"ՇԵՄ" մատենաշար

Վերջին ֆիդային

Հայրապետեան Միքայէլ | Գեւորգյան Գագիկ


Ե՛Վ ՎԵՐՋ, Ե՛Վ ՍԿԻԶԲ

«Ազգի կյանքի բոլոր դրսեւորումներում

մենք միշտ նկատում ենք, որ

ռասայի անփոփոխ հոգին

ինքն է մանում իր սեփական ճակատագիրը»

ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵԲՈՆ

Պատմական օրինաչափություն է՝ բազմաթիվ ազգություններ անհետացել են միայն մեկ պատճառով՝ պետականությամբ պաշտպանված չեն եղել: Ի սկզբանե եղել է երկիրը, որը պետք է պաշտպանվեր ու պահպանվեր, ինչի հիման վրա էլ կայանար պետությունը: Երկիրը Հայրենիք՝ Պետություն, դարձնելու միտումը, փոխանցվելով սերնդեսերունդ, դառնում է բնազդային պահանջ:

Հայն արքայատյաց նկարագրի պատճառով մոտ հազար տարի իր իսկ երկրում ապրել է կորուսյալ պետականության հոգեբանությամբ: Բարեկեցության հույսերը զանգվածաբար կապելով անգո ինչ-որ ասպետ-փրկչի գալստյան հետ՝ հայն ի վերջո մերժեց սեփական պետությունն ազգովի կառուցելու եւ պահպանելու ընտրությունը: Սա է պատճառը նաեւ բազում արտագաղթերի, որովհետեւ եթե չկա ամուր պահպանված Պետություն՝ բնակչության արժանավայել կեցության երաշխիքը, չկա նաեւ Հայրենիք: Գենոֆոնդի պահպանման բնազդն էր շարժում արտագաղթը: Այսօր էլ նույնն է: Բայց մի՞թե գենոֆոնդը պաշտպանվում է սեփական երկիրը թողնելու ճանապարհով: Գուցեեւ… Չմոռանանք, սակայն, հայկական երբեմնի ստվար ու բարգավաճ գաղութների վերջաբանը: Այո՛, ազգի հոգին շատ կարծր է եւ դժվար է փոփոխության ենթարկվում: Բարաբային ընտրելիս, իսկ Հիսուսին խաչելության տանելիս էլ զանգվածն առաջնորդվում էր իր բնազդով. եւ սխալվեց: Եկավ մի Վերջ, որը Սկիզբ եղավ. նո՛ր հոգու սկիզբ, սթափության սկիզբ…

Ֆիդայականությունը Դավթի ժամանակաշրջանի ամփոփիչ փուլն էր: Եկավ ֆիդայականությունից դեպի պետականության ամրապնդում, դեպի կայուն Պետություն, դեպի պահպանված Հայրենիք անցման փուլը: Այս անցման շրջանն իր սկիզբն ուներ եւ իր զոհն էր պահանջում. եւ այդ Զոհը դարձավ Հայոց նորակերտ պետության վերջին ֆիդային եւ առաջին զինվորը:

Աշխարհն այսօր նույնն է, ինչ հազար տարի առաջ էր, բայց նաեւ շատ է ուրիշ: Կյանքն արագացել է, երկրագունդը փոքրացել… Նորից միաձուլվում ու բաժանվում է մարդկությունը, բայց այլ, շա՛տ այլ մակարդակի վրա: Ազգի հոգին այսօր ավանդական իմաստով կարծր լինելու իրավունք չունի. առանց այդ էլ մենք ուշացել ենք, շատ ենք ուշացել: Պետք է արագորեն փոխվի իրականության հանդեպ մեր ոչ իրատեսական վերաբերմունքը, եւ առնվազն չխանգարվի փոխողներին, քանզի այդ փոխողներն են ամենաիրական արժեքների միակ պահապանները: Հայրենիք ունենալու խնդիրը կարող է լուծվել միայն երկիրը պաշտպանելով, որը Պահպանման ամբողջական համակարգի ոչ երկրորդական բաղադրիչներից է. պահպանելով՝ ամեն ոք ի՛ր տեղում - լինի դա կրթության, տնտեսության, մշակույթի, գիտության կամ այլ ոլորտում:

Եվ այս ամենը՝ հաշվի առնելով համաշխարհային նոր մթնոլորտը եւ պահպանելով մեր առանց այն էլ օրինաչափորեն սակավաթիվ քաղաքական գործիչներին… Ներկայացվող գործերը հենց այս Վերջն ու Սկիզբն են ազդարարում:

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆՑ

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԵՐԿՐԱՊԱՀԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԽԱՎԱՐՈՒՄ ՎԱՌՎԱԾ ՋԱՀՆ ԷՐ

«Անընդմեջ խավարի մասին

խոսելու փոխարեն՝

լավ է մի մոմ վառել»

