես եղավ:

Քիչ առաջ ասում էի, թե ծեր ազգ ենք: Ախր, ծերության իմաստով էլ շատ ենք տարօրինակ: Արտասովոր երեւույթ է մեր ծերությունը: Ծերերը երկար ապրելով՝ արդեն հասուն մարդիկ են լինում, իմաստնացած են լինում: Ասենք, 60 տարեկանը 20 տարեկանին կարող է ասել. «Գիտե՛ս, տղաս կամ աղջիկս, այսպիսի բաները մենք տեսանք՝ դուք չանեք»: Իսկ մեր ամբողջ պատմության մեջ ոչինչ չի փոխվել: Այսքան սխալ գործել, այսքան սխալ ապրել, այդ սխալների պատճառով այսքան տուժել, տուժել ու նորից տուժել, եւ ոչինչ չսովորել՝ բացի հայից ուրիշ ոչ մի քաղաքակրթություն, ազգ կամ ժողովուրդ չի՛ ունեցել մեր մոլորակի վրա: Մենք մեզ ոչ թե իմաստնացած ծերի, այլ մանկամիտ զառամյալի պես ենք պահում:

Քիչ վերեւում այդ «ավանդական կուսակցությունների» մասին մի փոքր արհամարհանքով նշեցի, որովհետեւ ինչպե՞ս կարելի է 1890-ականներին այդքան սխալներ գործել, հարյուր հազարավոր մարդկանց ցեղասպանության հասցնել, 1918-20թթ. երկրում այդքան սխալներ գործել, ապա իսպառ կործանման եզրին հասցված Հայրենիքից ելնել ու փախչել (նույնիսկ չապրել այս պետությունում. ոչի՛նչ որ սիստեմը փոխվում է՝ բայց ապրիր քո՛ տանը), ու հիմա վերադառնալ եւ դարձյալ նույն ավետարանը կարդա՞լ, չփախածի գլխին քարո՞զ կարդալ: Ես դա չեմ հասկանում: Իսկապես ոչինչ չեմ հասկանում: Ուրեմն՝ այդքան սխալ գործած ծերունին դեռ ոչինչ չի հասկացել:

Սա՛ է հայը, սա՛ է հայ ազգը, սա՛ է իմ ժողովուրդը, սա՛ եմ ես, սա՛ ենք բոլորս: Ես այսպես եմ տեսնում, այսպես եմ մտածում, այսպես եմ գործում, բայց ի՞նչ կարող եմ անել. քանի որ այսպես մտածողները տեղ չունեն հայի այսօրվա հասարակությունում:

Այսօր հայն իր հայրենիք իբրեւ տուրիստ չի գալիս, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Մի կողմ թողնենք նույնիսկ տնտեսական ներդրումները, որ եթե մակաբույծ օրգանիզմ չէ, ապա այդ պարտքը կգիտակցեր ինքնաբերաբար: Հայերն արտասահմանում մոտ 6-6,5 միլիոն են: Եթե ընդամենը 1 միլիոն ընտանիքների անդամներից մեկը՝ մեկի աղջիկը, մյուսի տղան, թոռնիկը, քույրը, եղբայրը, եթե ընդամենը մեկ շաբաթով տուրիստ գան Հայաստան, ուրեմն Հայաստանի պետական բյուջեն համալրված կլինի: Այսքան հեշտ, հանգիստ եւ պարզ թվաբանություն: Բայց այդ պարզն այսօր հայը չի կարողանում ըմբռնել, քանի որ նա ձեւ է անում, թե Հայրենիքի պահանջ ունի, նա անարմատ ու անառագաստ ոմն է, որ գնալու տեղ չունի, որ ուխտատեղի չունի: Այդ ուխտ եւ ուխտատեղի չունեցողի համար միեւնույնն է՝ ինքը ո՛ր աշխարհամասի ո՛ր երկիրը կգնա արձակուրդի, ո՛ր երկրի տաճարները, հյուրընկալ վայրերը կտեսնի: Ցանկացածինը, բայց ո՛չ Հայաստանինը, որովհետեւ Հայաստանը իր վզից կախված մի ծանր քար է, որն իր գոյությամբ ամեն վայրկյան ամաչեցնում է իրեն, հիշեցնում պարտքի մասին: Իսկ ինքը պարտքից խուսափող է, փախչող է, ուրիշի մարած պարտքերով ապրող է: Այս հարցը մտածելու եւ լուծելու ուղղությամբ ի՛նչ Սփյուռքում, ի՛նչ Հայրենիքում, վստահ եմ, ոչ ոք չի մտածում:

Այս առթիվ չի մտածում նաեւ մեր եկեղեցին՝ իր երկբեւեռ կենտրոններով հանդերձ։ Սփյուռքում հաճախ ենք լսում «Երեխային Անթիլիասակա՞ն, թե՞ Էջմիածնական եկեղեցում եք կնքում» հարցը։ Ամենաանհեթեթը, որտեղ որ էլ հայ երեխային կնքելու լինեն, Սփյուռքում նա ինչ հայ է դառնում, ինչ էլ՝ հայ քրիստոնյա։ Որովհետեւ իրեն կնքող եկեղեցականն էլ հեռու է հայ քրիստոնյա լինելուց, ուր մնաց նրա կնքածը լինի։ Ո՛չ։ Սա ավելի, հոգեպես շատ ավելի ծանր իրավիճակ է։ Մեր եկեղեցին, այսինքն Վ.Թեքեյանի «Եկեղեցին», այժմ չի գտնվում իր հոգեւոր ու մարդկային արժեքների միջավայրում։ Դա, ափսոս, խարդավանքների, մեկը մյուսի տակը փորելու կամ շահագրգռության, Մաքիավելուն հատուկ սատանայությունների, դավերի եւ մեքենայությունների ամենագործուն վայրն է արդեն։ Իսկ սատանայությունը եկեղեցում ինչպե՞ս հասկանալ. հենց դրա համար էլ այսօրվա իրավիճակում ենք գտնվում։ Հայ եկեղեցին 1956թ.-ից պառակտած հարյուրքանիտարվա «ազգային» կուսակցությունը Կիլիկիո կաթողիկոսությանը վերաբերվում է ինչպես հասարակ խանութպանը իր խանութին, որպես իր սեփականությանը կվերաբերվեր։ Դա նաեւ դարձել է լուրջ եկամուտ ապահովող աղբյուր, որտեղից հոգեկան սնունդի տեղ աշխարհի ամենակեղտոտ բանը՝ փողն է ծորում։

