"ՇԵՄ" մատենաշար

Այդ անտանելի հայերը

Լոուրենս Թ.Է. Արաբիացի |


ՀԱՅՈՑ ԱՆԴՐԱՆԻԿԸ

(հատված)

1915 թվին գեներալ Անդրանիկը աշխարհի խառնակության մասնակիցն էր: Բայց դա նրա մեղքը չէր: Ճար չկար, թուրքերը սպանում էին հայերին, իսկ գեներալ Անդրանիկն ու իր զինվորները՝ թուրքերին: Սակայն Անդրանիկը կողոպտիչ չէր, ոչ էլ ոճրագործ, որովհետեւ իսկական հանցագործությունները կատարվում են ծածուկ... Ակն ընդ ական, թեեւ աչքը երբեմն վրիպում է: Եվ իմ տատն ամեն օր աղոթում էր, որ աստված գեներալ Անդրանիկին միշտ հաղթանակներ եւ երկար կյանք շնորհի, թեեւ գիտեր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կային:

Գեներալ Անդրանիկը Հայաստանում եւ Թուրքիայում նույն բանն էր անում, ինչ Լոուրենս Արաբիացին՝ Արաբիայում: Անդրանիկն ուզում էր հաճախակի հարձակումներով ուժասպառ անել թուրքական բանակը, որպեսզի նրանք չսպառնային Իտալիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի բանակներին: Որովհետեւ նա շիտակ հոգով հայ գեղջուկ էր, հավատում էր Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարություններին, որոնք հավատացրել էին նրան, թե հայ ժողովուրդը կազատագրվի, եթե հաճախակի հարձակումներ գործի թուրքական բանակի վրա: Բայց գեներալ Անդրանիկը անգլիացի գրող Լոուրենս Արաբիացու պես անխոնջ ու նախաձեռնող դիվանագետ չէր, որ փորձեր ինքն իր հետ համաձայնության գալով՝ հասկանալ, թե ինչն էր կյանքում իր համար ձեռնտու. նա չհասկացավ, որ պատերազմից հետո Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարությունները կարեւորություն չէին տալու իրեն: Գեներալ Անդրանիկը չէր հասկանում, որ հզոր պետությունը հզոր պետության կարիք ունի, եւ պատերազմից հետո նա մնաց ձեռնունայն, իսկ հայ ժողովուրդը...

Զորեղ պետությունները որոշում էին ինչ-որ բան անել Հայաստանի համար, բայց միայն որոշում էին: Պատերազմի ավարտից հետո Անդրանիկն ուղղակի զինվոր մնաց ու ոչ թե Լոուրենս Արաբիացու նման զինվոր-դիվանագետ գրող: Անդրանիկը հայ զինվոր էր:

Գեներալ Անդրանիկն ուղղակի կռվում էր:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

ՄՏԱԾՎԱ՛Ծ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

(Առաջին հրատարակության առաջաբանը)

Եվրոպայի սուզանավերի ու մեր լեռների, մշտական բարեկամ-թշնամիների ու շահերի, Պետրոս Մեծի կտակի մասին զրույցներից մինչեւ տիկին դ’Արտինգի, բարոնուհի Քոկսի ու Պուտինի թափանցիկ ակնարկները՝ եվրոպացիք երբեք չեն զլացել առնվազն այբուբեն սովորեցնել: Նրանցից դժգոհելու առիթ թերեւս չունենք. նրանք արդեն 400 տարի է՝ հուշում են մեզ, զգուշացնում, սակայն մենք այլ բան ենք ուզում լսել: Ճշմարիտ է ասված՝ Աստված նախ խելքն է առնում, հետո հոգին:

I հազարամյակի ընթացքում գրեթե 500 տարի ենք պետականություն ունեցել: II հազարամյակում ունեցանք ընդամենը 55 տարվա պետականություն. I-ի հետ համեմատած 10 անգամ պակաս. ի դեպ, նույնքան է տարբերությունը նաեւ մեր տիրապետած տարածքների: I հազարամյակի 50%-ի դիմաց II հազարամյակի ընդամենը 5%-ին է, որ քարտեզի վրա մեր գույնն ենք ունեցել:

Ինչպե՞ս ենք վարվում մենք մեր պետականության հետ: Հողեր ենք ուզում, բայց ինչպե՞ս ենք վարվում դատարկվող 29 հազարի հետ: Հաշվու՞մ ենք, թե մեր ցեղասպանության ճանաչումը որքանով է ծառայելու մեզ, որքանով քրդերին, ռուսներին, թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին, Արեւմուտքին ու Արեւելքին:

Մի՞թե բացարձակ ճշմարիտ է Լոուրենս Արաբիացին` ասելով, թե հարատեւել են ոչ թե Սոկրատի, այլ Սոկրատին մահվան դատապարտածների սերունդները: Այս վերջիններն ինչքանո՞վ են ունակ նոր սոկրատներ ծնել՝ թեկուզ սպանելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը շարունակ տրվում է Հայրենիքին որպես ատամներն էժան սարքելու տրանզիտ տարածքի վերաբերելով:

Աշխարհի ոչ 5%-անոց ժողովուրդները «գործի ժողովուրդներ» չեն, նրանց առաջնորդող կուսակցությունները «գործի կուսակցություններ» չեն, նրանց էլիտան «գործի էլիտա» չէ, այլ ՄՏԱԾՎԱ՛Ծ ԳՈՐԾԻ. այդ է պատճառը, որ արդյունքը ավերված Ծապլվար չէ, այլ պետականություն:

Եթե սերտենք պարբերաբար հուշվող ու չսերտած դասերը, ապա ամեն ինչ չէ, որ կորած է:

Միքայէլ Հայրապետեան

2001թ.

ԹԵ ՈՒՄ ՀԵՏ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾ

(Երկրորդ հրատարակության առիթով)

Ավելի քան մեկ տասնամյակի պետականության առկայությունը լիարժեքորեն ի զորու չեղավ ընտրասերելու բնական սերնդափոխությամբ ժառանգորդվող քաղաքական, մշակութային, գիտական, գործարար սրուցք, որն էլ իր հերթին ի զորու լիներ հազարամյա համայնքայինից, գետտոյականից, գաղթականից քաղաքացի կերտելու: Մենք դեռ պտտվում ենք մեր առանցքի շուրջը, որ չի ներվելու արագությունների տրամաբանությունն ունեցող ժամանակակից մոլորակի կողմից. նկատելի դանդաղ փոփոխություններով հանդերձ` մենք շարունակում ենք որպես ավետարանական վատ եւ չար տնտես` կանգնած մնալ դուրս նետվելու ամենաիրական վտանգի առջեւ: Մենք դեռեւս անհրաժեշտ խորությամբ չենք գիտակցել անկախության` միակ արժանապատիվ կեցաձեւի արժեքը, մենք կրակն ենք ընկել Աստծո մեծագույն շնորհի` Ազատության ձեռքը:

Փաստ է, որ գրեթե նույնությամբ կրկնելի են ավելի քան 1500 տարի առաջ Պատմահոր արձանագրած` «ժառանգությունից փախչողի» մեր կերպը, Տերյանի, Լեոյի եւ այլոց բնորոշումները: Բազմապատիկ ցավալի է այն, որ չի ստում եւ ճշմարտություններ է բարբառում Լոուրենս Արաբիացին. չենք կարծում, թե հայերիս կոտորելու մասին ասվածները քաղաքակիրթ բրիտանացու ցանկությունն են, հակառակը` դրանք ահազանգ են մեզ սպասվող վաղվա մասին: Սա մի գործ է, որի ոչ միայն տողերը, այլեւ տողատակն է պետք տեսանել...

Սկսված գլոբալ տեղաշարժերը չեն շրջանցելու մեզ, ինչպես երբեւէ չեն շրջանցել` դրականորեն կամ բացասաբար: Մենք եւս մոլորակի մարմնի մի մասն ենք, ուր անհնար է, որ մարմնի մի անդամի հիվանդության պատճառով չտնքա, չջերմի ամբո՛ղջ մարմինը, չխանգարվի ամբո՛ղջ մարմնի նորմալ կենսավիճակը, որ մարմնի մի առանձին անդամը չաճի կամ հիվանդագին գերաճ ունենա. դա չի ներվում: Այս պարագայում մարմնի բնական իարվունքն է ինքնապաշտպանությունը. եւ դա 1700-ամյա քրիստոնյա ազգը պարտավոր է ուսանած լինել. Քրիստոսն է ասում. «Եթե խանգարում է քո աչքը կամ ձեռքը, ապա կտրիր եւ դեն նետիր, որովհետեւ ավելի լավ է` կորցնես մարմնիդ մի անդամը, քան ամբողջ մարմինդ»: Այդպես էլ վարվում են եւ՛ անհատները, եւ՛ ժողովուրդները. հենց այդպես էլ վարվեցին մեզ հետ, 1915-ին...

Կրկնենք մեկ անգամ եւս. եթե սերտենք պարբերաբար հուշվող ու չսերտած այս դասերը, ապա ամեն ինչ չէ, որ կորած է: Միայն թե ավյուն, նվիրում ու արագություններ են անհրաժեշտ. իսկ Աստված հենց այնտեղ է, ուր այդ որակներն են:

Մ.Հ.

2004.