Հայրենի հողի վրա պետականության կորստից ի վեր եղել են բազում ընդվզումներ, 1-2 անգամ՝ նույնիսկ պետականության վերականգնման չհաջողված փորձեր: Պետության վերականգնման խնդիր չհետապնդելով՝ նախորդ դարավերջին մի բուռ ֆիդայիներ ելան իրենց ժողովրդի արժանապատվությունը փրկելու: Հենց այդ նվիրյալներն էլ 1918-ին՝ ռուսական բանակի հայազգի մի շարք սպաների հետ, Առաջին հանրապետության հռչակումից հետո, դարձան պետության բանակի կորիզը:

Պատմությունը կրկնվեց նաեւ 1988-ից հետո, երբ կազմավորվեցին ինքնապաշտպանական առաջին ջոկատները: Այս անգամ էլ դրված չէր պետականության վերականգնման խնդիր, իսկ երկրապահական շարժումը նույնությամբ կրկնում էր ֆիդայականին. պատահական չէ, որ մեր ջոկատների մեծ մասն ունեին կա՛մ ֆիդայապետերի, կա՛մ Պատմական Հայաստանի տարբեր շրջանների անուններ: Սակայն, ի տարբերություն Առաջին հանրապետության, այս անգամ պետությունը հյուծող ու կործանող հակամարտություն չառաջացավ ո՛չ պետության հիմնադիր-ղեկավարների, ո՛չ տարբեր ջոկատների միջեւ. եղած միակ փորձը կանխվեց հենց խանձարուրում, որի ընթացքում զոհվեցին Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը:

Երրորդ հանրապետության ղեկավարությանը հաջողվեց ազատամարտիկների ջոկատներն իրավամբ դարձնել տարածաշրջանում ամենամարտունակի ու ամենակազմակերպվածի համարումն ունեցող բանակի կորիզը: Դրանով է մեր բանակը շահեկանորեն տարբերվում մյուս նորանկախ պետությունների բանակներից: Մեր Երկրապահն ու Բանակը մեկ են, միասնական եւ մշտապես՝ պետության հրամանատարության ներքո: Երկրապահի հիմնադիրն ու ղեկավարն էլ պետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր:

Երկրապահ կամավորականների միությունը, որպես կազմակերպություն, հրապարակ ելավ այն ժամանակ, երբ պետությունն առաջնահերթությունների շարքում ուներ հայկական զինյալ ուժը կանոնակարգելու խնդիրը՝ աչքի առաջ ունենալով մեր Առաջին հանրապետության տխուր փորձը: Լուսահոգի Սպարապետին հաջողվեց ոչ միայն փրկել Հայաստանը Վրաստանի ու Ադրբեջանի անփառունակ նախադեպից, երբ այդ երկրների տարերայնորեն զինված խմբերն իրենց պետությունները նետեցին պարբերաբար բռնկվող հեղաշրջումների անդունդը՝ Հայաստանին թողնելով տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ կոչվելու շահեկան դիրքը, այլեւ առավելագույնս օգտագործել հենց Երկրապահի թիկունքում խաղաղորեն կայացող պետական բանակի հետ մեկ ամբողջականություն կազմելու բարեբաստիկ հնարավորությունը: Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ Հայաստանն աստիճանաբար զիջում է իր այդ դիրքը, իսկ հոկտեմբերի 27-ից հետո ահաբեկչական պետության պիտակից խուսափելը, ինչպես նաեւ տարածաշրջանային մեկուսացումը հաղթահարելը մեծագույն ջանքեր եւ քաղաքական իմաստնություն են պահանջում:

Ոչի՛նչ, որ քաղաքական վայրիվերումների ընթացքում մոռացվեց Երկրապահը, երբեմն նույնիսկ հանիրավի քարկոծվեց՝ հաճախ իր վրա վերցնելով պատերազմի պատճառով հայ հասարակության լարված կրքերի պարպման շանթարգելի ֆունկցիան. Հայրենիքի պաշտպանության սրբազնագույն ծառայությունից հետո՝ սա Երկրապահի երկրորդ մեծագույն ծառայությունն է պետության ու ժողովրդի առջեւ: Այսու՝ Երրորդ հանրապետության կայացման այդ փուլում պետականակերտիչ առաջին ու հիմնական գործոնը եղավ հենց Երկրապահը՝ իր Սպարապետի առաջնորդությամբ: Այդ եւ այլ նվճումներն ապահովվեցին, որովհետեւ ներդաշնակ էին գործում պետության քաղաքական եւ ռազմական ղեկավավարությունը:

Երկրապահ կամավորականների միության զարգացման տրամաբանական հաջորդ փուլը եղավ պետության համար դարձյալ ճակատագրական պահին ճիշտ կողմնորոշվելը: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հրաժարականից հետո պաշտպանության նախարար ու ԵԿՄ նախագահ Վազգեն Սարգսյանին հաջողվեց որոշակիորեն երաշխավորը դառնալ անցնցում իշխանափոխության: Այս հատվածում եւս պատմությունը դեռ արժանին մատուցելու է Երկրապահին՝ գնահատելով նրա անխառն հայրենասիրական բնազդից եկող բնատուր հանճարը, որի կրողն ու ուղղորդողն էր Վազգեն Սարգսյանը:

Այս ամենը հաջողվեց անել առանց ավելորդ քաղաքականացման: Պետք չէ ուրանալ, որ Երկրապահը երբեք չիջավ քաղաքական խաղերի մակարդակի, այլ եղավ Հայաստանում բնականոն քաղաքականության երաշխավորներից. մի բան, որ 2000 թվականին եւս, առավել քան երբեք, անհրաժեշտ է ու հրատապ:

Արդեն իսկ մինչեւ վերջ կազմակերպված երկրապահական զգաստությունն էր, որ մեզ ու մեր պատմությանը պատուհասած հոկտեմբերի 27-ին եւ հաջորդող օրերին ապահովեց զգոնության պահպանումը, զգացմունքներին չտրվելը՝ անգամ հեռուստաէկրանին հայտնվող լպիրշ ու տոնական քաղաքական որոշ դեմքերի ինքնագոհությունը տեսնելով: Ցավն առաջին հերթին Երկրապահինն էր, բայց չճչաց ցավից՝ հանուն դարձյալ Վազգեն Սարգսյանի երազած պետականության:

Արժեքներից բարձրագույնի՝ Հայրենիքի պաշտպանության գիտակցումն էր, որ ի տարբերություն Առաջին հանրապետության, որի կործանողներից մեկն էր մաուզերիստական մտայնությունը, Երրորդ հանրապետությանն այս տասը տարվա մեջ ոչ մի անգամ չբերեց «տանկային իշխանության»: Եվ այսօր նման ճամարտակություններ անելը, անգամ հեռավոր ակնարկներ կատարելը հավասարազոր է իրականությունը խեղաթյուրող սրբապղծության ու երախտամոռության: Իրենց խանձարուրից սկսած՝ Բանակն ու Երկրապահը, ի տարբերություն մեր Առաջին հանրապետության եւ իրենց տարածքային կորուստներով հայտնի հարեւան երկրների, ունեցել են պետության քաղաքական ղեկավարության հետ երբեք առճակատման չգնացած Մե՛կ Սպարապետ, եւ դա մեր ազգի ամենաազնվական զավակներից Վազգեն Սարգսյանն էր: Ավելին՝ նրանք, ովքեր փորձում են եւ դեռ կփորձեն Բանակի ներսում իրականացնել «Բաժանիր, որ տիրես» նենգ հակապետականությունը, ովքեր փորձում են նույնն անել Երկրապահում, ովքեր Բանակի ու Երկրապահի միջեւ սեպ խրելու անհաջող փորձ են կատարում, օրինաչափորեն դատապարտված են ձախողման: Այդ միասնականությունն արյունով է սոսնձված, ա՛յս հողից ծլարձակված լինելով է սրբագործված: Ինչպես 1996թ. ԱԺ շենքի վրա հարձակման պետական հեղաշրջման փորձը կանխելով Երկրապահն ու Բանակը դարձան պետության կայունության երաշխավորը, այնպես էլ 1999-ի հոկտեմբերի 27-ին սկսված պետական հեղաշրջման կասեցմամբ դարձյալ Երկրապահն ու Բանակը դատապարտված են պետության ոչ միայն կայունության, այլեւ բուն գոյության երաշխավորը լինել: Երկրապահը՝ որպես հասարակական կազմակերպություն, ու Բանակը՝ որպես պետական միակ մինչեւ վերջ կայացած եւ պերմանենտ զարգացման փուլ թեւակոխած կառույց, պետության ծառան են ու մասնիկը եւ թույլ չեն տա ոչ մի արկածախնդրի՝ վտանգելու նրա գոյությունը:

Բանակի կայացումից հետո կիսառազմական կառույցը՝ Երկրապահ կամավորականների միությունը, անցավ բացառապես հասարակական գործունեության՝ մեկ անգամ եւս ապացուցելով հայոց պետականության կայացմանն իր անմնացորդ նվիրումը: Երկրապահը երկրորդ անգամ զենք կվերցնի դարձյալ միայն Պետության կանչով՝ Պետության սահմաններին սպառնացող վտանգը չեզոքացնելիս՝ Պետական բանակին օժանդակելու համար:

1998 թ-ից վերսկսված քաղաքական ահաբեկչության 1999-ի հոկտեմբերի 27-ի կուլմինացիա դարձած ոճրագործության ոչ միայն իրականացնողներն ու կազմակերպիչները պետք է պատասխան տան, այլ առաջին հերթին գաղափարախոսներն ու պետության անվտանգությունն ապահովելու կոչված հանցավոր անփույթները, ապաշնորհները. գիտակցել է անհրաժեշտ, որ Հայաստանն այլեւս եւ վերջապես պետություն է, ուր զգացմունքից առաջ պետք է գործեն սահմանադրական կարգն ու օրենքները: Սա պետք է հնչի Երկրապահի երդման նման. սա՛ է խաղաղ պայմանների մեր երկրապահությունը: Ահաբեկչությունը, լինի դա քաղաքական թե կենցաղային, Պետությունը պարտավոր է կասեցնել, որտեղ Երկրապահն անվերապահորեն կաջակցի, քանի որ դրա դաժան փորձն էլ ունի:

Ճակատագրի բերմամբ 2000 թվականին Երկրապահը դարձյալ կանգնած է հերթական ընտրանքի առջեւ եւ դարձյալ պետության համար ճակատագրական պահի՝ կա՛մ քաղաքականանալ եւ անձամբ թույլ չտալ նահատակների արյան գնով ձեռք բերված ու ամրացման միտումներ արձանագրող պետականության սարգսյանական ուղու շեղում եւ վերջնահաշվարկում՝ պետականության կորուստ, կա՛մ Սպարապետի որդեգրած հասարակական կազմակերպության ծիրում մնալով՝ շարունակել պետականության կայացման դժվարին ու երկարատեւ գործընթացի երաշխավորներից առաջինը լինելու ծանր խաչը կրելը: Փառք Աստծո, Վազգեն Սարգսյանը նաեւ այս խնդրի լուծման բանաձեւն է ավանդել իր գործը շարունակելուց չհրաժարվողներին: Նա՝ ինքը ԵԿՄ-ի քաղաքականացված հատվածի համար ստեղծեց կուսակցական դաշտում գործելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորությունը: Հենց միայն սրանով ԵԿՄ-ն կարելի է համարել հանրապետության ամենադեմոկրատիկ կառույցը, ուր հանրապետական մեծամասնության կողքին կան նաեւ այլ կուսակցությունների անդամներ: Իրո՛ք, ԵԿՄ-ի, որպես կառույցի, առաջնահերթ նպատակը հայրենի պետության պաշտպանունակությանը նպաստելն է: Երկրապահ կամավորականների միության ամբողջական քաղաքականացումը (ինչին չի՛ գնա Երկրապահը) կլինի Վազգեն Սարգսյանի նախանշած ուղուց շեղում եւ հենց կազմակերպության վերջը, որը շատ կուզենային տեսնել հայտնի ուժերը: Չեմ բացառում՝ նախնական շրջանում գուցեեւ կլինեն որոշակի առերեւույթ հաջողություններ, բայց որը կլինի Երկրապահի գլխապտույտի ու ինքնակործանման հիմքը:

Պետք է դիմանալ նաեւ այս հերթական փորձությանը, չտրվել պահի գայթակղությանը, չշեղվել Երկրապահի հիմնական՝ բարձրագույն նպատակից: Երկրապահն այսուհետ եւս պարտավոր է համախմբված, ճիշտ լոբբինգային քաղաքականությամբ, ունեցած եւ դեռ ընդլայնելիք հնարավորություններով նպաստել զոհված ու ողջ տղաների գործի գաղափարը հասարակությանը քարոզելուն, լուծել դեռեւս լուծման կարոտ միության հարյուրավոր սոցիալական ու այլ կարգի խնդիրները:

ԵԿՄ-ի ամբողջ նախընթաց պատմությունն է ցույց տալիս, որ նա մշտապես եղել է առաջինը. այսուհետ առավել եւս պարտավոր է լինել առաջինը՝ հասարակական կազմակերպվածության ամենաբարձր ու քաղաքակիրթ օրինակը ցույց տալով: Վազգեն Սարգսյանին հաջողվեց այն, ինչ չէր հաջողվել ոչ մի հայ զորականի վերջին հազար տարում. նա ողջ հասարակությանը դարձրեց երկրապահ - երկիր պահող՝ ամեն մեկն իր տեղում: Մենք պարզապես պարտավոր ենք լինել նրա այս փիլիսոփայության կրողն ու աննախընթաց գործի շարունակողը, այլապես պատմությունը հերթական անգամ մեզ չի ների:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՎԵՐՋԻՆ ՖԻԴԱՅԻՆ

«Ֆիդայությունը քայքայումից դուրս եկող

կամ դեպի քայքայում գնացող

ժողովրդի պայքարի ձեւ է»

ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Սասնա ծռեր» էպոսից, ուր հայությունը խտացրած ներդրել է իր էությունը, ժամանակակից հայերը նախընտրում են «Սասունցի Դավիթ» ճյուղը: Ո՛չ Սանասարի կամ Բաղդասարի, ո՛չ Մեծ կամ Փոքր Մհերների, այլ հատկապես Սասունցի Դավթի արձանն են իրենց մայրաքաղաքում կառուցել, Երկրորդ աշխարհամարտում նրա՛ անվամբ են տանկային շարասյուն ստեղծել, հաճախ՝ ամբողջ էպոսն են անվանում «Սասունցի Դավիթ»: Պատճառը միայն այն չէ, որ օտարների լծի տակ լինելու Դավթի ժամանակաշրջանը չէր փոխվում վերջին հազար տարում, այլ որ ձեւավորվել է մի ժողովուրդ՝ բավականին տարբեր մինչ այդ եղածից եւ իր հեռու-մոտիկ հարեւաններից, ինչը հաշվի չառնելը հնարավոր չէ:

Ազատագրման կռվի գնացող Դավթի հրաժեշտի խոսքը, ուղղված «Սասմա մերերին ու քուրերին», կարող է հուզել ուզածդ ժողովրդի, սակայն անհասկանալի կմնա, թե ինչու է Դավիթը հաշտվածի խաղաղությամբ հրաժեշտ տալիս նաեւ «Սասմա ախպեր-տղերքին»: Չէ՞ որ ինքը գնում էր կռվելու հենց նմանատիպ «ախպեր-տղերքի» արաբ բանակի դեմ: Ինչու՞ իր հետ Դավիթը կռվի չէր տանում «Սասմա այդ ախպեր-տղերքին»: Գուցե չէի՞ն ուզում գնալ, այլապես մինչ այդ արժանապատվության որեւէ դրսեւորու՞մ եղած կլիներ՝ սեփական աշխատանքի արդյունքը եւ պատիվը՝ կանանց որպես հարկ օտարին անտրտունջ տալու փոխարեն:

Դավիթը գնաց մենակ. տարեցներից շատերն անիծեցին նրան, որ պարտության դեպքում իրենց լրացուցիչ փորձության է ենթարկելու՝ թույլ չտալով վայելել խաղաղավետ ճորտությունը, իսկ «ախպեր-տղերքն» էլ ներքուստ պիտի որ ուրախ լինեին, որովհետեւ պարտադիր Մատաղը Դավիթն էր՝ ո՛չ իրենք:

Կաբինետային այն գիտությունը, ըստ որի «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը «մարմնավորում է բազմաչարչար հայ ժողովրդի ազգային-ազատագրական հերոսական պայքարի փուլը», փուչիկ է, խաբկանք ու հակագիտություն: Մեկ հոգիանոց ազգ, մեկ հոգով ազգային-ազատագրական պայքար չեն լինում: Մեզ համար պարզապես հաճելի է անուժի ու վախկոտի ինքնախաբկանքը. մենք փրկություն չենք ուզել, մենք փրկիչներ ենք երազել, իսկ հայ ժողովուրդն ավելին չէ, քան ուրիշները, որ խաչի չհանի նրանց...

Սյունիքում, օրինակ, ազգային-ազատագրական շարժում 18-րդ դարում եղավ, երբ գրեթե բոլոր սյունեցիներն էին այս կամ այն կերպ մասնակից Դավիթ-Բեկի պայքարին. նույնը Նժդեհի առաջնորդությամբ կրկնվեց 20-րդ դարասկզբին՝ պահպանելով դավիթբեկյան ժողովրդական գնդերի սկզբունքը: Բագրատունյաց պետության անկումից հետո ինքնապաշտպանական մեկ-երկու դրսեւորում վերաճեց տեղային ապստամբության, բայց որպես ազատագրական շարժում Հայաստանի ամբողջ տարածքում կամ գոնե նրա մի զգալի մասում այն իսպառ բացակայել է մինչեւ 20-րդ դարավերջ: Ազատության պահանջն ունեցող սակավաթիվները կա՛մ դրսերում «աշխարհում առաջին Սահմանադրությունն» են գրել, կա՛մ դարձել ֆիդայի:

Ֆիդայիները՝ հատուկենտ այդ մահապարտները, որոնք ինքնակամ Մատաղի դերն էին առել իրենց վրա, չէին կարողանալու եւ չկարողացան ազգային-ազատագրական շարժում սկսել: Լավագույնն ինչ արեցին նրանք՝ ամբողջական սերնդի՝ Աստծո եւ Պատմության առջեւ ամոթի խարանից փրկության գրավական դառնալն էր: Արաբոն, որ առաջին հայ ֆիդային է համարվում, իր կյանքով ծնունդ տվեց էլի հարյուրների, հազարի: Հաշվե՞լ ենք արդյոք, թե քանի հոգի են ելել ազատագրական պայքարի՝ դարձել ֆիդայի, եւ որքան ժողովրդից: Հնարավո՞ր էր արդյոք 1915-ին կոտորել, ինչպես ասում ենք, 1,5 միլիոն հայ, եթե այդ 1,5 միլիոնից ու փրկված կես միլիոնից յուրաքանչյուր, շատ չէ, 100-ից ընդամենը 1-ը ունենար ազատության մարդկային պահանջ՝ դառնար ֆիդայի: Իսկ գոնե 100-ից 1-ը ունեցող որեւէ ժողովուրդ դեռեւս ո՛չ հայրենազրկվել է, ո՛չ էլ կոտորվել:

Ֆիդայական շարժում, այո՛, եղել է, բայց չի՛ եղել ազգային-ազատագրական շարժում, այլապես գոնե 100-ից 1-ը մասնակից կլիներ դրան, եւ 20 հազարի դեպքում արդյունքն էլ սա՛ չէր լինի: Մուշեղ Գալշոյանն է ճիշտ բնորոշել. «Ելի վերցու հրացան, ելի վերցու հրացան... Աղբյուր Սերոբը մեռնելու իրավունք էլ չուներ, նենգությամբ սպանեցին, բայց մեռնելու իրավունք չուներ... Աղբյուր Սերոբը... առյուծ տղերքը... համբերությունից դուրս եկած - գլխներից ձեռք քաշած այրեր... ինքնազոհություն... առասպելական-հեքիաթային հերոսություն... մեկը հազարի դեմ կռիվ...»: Իհարկե, հայերին կոտորել հրահանգած եւ Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելով զբաղված թուրքերն ու հայերի կոտորածներն իրականացրած քրդերը միասին ամենեւին էլ հազար անգամ շատ չէին հայերից (նույնիսկ տասն անգամ շատ չէին). նրանց ու մեր՝ կռվելու պատրաստ եւ իրապես կռվողների հարաբերակցությունն էր մեկը հազարի: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էր կամավորական Չարենցը հետգայում հուսահատ աղոթում. «Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան, թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էին «Առաքյալները» երգում. «Միակն էի ամբողջ գյուղից, իսկ մյուսները՝ փախեփախ, Ես ի՞նչ անեմ, որ ողջ գյուղը դարձավ մի հոտ փախստական»: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էր այլընտրանքից զրկված Գարեգին Նժդեհը ստիպված զարգացնում Վճռական մենակի գաղափարը:

20-րդ դարագլխի մինչեւիսկ քաղաքական կուսակցությունները չունեին ազատության պահանջ, նրանց կուսակցական ծրագրերում պետության մասին դրույթներ հայտնվեցին ընդամենը 1919-ին, երբ Ռուսական կայսրության քայքայման եւ Արամ Մանուկյանի՝ Սարդարապատ կազմակերպելու արդյունքում Հայաստանը մեկ տարի առաջ արդեն պետություն էր ճանաչվել: Ժողովրդական մտածողության այդ հիվանդ կերպը չհաղթահարվեց նույնիսկ Երրորդ հանրապետության ընթացքում, երբ քաղաքական կոչվելու հավակնություններով որոշակի սուրոգատային գոյացություններ, անպատիժ խախտելով Սահմանադրությունը, ստորագրություններ էին հավաքում պետականությունը ինչ-որ Ռուսաստան-Բելոռուսի նվիրաբերելու համար:

Հին ֆիդայիներին հիմա սիրում է ժողովուրդը. նրանցից այլեւս «վնաս» չկա՝ իրենց անդորրը հարվածի տակ չեն կարող դնել: Սիրում են, ինչպես Սասունցի Դավթին, քանի որ այդ հատուկենտներն իրենց ազատել են սեփական ընտրությունն ունենալու, առավել եւս՝ ազատությունը ձեռք բերելու եւ պահպանելու բեռից: Հիմա նրանց անուններով հանգիստ ինչ-որ բաներ են կոչվում եւ խնջույքներում սիրազեղ բաժակաճառեր ասվում:

Ազգային-ազատագրական ո՛չ ավանդական, ո՛չ բաժակաճառային շարժում սկսվեց Հայաստանում միայն 1988-ին, երբ երկրի բնակչության ստվար մասն այս կամ այն կերպ մասնակից էր առաջ քաշված ճիշտ կամ սխալ հարցերի լուծմանը: Շարժումն օրինաչափորեն պիտի հանգեր պետության հռչակմամբ եւ ավարտվեր՝ բանակի կազմավորմամբ: Շարժման քաղաքական առաջնորդները հիմնադրեցին պետությունը, իսկ ռազմական առաջնորդները՝ բանակը:

Ավարտվեց մեր պատմության չիրականացած հեղափոխական ցանկությունների այն փուլը, երբ երգվում էր. «Մի՛այն զենքով կա հային փրկություն»: Այժմ եկել էր նոր փուլ, ուր պիտի ասվեր. «Մի՛այն կայուն եւ ազատ զարգացման ունակ պետությամբ (նաեւ Պետական բանակով) կա հային փրկություն (փրկություն՝ ո՛չ գոյություն քարշ տալու ավանդական իմաստով)»: Պետության հռչակումը եւ բանակի կայացումն ազդարարեցին հայ ժողովրդի պատմության շարժումային-ֆիդայական շրջանի ավարտը: Շարժման շրջանն ավարտվեց, բայց շարժումայինները կան, ֆիդայական շրջանն ավարտվեց, բայց ֆիդայիները կան, որոնց՝ հասարակության մեջ արդյունավետ տարրալուծման քաղաքականությունը հաջողությամբ իրականացնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը (շարժումային եւ ֆիդայի՝ մտածողության եւ հոգեբանության առումով - գոնե 12 տարի անց մենք պարտավոր ենք Շարժումը փոխարինել Պետությամբ եւ Ֆիդայուն՝ Զինվորով - այստեղ չեն քննարկվի Շարժման ո՛չ առաջին՝ պահանջատիրական, ո՛չ երկրորդ՝ անկախական-ժողովրդավարական, ո՛չ երրորդ՝ անախրոնիկ-կուսակցական փուլերը): Տարրալուծման արժանի, իրենց ըմբռնված կամ չըմբռնված առաքելությունները արդյունավետ կամ անարդյունավետ սպառած այլ ինստիտուտներ - հարյուրամյա թե տասնամյա՝ էական չէ - պետությունն ու հասարակությունն այսօր էլ ունեն. եւ դանդաղելու է մեր ընթացքը, եթե մինչեւ վերջ չգիտակցենք այն մարգարեական խոսքի իմաստը, թե մեռելներին՝ որքան էլ հարազատ՝ թաղել է պետք (ցավոք, ցայսօր տրամագծորեն հակառակ եւ երկտարեցի առաջին դասարանցու մակարդակում է ընկալվում նույնիսկ Գարեգին Նժդեհի՝ Մեծ մեռելների մասին ասածը):

