"ՇԵՄ" մատենաշար

21 հարց ու պատասխան. այսօրվա եւ վաղվա

Հայրապետեան Միքայէլ |


ՄԱՏԹԷՈՍ, ԻԲ, 14.

Ներկա դարաշրջանը բնութագրվում է երկրաքաղաքական արմատական փոփոխություններով, որոնց առկա պատճառները բազմազան են: Այդ փոփոխությունների ընթացքում ներկայիս պետությունները պետք է տեղավորվեն նորովի ստեղծվող նոոսֆերայի գոյատեւման կանոններում, ինչը նախատեսում է մի կարեւոր նախապայման, առանց որի մի շարք պետություններ կարող են դուրս մնալ աշխարհի վերակառուցման գործընթացներից: Ո՞րն է այդ նախապայմանը:

Ցանկացած պետություն, որպես «Է», ղեկավարվում է հասարակության՝ իշխանության գլուխ կանգնած որոշակի շերտի ներկայացուցիչների կողմից, որոնց գործելակերպը նպաստում կամ խանգարում է պետության զարգացմանը: Որքան գիտակցորեն եւ սթափ է վարվում քաղաքականությունը, այնքան խրթին է պետականության զարգացումը, այնքան դժվար է դառնում այն խոչընդոտելը:

Եթե բացառենք Կարեն Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագաները, ապա կարող ենք արձանագրել, որ այսօրվա Հայաստանի քաղաքական գործիչները գերակշռող մեծամասնությամբ չեն համապատասխանում ժամանակի պահանջներին: Սակայն երկու գործիչը շատ քիչ է պետականությունը պատշաճ մակարդակի հասցնելու եւ պահելու համար: Ըստ այդմ էլ՝ ծառանում է ավագ սերնդի կարողունակ ներկայացուցիչների ընտրության եւ անցյալի բարդույթներից ձերբազատված նոր՝ ետանկախական սերնդի առավել ճկուն ներկայացուցիչներից համապատասխան մակարդակի քաղաքական գործիչների պատրաստման հրամայականը: Խոսքս վերաբերում է քաղաքական ընտրանու (էլիտա) եւ նրան հատուկ ավանդույթի ստեղծմանն ու ամրապնդմանը:

Մեզանում շարժումները, կուսակցությունները դեռեւս ընկալվում են ոչ թե գաղափարական-հոսանքային, այլ անհատականացված. կա՞ անհատը՝ կա կուսակցությունը, չկա՞ անհատը՝ չկա եւ կուսակցությունը: Զանգվածային հոգեբանությունը պետք է արմատապես վերափոխվի՝ անհատականացված քաղաքականությունը սինթեզվի ընկերային (սոցիալ) քաղաքականության հետ:

Ըստ էության, ներկայացվող «XXI»-ը, անկախ իր «ընդունելի» կամ «անընդունելի» լինելուց, անկախ իր «վտանգավոր» լինելուց (եղան նաեւ նման կարծիքներ)՝ կենսականորեն հրատապ է: Հրատապ է, որովհետեւ ժառանգականության ընդհատման վտանգից փրկելու եւ փրկվելու՝ անկախության «կորուսյալ» սերնդի միակ համակարգված հայտն է, որովհետեւ շարժ է տալիս մտքի եւ հոգու, շարժ է տալիս նոր՝ քաղաքացիական հասարակության կայացմանը:

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆՑ

1999.

Հ. Գ.

Վերադառնալով Միքայէլ Հայրապետեանի «21 հարց ու պատասխանին»՝ հերթական անգամ համոզվում ես, որ միանգամայն հստակ էր դրված շեշտը՝ «Այսօրվա եւ վաղվա»:

Երկիր մոլորակի այժմյան քաղաքական իրավիճակը խիստ թեժացած է եւ ժամանակի առումով՝ խտացված: 2001թ. սեպտեմբերի 11-ը մարդկության պատմության նոր էջի մեկնարկն ակնհայտ դարձրեց՝ կանգնեցնելով ահաբեկչության կործանարար ալիքի առաջ ու պահանջ առաջացնելով վերանայել թե՛ համայն մարդկության զարգացման ուղիները, թե՛ Հայոց պետականության վերակառուցման գործընթացը:

Իհարկե, Երրորդ հանրապետության կայացման առաջին իսկ քայլերին գնդակահարվելով՝ Հայոց պետականությունը կորցրեց առանց այն էլ ակավաթիվ կարեւոր գործիչների, բայց, քանի որ կյանքը շարունակելի է, մենք պետք է այսօր գտնենք դրվող հարցերի լավագույն լուծումները: Եվ այդ լուծումների ուրվագծերը թաքնված են վերահրատարակվող այսօրվա եւ վաղվա «21 հարց ու պատասխանում»:

Գ. ՍԱՐԳՍՅԱՆՑ

2002.