ԱՅԴ ԱՆՏԱՆԵԼԻ ՀԱՅԵՐԸ

(Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ)

Դա ի՛մ հարցազրույցն էր: Թեւե հյուրանոցի իր ապրած սենյակում էր, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, եւ իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային եւ Մերձավոր արեւելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Սկզբում կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն, մի տեսակ ցնցվելով կռահեցի, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, եւ որ այդ նպատակն էր` իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի: Ուրիշ բաներ էլ: Ես` սկզբունքներով անկախ անհատս, շշմել էի եւ բավական նվաստացած էի զգում ինձ` ինչու՞ մենք՝ ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու եւ ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից եւ հենց իրենցից էլ, այլեւ, մի տեսակ, ինքներս էլ մեզնից եւ նրանցից փրկելու:

Նա ասաց, օրինակ, որ հայերը «մարդկային անտանելիության վերջնական խոսքն են»: Որպես ցեղ՝ ակադեմիկ բանավեճում նրանք համանման են «վերջին մարդուն»:1 Իսկ ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար՝ ազգերի մեջ ամենանվաստացվածը անդիմադրելի հմայք ուներ եւ ունի. այդպես էլ ասացի նրան:

Անգլիական հումորը մերինի նման չէ: Հակառակն է: Ամերիկյան հումորը, գոնե մասամբ, ասվածի մեջ է: Բրիտանական հումորը բրիտանացու չասածի՛ մեջ է: Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան: Բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որեւէ բան, որ հումորի դույզն-ինչ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.

- Լավ:

Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր իր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ՝ բավական տաղտկալիորեն. թեւ ինքը համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս՝ մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք՝ ամերիկացիներս չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել, մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք՝ մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավանդ հայերը:

Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ, կամ էլ, ավելի ճիշտ այսպես ասեմ՝ նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին եւ հայերի բոլոր մերձավոր հարեւաններին, որոնք երբեւէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Կարող եք նկատել, որ շատ էլ ազատորեն չեմ մեջբերում այս հեղինակության խոսքերը: Պատճառն այն է, որ նրա մեթոդը, ինչպես երեւում է, ոչ թե իր կողմից որեւէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրել ցանկացած բաները ե՛ս ասեմ եւ` այնպիսի ձեւով, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այնպիսի տպավորություն ստեղծեց այն ժամանակ, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, եւ թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:

Նա այնպես էր համարում, կամ ինձ էր ստիպում համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են եւ` քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից եւ արդյունավետ չեն. երբեք որեւէ բան մինչեւ վերջ չեն հասցնում, եւ երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ախոյան ցեղերը դադարեցրել են գործը՝ նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ՝ Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու...

Նա ինձ վրա ոտից գլուխ տարածեց իր մալթուսական հուսահատությունը եւ մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:

- Բայց ինչու՞ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը,- հարցրի եւ, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Կարծում եմ` ամերիկյան հումորի զգացումը նա չուներ. սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից եւ լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն:

- Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն,- ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների եւ պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների եւս, բայց չափից ավելին, հենց ա՛յս ժամանակ2, կարող է սասանել կայսրությունը:- Իսկ կայսրությունը, հենց ա՛յս օրերին, չպետք է սասանվի անհարկիորեն: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները՝ պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ եւ այլն, հետեւանք են այն իրողության, որ երկրագունդը թեեւ ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանացիները մի օր պիտի վերջ տան այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին եւ հարաբերաբար փոքր, թույլ եւ գերծանրաբեռնված: Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը եւ առեւտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Բրիտանական կայսրությանը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ, այսպես ասած, ծովերի ազատությունը ցամաք հանվի, եւ երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլո՛ր ցամաքների, ապա Մեծն Բրիտանիան կկարողանա, եւ պետք է կարողանա ուրախությամբ ընդառաջ գնալ հաղթահարելու մի այնպիսի ցնցում, որ ես (նա հենց այդպես էլ ասաց՝ «ես») առաջարկում էի Հայաստանում: Բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ: Ո՛չ կայսրության դեռ մանուկ հասակին:

- Բացի այդ,- հարեց նա,- բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով՝ որպես այդպիսիք: Անգլիացիները գործնական մարդիկ են, ո՛չ իդեալիստներ, հասկանու՞մ եք: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման` գաղափարների եւ իդեալների, սկզբունքների եւ ժողովուրդների վրա, այլ շոշափելի բաների՝ նավթի, հանքանյութի, օդային տարածության, ծովերի:

- Բայց,- առարկեցի ես (եւ կարող եք տեսնել, թե ուր էր հասցնում նա ինձ. առարկում էի հօգուտ իր երկրի՝ իմ երկրին ընդդեմ),- հարուստ հողեր եւ շահավետ հանքավայրեր կան Հայաստանում:

Նա լուռ մնաց: Այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու եւ պայթելու նրա հակումը: Եվ որքա¯ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում եմ՝ դա կթեթեւացներ ինձ էլ, նրան էլ: Բայց ոչ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց, ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, որ լսած կլինեմ, ինչպես, ասաց, ինքն էլ է լսել, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ՝ հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:

- Բայց,- դարձյալ առարկեցի ես,- ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով բնական հարստությունները,- համբերությամբ բացատրեցի նրան,- ոչ մի օգուտ չեն տա կապիտալին` առանց այն աշխատուժի, որ պետք է փորի ու զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը, լավագույնը:

Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար ետեւից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաեւ բրիտանական գաղութներից՝ նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Պետք է միասին օգտագործվեն դրանք, միասին զարգացվեն, եւ այդպես էլ արվում է սովորաբար: Չկա ուրիշ ճանապարհ: Նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որեւէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, երբ կջանան օգտագործել Հայաստանի հարստությունները: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց՝ բավականին հաջող:

- Ես կոչ եմ անում,- գոչեցի վերջապես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստա՛նը հայերի համար», այլ գործնականորեն՝ «Հայե՛րը Հայաստանի համար»:

Նա ինձ նայում էր ոտից գլուխ չափելով, հետաքրքրությամբ՝ ինձ թվաց: Կարծես մի նոր պատկերացում էր ստանում ամերիկացիներիս մասին: Ասել էի, որ չգիտե մեզ, եւ նա թե՝

- Որեւէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որեւէ անգիտակից ամերիկացու:

Շատ էլ չեմ ըմբռնում, թե ինչ էր ուզում ասել դրանով, բայց դրա նման դատողություններն էին, որ ինձ տալիս էին այն խռովիչ տպավորությունը, թե նա բոլորովին սխալ էր պատկերացրել մեզ: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նա եւ շատ եվրոպացիներ հետեւցրել են այն մի օրինակից, որ նախագահ Վիլսոնն է եւ նրա 14 կետերը: Բայց նա չափազանց երկար ու լուռ ուսումնասիրում էր ինձ: Սկսեցի մտածել, որ ինչ-որ սխալ էր գտնում իմ մեջ կամ մեր մեջ. գուցե ես շա՞տ էի թեքվել գործնականության կողմը, ու հիշեցի, թե ինչպես էր նա հայերին կշտամբում դրա համար: Ուստի դարձ կատարեցի: Ավելի գաղափարապաշտորեն եւ, հուսով եմ, հայրենասիրաբար խոսեցի կրկին:

- Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը: Նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու:

- Այո, այո, մենք հասկանում ենք այդ բոլորը,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլլոգիզմը:

- Լավ,- ասացի պատշաճորեն,- ուրեմն պետք է դրանում տեսնեք նաեւ հենց այդ նպատակը. որպեսզի հայերին ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու, պետք է աշխատեցնենք նրանց: Ու քանի որ չես կարող մի ժողովուրդ աշխատեցնել առանց մի այնպիսի բանի, որի վրա աշխատեցնես, մենք կարիքը կունենանք Հայաստանի հողերի եւ հանքերի: Ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության եւ... բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ եւ լավ քաղաքացիներ:

Շփոթահար, ուռած տեսք էր ընդունել նա: Չգիտեի՝ ինչ է պատահել նրան, մինչեւ որ վերջապես որոշեց արտահայտվել:

- Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- եւ անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, երդվյալ քրիստոնյաներ:

Իհարկե գիտեի: Պարզապես, ոգեւորությանս մեջ, մի պահ մոռացել էի այդ բանը: Համենայն դեպս նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի վերադարձրեց ինձ իմ շրջանի սկզբին:

- Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա՛ է հաջողության գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար՝ աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պե՛տք է ունենան Հայաստանը՝ դրա վրա աշխատելու համար:

- Հայերը չեն աշխատելու,- ասաց նա:- Դա՛ է ցավոտ կետը ձեր ծրագրում, դա՛ է հայերի էլ ցավոտ կետը: Ճիշտն ասած, դա է ցավոտ կետը բոլոր այս հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը եւ, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին եւ աշխատեցրած, կորցրել են իշխանությունը եւ դեգրադացվել, ինչպես դուք եք ասում: Կամ էլ, ինչպես ես եմ ասում, շարունակել են, առաջ են գնացել՝ տրամաբանականորեն, հոգեբանորեն, բնախոսականորեն: Նրանք չեն սիրում համառ, եռանդուն աշխատել: Դա է, որ նրանց տարբերում է այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Նախնական ժողովուրդները պարզապես ծույլ են: Նրանց կարելի է ստիպել աշխատելու, զարգանալու, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Մի որոշ հույս կա նրանց համար, մի որոշ օգուտ նրանցից: Իսկ այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն: Նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են՝ բնազդական, բնածին, անուղղելի, անհուսալի շահագործողներ: Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից, նրանք մարդ են աճեցնում: Նրանք խոսում են իրեց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ցույց են տալիս մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կազմավորում են իրենց մոտ: Այս հին ժողովուրդները բնաշրջության արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափերին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, աճեցնում, բնաշրջում եք ձեր հայրենիքում: Հին ցեղերից նրանք, որ այստեղ ապրում են դեռ, վերապրածներն են մի քաղաքակրթության, որ բնույթով առեւտրական էր, ինչպես ձերը:

- Մերը,- ուղղեցի ես, անգլիացիներին էլ մտցնելու համար խնդրի մեջ: Նա ուղղակի վրա տվեց:

- Դուք՝ նոր ազգերդ պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական եւ անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում է ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն եւ պաշտամունքացնում հեզին, միջակին, խորամանկին, նրբամիտին ու խնայասերին, որովհետեւ սրանք առեւտրական առումով պիտանի են: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների եւ իրենց տհաճ հատկանիշներն այն տեւական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից, ինչպես իրականում կենսագործում էին հին հույները: Ո՛չ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները խոսում, երգում ու կերտում էին այդ մշակույթը, այլ հենց այնպես, ինչպես միջին հույները կենսագործում էին գործարարությամբ, ուզում եմ ասել՝ այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Արդի եգիպտացիները, ինչպիսիք ժառանգել ենք բրիտանացիներս, եգիպտական մշակույթի ամենահեռու˜-հեռավոր փոքր ծոռներն են, իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբը հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից զուրկ է. նա անապատի փոշին է...

Նա կանգնեցրեց իմ մի նոր առարկությունը՝ կանխելով.

- Հնադարյան հույները, նաեւ եգիպտացիները, սիրիացիները, վերջապես թուրքերը եւ մյուսները՝ նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու արվեստագետները, իրենց զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում, իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրասերյալները, ազնվապետությունները, հարստապետությունները չհարատեւեցին: Նրանց հետնորդները ժառանգորդներ չեղան, չվերապրեցին նույնիսկ: Հաջողակների, հարուստների, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցը գնացին, եւ նույնը լինելու է ձեզ մոտ: Եվ աշխատուժի էլ հաջորդական սերունդները, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված եւ խիստ կարգ-կանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Պարզվեց ու պարզվում է, որ միջին դասակարգն է ունակ վերապրելու այդ կերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասակարգը: Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք, փաստորեն, միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով՝ վաճառականներ, առեւտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով. ու սերված լինելով գնող-ծախողներից, առեւտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերվելով` նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որեւէ տեղ առեւտուր անելու, բայց ո՛չ ստեղծելու, ո՛չ կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու եւ աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առեւտրականներն են ապրում, եւ նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, նրանք սողոսկում-թափանցում են ամենուր: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում, առեւտուր են անում, հարստանում են: Իսկ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին...

- Եվ հրեաներին,- հուշեցի: Անտեսեց:

- Իմ այս հին ժողովուրդները,- ասաց,- կգնան ցանկացած տեղ, ուր աշխատավորներ կան աշխատեցնելու, խորամանկորեն կխիզախեն՝ հեզորեն տառապելով, դրամ խնայելով, գործ անելով: Այո՛, նրանք գործ են անում: Այնպես են գործ անում, որ աշխատավորն այդպես չի աշխատի: Այնպես են գործ անում, ինչպես բիզնեսմենը միայն կանի՝ հարատեւորեն, համառորեն, մնալով հենց միայն շահի նեղ լուսանցքում: Բայց,- շեշտեց նա,- չե՛ն աշխատի նրանք: Չե՛ն կարող: Չեն կարող հասկանալ «աշխատավարձի համար աշխատելու» դրույթը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, մի ուշիմություն, որ զարգացվել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղի մեջ: Նրանք իրենց արյան մեջ իսկ գիտեն, որ աշխատավարձով, նույնիսկ բարձր աշխատավարձով աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հաջողության հասնել ու հարստանալ: Ոչինչ չկա, ոչինչ չի կարող լինել աշխատավարձի որեւէ հնարավոր բարձրության մեջ՝ ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաղադրյալ առաջատվություն: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, դա նրանց կյանքն է: Նրանք խելոք են, ինչպես հին մի ցեղ կարող է խելոք լինել՝ որսալու խաղին պատրաստ: Քոթոթի իրենց աչքերը բանալու պահից արդեն տեսնում են արարող աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը՝ միայն դիտել ու սպասելն է մինչեւ հարստությունն արտադրվի, ու հետո, մի կերպ, արտադրողից այն ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն՝ ինչ կերպ անեն այդ բանը, ինչպես կենդանին գիտե իր կենդանական գործը եւ բույսն էլ գիտե իր բուսական գործը՝ բնազդով: Ուստի կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ էլ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը հասարակական ընդհանուր հարստության ավարտված, վերջնական, դրոշմված ձեւից, երբ հասարակ ժողովուրդն արդեն ստեղծել է այդ հարստությունը: Իսկ դուրս գալ ու ճակատի քրտինքով արդյունահանել երկրի հումքը եւ մշակելով վերածել շուկայական ապրանքների՝ ոչ: Հին ժողովուրդները չեն հանդուրժում անել այդ բանը, իսկ ինչ վերաբերում է ձեր հայերին՝ նրանք պարզապես չե՛ն անի:

Լռեց մի պահ, դիտելով ինձ, ու երբ տեսավ, որ ինքս չեմ դիտում իրեն, իր պրոպագանդի սլաքներից դեռ մի քիչ էլ արձակեց ինձ վրա:

- Հայերը,- ասաց,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից:

Ես կրկին տվի իմ թեկնածուի անունը:

- Հրեանե՞րը,- արձագանքեց:- Առաջ էլ ասացիք նրանց մասին, եւ ես գոհ զգացի: Դա ցույց տվեց, որ գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին իմ ասել ուզածից: Քիչ ճամփաներ անցած մարդու համար հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, եւ այո՛, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ ավելի վատ, որ նրանք ստեղծագործող էլ են, հնարամիտ ու սենտիմենտալ: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Անկատար են նրանք: Քաղաքակրթության անավարտ մի արդյունքն են, կիսատ մնացած: Ես հասկանում եմ, թե ինչու իրենց հանդեպ վախ ու ատելություն են հարուցում նրանք. ունեն ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել ձեր այդ հրեաներին կամ չեն թողել, որ գործ անեն իրենց մոտ: Նրանք չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների վզին: Իրենց լավ են զգում Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում եւ անշուշտ՝ Միացյալ Նահանգներում. այո՛, այո՛, նրա՛նք: Բայց չինացիները, օրինակ, չինացիները կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին: Մեր շոտլանդացիները ողջ-ողջ քերթում են նրանց: Այդպես են անում արաբներն էլ, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին...

Շունչ քաշելով, շարունակեց.

- Հրեաներն իրենք այնպես են զգում հայերի հանդեպ, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաների հանդեպ են զգում. ճիշտ նույն կերպ էլ հույները, թուրքերը եւ բոլոր այն մյուս ցեղերը, որոնք երբեւէ գործ են ունեցել հայերի հետ: Զգում են, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կլծեին: Ու կլծեն: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները, առավել՝ բոլոր մյուս ցեղերի էլ բոլոր հատկանիշները, եւ բացի այդ՝ քրիստոնյաներ են:

Կանգ առավ, ոչ թե ասելիքի համար բառեր գտնելու, կրթված անգլիացին, ենթադրում եմ, լավ գիտի անգլերենը: Ավելի ճիշտ՝ կարծես խուսափում էր իր եզրակացությունն ասելուց, նախընտրելով ինձ ստիպել, որ ինքս բռնեմ իր եզրակացությունը, քան թե իր բերանից մեջբերեմ: Ու քանի որ խայծը չէի կլլել, նա տաղտկալիորեն շարունակեց՝ եւս մի պատեհություն տալու ինձ:

- Հայերը,- ասաց,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Իրենք չեն աշխատի, որ մշակեն երկիրը, նույնիսկ ոչ իսկ հօգուտ իրենց: Ուզում են այդ հողերը, այո, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչեւ իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձու կտան ուրիշներին՝ գործը վարելու: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթեր առնել-ծախելով ձեռք բերված շահի եւ դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակված դրամի:

- Շատ մարդիկ կան այդպես,- ասացի:- Միայն հայերը չեն:

- Տեսնում եմ, որ դուք դեռ չեք ըմբռնում բուն խնդիրը,- ասաց նա:- Իրոք, ուրիշներ էլ կան, որ կուզենային այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, մանավանդ մեր այսպես կոչված բարձր դասի այն դժգոհները, որոնք գնում են գաղութներ կառավարելու, բայց ինքնամփոփվում են՝ իրենց համար «Փոքր Անգլիա» ստեղծելով տեղում: Նրանք կուզենային ոչինչ չանել, բայց չեն կարող: Անվնաս են նրանք: Կուզենային ոչինչ չանել, բայց ծախսել: Ու ծախսում են իրոք, հասկանում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց ձեր այդ հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու եւ ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Դարերով բնաշրջություն է պետք՝ իսկական առեւտրական ոգու այդպիսի կատարելություն զարգացնելու համար, իսկ բնաշրջությունն աստիճան առ աստիճան զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եթե նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Ա՛յդ է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում են, եւ հույներն էլ եւ... մենք բոլորս, որ գիտենք նրանց: Ուրեմն...

Նա կրկին ինձ վրա էր գցում, որ ասեմ եզրակացությունը, բայց ես չէի ուզում ասել: Ուստի խթանեցի նրան.

- Ուրեմն...- ասացի:

- Ուրեմն,- պոչը թեքեց նա, ինչպես ամերիկացիներս ենք ասում կոպտորեն,- ուրեմն պետք է բաժանենք նրանց՝ Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա` ուրիշ մանդատ:

- Ուրեմն,- դիմադարձեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ՝ ամերիկացիներիս: Շատ լավ: Երկու հարց է ծագում: Ձեր դաշնակիցը ի՞նչ կարող է անել Հայաստանում առանց աշխատուժի: Ու վերջապես ի՞նչ կարող ենք անել ամերիկացիներս հայերի հետ առանց Հայաստանի:

- Օ¯,- ասաց,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում եւ Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց. ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան եւ աշխատանքի լծել: Աշխատուժի պակաս չկա:3

- Ուրեմն դա կլուծի բրիտանական, գործնական խնդիրը,- ասացի:- Գանք իդեալիստական` ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ:

Չէր ուզում ասել: Իր բրիտանական հումորը կամ իր դիվանագիտական զգուշավորությունը եւ կամ չգիտեմ ինչը չէր թողնում նրան ասել: Խուսափելով խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որեւէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում:

- Ուրեմն,- ասացի ես, ոչ առանց մի քիչ (ամերիկյան) հումորի:- Ուրեմն...

