"ՇԵՄ" մատենաշար

Հայ կղերական դիվանագիտությունը

Լեո |


ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

Մեծանուն պատմաբան Լեոյի (Առաքել Բաբախանյան) «Խոջայական կապիտալ» գրքի առաջին մասը, որ կոչվում է «Հայ կղերական դիվանագիտությունը», նրա «Անցյալից» հուշագրության հետ, մի չսերտած դաս է, որ երեւույթներին նայելու եւ դրանք գնահատելու իր յուրօրինակությամբ, դժբախտաբար, եզակիներից է հայ իրականության մեջ: Լեոյի տեսանկյունը ցանկացած առողջ ժողովրդի համար կլիներ միակ բնականը, մինչդեռ մինչեւիսկ 21-րդ դարի հայության մեջ, ավելին՝ պետականությունը վերագտած քաղաքացիների մեջ անգամ չի գիտակցվում ամենայն սթափությամբ:

Մտածողության այն տիպը, որ Լեոն կոչեց կղերական դիվանագիտություն, որ Վահան Տերյանն անվանեց սեմինարիզմ, իսկ Եղիշե Չարենցը՝ մազութիհամոյականություն, դարեր շարունակ ուղեկցում է մեզ. եւ որեւէ մեկը պատասխանատու չէ այդտեղ, բացի մեզնից: Այդ մտածողությանը 20-րդ դարում ավելացավ գաղթականի հոգեբանությունը, որոնց արդյունքում հայությունն է՛լ ավելի ընկղմվեց վիրտուալ մի իրականության մեջ, ուր արժեքներն իրական ու թանձրացական չեն, ուր հերոսությունը ձեւախեղվել է մարտիրոսության, ուր հայրենասիրությունը ճզմվել է ազգազեղման ճիրաններում, ուր ցանկալին իրականություն է ընկալվում, իսկ իրականությունը՝ մեզ հետ կապ չունեցող ժամանակավորություն:

Թյուրըմբռնման կամ չարակամության դեպքում կարելի է Լեոյի (ինչպես եւ Տերյանի ու Չարենցի) հոգու այս ճիչը համարել նաեւ քրիստոսամերժություն ու 1700-ամյա ճամփա անցած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հրաժարում, մինչդեռ հասկանալի է, որ Լեոն ոչ թե քրիստոնեությունն է մերժում, այլ քրիստոնեության հասարակական ընկալման հայկական հիվանդ կերպը, Լեոն ոչ թե մեր Եկեղեցին է մերժում, այլ նրա հախուռն, հեղափոխական մուտքը:

Լեոն այն խոշոր մտավորականն էր, որ հայկական վերջին ողբերգությունների սկիզբ էր համարում մեր հարցերի միջազգայնացումը, իսկ հայրենազրկումից հետո՝ դրա դատ դարձնելը: Այն ժամանակ, երբ հայ հեղափոխականներն իրենց երգերում «Ստամբուլը արյան ծով» էին սարքում, Լեոն 21-րդ դարի աշխարհաքաղաքագետին վայել խորաթափանցությամբ ահազանգում էր հայրենի հողից արտագաղթի վճռորոշության մասին, երբ նույն հեղափոխականները հիանում էին ռուս-եվրոպական բարենորոգումների խայծերով ու իրենց ծրագրերում կապկում օտար սոցիալ-հեղափոխականների դրույթները, նա արժեւորում էր անկախ պետականության վերականգնման կարեւորությունը: Այսինքն՝ իր մի կտոր հողին կպած հայ մեկ շինականը միլիոն անգամ ավելին արժեր, քան արկածախնդիրների ճոռոմաբանությունն ու «Բանկ օտոման»-ները:

Այն օրը, երբ տոնական, բաժակաճառային հայրենասիրության սովոր հայ ունկը կկարողանա թոթափել «հազարամյա փորձառությամբ իմաստնացածի» իր ոչնչով չարդարացվող մեծամտությունը (իսկ դա կարելի է անել մի հպանցիկ հայացք նետելով քարտեզին, ուր վերջին երկու հազար տարում այդ «իմաստնության» արդյունքում միայն փոքրացել է իր գույնը, մինչդեռ հին ու նոր հարեւաններինը՝ մեծացել) եւ առանց ավելորդ զգացմունքայնության իրերը կկոչի իրենց անուններով, կարելի է վստահաբար ասել, թե ավարտվել է կղերական, հիվանդ, կորստաբեր դիվանագիտության ժամանակը՝ տեղը զիջելով պետականին, սթափին, քաղաքացիականին, երաշխավորված ապագա ունեցողին:

Հեղափոխականությունը (լինի այն քրիստոնեական, սոցիալիստական, թե նորօրյա լիբերալ), մաքսիմալիզմն ու պատրանքները մեզ բազմիցս արժեցել են հայրենազրկում ու մարդկային ողբերգություններ: Հետագա հեղափոխականությունը սանձելու, արկածախնդրությունը բացառելու փորձ ու սթափության կոչ է պահպանողական Լեոյի ներկայացվող գրքույկը: Այն հրատապ է այսօր եւս, քանի որ 1700 տարի առաջվա պես մեր պետությունը կանգնած է քաղաքակրթական ընտրանքի կենսական խնդրի առջեւ. տա՛ Աստված, որ չսխալվենք:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայ կղերական դիվանագիտությունը հայ պատմական բոլոր շարժումների մեջ կենտրոնական դիրք բռնած ամենաուժեղ գործոնն էր, անպատասխանատու, ինքնակամ մի կարգադրիչ ու հրամանատար: Եվ մենք ամենից առաջ այդ հիմնարկությունը պիտի մեր տեսության առարկա դարձնենք՝ նրա էության հետ ծանոթանալու համար:

Առաջին անգամ մենք ենք, որ ձեւակերպում ենք մի այսպիսի արտահայտություն – ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ – իբրեւ մի անվանում, որ, կարծում ենք, միանգամայն ի վիճակի է բավարար կերպով բնորոշիչ լինելու հայոց պատմության մի չափազանց կարեւոր առանձնահատկության. այդ այն իրողությունն է, որ հայ ժողովրդի քաղաքական վիճակի տնօրինումը, ասել է՝ նրա դիվանագիտությունը, նրա դիպլոմատիան հայ հոգեւորականության ձեռքին է գտնվել, եղել է նրա դասակարգային մենաշնորհը:

Այս խոշոր երեւույթը, որ պիտի քննական գնահատման ենթարկվի, ինչպես ասվում է հասարակորեն՝ կարմիր թելի պես անցնում է մեր պատմության միջով, եւ եթե պետք է որոնել նրա տեւողությունը, մենք կարող ենք ամենայն հեշտությամբ մատնանշել այն կետը, ուր վերջանում է այդ կարմիր թելը: Այդ 1920 թվի նոյեմբերի վերջն է, երբ Հայաստանի մի մասը, հազիվ ազատվելով համաշխարհային պատերազմի բերած ընդհանուր փլուզումից, մտավ Խորհրդային Հանրապետությունների Միության մեջ:Ա

Իսկ կարմիր թելի սկի՞զբը: Նրան դեռ պետք է որոնել, եւ մենք կզբաղվենք այդ որոնումով՝ առանց, սակայն, ընդարձակորեն մանրամասնությունների մեջ մտնելու: Մեզ անհրաժեշտ է հիմնավորել ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ տերմինի հաստատուն եւ տեւական պատմականությունը:

Ա

Հայոց պատմության նախաքրիստոնեական կամ հեթանոսական դարերում մենք, ճիշտ է, տեսնում ենք կղերի ուժեղ եւ իր հարստություններով խիստ հեղինակավոր կազմակերպություն, բայց նյութ չունենք դատելու համար, թե պաշտամունքի սեփականատեր լինելուց ավել՝ ի՞նչ էր նա, պետական ի՞նչ հանձնառություններ էր կատարում: Իհարկե, քրմական դասը, իբրեւ միակ գրագետ տարրը պետության մեջ, պիտի խոշոր մասնակցություն ունենար ներքին եւ արտաքին հարաբերությունների մեջ: Բայց հարցը գրագրի, կամ հին պաշտոնակոչումով՝ դիվանադպրի մասին չէ, այլ լիազոր հրամանատարի մասին: Շատ հավանական է թվում, որ հեթանոս կղերը պետության ճակատագիրն անկախաբար եւ միանձնորեն վարելու արտոնության տեր չէր: Հայաստանի մեջ, ինչպես նաեւ առհասարակ հեթանոսական աշխարհում, թագավորող անձը կամ տոհմը միացնում էր իր մեջ եւ քրմապետությունը, հետեւաբար մեհյանի ազատ եւ ինքնամփոփ աշխարհավարության մասին խոսք լինել չի կարող: Հայ հեթանոս կղերը քաղաքական իշխանության հլու հպատակ է եղել, եւ այս ապացուցում են քրիստոնեության մուտքի առաջին դարում գործած մի շարք հոգեւորականներ, որոնք նախկին քուրմեր էին կամ քրմական սերունդներ: Խոսել, ուրեմն, հայոց պատմության այս առաջին շրջանի՝ հեթանոսականի մասին՝ կարիք չկա մեր այս նյութի տեսակետից:

Մեզ մատչելի բոլոր տվյալները միաբան թելադրում են, թե հայ կղերական դիվանագիտությունը մեկն է այն արդյունքներից, որ տվեց հայ ժողովրդին 4-րդ դարը՝ ավատական հեղաշրջմանԲ այն չափազանց նշանավոր ժամանակաշրջանը, որ սահմանաբաժան դարագլուխ է ներկայացնում տնտեսական երկու խոշոր ձեւերի՝ անասնապահական կամ արոտային եւ երկրագործական կամ հովտային դրությունների հակամարտությունների մեջ1: Ավատականության կատարյալ եւ ջախջախիչ հաղթանակը բերող մի խորունկ հեղաշրջում էր այդ, որ նոր ճակատագիր՝ մի գյուղական-ճորտային երկրի ճակատագիրն էր ընդհանրացնում ամբողջ Հայկական բարձրավանդակի վրա:

Հայ անցյալի այս բազմաբեղուն եւ վճռական կերպարանափոխումը եթե ոչ միանգամայն կախված էր, գեթ շատ հզոր եւ անդիմադրելի մղումներ էր ստանում այն մեծ քաղաքական, համաշխարհային նշանակություն ունեցող փոփոխություններից, որոնք 3-րդ դարի կեսից մինչեւ 4-րդի կեսը տեղի ունեցան Առաջավոր Ասիայում՝ այլակերպելով դիրքերն այդտեղ տիրապետող երկու մեծ պետությունների՝ Հռոմի եւ Իրանի, եւ նրանց մեջ եղած փոխհարաբերությունները: Իրանում ջնջվում էր պարթեւների թագավորությունը, որ տոհմատիրական ցեղային դրությունից անցել էր ավատական տնտեսակարգին2: Եվ ամբողջ այդ ահագին պետությունը հպատակվում էր Սասանյան ցեղին, որ պետական աշխարհավարության հիմք էր դարձնում ազգայնական զրադաշտական կրոնը՝ ընդգրկելով ռազմատենչ քաղաքականություն (մանավանդ Հռոմի դեմ) եւ վերականգնելով այն հին համառ պատերազմը, որի նպատակն էր դարձյալ հինը՝ դուրս մղել Հռոմին Միջերկրական ծովի արեւելյան ավազանից եւ վերահաստատել այնտեղ պարսկական տիրապետությունը: Հռոմն էլ, իհարկե, իր հին նվաճողական ավանդույթներին էր հետեւում եւ, ինչպես միշտ, ասիական ռազմադաշտի առաջավոր դիրքեր էր նկատում Հայաստանն ու Միջագետքը: Եվ, ինչպես այս կրկնվել էր հնուց, այդ երկու սահմանաբաժան դիրքերն էլ, Հայաստան թե Միջագետք, ձեռքից ձեռք էին անցնում, մե՛րթ Հռոմին եւ մե՛րթ Իրանին, նայած թե ի՛նչ էր բերում պատերազմական բախտ կոչված բանը:

Հայաստանը, երկու վիթխարի մրցակիցների մեջ տրորվող մի թույլ քաղաքական կազմակերպություն, անկախություն, իսկական մտքով, չուներ, այլ կազմում էր փոխարքայություն մե՛րթ Հռոմի եւ մե՛րթ Իրանի տիրապետության տակ: Եվ համապատասխան այս փոփոխության՝ ենթարկվում էր Իրանի եւ Հռոմի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ազդեցության: Ի՞նչ կարող էր նա ստանալ իր այդ դիրքերից:

Պարթեւական Իրանը շատ մոտ էր Հայաստանին՝ հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, որ նա տվել էր հայերին: Այդ կազմակերպությունը թագավորություն էր՝ պարթեւական կերպարանքով: Իրենց ահագին պետությունը Իրանի պարթեւ Շահերը կառավարում էին ոչ թե խիստ կենտրոնացման եղանակով, ինչպես անում էին Աքեմենյան դինաստիայի Շահերը, այլ տեղական լայն ինքնավարությունների կամ փոխարքայությունների սիստեմով: Այդպիսի մինչեւ 18 փոխարքայություններ պարթեւ թագավորներն ունեին Իրանի պետության զանազան կողմերում3, եւ դրանցից մեկն էր Հայաստանը: Այդ ինքնավարությունները շատ ընդարձակ էին: Փոխարքան իր երկրի մեջ վասալ թագավոր էր, հարկ էր տալիս Իրանի թագավորին, որ այդպիսով դառնում էր Շահինշահ (արքայից արքա) եւ բացառիկ իրավունք ուներ դրամ կտրելու: Փոխարքաները միշտ լինում էին պարթեւական թագավորող տնից, եւ այդ պատճառով նրանք իրար հետ կապված էին ազգականական զգացմունքներով: Սա պարթեւական սիստեմի առանձնահատկությունն էր կազմում: Հասկանալի է, որ այս տեսակ քաղաքական կազմակերպության հողի վրա հեշտ կարող էր զարգանալ պարսիկ եւ ինքնավար տեղերի տիրող դասերի, այն է՝ ազնվականության մեջ մերձեցում, որ շատ հաճախ վերածվում էր խնամիական կապերի: Բայց մերձակցությունը միայն քաղաքական շահերի բերմունք չէր, այլեւ տնտեսական շահերի: Հայերն ու պարթեւներն անասնաբուծական պարապմունքների մեջ իրար շատ էին մոտ: Առանձին դեր այս կողմից կատարում էր ձիաբուծությունը Մուղանի դաշտում եւ Կասպից ծովի հարավ-արեւմտյան կողմերում4:

Ավելորդ է ասել, թե երկու երկրների հարազատ մերձակցությունն ամփոփում էր գտնում տնտեսավարական մի ընդհանուր ձեւի՝ ավատականության մեջ, որ հատուկ էր ոչ միայն Իրանին, այլեւ հարեւան մյուս երկրներին: Այսպիսով, ուրեմն, անասնապահությունը կամ արոտային տնտեսությունը, որ տիրում էր Հայաստանի մեծագույն մասում, քաշում-տանում էր հայ ավատականության խոշորագույն մասի համակրությունը դեպի պարթեւական Իրանը, մի հանգամանք, որ այնքան աչքի ընկնող է եղել հռոմեական աշխարհում, որ նրան իր տարեգրության մեջ հարկ է համարել արձանագրել այնպիսի մի լուրջ պատմիչ, որպիսին է Տակիտոսը5:

Հիմա տեսնենք մյուս կողմը՝ Հռոմը: Սա արդեն մի երեւույթ է, բոլորովին խորթ Արեւելքին, ծնվել ու մեծացել է Եվրոպայում, օժտված է բարձր կուլտուրայով, զինվորական կազմակերպությունը եւ արշավներ գործելու արհեստը հասցրել է ժամանակի տեսակետից կատարելագործության, ապրում է պատերազմներով, հաղթում է ու հարստանում աշխարհներ կողոպտելով, միլիոնավոր մարդկանց ստրուկի վերածելով ու իրեն ծառայեցնելով:

Մեզանում մինչեւ օրս հռոմեական իմպերիալիզմըԲ հասկացվել է լոկ նվաճողական փառասիրության տեսակետից: Հռոմի բանակների երկարատեւ գրավումները, որոնց ծանրության կենտրոնը կազմում էր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան երկիրը, նկարագրվում էին իբրեւ եկան, գրավեցին, նստեցին, հետո էլի գնացին, էլի եկան, եւ այսպես շարունակ: Կարծես Հռոմի լեգեոնները զինվորական զբոսանքներ էին կատարում կամ այնքան արդեն կարոտ էին դափնիների, որ այնքան հեռու եւ դժվարին արշավներ էին հանձն առնում: Եվ եթե այսօր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այն է նշանակում, որ հռոմեական արվեստի բոլոր սրբություններով կառուցված տաճարը եւ նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ՝ վայելելու երկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

Ո՛չ, այսպես չէր դարավոր իրողությունը: Հռոմեական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը,Բ որպեսզի դառնա նրա սպասավորը եւ, աշխարհից աշխարհ ընկնելով, շահեր նվաճե նրա համար: Հռոմի բանկիրները, կապալառուները եւ մատակարարներըԲ - ահա՛ ովքեր էին հռոմեական լեգեոնների քայլեցնողները: Հարկավոր էին օտար մարզեր՝ սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Եվ բանակի ետեւից դեպի օտար երկրներն էին շարժվում կապիտալիստական տզրուկներիԲ ամբողջ բանակներ, որոնք ունեին տեսակ-տեսակ հանձնառություններ՝ հարկերի հավաքում, գերիների առեւտուր, տեղի հողային հարստությունների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործում եւ այլն, եւ այլն. եւ այս բոլորը պիտի հովանավորեին եւ պաշտպանեին երկրները գրաված հռոմեական զորքերը6: Թե որքան բազմաթիվ էին զինվորական արշավներին հետեւող այս վայելողների ոհմակները, կարելի է հետեւեցնել այն հանգամանքից, որ, երբ Հռոմի ոխերիմ թշնամին՝ Միհրդատ Պոնտացին, հրաման արձակեց ոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեացիներին, այդ երկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80 հազար իտալացիներ7: Այնուհետեւ այս հռոմեական ջարդը մի տեսակ սովորություն էր դառնում Ասիա նահանգում. Կովկասի լեռներից իջնում էին ցեղեր եւ մասնակի կոտորածներ էին սարքում այս ու այն քաղաքում8: Այս արյունահեղություններն ապացույց են, թե մինչեւ որ աստիճան կատաղի էր տեղական ազգաբնակության ատելությունը դեպի եկվոր շահագործողները եւ մյուս կողմից էլ՝ թե որքան այդ շահագործողները կարոտ էին լեգեոնների արթուն եւ եռանդուն պաշտպանության, որ եւ դառնում էր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեական կառավարության գլխավոր հոգսերի առարկա:

Այս կողմից ուսանելի եւ հետաքրքրական են այն խրատները, որ տալիս էր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած զորավար Պոմպեոսին, երբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում էր փոխարինելու Լուկուլլոսին, որ արիստոկրատ դասակարգին էր պատկանում եւ որ, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ էր եղել իր զինվորների ձեռքով՝ շնորհիվ այն պրոպագանդի, որ տարածել էին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները: Կիկերոնը, հիշեցնելով Պոմպեոսին, թե որքան մեծ կարեւորություն ունի Ասիա նահանգն իր բնական հարստություններով, զարգացած երկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով եւ արտահանության համար օգտակար արդյունագործությամբ, դարձնում էր նրա ուշադրությունն այն անապահովության վրա, որ տիրում էր այնտեղ եւ առաջ էր բերում այն դրությունը, որ մարդիկ վախից թողնում են իրենց տներն ու դաշտերը, եւ այսպիսով վնասվում են պետական գանձարանը կամ, ավելի ճիշտ, գանձարանի գործակալ եւ հարկահավաքության մեջ իրենց համար խոշոր հարստություններ դիզող կապալառուները, որոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում էր «հարգեւոր եւ պատվավոր», եւ գտնում էր, որ առաջ ու առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի որ նրանք «իրենց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ երկիրը, իսկ սրանց շահերը, ինքնըստինքյան, արժանի են ձեր ուշադրության. իրավ, եթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ միշտ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, որ վարում է այդ հասույթները, մյուս դասակարգերի գոյության երաշխիք: Բայց, բացի դրանից, մյուս դասակարգերի անդամներն էլ, նախաձեռնող եւ գործունյա մարդիկ, մասամբ իրենք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայի մեջ, ուստի, իբրեւ բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ էլ մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգի մեջ: Այսպիսով ինքը՝ մարդասիրությունը, պահանջում է ձեզանից, որ դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց ի վերա այսր ամենայնի, ձեր խոհականությունը պիտի թելադրե ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չէ կարող անհետ անցնել ե՛ւ մեր պետության կյանքի համար: Իհարկե, կարելի է առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր եկամուտները, բայց նախ այս բանի մեջ օգուտ քիչ կա, որովհետեւ նախկին ընկերությունները քայքայվելով, ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաեւ մենք պետք է լավ հիշենք, թե ինչի սովորեցրին մեզ հենց այս իսկ Ասիան եւ ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ որ այդ դասը մեզ չափազանց թանկ նստեց. երբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան եւ բոլոր կուրսերն ընկան: Ուրիշ կերպ չի կարող լինել. անկարելի է, որ մի պետության մեջ շատ քաղաքացիներ կորցնեն իրենց կարողությունը՝ չքաշելով այդ խորտակման մեջ եւ ուրիշ անձանց մասսաներ: Պաշտպանեցե՛ք, ուրեմն, այդ վտանգից մեր պետությունը եւ հավատացե՛ք, եթե ոչ ինձ, գոնե ձեր սեփական աչքերին. Հռոմի կուրսերը, Հռոմի դրամական գործողությունները, որոնք կատարվում են այստեղ՝ Ֆորումում, սերտ եւ օրգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում կատարվող դրամական շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չքաշել առաջիններին էլ միեւնույն անդունդի մեջ»9:

Ահա՛ ինչ էր նշանակում լինել հռոմեական նահանգ: Նվաճումը զինվորական չէր, այլ գերազանցորեն տնտեսական, եւ հռոմեական զինվորը հռոմեական կապիտալների պահապանն էր: Այսպիսով շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապկպված էր պետության կենտրոնի հետ, եւ հռոմեական աշխարհածավալ պետության հրամանատարը Հռոմի բորսան էր, նրա Ֆորումը:

Հայաստանն Ասիա նահանգին սահմանակից էր եւ նրանից պակաս կարեւորություն չուներ ոչ միայն ռազմագիտական, այլ մասնավորապես նաեւ տնտեսական տեսակետից: Լինելով հռոմեական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արեւելքում, որ ապահովում էր տիրապետության հնարավորությունը Եփրատ-Տիգրիսյան հովտի վրա մինչեւ Պարսից ծոցը, նա միաժամանակ ուներ իր մեջ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, որոնք չէին կարող չգրավել հռոմեական զինվորին կրնկակոխ հետեւող հռոմեական կապիտալները: Հռոմեական զինվորական գրավումն ամբողջ Հայաստանը չէր բռնում, այլ նրա մի մասը, եւ եթե այդ մասը Արարատն էր եւ ոչ թե մի այլ նահանգ, այս էլ հենց նույն այն պատճառով, որ նույն այս նահանգը, եւ ոչ մի այլ ուրիշը, դարձրել էր հայ պետության կենտրոն, այն էլ՝ նրա տնտեսական առաջնակարգ կարեւորության պատճառով: Այստեղ էր, որ նստեց Հռոմի զինվորական գրավումը եւ այնքան ամուր, որ անհրաժեշտություն համարվեց Գառնիի փոքրիկ, բայց մեծածախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը: Եվ զինվորական գրավման հետ Արարատյան երկրում ամուր նստում էր նաեւ Հռոմի կապիտալիստական գրավումը, որի տրամադրության տակ էին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները: Եթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից գլխավորների թվումն էին գորգագործության խոշոր գործարանները եւ ոսկեհուռ դիպակների արվեստագործությունը10, Հայաստանն էլ հայտնի էր իր գորգերով, իսկ ոսկեթել դիպակագործությամբ արաբական շրջանում հռչակված էր Դվին քաղաքը, որի գործվածքներն ամբողջ Արեւելքում կրում էին «հայկական ապրանք» անունը11, մի հռչակ, որ անշուշտ չէր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք էր դարերի արհեստագիտական զարգացման: Մեզ այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ի՛նչ արժեքավորություններ կարող էր օգտագործել Արարատյան երկրում նստած հռոմեական կապիտալը. բավական է հիշել մեկը՝ որդան կարմիրը:

Այսպիսով մենք ունենք մեր առջեւ մի չափազանց խոշոր կենսական երեւույթ՝ եվրոպական կապիտալը հայ ժողովրդի մեջ, նրա երկրում: Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլեւ տնտեսական միջավայր կազմակերպել՝ համապատասխան իր շահագործման, արդյունավորման պահանջների: Այս նշանակում էր հռոմեական կարգերի ներածում Հայաստանի մեջ, որ մինչեւ հռոմեացիներին ճանաչելը գտնվում էր Իրանի տնտեսավարական կարգերի խիստ ազդեցության տակԳ: Քաղաքական ազդեցությունների խիստ մրցակցության հետ զուգընթացաբար գնում է եւ տնտեսական ազդեցությունների մրցակցությունը: Գերակշռող հանդիսանում է, իհարկե, եվրոպական մեթոդը, իբրեւ ավելի բարձրը եւ ուժեղը: Բայց նա ուներ եւ իր տկար կողմը, եւ այդ այն էր, որ կապված լինելով հռոմեական կապիտալի հետ՝ կապվում էր եւ հռոմեական զինվորական գրավման տարածության հետ՝ անկարող թեւակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմեացի զինվոր չկար: Այս նշանակում էր, որ Հայաստանի ամբողջ տարածության վրա միայն Արարատյան երկիրն էր տնտեսական նոր երեւույթի կրկես դառնում, ուրեմն եւ մի տեսակ բացառություն՝ հայ համատարած իրականության մեջ:

Արդ՝ դիմելով այդ բացառությունը հատկանշող տնտեսական ձեւերին՝ մենք տեսնում ենք ամենից առաջ քաղաքային տնտեսության խիստ զարգացումը մի համեմատաբար փոքր տարածության վրա: Բայց անշուշտ աչքաթող չէր արվում եւ կապիտալիստական գյուղատնտեսությունը, որին հոժարությամբ նվիրվում էին հռոմեացիներն օտար երկրներում՝ դրա համար ընտրելով (իհարկե նվաճողի իրավունքով) ամենալավ եւ բերրի հողաբաժիններ: Աշխատանքի հիմք չէր կարող չլինել այն, ինչ գործ էր ածում ամբողջ հին աշխարհը, այն է՝ ստրկությունը:

Հայ ժողովրդի պատմական կյանքի վաղ արշալույսին մենք տեսնում ենք նրան տնտեսական զարգացման ցած աստիճանի վրա - խորունկ տոհմատիրական նախնականության մեջ: Քսենոֆոնը չտեսավ եւ ոչ մի քաղաք Հայաստանում: Հետագա զարգացման ընթացքում, մանավանդ հելլենա-հռոմեական աշխարհի հետ ունեցած շփումների հետեւանքով, անհրաժեշտ է դառնում քաղաքային տնտեսությունը, բայց որովհետեւ հայ ժողովուրդը տնտեսապես զարգացած չէր քաղաքային տարր դառնալու չափ, ուստի հայ թագավորները, Արտաշես եւ Տիգրան, լցնում էին իրենց մայրաքաղաքները - Արտաշատ եւ Տիգրանակերտ - օտարազգի ազգաբնակությամբ, առաջինը՝ մարերով եւ երկրորդը՝ հույներով եւ հրեաներով: Մանավանդ վերջիններս դառնում են խոշոր ներգաղթերի առարկա եւ լրացնում են քաղաքային տարրի պակասությունը Հայաստանի մի քանի վայրերում, առանձնապես Արարատյան երկրում: Հռոմեական կառավարությունը, նախանձախնդիր քաղաքային տնտեսության զարգացման եւ ծավալման, խրախուսում էր այդ հրեական ներգաղթերը եւ հենց այդ նպատակով էր երեւի, որ նա հայ թագավորական գահի վրա նստեցրեց մի քանի թագավորներ, որոնք հրեական ծագում ունեին եւ կրում էին Տիգրան անունը: Հրեական տարրն իր խոշորագույն մասով կենտրոնանում էր այն քաղաքներում, որոնք գտնվում էին Արարատյան երկրի միջից գնացող հռոմեական մեծ ռազմական ճանապարհի վրա, որ միաժամանակ նաեւ Հռոմի կապիտալների ճանապարհն էր: Այն սկսվում էր Արտաշատից, ընդունում էր իր մեջ Նախճավանի մեծ առեւտրական ուղին, գնում էր Վաղարշապատ, այնտեղից Երվանդաշատ Ախուրյան գետի վրա, ուր անցնում էր Արաքսի աջ ափը եւ, բարձրանալով Բարթողյան լեռնանցքներով, իջնում էր Արեւելյան Եփրատի (Արածանիի) հովիտը, ուր գտնվում էր Զարեհավան քաղաքը, եւ գնում էր դեպի Բասեն եւ Կարին:

Քաղաքային տնտեսության (առեւտուր, արդյունագործություն) այս արտակարգ զարգացումը Արարատի մեջ խոշոր նշանակություն ուներ նաեւ երկրի քաղաքական եւ վարչական կազմակերպության տեսակետից: Ամբողջ պետությունը ավատական, այսինքն գավառական հատվածականության հիմքերի վրա էր կառուցված: Կենտրոնական իշխանությունը, որ պիտի կապ հանդիսանար այդ բազմաթիվ առանձնությունների մեջ, ինքն էլ մի ավատական մարմին էր եւ նրա ներկայացուցիչը, որ ամենայն հայոց թագավոր էր կոչվում, իր նյութական միջոցներով շատ չէր տարբերվում մի առաջնակարգ նախարարից: Նրա կալվածների մեծագույն մասը գտնվում էր Արարատում, եւ այս հարստությունը չէր կարող պահել նրան մի թագավորի թեկուզ համեստ դիրքում, եթե չլինեին առեւտրա-արդյունաբերական այն կենտրոնները, որոնց անունները թվեցինք վերեւում եւ որոնց վրա էլ հենվում էր կենտրոնական իշխանությունը: Այս դրությունը շահավետ էր թե՛ Հռոմի եւ թե՛ պարթեւական Իրանի համար, որովհետեւ Արարատի թագավորը մե՛րթ մեկի, մե՛րթ մյուսի վասալն էր, երբեմն եւ երկուսինը միասին, հետեւաբար եւ նրանց օգուտն էր, որ այդ վասալը լինի իրեն հպատակ ավատականությունից բարձր իր ուժով ու դիրքով, որպեսզի կարողանա կարգ պահպանել այդ կալվածատերերի կենտրոնախույս ըմբոստ ձգտումների մեջ:

Թե ինքն Արարատյան արքունիքն էլ լավ ըմբռնում էր քաղաքային տնտեսության մեծ նշանակությունն իր իսկ շահերի տեսակետից, ցույց էր տալիս նույնանման առեւտրա-արդյունագործական կենտրոնի՝ Զարիշատ քաղաքի գոյությունը հռոմեական մեծ ռազմա-կապիտալիստական ճանապարհից դուրս, Աղիհովիտ գավառում (Վանա լճի հյուսիս-արեւելյան կողմ), որ թագավորող տոհմի սեփականությունն էր կազմում եւ հատկացված էր թագավորի որդիներին՝ իբրեւ բնակության տեղ եւ ապրուստի միջոց:

Չնայած որ մեր հին աղբյուրները միանգամայն լուռումունջ են Արարատյան երկրի տնտեսական շարժումների վերաբերմամբ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք մի փոքրիկ պատկեր տալ, թե ինչ զարգացման էր կարողանում հասնել քաղաքային տնտեսությունն12 արարատյան իրականության մեջ: Երվանդաշատ մեծ քաղաքի արվարձանը կազմած Երվանդակերտն այսպես է նկարագրում Մովսես Խորենացին. «Քաղցր է ինձ նաեւ գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին պատմելը, որ նույն ինքը՝ Երվանդը կառուցեց՝ գեղեցիկ եւ չքնաղ հորինվածքով: Քանզի մեծ հովտի միջնամասը բնակչությամբ եւ պայծառ շինություններով է լցնում, լուսավոր՝ որպես ակնաբիբը, իսկ բնակչության շուրջը պատում է ծաղկանոցներով ու բուրաստաններով՝ ինչպես բբի շուրջն աչքի մյուս բոլորակը: Իսկ այգեստանների բազմությունը, իբրեւ արտեւանունքի խիտ եւ գեղեցիկ ծիր, որ կամարաձեւ դրված էր հյուսիսային կողմում, արդարեւ համեմատ էր գեղանի կույսերի հոնքերի դարավանդներին: Իսկ հարավային դաշտերի հարթությունը ծնոտի պարզության գեղեցկությունն ուներ, իսկ գետն իր զույգ ափերի զառիթափերով պատկերանում էր որպես երկթերթ շուրթեր: Եվ այսպիսի գեղեցիկ պատկերն ասես իր անթարթ հայացքն է հառել թագավորանիստ բարձրավանդակին՝ արդարեւ բերրի ու արքայական դաստակերտին»13:Դ

Պակաս չէր եւ Հռոմի կառավարության հոգացողությունը, որ արարատյան քաղաքային տնտեսությունը բարգավաճ դրության մեջ լինի: Հայաստանի մեջ էլ, ինչպես եւ Ասիայի այլ երկրներում, հաջող վարած պատերազմների հետեւանքով հարստությունների մեծ կուտակումներ էին գոյացել, որոնք եւ գրգռում էին հռոմեացի զինվորականների ավազակային հակումները: Նրանք կողոպտեցին միջազգային ուխտատեղի դարձած եւ իր հարստություններով հռչակված Անահիտի տաճարը: Լուկուլլոսն ահագին հարստություններ տարավ Հայաստանից՝ թալանի մատնելով Տիգրանակերտ մայրաքաղաքը հարավային Հայաստանում: Ավելի վատթար վիճակի մեջ ընկավ մյուս մայրաքաղաքը՝ Արտաշատը, Արաքսի վրա: Երկու անգամ նա ենթարկվեց բարբարոսական կործանման եւ կոտորածի: Առաջին անգամ այդ «քաջությունը» ցույց էր տալիս քաջ համարվող Կորբուլոն զորավարը: Հռոմը հակառակ էր Արտաշատի ոչնչացման մինչ այն աստիճան, որ նրա իմպերիալիստական գիշատիչ գանձարանը բաց արավ իր դռները եւ առատ գումար տվեց Արտաշատը նորից վերականգնելու եւ զարդարելու համար: Իսկ երբ երկրորդ անգամ նույն հռոմեական կողոպտիչ զինվորական վայրագությունը կրկնեց նույն կործանումը, դարձյալ նույն գանձարանն էր, որ Արտաշատի փոխարեն շինեց Կայնապոլիս կամ Նոր Քաղաք, այլեւ Քաղաքուդաշտ անունով քաղաքը, որ հետո կոչվեց Վաղարշապատ:

Բ

Այսպես էր Հայաստանը պարթեւա-հռոմեական տիրապետության ժամանակ: Սասանյանների գործած պետական հեղաշրջումը մի սասանեցուցիչ հարված էր բոլոր պարթեւական փոխարքայությունների համար: Բնականորեն նրանք բոլորը պիտի ջնջվեին: Բայց Հայաստանը, շնորհիվ այն հանգամանքի, որ հռոմեական իմպերիալիզմն այստեղ շահեր ուներ, կարող եղավ պարթեւական մնալ, կառչելով Հռոմի ուժին: Այստեղից առաջանում էր դինաստիական թշնամություն հայ Արշակունիների եւ Սասանյանների միջեւ, եւ այս թշնամությունը վերածվում էր երկարատեւ պատերազմների: Սասանյաններին մնում էր նորից զենքով նվաճել Հայաստանը, բայց այստեղ իրենց առջեւ տեսնում էին հռոմեական լեգեոնները, որոնք վերականգնում էին status quo-ն Արեւելքում եւ այսպիսով հանդիսանում էին իսկական փրկիչներ հայ Արշակունիների, քանի որ մենամարտությունը փոքրիկ եւ թույլ Հայաստանի եւ Սասանյան հզոր պետության մեջ չէր կարող խոստանալ որեւէ վճռական հաջողություն առաջինի համար:

Այստեղից ինքնըստինքյան հասկանալի է, թե որքան մեծ, կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող անհրաժեշտություն էր դառնում հայ Արշակունիների համար՝ իսպառ հրաժարվելը իրանական ազդեցությունից եւ միմիայն Հռոմի վասալը դառնալու վերջնական ամրապնդումը: Եվ իրավ, Հայաստանի պարթեւ թագավորները, Սասանյանների ժամանակ, հռոմեական պաշտոնյաների դիրքումն են, եւ նրանցից մեկը՝ Տրդատը երկար ժամանակ ապրում է Հռոմում, դաստիարակվում հռոմեական ոգով, մինչեւիսկ յուրացնում է հռոմեական փիլիսոփայությունը: Արարատյան թագավորության մեջ այսպիսով քաղաքական եւ տնտեսական իր հզոր ազդեցությունների վրա Հռոմն ավելացնում էր եւ մշակութային ազդեցությունը՝ լուսավորություն, արվեստ, գիտություն: Եվրոպական մի կես-գաղութ էր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը՝ մշակելով իր սեփական ազնվապետական նիստուկացը, քաղաքակրթական պահանջները եւ այլն14:Գ Մինչդեռ նրա շուրջը՝ բարձրավանդակների վրա արոտային տնտեսությունն էր տիրում իր աղքատ նախնականությամբ, որ հասնում էր այն աստիճան, որ վայրեր կային, ուր դեռ հայտնի չէր միս եփելը15:

Բայց 4-րդ դարի առաջին քառորդում հռոմեական պետականությունը ենթարկվում էր արմատական փոփոխության: Կոնստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրերի գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդություններից եւ այսպիսով ուժեղացնել միահեծան իշխանության սկզբունքները, պետական կրոնի աստիճանին էր բարձրացնում քրիստոնեությունը, ապա եւ փոխադրում էր իր գահը Հռոմից Բյուզանդիա, որ եւ նրա անունով կոչվեց Կոնստանդնուպոլիս: Երկու աշխարհի փոխարկություն էր այս: Պատմության բեմից իջնում էր հեթանոսական Հռոմն՝ իր ապերասան կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ էր մտնում եպիսկոպոսների մշակած նոր կրոնը՝ իր ֆանատիկոսական անհամբերողությամբ եւ ճգնավորական բթամտությամբ, որոնք առանձնապես թանձրացած էին հունական միջավայրում եւ պիտի նվաճեին նաեւ զեխ ու հղփացած Հռոմը:

Քրիստոնեությանը տալով պետական-նվաճողական ուժ՝ կայսրը հոգս էր տանում նույնպես, որ նոր եկեղեցին տարածվի եւ ուրիշ երկրներում, առաջին հերթին, իհարկե, կայսրության վերաբերվող վասալական երկրներում: Քրիստոնեությունն ընդունելու եւ պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում էին Հայաստանի եւ Վրաստանի վասալ թագավորները: Հասկանալի է, որ մի այսպիսի առաջարկություն անտես անել չէին կարող մանավանդ հայ Արշակունիները, որոնց բախտը կախված էր ամբողջովին Հռոմեական կայսրությունից:

Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չէր: Նա վաղուց մուտք էր գործել այդ երկիրը, դանդաղ տարածվում էր՝ առանց մեծամեծ աղմուկներ եւ շարժումներ առաջացնելու: Գուցե բնական զարգացման ընթացքին թողնվելով՝ նրան հաջողվեր կատարել երկրի նվաճումը խաղաղ պրոպագանդի միջոցով: Այս միանգամայն հնարավոր էր այդ նոր պաշտամունքի համար, որովհետեւ նա սիրիական քրիստոնեությունն էր, որ Հայաստան մտնելու հետ միաժամանակ, մուտք էր գործել նույնիսկ եւ Պարսկաստան՝ իբրեւ խաղաղ եւ չեզոք կրոնական երեւույթ ու իր քարոզչության կենտրոն էր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը՝ հիմնելով այնտեղ եկեղեցի եւ եպիսկոպոսական աթոռ: Սիրիական միսիոներության միակ ուժն ու հմայքը սիրիացի վաճառականի թափառիկ առեւտրական կապիտալն էր, որի ուսերին հեծած՝ նոր կրոնը գնաց աննկատելի կերպով տարածվելու մինչեւ Հնդկաստան:

Սիրիական այդ աղքատ քրիստոնեության վրա հայ Արշակունիները ուշադրություն չէին դարձնում: Կար քրիստոնեություն եւ քրիստոնեություն: Հարկավոր էր ոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեություն, մինչեւ ատամները զինված մի հզոր պետականություն, որի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չեն, որքան երկաթն ու հուրը: Հարկավոր էր հունական քրիստոնեությունը, որ Արեւելքում գալիս էր փոխարինելու հռոմեական իմպերիալիզմը: Այս կլիներ, ամենից առաջ, լավագույն պաշտպանություն հայ Արշակունիների դինաստիական շահերի՝ ընդդեմ Սասանյան վտանգի:

Այսպես էր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոնում: Սակայն նրա իրագործումը հեշտ չէր բոլորովին: Միակամություն չէր կարող լինել այնպիսի մի բազմագլխյան ավատական երկրում, ուր այնքան շատ էին հետամնաց տնտեսական ձեւերի ձգողությունը դեպի Իրան, մշակութային աստիճանների տարբեր շերտավորումները եւ այլն: Այն, ինչ միանգամայն հասկանալի էր եւ ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող էր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն էին՝ մեծամեծ հոտերից բաղկացած:

Այս մեծ անհրաժեշտության հողի վրա էր ահա, մեծ տարակուսանքների եւ երերումների մեջ, որ անհայտությունից արագ դուրս եկավ եւ դրությունն իր ձեռքի մեջ առավ եւ գործել սկսեց մի տոհմ, որ առանձնակի տոհմանուն չի թողել, մե՛րթ կոչվում է Պարթեւ, մե՛րթ Պահլավ, բայց ավելի հաճախորեն՝ իր հիմնադրի անունով Գրիգորի տոհմ. եւ որովհետեւ այս Գրիգորը եկեղեցական գրականության մեջ աստվածացված է Լուսավորիչ տիտղոսով, ուստի սովորական է դարձել անվանել այդ տոհմը Լուսավորչի տոհմ:

Նա էր, որ մտցրեց Հայաստանի մեջ կայսրերի քրիստոնեությունը եւ գլուխ հանեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը: Բայց այս հաջողությունը հայ Արշակունիների փրկության համար չէր, ոչ էլ երկրի տնտեսական առաջացումն էր ապահովում: Ընդհակառակը:Գ

Պատմական քննադատությանը երբեք չպիտի հաջողվի պարզել այս Գրիգորի իսկական ծագումը: Թեեւ նա ունի իր պատմությունը, որի շուրջը գոյացել է մի ամբողջ գրականություն: Բայց այդ պատմությունն այնքան խճողված է առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու եւ խաբելու ճիգերով, որ ճշմարտության մասին միայն ենթադրություններ կարելի է անել, որոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել: Հայ եկեղեցականությանն այսպիսի ողորմելի միջոցով հաջողվել է արդեն բոլոր երկրների եւ ժամանակների կղերին հատուկ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել ու նրանց շատությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությանը եւ մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին՝ իբրեւ հատուցում այն մեծ ջանքերի, որոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն:

Բայց այսքան անհունապես բարձրացված եւ փառաբանված գործչի ծագումը մեզ կարող է եւ չհետաքրքրել: Կարեւորն այն չէ, թե հու՞յն էր նա արդյոք, հայացած պարթեւ՞, թե մի ուրիշ ազգից ու երկրից: Կարեւորը նրա կատարած գործն է: Եվ այս գործի գնահատության մեջ մենք այնքան էլ անօգնական չենք: Հենց այն պատմությունը, որ հերոսացրել ու սրբացրել է նրան, թաղելով նրա անձը հրաշքների, հիացական օրհներգերի մեջ, նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն իր անվերջ շատախոսություններով մեզ շատ նյութ է տալիս իմանալու համար, թե ի՛նչ տեսակ գործիչ էր Հայաստանը քրիստոնեացնող Գրիգորը:

Ամենից առաջ տեսնում ենք, որ դա աղքատների, զրկվածների եւ առհասարակ խոնարհների հորինած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չէ, այլ եկեղեցականացրած, այսինքն՝ ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք եւ դաժան զորապետը, որի ձեռքում միայն մի միջոց կա՝ համոզելու եւ խոնարհեցնելու - զինական բռնություն: Հայաստանի դարձի պատմությունը զինվորական արշավների մի պատմություն է: Թագավորը, որին նույնպես շատ փքել-ուռցրել է եկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ ոչնչություն է այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել է նրան, ինքը մի կողմ քաշվել. երեւի գոհ է, որ կատարվում է Կոստանդիանոսի կամքը եւ «ամրապնդվում» է Արշակունիների գահը Հայաստանում: Այսպիսի մի ապիկար բնավորություն առանց այլեւայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի եռանդի, ճարպկության եւ մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ:

Եվ երկրի «քրիստոնեացումը» կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ: Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր, ձեւական մի արարողություն: Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատեւ քարոզությամբ, այլ հրով եւ երկաթով: Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր՝ ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստությունների կուտակումներ էր պարունակում իր մեջ: Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին - ա՛յս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորական զորքերի գլուխն անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղ՝ մեհյաններ քանդելու եւ քուրմեր փախցնելու համար: Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտահայտություններով է հիշատակում իր հերոսի աստվածային առաքելությունները: Բայց նա չի մոռանում նաեւ շարունակ եւ միալար կրկնել, որ կործանված մեհյանների ոսկին Գրիգորը չէր ոչնչացնում, այլ վերցնում էր զանազան նպատակներով գործադրելու համար:

Գաղտնիքը բացված է: Սրբազան թալան - ահա՛ գլխավորը, միսիոներության առանցքը, հաջողության մեծ գրավականը: Մեհյանների հարստությունը, իհարկե, միայն մետաղական չէր: Ավատական կարգի մեջ ամենամեծ հարստությունը հողն էր, միանման անկշտությամբ թալանվում էին եւ մեհենապատկան հողերը: Այս հարստությունների բաշխման միջոցով էր, որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական եկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեությունը, նրա նվիրապետությունը եւ այն քաղաքական ուժը, որի վրա նա պիտի կռթներ:

Քրիստոնեության այս մուտքը Հայաստան պետք է նկատել իբրեւ մի ամբողջ ավատական շարժում, որի մեջ տակնուվրայությունների են ենթարկվում հողային հարստությունների բաշխման ավանդական կարգերը, ոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ քաշելով, մնացողներին կա՛մ ուժեղացնելով, կա՛մ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր եկեղեցու կուսակցական շահերը:Գ Այսպիսով ավատական դասի մեջ գոյանում էին տեսակ-տեսակ խմբավորումներ իրենց ուրույն շահերով, որոնք հակադիր եւ հակամարտ դրություններ էին գոյացնում, փոխհարաբերությունների եւ շփումների սրությունն ավելի եւս սաստկացնում: Ավատականությունն արդեն ինքնըստինքյան դյուրավառ նյութերով հարուստ մի միջավայր էր պատրաստել իր առաջխաղացության մեջ դեպի ընդհանուր եւ վերջնական հաղթանակ. քրիստոնեությունն ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ՝ բռնկեցնում էր ավատական մի ամբողջ հրդեհ՝ ավատական հեղափոխությունըԳ փութացնելու համար:

Նոր, ուժեղ եւ լավապես կազմակերպված ավատական հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ, եւ այդպիսով դառնում էր ճորտային տնտեսությանԲ խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց եկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարեւոր դերը պատկանում էր եկեղեցու պետին, եւ Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում էր անձնապես իր համար ամենահոյակապ կերպով: Պետն ինքն էր, եւ մի ուրիշին այդ տեղը նա չէր տա: Եվ ահա այդ՝ իր փառ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.