Սասունցի Դավթի եւ նախորդ դարագլխի ֆիդայիների հանդեպ հասարակական երկակի վերաբերմունքը տարածվեց նաեւ նորօրյա ֆիդայիների՝ երկրապահների վրա: Ժամանակ է հարկավոր, որ տոնական հայրենազեղումների պահերին իրենցից այնքան հեռու Արաբոյի, Աղբյուր Սերոբի ու Անդրանիկի հետ խմեն կենացը նաեւ իրենց հետ նույն ստարտային վիճակում եղած, բայց թաքնվող «ախպեր-տղերքի»՝ թույլերի ցածրակարգությունն իրենցով շեշտած Լեոնիդ Ազգալդյանի, Թաթուլ Կրպեյանի, Հրանտ Թումասյանի եւ մանավադ Վազգեն Սարգսյանի, սեփական ամլության վախից այլեւս չանիծեն նրանց, վարժվեն նրանց բերած ազատությանը: Նրանց մի կողմից սիրում էին եւ են, որ ինքնակամ Մատաղի դերն էին ստանձնել՝ «ախպեր-տղերքին» ազատելով այդ «հոգսից», մյուս կողմից՝ անիծում էին եւ են, քանի որ Ձենով Օհանի ու լաչառ կանանց պես սարսափում էին եւ են իրենց ճորտակենցաղության անդորրի խախտման համար: Վախենում էին եւ են, որովհետեւ անհնարին է մեղավորին՝ անմեղի կողքին լինել, թույլին՝ ուժեղի, տգեղին՝ գեղեցիկի, նյութապաշտին՝ մահապարտի. ամաչում-վախենում-ատում էին եւ են սեփական մերկության համար, ինչպես Ադամն ու Եվան՝ դրախտում գտնվելու վերջին օրը:

Ամենից ավելի պիտի ամաչեին-վախենային Վազգեն Սարգսյանից, որովհետեւ ուժեղն էր, ինքնազոհն ու մահապարտը: Նորօրյա պառավները սեփական վախը դրսեւորեցին չափազանց երկար կրակահերթերով, անշնչացած մարմնին` մուտանտին հատուկ հարվածներով: Հետագաները, եթե չառողջանան, իրենց վախը պիտի կոծկեն այնպես, ինչպես մենակ գնացող Սասունցի Դավթի, Արաբոյի ու մյուս սակավաթիվների պարագայում՝ նրա անունով կոչելով ամեն ինչ - այդպես էլ չհասկանալով, որ Վազգեն Սարգսյանից առավել է վազգենսարգսյանականությունը, որը չի տրվում մանրիկ մահկանացուներին, այլ՝ մի՛այն կանչված-ընտրվածներին...

Ի տարբերություն առաջին անձնազոհների՝ ֆիդայիների, Վազգեն Սարգսյան ֆիդային իր անձով խորհրդանշում էր նաեւ պետությունը, որ վերջն է ֆիդայության: Նա, լինելով ֆիդայիների պես միայնակ կռվի գնացող եւ Սպարապետ, միեւնույն ժամանակ սոսկական Սպարապետ չէր, այլ Զինվոր ու Պետությա՛ն պաշտպանության նախարար, որ իր վրա վերցնելով «ախպեր-տղերքի» ու ճորտության քաղցրությանը վարժված նրանց «մեր ու քուրերի»` (իմա՝ հասարակության) հանիրավի անեծքների բեռը՝ ի տարբերություն Սասունցի Դավթի կամ Արաբոյի՝ ստիպողաբար քաղաքացի ու զինվոր էր կռում «ախպեր-տղերքից», փրկչի հնացած ու իռացիոնալ դերին չհավակնելով՝ ստանձնել էր փրկությանը ժողովրդով՝ քաղաքացիներով հասնելու առաջամարտիկի դերը: Մեր երբեմն հերոսական, երբեմն ամոթալի, երբեմն ողբերգական, երբեմն արժանապատիվ պատմության եզակի երեւույթն է Վազգեն Սարգսյանն իր երկվությամբ, նա իր՝ Մատաղի արյամբ կապն է ամոթալի ստրկության շրջանի եւ պետության: Ժամանակակիցները, ճնշված նմանների տիրական ներկայությունից, չեն ներում նրանց գոյությունն իրենց կողքին, մինչդեռ ժամանակը միֆ, լեգենդ ու էպոս է դարձնում նրանց:

Ֆիդայության ինչպես սկիզբն էր գեղարվեստորեն առասպելական, այնպես եւ առավել քան՝ եղավ ավարտը, երբ դեռ մինչեւ վերջ չըմբռնվող ողբերգությամբ դրվեց վերջակետը: Բայց միայն Վերջը չէր վերջին Ֆիդային՝ Վազգեն Սարգսյանը, այլ Սկիզբն էր Վազգեն Սարգսյանը՝ առաջին Զինվորը...

Երանի այն սերունդներին, ովքեր ապրելու են Վերջին ֆիդայու եւ Առաջին զինվորի ճշմարիտ գիտակցման գալիքում: Երիցս փառք այն ժողովրդին, որ թեկուզ հազարամյակը մեկ՝ բայց ունակ է ծնելու Վազգեն Սարգսյան:

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԲՆԱԲԱՆԸ

Բռնության հետ կապված ցանկացած շարժում հանդիպելու է ճնշող դիմադրության, որը ոչնչացնելու է նման շարժումը: Եթե դուք կդիմեք հեղափոխական մեթոդների, ապա մենք առանց խղճմտանքի կճնշենք ձեր ցանկացած ցույց:

ՈՒԻՆՍՏՈՆ ՉԵՐՉԻԼ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱՆ

Ներկայացվող գրքույկը գալիս է շահեկանորեն հավելելու նախորդ դարի կեսերից սկսված գաղափարախոսական իրարամերժ դեգերումների շղթան, նորովի արժեւորելու ազգային-ազատագրական անվանված շարժման տրամաբանությունը: Հեղինակները հաջողված փորձ են կատարել իրատեսորեն ճշգրտելու 19-20-րդ դարագլխի ֆիդայության եւ Արցախյան շարժմամբ սկիզբ առած երկրապահության հոգեբանական նմանություններն ու խորքային տարբերությունները, ուրույն մոտեցում է ցուցաբերված անհատի եւ ժողովրդի միահյուսված, միեւնույն ժամանակ՝ հակասական տեղին ու դերին՝ պետականության վերականգնման պատմության հոլովույթում: Ամբողջության մեջ այս գործերը գալիս են կրկնելու ավետարանական հարցադրումը՝ «Ինչու՞ եք ողջերին մեռելների մեջ փնտրում»:

ԴՏՀ 32

ԳԴՄ 66

Հ 300

Հ 0801000000

0128(01)-2000

ISBN 99930-840-0-X

ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ ՄԻՔԱՅԷԼ: ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ:

Հ 300 «Վերջին ֆիդային»:

¡Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչություն: Երեւան: 2000. – 16 էջ: Տպաքանակ` 2000:

Հրատարակությունը նվիրվում է լուսահոգի ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան տարելիցին:

Առաջաբանը

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆՑԻ

Խմբագիրներ՝

ՎԱՐԴԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

(փիլիսոփայական գիտությունների թեկնածու)

ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆԻ

(պատմական գիտությունների դոկտոր)

Նկարիչ`

Ռուզան ԽԱԼԱԹՅԱՆ

Ձեւավորող`

Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

Տեխնիկական խմբագիր՝

Արմեն ՀՈՒՆԱՆՅԱՆ

Սրբագրիչ`

Սյուզաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

¡Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչություն:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Ծնվել է 1965թ., Երեւանում: 1987թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1990-ին՝ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդել է Պուշկինի անվան դպրոցում, Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանում: Եղել է լուսավորության նախարարության ծրագրամեթոդական եւ դասագրքերի վարչության պետ, լեզվի պետական տեսչության գլխավոր խորհրդական, պաշտպանության նախարարության Հատուկ քարոզչության բաժանմունքի պետ: 1993-ից դասախոսում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում. բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական, հարյուրավոր այլ հրապարակումների, գրքերի: Եղել է «Շրջան», «Օրեր», «Երեւանյան օրեր», «Երկրապահ» թերթերի հիմնադիր-խմբագիրը: 1998թ. անդամագրվել է Պահպանողական կուսակցությանը՝ դառնալով նրա նախագահը: Մինչ այդ որեւէ այլ կուսակցության անդամ չի եղել:

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ծնել է 1958թ. Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, այնուհետեւ Գյուղակադեմիայի տնտեսագիտության բաժինը: Մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին: 1990-99թթ. բարձր պաշտոններ է զբաղեցրել Զինված ուժերում: Եղել է Պետեկամուտների փոխնախարար, Կառավարության վարչության պետ: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահության անդամ է, պաշտոնաթող գնդապետ:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.