Մի ստվեր անցավ աչքերում, բայց ոչ ձայնի մեջ: Կրկին զվարթորեն խոսեց «ամերիկյան իդեալիզմի» մասին: Հոգնել էի այդ բանը լսելով, սոսկալի ձանձրացել, բայց դրա մասին խոսել նա սիրում էր: Բայց այս անգամ մի քիչ փոխեց երգի բանալին: Երիտասարդ կոչեց ամերիկացիներիս, ասաց, որ մենք դեռ անփորձ ենք ուրիշ, ավելի հին ցեղեր ղեկավարելու մեջ: Եվ ուրեմն, անտարակույս, հակված ենք խստորեն դատելու բրիտանացիների եւ այլ գործնական կառավարիչների գաղութային վարմունքը, որոնց ամենախղճմիտ գործակալն անգամ երբեմն անհրաժեշտ էր գտնում սպանել կամ ուրիշ կերպ Աստծո վախը ներշնչել ենթակա մի ժողովրդի փոքրամասնությանը՝ մեծամասնության ընդհանուր շահի եւ ներդրված կապիտալի ապահովության համար:

- Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է մի տարօրինակ, մի օտար ժողովուրդ կառավարելը:

- Սխալվում եք,- ջղագրգռված ասացի ես ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտե մեզ:- Դուք նույնքան անտեղյակ եք իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան ասում եք, որ մենք ենք անտեղյակ եվրոպացիների, թուրքերի, հայերի եւ մյուսների մասին:

Ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Ու հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ ունենք հենց մե՛ր մեջ: Առանց պատճառի չէ, որ Միացյալ Նահանգները ձուլարան են կոչել: Ինչ օտարականներ ասես չունենք այնտեղ: Նույնիսկ նրա հայերին ենք աշխատեցրել: Պնդեցի, որ մենք էլ մեր դժվար գործն ենք արել, ինչպես որեւէ կառավարություն երկրագնդի երեսին` չբացառելով բրիտանացիներին էլ: Եվ համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի, թե տեսել եմ՝ ինչ է արվել օտար աշխատուժի նկատմամբ մեր Նոր Անգլիա նահանգներում, հարավային նահանգներում, մեր արեւմուտքում եւ ամենուրեք: Բայց պատահեց, որ հիշատակեցի նաեւ մեր սեփական բնիկներին՝ ամերիկյան հնդկացիներին:

Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ:

- Ա՛յդ է ահա,- գոչեց:- Ա՛յդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն այն է, ինչ պետք է հայերի հանդեպ:

Անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ի՞նչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ: Եվ նա ասաց, թե իր հասկացածով՝ մենք ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ... բո՛-լո՛-րի՛ն: Այնպես չէ՞:

Ես նայեցի նրան ոտից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով այդպես նայեցի:

- Այդպես ուրեմն,- ասացի մի երկար դադարից հետո,- ուրեմն դուք մտածում եք՝ ա՛յդ է, որ պետք է հայերին անենք... պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին:

- Ոչ, ոչ, ոչ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք՝ լրագրողներդ սխալ հասկանում եւ սխալ մեջբերում:

Բոլորովին էլ չէր ուզում ասել, թե մենք պետք է կոտորածն ընդունենք որպես քաղաքականություն: Գիտեր, որ չենք անի, չենք կարող անել դա:

Դե լավ, ի՞նչ էր ուզում ասել, ուրեմն: Ի՞նչ պետք է անենք: Չասաց: Իրենք իրենց շուրջ պտտվող մի զույգ դերվիշների նման պտտվեց ու պտտվեց կլոր-կլոր: Հոգնեցուցիչ էր: Բայց ի վերջո հասկացա: Պետք է ինքս ասեի իր ասել ուզածը, երեւի ա՞յդ էր ճիշտը: Չուղղեց ինձ:

Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված կերպով գնանք բնաջնջելու հայերին: Բոլորովին ոչ: Պարզապես հույս ուներ կամ հավատում էր, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո՝ մենք պետք է հարցը վերջացնենք այդ Բանն անելով: Ու նաեւ հիմնավոր անելով: Չթողնելով ոչ մի Ադամ ու Եվա, որ չշարունակեն Կայեն աճեցնել...

