"ՇԵՄ" մատենաշար

Չորրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է

Մարկոս Սուբկոմանդանտե |


ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ ԿԱՆՉՈՂԻ ՁԱՅՆԸ

Քաղաքակրթության զարգացման ներկա փուլում առավել դժվար ու կամքի գերագույն լարում պահանջող է դարձել սեփական դիմագիծը պահպանելը: Հայության համար այդ դժվարությունը միշտ է եղել: Լինելով «փոքր ածու»՝ հայ էությունը մշտապես զարգացել է տարբեր ազդեցությունների ներքո՝ այդպես էլ չստեղծելով սեփական քաղաքակրթություն: Իսկ սեփական քաղաքակրթություն ստեղծած ազգերի վարդապետությունները, սկսած հնդիրանականությունից, հելլենիզմից ու քրիստոնեությունից մինչեւ Չինգիզխան, կոմունիզմ ու ատլանտիզմ, մշտապես ձգտել են Նոր աշխարհակարգի: Հավերժական այդ մղումը վախճան չունի:

Համաշխարհային բախումներում «փոքր ածուների» ինքնապահպանումը ոչ թե խրամատավորումն ու հակամարտող բանակներից որեւէ մեկի կողմում ինքնամոռաց կռվելը կամ ինքնամեկուսացումն ու ազգ-պարտիզանական ջոկատ դառնալով աշխարհին տոտալ պատերազմ հայտարարելն է, այլ աշխարհի հետ եւ աշխարհի առջեւ համընթաց բացվելը, այնքան տարբեր ու այնքան նույնական մարդկության մի հարազատ մասնիկը դառնալը. ա՛յս ճանապարհով է, որ հնարավոր է պահպանել այն, ինչ էությունն է ու նվիրականը:

Պահպանման այդ բնազդն ու գիտակցումը՝ պահպանողականությունը, մերժում է ցանկացած հեղափոխություն ու հեղափոխականություն. լինի դա սոցիալիստական թե լիբերալ, սոցիալական թե գաղափարախոսական: Հեղափոխությանը, սակայն, հակադրում է Ճանաչողությունը՝ դրանից բխող հետեւանքներով: Ճանաչել եւ՛ այս հանճարեղ մարդու՝ Մարկոսի գաղափարի էությունը, եւ՛ այն բանի էությունը, ինչի դեմ նա պայքարում է. ճանաչել, որպեսզի հերթական անգամ հայը «չթքի քամուն ընդդեմ», ճանաչել, որ զգուշորեն շրջանցվի դրանց միջի խորթն ու վտանգավորը, որ գտնվի եւ ապահովվի համակեցության բանաձեւը: Ահա այսքանով արդեն բավականին շահեկան է դառնում Սուբկոմանդանտե Մարկոսի այս գործին ծանոթանալը:

Համաշխարհային գլոբալիզացիան ո՛չ կոնկրետ մեր դեմ է, ո՛չ կոնկրետ մեր օգտին: Եթե անգամ կա գրքույկում բերվածի վտանգը, եթե անգամ կա հենց բերող հեղինակի վտանգը, ապա դա հայի, առավել եւս Հայաստանի պետության քաղաքացու լուծելիք խնդիրը չէ: Մեր՝ որպես ուրույն հանրույթի խնդիրը մեկն է՝ ինչպե՞ս անկորուստ մարսել համաշխարհային քաղաքակրթական պայքարի հերթական փոթորիկը, ինչպե՞ս ապահովել հայի տեղն ու գույնը իրարամերժ ու հակասական ժամանակակից աշխարհում:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿՈՂՄԻՑ

20-րդ դարի երկրորդ կեսի հեղափոխական ռոմանտիզմի հայրենիքը Լատինական Ամերիկան է (Չե Գեվարա, Ֆիդել Կաստրո եւ այլոք): Նրանք էին 50-80-ական թթ. ոգեշնչում հեղափոխականներին եւ ձախ ահաբեկիչներին երկրագնդի չորս ծագերում: 90-ականները փակելու եկան հեղափոխական ռոմանտիզմի այդ էջը: Ու հիմա, ռոմանտիկ հեղափոխականներ մնացել են միայն Կոլումբիայում, ուր երբեմն ավազակությամբ, երբեմն՝ թմրանյութերի առեւտրով են զբաղվում ու այլեւս լրջորեն իշխանության չեն հավակնում:

Թերեւս միակ բացառությունը Մեքսիկայի հարավում գործող Սապատիստական Ազգային-Ազատագրական Բանակն է (ՍԱԱԲ), որը 1994թ. ներխուժեց Չյապաս նահանգ: Նրանց առաջնորդում է Սուբկոմանդանտե Մարկոսը՝ ժամանակակից աշխարհի ամենաինքնատիպ ու յուրօրինակ դեմքերից մեկը: Նա ռուս աբսուրդիստ Դանիել Խարմսի ոճով գեղարվեստական արձակ է գրում. նրա կերպարն ու հանդերձանքը նույնքան տարօրինակ են, որքան իր արձակը: Մարկոսը ջունգլիների խորքից ինտերնետի միջոցով միջազգային փիլիսոփայական սեմինարներ է կազմակերպում, որոնք նա «միջգալակտիկական» է որակում: Նրան տեսնելու եւ լսելու են գալիս ինչպես կիսագրագետ հնդկացի գյուղացիները, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող ինտելեկտուալները: Հատկանշական է նրա տված հարցազրույցը Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նա ինքն իրեն է հեգնում:

Մարկոսի քաղաքական գործունեության մաս է կազմում իր պահանջների վրա՝ բռնարարքների միջոցով համաշխարհային հանրության ուշադրության հրավիրումը: Ի տարբերություն ֆունդամենտալիստական, կրոնական ու ազգայնամոլ ահաբեկիչների՝ պոստմոդեռնիստական տարազով այդ «ահաբեկչի» ծավալած գործողությունները եւս շատ խորհրդանշական են. նրա ղեկավարած ջոկատները հաճախ խուսափում են իսկական մարտերից՝ գերադասելով բանակցությունները: Իսկ 4 տարի առաջ, Մեքսիկայում 70 տարի իշխող եւ Մարկոսի կողմից չարիք որակված Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության՝ ընտրություններում կրած պարտությունից հետո նրա գլխավորած բանակն իր հիմնական հենակետ Լականդոնյան անտառից հրապարակեց դարձյալ չափազանց ինքնատիպ մի տեսակետ, որն արժանացավ գրեթե միջազգային քննարկման:

Բազմամիլիոն ցուցարարների ջերմագույն ընդունելությանն արժանացած Սապատիստների ու նրանց առաջնորդի էջքը Մեքսիակայի մայրաքաղաք եւ համաշխարհային ակնդետ ուշադրությունն իր վրա բեւեռած հրապարակային ելույթները եղան 2001-ի գարնանը, երբ հայտարարեց. «Մենք թույլ չենք տա Մեքսիկան դարձնել հսկա ունիվերմագ, ուր մարդկային կյանքերն ու երկրի բնական պաշարները հանվելու են առքուվաճառքի՝ որպես շուկայի պահանջ»:

Սուբկոմանդանտե Մարկոսը եւ նրա գլխավորած ՍԱԱԲ-ն համարվում են ժամանակակից հակագլոբալիզացիոն շարժման գաղափարախոսական ու պրակտիկ առաջամարտիկներից: Չի բացառվում, որ Մարկոսի այս գործում գույները բավականին խտացված լինեն:

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵԼ Է

«Պատերազմը պետության համար

կենսականորեն անհրաժեշտ գործ է.

այն կյանքի ու մահվան ասպարեզն է,

ճանապարհ, որ տանում է կա՛մ հարատեւման,

կա՛մ կործանման:

Խիստ կարեւոր է ուսումնասիրել այդ առարկան»:

ՍՈՒՆ ՁԻ

«Պատերազմի արվեստը»

Նեոլիբերալիզմը, որպես համաշխարհային համակարգ, նոր պատերազմ է՝ հանուն աշխարհի վերաձեւման: Երրորդ համաշխարհային պատերազմի, որ առավելապես հայտնի է Սառը պատերազմ անվամբ, ավարտն արձանագրեց լոկ մի բան, այն՝ որ նախկին երկբեւեռ աշխարհակարգն այլեւս գոյություն չունի, որ կայունության հաստատումն է լինելու հաղթողի ղեկավար դերի գրավականը: Բայց պարտվողի բացահայտ առկայության դեպքում անգամ տակավին հայտնի չէ, թե ով է հաղթողը՝ Ա՞ՄՆ-ն, Եվրամիությո՞ւնը, թե՞ Ճապոնիան:

«Չարիքի կայսրության» պարտությունը դեպի նոր շուկաներ ճանապարհ բացեց, որոնց համար ծավալված պայքարն էլ ծնեց նոր՝ Չորրորդ աշխարհամարտը:

Ինչպես ցանկացած բախում, սա եւս ազգային պետություններին կանգնեցնում է ինքնորոշման խնդրի առջեւ: Միջազգային կարգը վերադարձավ այն դարաշրջանի տեսքին, երբ նվաճվում էին Ամերիկան, Աֆրիկան եւ Օվկիանիայի երկրները: Իրավ, զարմանալի է, քանի որ 20-րդ դարն ավելի շատ բարբարոսական դարերն է հիշեցնում, քան գալիք՝ բանականության դարաշրջանը:

Նոր տիրոջը «սպասում են» ընդարձակ տարածքներ, բնական վիթխարի հարստություններ եւ անհաշիվ աշխատուժ: Տիրապետության ձգտողները շատ են, ուստի հենց դա է կռվախնձոր դարձել «Բարու կայսրության» «թիմակիցը» դառնալու հավակնորդների միջեւ: Երրորդ համաշխարհային պատերազմի էությունը կապիտալիստական եւ սոցիալիստական համակարգերի հակամարտությունն էր, որը մե՛րթ մարում էր, մե՛րթ բորբոքվում՝ աշխարհի տարբեր ծայրերում:

Սառը պատերազմի ընթացքում եղան բավական թեժ պահեր՝ ընդգրկուն աշխարհագրական շառավղով՝ միջազգային լրտեսական կատակոմբներից մինչեւ Ռոնալդ Ռեյգանի «Աստղային պատերազմների» տիեզերական հեռաստանները, Կուբայի Կոչինոս ծովածոցի ավազուտներից մինչեւ Մեկոնգ գետի դելտան՝ Հնդկաչինում, սպառազինության մրցավազքից մինչեւ Լատինական Ամերիկայի ռազմական հեղաշրջումները, ՆԱՏՕ-ի բանակների հանցագործ զորավարժություններից մինչեւ ԿՀՎ դավադրությունները Բոլիվիայում, ուր եւ սպանվեց Չե Գեվարան: Արդյունքում՝ սոցիալիստական ճամբարը դադարեց գոյություն ունենալ որպես համակարգ եւ որպես հասարակության այլընտրանքային մոդել: Հետպատերազմյան (Սառը պատերազմից հետո - ծ.թ.) շրջանում արդեն համաշխարհային թատերաբեմում գծագրվել էր ուժերի նոր դասավորությունը, որի հիմնական գործոններն են՝ չեզոք գոտիների զգալի աճը (արեւելյան բլոկի փլուզումից հետո), մի քանի առաջատարների առկայությունը (ԱՄՆ, Եվրամիություն, Ճապոնիա), համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ տեղեկատվական հեղափոխությունը: Ֆինանսական շուկաները՝ համակարգչային ցանցերի օժանդակությամբ աշխարհին են պարտադրում իրենց կանոններն ու տրամաբանությունը: Այսուհետ, ֆինանսական իշխանության դինամիկան ազատ առեւտուրն է, որն օգտվելով հեռահաղորդակցության միջոցների զարգացման շնորհիվ առաջացած պարապից՝ զավթում եւ իրեն է ենթարկում հասարակական կյանքի բոլոր ասպարեզները: Հիրավի ծավալվել է համընդհանուր աշխարհամարտ:

Նոր պատերազմի առաջին զոհերից մեկն ազգային շուկան է: Նեոլիբերալիզմի սանձազերծած պատերազմն անդրադարձով հարվածեց նրան: Նոր՝ միջազգային կապիտալիզմն ազգային կապիտալիստական համակարգերից խմում է կենսահյութը, ընդհուպ՝ պետական իշխանության լիակատար հյուծումը:

Նեոլիբերալիզմը փշուր-փշուր արեց փայլուն այն ցուցափեղկը, որ մնացել էր Սառը պատերազմի ժամանակներից՝ միջազգային նոր կարգը: Հաշված վայրկյաններում փլուզվեցին պետություններ, ձեռնարկություններ, որոնց ավերեցին ոչ թե պրոլետարական հեղափոխության թեթեւ հովերը, այլ ֆինանսական հուժկու փոթորիկները:

Որդին (նեոլիբերալիզմը) խժռում է հորը (ազգային կապիտալը)՝ միաժամանակ հաշիվները մաքրելով կապիտալիստական գաղափարախոսության հերյուրանքների հետ: Միջազգային նոր կարգը չի ճանաչում ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ ազատություն, ո՛չ հավասարություն եւ ո՛չ էլ եղբայրություն:

Սառը պատերազմի ավարտին ստեղծվեց ռազմական նողկանքը՝ նեյտրոնային ռումբը. զենք, որ ոչնչացնելով մարդկային կյանքը ու շնչավոր ամեն ինչ, անձեռնմխելի է թողնում նյութական մշակույթը: Չորրորդ աշխարհամարտը ծնել է նոր հրեշ՝ ֆինանսական ռումբը, որը երկրի երեսից ջնջում է պոլիսը (ազգային պետությունը), նրա բնակիչներին բերում մահ, սարսափ ու դժբախտություն: Ավերածության արդյունքում ոչ թե ծխացող ավերակների կույտեր ու դիակների սարեր են գոյանում, այլ նոր թաղամասեր, որոնք կցվում են միջազգային նոր աստիճանակարգի առեւտրական մեգապոլիսին, ինչպես նաեւ վերապատրաստված բանվորական նոր ուժ՝ աշխատանքի միջազգային շուկայի նոր պահանջմունքների համար:

Եվրամիությունն արդեն զգացել է Չորրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքները: Գլոբալացման «ջանքերով» վերջապես ջնջվել են սահմանները՝ մրցակցող պետությունների, դարավոր ոսոխների միջեւ, որոնք ստիպված են քաղաքական միություն կազմել: Բայց ազգային պետությունից Եվրոպական Դաշնության ճանապարհն անցնելու է ավերակների, առաջին հերթին՝ եվրոպական քաղաքակրթության ավերակների միջով: Մեգապոլիսները վերարտադրվում են ամենուր, գերազանցապես՝ առեւտրական ինտեգրացիայի գոտիներում: Հյուսիսային Ամերիկայում Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ՆԱՖՏԱ համաձայնությունը, ըստ էության, հասանելի դարձրեց զավթիչների դարավոր երազանքը՝ «Ամերիկան ամերիկացիների համար»-ը: Ամբողջ պետություններ են դառնում նեոլիբերալ մեգակորպորացիաների բաժանմունքներ, ինչը մի կողմից հարուցում է դեստրուկցիա (բնակչության կրճատում), մյուս կողմից՝ տարածաշրջանների ու ազգերի ռեկոնստրուկցիա (վերակազմակերպում):

Չորրորդ համաշխարհային պատերազմի ֆինանսական ռումբերն օգտագործվում են հատկապես ազգային պետությունների վրա հարձակման համար՝ նպատակ ունենալով ոչնչացնել նյութական հենքն ու իշխանությունը, ինչպես նաեւ որակապես կրճատել բնակչությունը, դուրս մղել բոլորին (օրինակ՝ տեղաբնիկներին), ովքեր ունակ չեն հարմարվելու տնտեսական նոր հարաբերություններին: Ֆինանսական կենտրոնները՝ «Տնտեսությունն ավելի առաջնային է, քան հասարակական կյանքը» սկզբունքի համաձայն վերակառուցում են ազգային պետությունները:

Նոր տերերն անմիջական իշխանության կարիքը չունեն. նրանց գործակատարները ազգային կառավարություններն են: Նոր աշխարհակարգն իրենից ներկայացնում է միավորված աշխարհ եւ միասնական շուկա: Պետությունը լոկ ձեռնարկություն է, որի տնօրենը կառավարությունն է, իսկ տարածաշրջանային նոր միավորներն առավելապես առեւտրական միություններ, քան՝ քաղաքական դաշնություններ են հիշեցնում:

Միավորումը տնտեսական հենք ունի՝ համաշխարհային գերշուկայում ազատ շրջանառում են միայն ապրանքները եւ ոչ՝ մարդիկ:

Գլոբալացումը բերեց այն բանին, որ Երկրորդ աշխարհամարտի վերջում ամերիկյան զորքի կողմից Եվրոպա, ապա՝ Վիետնամ, վերջերս նաեւ՝ Պարսից ծոց ներմուծված ամերիկյան կենսակերպն այժմ տարածվում է աշխարհով մեկ՝ համակարգչային ցանցերի զարտուղի ճանապարհներով: Խոսքը վերաբերում է ազգային պետությունների ե՛ւ նյութական հենքի ոչնչացմանը, ե՛ւ պատմամշակութային ավերմանը:

Հազարամյակների ընթացքում ձեւավորված ազգային մշակույթները՝ լինի Ամերիկայի բնիկների ազնվազարմ անցյալը, եվրոպական փայլուն քաղաքակրթությունը, ասիական ժողովուրդների իմաստուն պատմությունը, թե՝ Աֆրիկայի ու Օվկիանիայի երկրների հնագույն հարուստ ժառանգությունը, քայքայվում են ամերիկյան կենսակերպի ուղղակի ազդեցությունից: Նեոլիբերալիզմը ոչնչացնում է ազգեր եւ ժողովուրդների ամբողջական խմբեր՝ նրանց պարտադրելով միասնականացված մոդել: Այդ իսկ պատճառով, հարկ է խոսել դաժանագույն ու ահավոր մի պատերազմի մասին, որ մարդկության դեմ վարում է նեոլիբերալիզմը:

Այստեղ է, որ մենք բախվում ենք խճանկար հիշեցնող գլուխկոտրուկի հետ, ու այն հավաքելու համար բացակայում են բազմաթիվ բեկորներ: Բավական է սակայն գտնել յոթ բեկոր, որպեսզի հնարավոր լինի հավատալ, որ այդ պատերազմը չի ավարտվի մարդկության լիակատար կործանմամբ: Յոթ բեկոր, որոնք հարկ է նկարել, գունավորել, կտրել եւ՝ փորձել նրանց միջոցով հավաքել ժամանակակից աշխարհի ներկա պատկերը:

Առաջին բեկորը հարստության եւ աղքատության համաժամանակյա կենտրոնացումն է աշխարհի երկու բեւեռներում: Երկրորդ բեկորը՝ շահագործումն է: Երրորդ բեկորը ներկայացնում է աշխարհի գործազուրկ մասի մղձավանջը: Հանցագործ աշխարհի եւ իշխանության միջեւ առկա նողկալի կապը չորրորդ բեկորն է, հինգերորդը՝ պետական բռնությունն է: Վեցերորդ բեկորում է անթեղված գերքաղաքականության գաղտնիքը, իսկ յոթերորդում՝ բացահայտվում են դիմադրության այն ձեւերը, որոնցով մարդկությունը պիտի պայքարի նեոլիբերալիզմի դեմ:

ԲԵԿՈՐ ԱՌԱՋԻՆ

Հարստության կենտրոնացումը եւ աղքատության բաշխումը

Առաջին պատկերն ունի դրամանիշի տեսք

Մարդկության պատմության ընթացքում աշխարհակարգի ոչ սակավաթիվ անհեթեթ ըմբռնումներ են առաջարկվել: Այս մրցույթում հաղթողի առաջին թեկնածուն նեոլիբերալիզմն է: Նրա առաջ քաշած հարստության բաշխման հայեցակարգը երիցս անհեթեթ է. վիթխարի հարստության կուտակում անհատների մոտ եւ ծայր աղքատություն՝ միլիոնների համար: Երկրի վրա ապրում է 5 միլիարդ մարդ, որից 500 միլիոնը նյութապես ապահովված է, մինչդեռ 4,5 միլիարդը տառապում է անասելի աղքատությունից: Աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ «անթագակիր արքաների»՝ 358 միլիարդատերերի կարողությունը բերում է ավելի շատ եկամուտ, քան աշխարհի չքավոր բնակչության կեսի (մոտ 2,6 միլիարդ մարդու) եկամուտն է:

Վերազգային տնտեսական միավորումների հաջողությունները չեն ենթադրում զարգացած երկրների հետագա տնտեսական աճ. ընդհակառակը՝ որքան հարստանում են այդ հսկաները, այնքան սրվում է չքավորության խնդիրը հարուստ համարվող երկրներում:

Ուրվագծված դրամանիշը՝ համաշխարհային տնտեսական տիրապետության խորհրդանիշն է: Այժմ այն ներկեք կանաչ գույնով: Ուշադրություն մի՛ դարձրեք նրա գարշահոտությանը. դա աղբի, կեղտի ու արյան բնական հոտն է:

ԲԵԿՈՐ ԵՐԿՐՈՐԴ

Շահագործման գլոբալացումը

Երկրորդ պատկերը եռանկյունի է

Նեոլիբերալիզմի ամենաստահոդ պնդումներից մեկն էլ այն է, թե ձեռնարկությունների տնտեսական աճը, հարստությունն ու զբաղվածությունը բաշխվում է առավել կատարյալ կերպով: Բայց ինչպես թագավորական իշխանության ամրապնդումը չի բերում նրա հպատակների իշխանության աճի (ավելի շուտ՝ հակառակը), այնպես էլ ֆինանսական կապիտալի բացարձակ իշխանությունը չի բարելավում հարստության բաշխումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Ձեռնարկությունների տնտեսական աճի ուղղակի հետեւանքներն են՝ աղքատությունը, գործազրկությունը եւ սոցիալական անպաշտպանվածությունը:

60-70-ական թթ. աղքատների թիվը (Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն՝ օրական մեկ դոլարից քիչ եկամուտ ունեցողները) 200 միլիոն էր, 90-ականների սկզբին այն արդեն հասել էր 2 միլիարդի:

Ստվարացել է աղքատների եւ աղքատացող մարդկանց շարքը, ավելի քիչ են հարուստներն ու հարստացողները. սա՛ է մեր գլուխկոտրուկի առաջին պատկերի դասը: Եվ նման անհեթեթ արդյունքի համար համաշխարհային կապիտալիստական համակարգն «արդիականացնում է» արտադրությունը (համակարգչային) եւ քաղաքական նոր հեղաշրջումը (մեգապոլիսները՝ ազգային պետությունների փլատակների վրա), հարուցում սոցիալական նոր «հեղափոխություն», սոցիալական ուժերի, հատկապես՝ աշխատուժի վերադասավորություն:

Աճում է աշխատանքի ունակ մարդկանց քանակը, բայց համաշխարհային կարգը նրանց քշում է սոցիալական որոշակի խորշեր եւ վերաձեւում նրանց ֆունկցիաները (կամ բերում ֆունկցիայի իսպառ բացակայության, ինչպես գործազուրկների եւ սոցիալապես անպաշտպանների պարագայում): Տնտեսապես ակտիվ բնակչության կառուցվածքը վերջին երկու տասնամյակում արմատական փոփոխություններ է կրել: Գյուղատնտեսական եւ ձկնորսական սեկտորում զբաղվածությունը 1970թ. 22%-ից 1990թ.-ին նվազել է 12%-ի, արդյունաբերության մեջ՝ 1970թ. 25%-ից 1990թ.-ին՝ 22%-ի, իսկ ծառայությունների ու սպասարկման ոլորտում 42%-ից աճել է 56%-ի: Զարգացող երկրներում զբաղվածությունը սպասարկման ոլորտում 1970թ. 40%-ից 1990թ.-ին աճել է 57%-ի, մինչդեռ գյուղատնտեսական եւ ձկնորսության ոլորտում 39%-ից նվազել է 15%-ի:

Ավելի ու ավելի շատ վարձու աշխատողներ են կողմնորոշվում դեպի գործունեության արտադրական ոլորտներ: Այսպիսով, համակարգն աշխատում է ինչպես գերձեռնարկություն, որի համար համաշխարհային շուկան «ժամանակակից մեթոդներով» կառավարվող միասնական ձեռնարկություն է:

Նեոլիբերալ «արդիականությունն» ավելի շուտ հիշեցնում է կապիտալի նախնական կուտակման դարաշրջանը, քան՝ ուտոպիստական «բանականության դարը»: Չէ՞ որ 1,15 միլիարդ երեխաներից 100 միլիոնն այսօր անօթեւան են, իսկ 200 միլիոնն աշխատում է (ընդ որում՝ կանխատեսվում է, որ 2000թ. նրանց թիվը կհասնի 400 միլիոնի): (Այս կանխատեսումն արդեն իրականություն է - ծ.թ.:) Միայն Ասիայում 146 մլն երեխա աշխատում է արդյունաբերական ձեռնարկություններում: Հյուսիսային երկրներում հարյուր հազարավոր երեխաներ նույնպես ստիպված են աշխատել, որպեսզի լրացնեն ընտանեկան բյուջեի բացը կամ ուղղակի գոյատեւեն: Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի մեկ միլիոն երեխա է ընկնում մանկական պոռնկության աղբահորը:

Օրավուր աճող գործազրկություն եւ միլիոնավոր աշխատողների սոցիալական անապահովություն. ահա՛ մեր օրերի իրականությունը: Տնտեսական համագործակցության երկրներում գործազրկությունը 1966թ. 3,8%-ից 1990թ.-ին աճել է մինչեւ 6,3%-ի: Եվրոպայում այն 2,2%-ից աճել է 6,4%-ի: Տեղական եւ տարածաշրջանային շուկաների անհետանալուց հետո մանր ու միջին ձեռնարկությունները, զրկվելով որեւէ տիպի պաշտպանությունից, չեն դիմանում վերազգային տնտեսական հրեշների հետ մրցակցությանը. արդյունքում՝ միլիոնավոր վարձու աշխատողներ մնում են առանց աշխատանքի:

Բայց սա էլ ամենը չէ: Աշխատողները ստիպված են համակերպվել անկայուն պայմաններին. արդյունքում՝ սոցիալական աճող անպաշտպանվածություն, ավելի երկար աշխատանքային օր եւ ավելի ցածր աշխատավարձ: Սրա՛նք են գլոբալացման եւ սպասարկման ոլորտի բուռն աճի հետեւանքները:

Այս ամենի «դրդմամբ» առաջանում է յուրատեսակ ավելցուկ՝ ավելորդ մարդիկ, ովքեր պետք չեն նոր աշխարհակարգին, քանզի այլեւս չեն արտադրում, այլեւս չեն սպառում եւ այլեւս բանկային վարկեր չեն վերցնում: Կարճ ասած՝ նրանց կարելի է դուրս նետել: Ֆինանսական շուկաներն օրեցօր պարտադրում են իրենց օրենքները պետություններին եւ տարածքային միավորումներին: Նրանք թղթախաղի կապուկի նման վերադասավորում են այդ պետությունների քաղաքացիներին, իսկ հետո՝ արձանագրում նաեւ ավելորդ մարդկանց առկայությունը:

Ստացվեց մի պատկեր, որ եռանկյունի է հիշեցնում: Այն ներկայացնում է համաշխարհային շահագործման բուրգը:

ԲԵԿՈՐ ԵՐՐՈՐԴ

Գաղթ. թափառաշրջիկության մղձավանջը

Երրորդ պատկերն իրենից շրջան է ներկայացնում

Վերը նշել էինք, որ Երրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով նոր տարածքներ (նախկին սոցերկրներ) են առաջացել, որոնք մնացել են անտեր, եւ եւ որոնք կարելի է զավթել, գրավել ու վերազավթել: Այստեղից էլ բխում է շուկաների եռամիասնական ռազմավարությունը՝ ներքին բախումների ու տարածաշրջանային պատերազմների շեշտակի տարածում, կապիտալի կուտակման անսովոր մոլուցք, մեծաքանակ վարձու աշխատողների կենտրոնացում: Արդյունքում՝ ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում միլիոնավոր մարդիկ «պոկվեցին» իրենց մշտական բնակության վայրերից: Երրորդ աշխարհամարտի հաղթողների կողմից խոստացված «առանց սահմանների աշխարհում» օտարերկրացիները տառապում են օտարատյացության շարունակական դրսեւորումներից, եկամտի անհաստատությունից, մշակութային պատկանելության կորստից, ոստիկանության ճնշումներից ու սովից, չխոսենք արդեն այն դեպքերի մասին, երբ նրանք բանտ են ընկնում կամ սպանության զոհ դառնում:

Կառավարվող գաղթի մղձավանջը, անկախ այն ծնող պատճառներից, ահագնանում է: Գրանցված փախստականների թիվը 1999թ. հատել է 27 միլիոնի սահմանը (համեմատեք՝ 1975թ. հետ, երբ 2 միլիոն փախստական էր հաշվվում):

Նեոլիբերալիզմի՝ բնակչության տեղաշարժի քաղաքականությունը նպատակաուղղված է աշխատանքի համաշխարհային շուկայի ապակայունացմանը եւ ոչ երբեք՝ ներգաղթի կասեցմանը: Չորրորդ աշխարհամարտը ավերումի, բնակչության կրճատման, վերակառուցման (վերակազմակերպման) իր մեխանիզմներով միլիոնավոր մարդկանց տեղաշարժի պատճառ է դարձել: Նրանց ճակատագիրը պանդխտությունն է. նրանց հետապնդում են դժբախտությունները, չէ՞ որ նրանք հավերժական սպառնալիք են աշխատանք ունեցողների համար, եւ այդ իսկ պատճառով է նրանց ներկայությունը խտրականություն եւ օտարատյացություն ծնում:

ԲԵԿՈՐ ՉՈՐՐՈՐԴ

Ֆինանսա-քրեական գլոբալացումը

Պատկերը ներկայացնում է ուղղանկյուն

Դուք մոլորության մեջ եք՝ մտածելով, թե հանցագործ աշխարհի հոմանիշը անդրշիրիմյան աշխարհն է, խավարն ու անհայտությունը: Սառը պատերազմի տարիներին կազմակերպված հանցագործությունը ձեռք բերեց ավելի պատկառելի տեսք: Այն վաղուց արդեն ոչ միայն գործում է որպես արդիական ձեռնարկություն, այլեւ խորապես ներթափանցել է ազգային պետությունների քաղաքական ու տնտեսական կառույցներ:

Չորրորդ համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր հինգ մայրցամաքի քրեական կառույցներն ընդունեցին եւ յուրացրին «համաշխարհային համագործակցության ոգին» եւ միավորվելով՝ այլեւս համատեղ են նոր շուկաներ զավթում: Նրանք հսկայական միջոցներ են ներդնում օրինական ձեռնարկությունների մեջ, ընդ որում՝ նախապատվությունը տալով «լյուքս» կարգի անշարժ գույքին, հանգստի օբյեկտներին, տեղեկատվության միջոցներին եւ... բանկերին:

Ալի Բաբան եւ քառասուն բանկիրնե՞րը: Ավելի վատթար: Առեւտրական բանկերն օրինական գործառնությունների համար օգտագործում են նրանց կեղտոտ փողերը: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, «հանցագործ սինդիկատների զարգացմանը նպաստել են կառուցվածքային վերափոխման այն ծրագրերը, որ պարտապան երկրները ստիպված էին ընդունել` արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից օգտվելու հնարավորության համար»:

Կազմակերպված հանցագործությունը հույսը կապում է նաեւ oֆշորային գոտիների հետ: Նրանց քանակը 55-ն է: Նրանցից մեկը՝ Կայմանյան կղզիները, ըստ մեծության հինգերորդ բանկային կենտրոնն է: Այստեղ հաշվվում են ավելի շատ բանկեր եւ իրավաբանական անձինք, քան՝ բնակիչներ: Կեղտոտ փողերի լվացման գործունեությունից զատ՝ օֆշորային գոտիներն օգնում են խուսափել հարկերի վճարումից: Այսպիսի գոտիներում են տեղի ունենում պետական չինովնիկների, գործարարների եւ մաֆիոզ պարագլուխների հանդիպումները:

Ահա եւ ստացվեց՝ ուղղանկյուն հայելի, ուր օրինականի եւ անօրենի անդրադարձումները փոխատեղվում են: Հայելու ո՞ր կողմում է հանցագործը, եւ ո՞ր կողմում նրան հետապնդողները՝ հայտնի չէ:

ԲԵԿՈՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Ապօրինի իշխանության օրինակա՞ն բռնությունը

Հինգերորդ պատկերը հնգանկյուն է

Գլոբալացման «ստրիպտիզ-բարում» պետություններն արդեն գրեթե լիովին մերկացել են՝ իրենց վերապահելով վերջին ու անխուսափելի՝ ճնշելու գործառույթը: Եթե նյութական հենքն ավերված է, ինքնիշխանությունն ու անկախությունը ոչնչացված, իսկ քաղաքական դիմագիծը ջնջված, ապա ազգային պետությունը վերածվում է խոշոր տնտեսական միավորումներում ծառայության անցած անվտանգության մարմնի: Պետությունն իր միջոցները ծախսում է ոչ թե սոցիալական կարիքների, այլ ճնշման մեխանիզմների անվերջ կատարելագործման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ հսկել հասարակությանը:

Ի՞նչ անել, եթե շուկայի պայմաններում բռնությունն օրինաչափ է: Ինչպե՞ս սահմանազատել օրինական եւ ապօրինի բռնությունը: Որտե՞ղ է նրանց միջեւ անջրպետը: Ազգային պետություններն ինչպե՞ս կարող են պահպանել բռնության մենաշնորհը, եթե ցանկացած մենաշնորհային դիրքին հակադրված է առաջարկի ու պահանջարկի ազատ խաղը: Նախորդ հատվածում ասացինք արդեն, որ կազմակերպված հանցագործությունը, իշխանական կառույցները եւ ֆինանսական կենտրոններն ամենասերտ կերպով փոխկապակցված են: Մի՞թե ակնհայտ չէ, որ կազմակերպված հանցագործությունը իսկական բանակներ է տնօրինում: Ո՛չ, բռնության մենաշնորհն այլեւս, ազգային պետություններին չի պատկանում. ազատ շուկան այն աճուրդի է հանել:

Իսկ եթե բռնության մենաշնորհը վիճարկելիս ելակետ ընդունենք ոչ թե շուկայի օրենքները, այլ՝ «ստորին» խավերի շահերը, համաշխարհային իշխանությունը կբախվի հակառակորդին: Սա արմատական բնակչության ամենաքիչ հետազոտված (եւ ամենաշատ դատապարտվող) մարտահրավերներից է, որ ստեղծել է Սապատիստական Ազգային-Ազատագրական Բանակը՝ ընդդեմ նեոլիբերալիզմի եւ հանուն մարդկության:

Ամերիկյան ռազմական հզորության խորհրդանիշը հնգանկյուն Պենտագոնն է: Համաշխարհային նոր ոստիկանությունը ցանկանում է, որ բանակն ու ազգային ոստիկանությունը վերածվեն անվտանգության բաժանմունքների, որոնք կայունություն եւ կարգուկանոն կերաշխավորեն նեոլիբերալ մեգապոլիսներում:

ԲԵԿՈՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Գերքաղաքականությունը եւ թզուկները

Վեցերորդ պատկերը տձեւ ծեփվածք է հիշեցնում

Արդեն մատնանշել ենք, որ ազգային պետությունները երիցս ենթարկվում են ֆինանսական շուկաների հարձակմանը, որը նրանց տարրալուծում է մեգապոլիսների որովայնում: Բայց նեոլիբերալիզմը պատերազմը վարում է ոչ միայն ժողովուրդների ու տարածաշրջանների «միավորման» ճանապարհով: Նրա դեստրուկցիայի (բնակչության կրճատման) եւ վերակազմակերպման ռազմավարությունը ազգային պետության ներսում ստեղծում է ճեղքեր եւ խզվածքներ: Սա Չորրորդ աշխարհամարտի պարադոքսներից է. կոչված լինելով ոչնչացնել սահմանները եւ միավորել ժողովուրդներին՝ այն իրականում՝ բազմացնում է սահմանները եւ փոշիացնում ժողովուրդներին:

Մեգապոլիսների կառուցումը եւ պետությունների փոշիացումը՝ ազգային պետության ավերման նույնաստիճան հետեւանքներն են: Արժե՞ արդյոք, խոսել երկու տարբեր երեւույթների մասին: Արդյո՞ք սրանք են ապագա մեգաճգնաժամի նախանշանները: Թե՞ այս փաստերը փոխկապակցված չեն:

Առեւտրական սահմանների վերացում, հեռահաղորդակցության միջոցների բուռն զարգացում, համաշխարհային համակարգչային ցանցեր, ֆինանսական շուկաների հզորություն, ազատ առեւտրի մասին միջազգային պայմանագրեր - այս ամենն իր լուման ունի ազգային պետությունների ավերման գործում: Պարադոքսալ կերպով գլոբալացումը ծնում է տրոհված աշխարհ՝ մեկուսացված, ամուր խցանված խորշեր, որոնց միջեւ գցված են տնտեսական դյուրաբեկ կամրջակներ: Սա կոտրված հայելիների աշխարհ է, որ անդրադարձնում է նեոլիբերալ գլուխկոտրուկի միջազգային անօգուտ միասնությունը:

Նեոլիբերալիզմը ոչ միայն տրոհում է աշխարհը, որ պատրաստվում էր միավորվել, այլեւ ստեղծում է մի տնտեսա-քաղաքական կենտրոն, որը եւ ղեկավարում է պատերազմական գործողությունները: Այդ պատճառով անհրաժեշտ է խոսել գերքաղաքականության մասին: Գերքաղաքականությունը միացնում է ազգային պետությունների քաղաքականությունը եւ ընդհանուր հայտարարի բերում՝ համաշխարհային կենտրոնում կառուցված շուկայի տրամաբանությամբ: Հանուն եւ ի շահ շուկայի՝ հրահրվում են պատերազմներ, տրվում վարկեր, հայտարարվում տնտեսական շրջափակումներ, տրվում քաղաքական ապաստաններ, ընդունվում ներգաղթի մասին օրենքներ, խզվում դիվանագիտական հարաբերություններ, կատարվում ներդրումներ, լուծվում ժողովուրդների համար կենսականորեն կարեւոր հարցեր:

Ֆինանսական շուկաներն ուշադրություն չեն դարձնում պետությունների ղեկավարների քաղաքական երանգավորմանը. նրանց համար միակ կարեւորը տնտեսական ծրագրերի կատարումն է: Ֆինանսական չափանիշերը կիրառվում են ամեն ինչի վերաբերմամբ: Աշխարհի տերերը կարող են հաշտվել ձախ կառավարության գոյության հետ՝ պայմանով, որ նա չի ձեռնարկի շուկաների շահերը վնասելու միտված գործողություն: Բայց նրանք երբեք չեն հաշտվի այն քաղաքականության հետ, որը հակասում է տիրապետող մոդելին:

Գերքաղաքականության տեսակետից ազգային քաղաքականությունը վարում են թզուկները, որոնք պետք է ենթարկվեն ֆինանսական հսկաների թելադրանքին: Եվ այդպես կլինի, քանի դեռ թզուկները չեն ապստամբել:

Ահա եւ ստացվեց այդ ինչ-որ բանը, որ խորհրդանշում է գերքաղաքականությունը: Այն տձեւ է եւ միանգամայն անհեթեթ:

ԲԵԿՈՐ ՅՈԹԵՐՈՐԴ

Դիմադրության օջախներ

Յոթերորդ պատկերը կարող եք գծել ըստ ձեր հայեցողության

«Նախ, քեզ խնդրում եմ Դիմադրությունը

չշփոթել քաղաքական ընդդիմության հետ:

Վերջինս ամենեւին էլ իշխանությանը

հակադրված չէ եւ նրա բարձրագույն ձեւը

ծագում է ընդդիմադիր կուսակցությունից, մինչդեռ

Դիմադրությունը չի կարող լինել կուսակցություն.

այն ոչ թե կառավարման,

այլ դիմադրության համար է»

ԹՈՄԱՍ ՍԵԳՈՐԻԱ, «Ալեգատորիո»,

Մեխիկո, 1996

Գլոբալացման անխախտությունը բախվում է իրականության համառ դիմադրությանը: Նեոլիբերալիզմը վարում է իր պատերազմը, բայց ողջ աշխարհում առաջանում են բողոքի, դիմակայության ու դիմադրության խմբեր: Տռզած գրպաններով ֆինանսիստների կայսրությունը դեմ առ դեմ բախվեց դիմադրության օջախների ապստամբությանը՝ ամենատարբեր չափի, գույնի եւ ձեւի: Վերջիններիս միավորում է «միջազգային նոր կարգին» եւ մարդկության դեմ հանցագործություն հանդիսացող Չորրորդ աշխարհամարտին դիմակայելու ձգտումը միայն:

Նեոլիբերալիզմը ձգտում է իրեն ենթարկել միլիոնավոր մարդկանց եւ ազատվել «ավելորդ» բնակչությունից: Բայց հենց այդ «ավելորդ» մարդիկ ապստամբեցին: Կանայք, երեխաները, ծերերը, երիտասարդությունը, տեղաբնիկները, համասեռականները, լեսբուհիները, ՁԻԱՀ-ով վարակակիրները, բանվորները եւ բոլոր նրանք, ում համար տեղ չկա համաշխարհային համակարգում, միավորվում են պայքարի համար: Մեքսիկայում, օրինակ, Թեուանտեպեկ ցամաքային պարանոցի ինտեգրալ զարգացման համար իշխանությունները ձգտում էին ստեղծել արդյունաբերական հսկայական գոտի, որը ենթադրում էր մեքսիկական հում նավթի վերամշակման ձեռնարկություն, միջօվկիանոսային տարանցիկ ճանապարհներ, ավտոմայրուղի, ջրանցք եւ երկաթգիծ, որը հատում է պարանոցը: Մեքսիկայի հարավ-արեւելքում՝ Լականդոնյան անտառում սկսվում է տարածաշրջանային զարգացման հեռանկարային ծրագրի իրականացումը, որը ենթադրում է երկրամասի փոխանցումը կապիտալի իշխանությանը. երկրամաս, որը հարուստ է ոչ միայն մարդկային արժանապատվությամբ ու պատմությամբ, այլեւ՝ նավթով եւ ուրանով:

Այդ նախագծերը կհանգեցնեին Մեքսիկայի անդամահատմանը. հարավ-արեւելքը կառանձնանար որպես հատուկ գոտի: Փաստորեն, նրանք կստեղծեին «աքցաններ»՝ ճզմելու 1994թ. ծնված հականեոլիբերալ ապստամբությունը: Կենտրոնում արմատական ապստամբ բնակչության տարածքն է, որ միավորվել է Սապատիստական Ազգային-Ազատագրական Բանակի հետ:

Տարօրինակ կերպով սապատիստներին մեղադրում են երկիրը մասնատելու ցանկության մեջ` չնայած անջատողական կոչեր են անում միայն նավթով հարուստ Տաբասկո նահանգի ձեռնարկատերերը, ինչպես նաեւ Չյապաս նահանգի պատգամավորները եւ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը: Ինչ վերաբերում է սապատիստներին, ապա նրանք կարծում են, որ գլոբալացման պայմաններում ազգային պետության պաշտպանությունն անհրաժեշտություն է դարձել, իսկ անջատման փորձերը կառավարող խմբավորման շահերից են բխում ու ամենեւին չեն արտահայտում հնդկացիական ժողովուրդների ինքնավարության ճշմարիտ պահանջմունքները:

Սապատիստական եւ տեղաբնիկների ազգային շարժումը չի փորձում Մեքսիկայից առանձնացնել հնդկացիական ժողովուրդներին: Նրանք երազում են ազատության եւ արդարության սկզբունքներ որդեգրած Մեքսիկայի մասին: Եթե սապատիստները պաշտպանում են ազգային ինքնիշխանությունը, ապա Մեքսիկայի դաշնային բանակը պաշտպանում է կառավարությանը, որն ավերել է այդ ինքնիշխանության նյութական հիմքը, որը երկիրը հանձնել է թմրաբիզնեսի գործարարներին, ասել է թե՝ օտարերկրյա կապիտալին:

Նեոլիբերալիզմին դիմադրությունը չի սահմանափակվում միայն Մեքսիկայի հարավ-արեւելքում գտնվող լեռներով: Մեքսիկայի այլ շրջաններում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, Աֆրիկայում, Ասիայում եւ Օվկիանիայի երկրներում օր օրի բազմանում են դիմադրության օջախները: Եթե մարդկությունը ցանկանում է գոյատեւել ու զարգանալ, ապա միակ հույսը վտարվածների, անցանկալիների, ավելորդ մարդկանց ստեղծած այդ օջախներն են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, առանձնահատուկ դիմագիծը, պահանջները, իր պայքարն ու հաջողությունը: Ուրեմն, դիմադրության ամեն մի օջախ կարող եք պատկերել ըստ ձեր հայեցողության:

Այժմ, երբ դուք նկարել, գունավորել ու կտրել եք վերոբերյալ յոթ բեկորները, ակնառու է դառնում, որ դրանք մի ամբողջություն չեն կազմում: Հարց է ծագում՝ գլոբալացումը մտադրվել է միավորե՞լ բեկորները, որոնք իրար հետ չեն կցվում ու ամբողջություն չեն կազմում: Այս եւ նաեւ այլ պատճառներով, որոնք ես չեմ ցանկանում բացահայտել այստեղ, անհրաժեշտ է կառուցել Նոր աշխարհ: Աշխարհ, որն ունակ կլինի ներառել բյուր Աշխարհներ, բոլոր Աշխարհները:

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԲՆԱԲԱՆԸ

Տխուր է պատմության ավարտը: Ճանաչման մաքառումի ու զուտ վերացական նպատակների համար կյանքը վտանգելու պատրաստակամության, քաջություն ու երեւակայություն պահանջող գաղափարախոսական պայքարի փոխարեն տնտեսական հաշվարկ ու տեխնիկական անվերջանալի կնճիռներ են, բնապահպանական ու սպառողների աճող պահանջմունքների բավարարմանը միտված մտահոգություններ: Ետպատմական շրջանում չկա ո՛չ արվեստ, ո՛չ փիլիսոփայություն: Շրջապատիս ու անձամբ իմ մեջ ես տեսնում եմ կարոտն այն ժամանակների հանդեպ, երբ դեռ գոյություն ուներ պատմությունը:

ՖՐԵՆՍԻՍ ՖՈՒԿՈՒՅԱՄԱ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱՆ

Ներկայացվող գրքույկը մեքսիկացի հեղափոխական-պարտիզան, սապատիստական շարժման առաջնորդ Մարկոսի պատկերացումն է համաշխարհային գործընթացների մասին: Պահպանողականության տեսանկյունից ոչ միարժեքորեն ընդունվող այդ մոտեցումները կարող են օգտակար լինել եւ՛ քաղաքացիական հասարակության արժեքը գիտակցող անհատների, եւ՛ տակավին հեղափոխականության ճիրաններում խարխափող արկածախնդիրների համար:

ՀՏԴ 325

ԳՄԴ 66.5 (07)

Մ – 371

Մ 0804000000

0128(01)-2001

ISBN 99930-840-4-2

ՄԱՐԿՈՍ ՍՈՒԲԿՈՄԱՆԴԱՆՏԵ:

Մ 371 «Չորրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է»:

¡Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչություն: Երեւան: 2001. – 16 էջ: Տպաքանակ` 1000:

Խմբագիր՝

ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ

Թարգմանիչ`

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Ձեւավորող`

Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

Տեխնիկական խմբագիր՝

Արմեն ՀՈՒՆԱՆՅԱՆ

Սրբագրիչ`

Սյուզաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

¡ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչություն:

ՍՈՒԲԿՈՄԱՆԴԱՆՏԵ ՄԱՐԿՈՍ

Ջունգլիներում նա արշավի է ելնում սեւ դիմակով, Կալաշնիկով ավտոմատն ուսին, բջջային հեռախոսով, նոթբուք համակարգիչը մաղախի մեջ ու, որպես ճշմարիտ ռոմանտիկ, ձիու վրա: Սուբկոմանդանտե Մարկոսի այս գործը գրված է Լականդոնյան անտառի խորքերում եւ ներկայացնում է միջազգային աշխարհաքաղաքական արդի իրադրության չափազանց ինքնատիպ մի վերլուծություն, որի հրապարակումից հետո ֆինանսական «ռումբեր» են պայթել Ռուսաստանում, Կորեայում, Ինդոնեզիայում, եվրոպական ֆինանսական շուկաներում, բազմաթիվ գործազուրկներ Արեւելյան Եվրոպայից, այդ թվում՝ Հայաստանից, գաղթել են տնտեսապես ավելի բարեկեցիկ երկրներ:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.