Չնայած իրականության մեջ բացի նորաստեղծ Երրորդ Հանրապետությունից ոչինչ չունեցող հայերիս համար՝ ամեն ինչ պահեստավորելու ավանդական սովորույթի համաձայն՝ ձմեռը մի կերպ անցկացնելու պաշար կուտակողի օրինակով, մենք հիմա ունենք երկու եկեղեցի՝ երկու կաթողիկոս, երկու հոգեւոր կենտրոն (բարեբախտաբար մեկը գտնվում է ՀՀ սահմաններից ներս), երկու պետություն, երկու հիմն, երկու զինանշան եւ երկու դրոշակ։ Սփյուռքահայն այսպես թե այնպես ունեինք, հիմա արհեստականորեն ստեղծում ենք նաեւ «հայաստանցուն» եւ «ղարաբաղցուն»։ Ինչ էլ լավ է, չէ՞։ Ուրիշները մի հատ չունեն, մերն ամեն ինչից երկու հատ է։ Հիմա ինչպե՞ս վարվենք, քանի երկուսն էլ մերն են՝ ուրեմն դրանք պիտի պահենք։ Բայց մենք ոչինչ էլ չենք պահում, օտարները մեր փոխարեն պահում են «մեր ամեն ինչը»՝ այլասերելով դրանք։ Երբ ազգիս հոգեւորականների մեծ մասը, աշխարհիկի կարգավիճակով մանր շահերի հետեւից է ընկել, եկեղեցու մասին լուրջ խոսք լինել չի կարող երբեք։ Այդ իսկ պատճառով էլ, մեր առնվազն վերջին երկու «Ամենայն Հայոց»-ները չեն ընտրվել, այլ պետական իշխանությունների կողմից նշանակվել են, իսկ վերջինի ընտրությունը՝ 27.հոկտեմբեր.1999թ. պատմական պատահականությամբ թե երկնքի զայրույթով՝ արյան է համընկել...

Եվ երբ այս ամենը գիտակցելով ես նայում շուրջ բոլորդ ու փորձում հասկանալ իրականության իրական պատկերը, ոմանք անգիտակցորեն քեզ արհամարհում եւ բանի տեղ չեն դնում։ Իսկ դու ոչ թե չորքոտանի, այլ մարդ ես։ Առաջ, երբ որեւէ մեկն ինձ էշի տեղ էր դնում, կամ ինձ էր թվում՝ թե էշի տեղ են դնում, ես կռիվ էի անում: Հիմա արդեն չեմ կռվում. կռիվը դադարեց, կռիվն այլասերվեց: Ամեն ինչ արժեզրկված է եւ առուծախի վերածված: Կռի՛վն է արդեն այլասերվել:

Չեմ կարողանում պատկերացնել մի ժողովուրդ, որի դեռատի երեխաներն իրենք իրենց մարմինը վաճառելով ապրեն: Վաճառվեն հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս, արաբական երկրներում, մինչեւիսկ Թուրքիայում: Այդ դեպքում ինչի՞ համար էին այսքան զոհերն ու զոհողությունները. դա կանեին 100 տարի առաջ ու վերջ: Ես դա չեմ պատկերացնում: Սա ազգությունից, ամեն ինչից դուրս բան է: Եվ դա չի նեղում ոչ մեկին, հատկապես սփյուռքահայերին չի նեղում, նրանց չի հուզում: Եվ մենք գիտակցաբար դառնում ենք սփյուռքահայ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու արցախցիներն են դառնում սփյուռքահայ, տեսնում են վատը ու գնում դեպի վատը:

Սփյուռքում ես իմ ընտանիքի անդամներին, ընկերներին, բոլորին միշտ ասում եմ. «Գիտե՞ք ինչ, դուք ձեր երեխաների համար այստեղ պատրաստում եք շատ սիրուն գերեզմաններ: Դուք ձեր երեխաների ապագայի համար չէ, որ ապրում եք Լոս Անջելեսում կամ մեկ այլ տեղում. եթե այդպես եք ասում՝ սու՛տ եք խոսում: Դուք նույնիսկ Լոս Անջելեսում էլ չեք ապրում, դուք ապրում եք գետտոյում»: Չկա՛ մի հայ, որ կարողանա հակառակը համոզել, ես պատրաստ եմ բանավիճելու եւ ապացուցելու: Եթե կգտնվի մի «համարձակը», որ կասի. «Իմ ապրած երկրում ես իմ երեխայի ապագան եմ կերտում, եւ դա շատ լուսավոր ապագա է», նա պարզապես ստում է: Նա խաբում է, եւ միմիայն՝ ինքն իրեն: Նախ՝ ինքն իր երեխայի լեզուն է կտրում, մոռացնում է հայերենը, զրկում է պատմությունից, դարձնում է մանկուրտ, հիվանդ եւ արհեստական մարդ, որ վտանգավոր է ոչ միայն հայի, այլեւ ամբո?

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.