- Բայց դա սկանդալ չի՞ դառնա,- ասացի:

Կարծում էր՝ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք եւ այնպիսի համբավ ենք վայելում մեր մարդասիրության համար, որ թվում է՝ ի զորու ենք որեւէ բան անելու բանականության սահմաններում` առանց կորցնելու մեր իդեալիզմը կամ մեր բարի անունը:

- Հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականության մեջ խայտառակություն չկար, այնպես չէ՞,- հարցրեց:- Ու երբեք էլ չեք դադարել մտածելուց, թե ձեր արածը ճիշտ էր, այո՞: Նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները եւ Պուերտո Ռիկոն, ազատագրել եք Կուբան եւ գրավ եք դրել դրա վրա, գնել եք Դանիական կղզիները, ձեր ծովային հետեւակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում եւ զորքը մոռացել այնտեղ: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգ ու կանոնը միացյալ Մեքսիկայում: Եվ սակայն,- ասաց նա, կարծեմ հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ երբ պատրաստ լինեք՝ մեծ կայսրություն եք դառնալու: Եվ սակայն դուք հակաիմպերիալիստներ եք: Հենց նոր պատերազմ մղեցիք գերմանական իմպերիալիզմի դեմ, եւ...

- Դուք էլ,- արձակեցի կրակոցս:

- Օ¯հ, դա տարբեր է,- հակադարձեց նա իմ կրակոցը:- Մենք իմպերիալիստներ ենք: Մենք մեզ անկեղծորեն կայսրություն ենք կոչում եւ պարկեշտորեն կռվեցինք մեր կայսրության համար գերմանացու կայսրության դեմ: Իսկ դուք՝ դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման:

Կար մի կետ դրա մեջ, եւ զգացի՝ նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ դրան: Բայց հենց ուղղակի չէի կարող այդպիսի վայրկյանին, ու երբ չպատասխանեցի, նա շարունակեց.

- Ես կարծում եմ, որ դուք՝ ամերիկացիներդ կարող եք որեւէ բան անել ու տարակուսանքի չենթարկվել ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ինքներդ ձեր կողմից: Մի սքանչելի բան կա դրա մեջ, շատ սքանչելի, աշխարհի համար օգտակար մի բան: Դա թույլ է տալիս մտածել, որ ամերիկացիներդ բուն Հայաստանում կարող էիք հիմնավորապես անել ու վստահաբար կանեիք այն, ինչ պետք է արվի այնտեղ: Կանեիք աստիճանաբար, բայց կատարելապես, առանց բաց թողնելու որեւէ մի առանձին կամ, ավելի ճիշտ, ամուսնացած հայի, եւ այդ ամբողջը առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր այն հավատքը, թե դուք ... ինչպե՞ս ասեմ ... դե՛հ, դուք նման չեք մեզ՝ անգլիացիներիս կամ ֆրանսիացիներին, գերմանացիներին, թուրքերին եւ, վախենամ, դույզն-իսկ նման չեք հայերին էլ: Եվ,-շտապեց ավելացնել նա,- պետք է որեւէ մեկը լուծի հայկական հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն եւ հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին:

Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Բրիտանական հումո՞ր էր սա: Նայեցի նրան խիստ-խիստ: Աչքն էլ չթարթեց: Նստել էր այդ փքված տեսքով, որ նկատել էի առաջ, բայց, չէ¯, մկան չի շարժվում դեմքին: Ծանր բան է անգլիացու հետ հարցազրույցը, եւ վտանգավոր: Հիշեցի, որ ասաց՝ ժխտելու է հարցազրույցը, եթե ամենաթեթեւ իսկ առարկություն լինի: Որոշեցի հենց ուղղակի փորձել նրան:

- Ինչպես հասկանում եմ,- ասացի,- ամերիկացիներս առեւտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել:

Նա գլխով արեց: Ես շարունակեցի.

- Նրանք մտածում էին, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ՝ մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որ կախյալ են ուրիշների արտադրողական աշխատանքից, ուրիշների, որոնց նրանք չեն կառավարում հիմա, եւ որոնք ատում են նրանց, որովհետեւ նրանք կարող են որեւէ մեկին մատի վրա խաղացնել առեւտրի մեջ եւ ապրում են առանց աշխատելու, ստախոսներ են, չարաշահորդներ, մակաբույծներ՝ ամենագործնական ուղեղով եւ ամենաքրիստոնեական իդեալներով ու վարվելակերպով:

- Դուք՝ ամերիկացիներդ լավ եք խոսում,- ասաց նա:- Չեք կարող գտնել ոչ մի անգլիացու, որ այդքան հստակորեն բանաձեւեր որեւէ այդպիսի բան:

- Եթե ամերիկացիներս կարողանայինք այժմ, մեր ներկա դրությամբ, այս տեսակ մարդու զարգացման նախնական փուլում, եթե կարողանայինք, կառավարելով հայերին, մոտիկից տեսնել մեր մշակույթի կիրառման գործնական ձեւերն ու արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, որ այն, ինչ ստուգում ու քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է...

- Վաղվա,- շտկեց նա:

- Ապա ուրեմն,- շարունակեցի ես,- գուցե հուսախաբ լինեինք հայերից, գուց?

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.