21 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

այսօրվա եւ վաղվա

1. - Ի՞նչ է ազգը:

1. - Ազգը բանականության եւ հոգեկերտվածքի կերպ է, բնազանցական (մետաֆիզիկական) ընդհանրություն. այն «լավ» կամ «վատ» լինել չի կարող. այն կարող է կա՛մ լինել, կա՛մ չլինել:

2. - Ո՞րն է հայ ազգը:

2. - Հայ ազգը բանականության եւ հոգեկերտվածքի այն կերպն է, որը կանոնակարգվել է Հայկական լեռնաշխարհի թելադրանքներով, մտածողության եւ հոգեւոր ներաշխարհի ամփոփում հայոց լեզվով:

3. - Ի՞նչ է ժողովուրդը:

3. - Ժողովուրդն ազգի նյութեղենացած այն հատվածն է, որը գոյում է ժամանակի մեջ. ժողովուրդը, որ միաժամանակ ապրող մի քանի սերնդի ամբողջություն է՝ ազգ շղթայի՝ միմյանց ագուցված օղակներից, կարող է մարմնավորել իր ազգի էության այս կամ այն կողմերը, լինել կենսունակ կամ անպիտան, ժառանգականությամբ ապահովել ազգի լինելությունը կամ իր խեղմամբ դատապարտել ազգը չգոյության:

4. - Ո՞րն է հայ ժողովուրդը:

4. - Հայ ժողովուրդները շատ են: Մի հայ ժողովուրդ կարող էր Էրեբունի կառուցել ու պաշտել իր նախապապերին, մեկ այլ հայ ժողովուրդ կարող էր ստեղծել Տիգրան Մեծի կայսրությունը, մյուսը՝ ընդունել քրիստոնեությունը, մեկ այլը՝ արարել հայոց ներկա այբուբենը, մեկ ուրիշը՝ ստանալ պետականություն ու կորցնել այն... եւ այսպես շարունակ: Երկրորդ հազարամյակի վերջի հայ ժողովուրդն աղոտ ժառանգորդն է ամբողջ նախընթացի, քրիստոնյա է, մուսուլման, աթեիստ, մովսեսական... հայախոս, ռուսախոս, անգլախոս... հայրենաբնակ, տարագիր, արժեքային քաոսային հակահամակարգի մեջ: Կկարողանա՞ կենսունակ լինել հայ ժողովուրդն իր այսօրվա հարեւան եւ աշխարհի այլ ժողովուրդների շարքում՝ կունենա արժանապատիվ Կյանք, չի՞ կարողանա՝ միանգամից կամ աստիճանաբար կվերանա՝ իր հետ չգոյության տանելով հայ ազգը, որի կրողն է ինքը: Գոյության եւ զարգացման բնատուր, աստվածատուր իրավունքը կենսունակ հանրույթներինն է: Զարգացումը եւ հավասարակշիռ բացվածությունը նորի հանդեպ՝ կենսունակ ժողովուրդների հատկություններն են:

5. - Ո՞րն է հայ ազգի կրոնը:

5. - Ազգը կրոն ունենալ չի կարող: Կրոններ որդեգրում եւ դրանցից հրաժարվում են ժամանակի մեջ գոյող ժողովուրդները: Ե՛վ հեթանոս, ե՛ւ քրիստոնյա, ե՛ւ այլահավատ ու անհավատ հայերի համար ընդհանուրը բարեպաշտությունն է, լույսի ընտրությունը. այսօր հայ-առաքելականներից շատ՝ կան անհավատ (աթեիստ) ու տարահավատ հայեր: Այս կտրվածքում պետք է շեշտադրել ոչ թե սրանց բաժանող, այլ ընդհանրացնող հանգամանքը, որն է՝ բարեպաշտությունը, լույսի ընտրությունը:

6. - Ի՞նչ է հայրենիքը:

6. - Հայրենիքը եռաստիճան համակարգ է. կան նյութական, բանական եւ հոգեւոր հայրենիքներ. ճշմարիտ Հայրենիքը սրանց ամբողջությունն է:

7. - Ո՞րն է հայի հայրենիքը:

7. - Նյութական հայրենիքը (մայր հայրենիք) այն կենսատարածքն է, որն ընկալվում է որպես իր եռաստիճան կամ այդ աստիճաններից մեկում գոյող ես-ի գոյավորման բնօրրան, որտեղ, Աստծո կամոք, հնարավորություն է տրվել կառուցել իր Մեծ Տունը՝ պետականություն ունենալ. նյութական հայրենիքը հայի համար Պատմական Հայաստանն է. խեղման պարագայում ոմանք այն չունեն՝ բավարարվելով «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» բացառապես կենսաբանական մակարդակի բնազդով: Բանական հայրենիքն այն տարածական եւ իրավական համակարգն է, ուր սեփական մշակութաբանական կերտվածքին (գենետիկ կոդին) հարազատ՝ առավել ներդաշնակ զարգացում կարող է ապահովվել. բանական հայրենիքը հայի համար Հայաստանի պետությունն է. ոմանք այն չունեն՝ բավարարվելով առաջին մակարդակի՝ նյութական հայրենիքով: Հոգեւոր հայրենիքը չի սահմանափակվում ո՛չ տարածության, ո՛չ ժամանակի մեջ, այն ոչ մի կողմից սահմաններ չի ճանաչում. Հոգեւոր հայրենիքը, բնականության եւ ներդաշնակության դեպքում, խարսխվում է առաջին եւ երկրորդ մակարդակների հայրենիքների վրա, այլապես անհատը սեփական պետության մեջ կարող է եւ իրեն վտարանդի զգալ: Այս երեք հայրենիքների՝ կենսատարածք, պետություն եւ հոգեկանություն, բրգաձեւ կառույցն է ճշմարիտ Հայրենիքը եւ, ամբողջության մեջ, կապ չունի հարատեւ կռվի կամ պացիֆիզմի, աջի կամ ձախի ու նման բաների հետ. ամբողջության մեջ Հայրենիքն առաջին հերթին բովանդակություն է, նաեւ՝ ներքին ձեւ եւ ոչ սոսկական ձեւ:

8. - 1915-ին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության. ո՞վ է հայի թշնամին:

8. - Հայը, ինչպես եւ նորմալ որեւէ այլ ժողովուրդ, չի կարող թշնամի ունենալ: «Թշնամին» թուլացնելու, հիվանդացնելու համար ստեղծված իռացիոնալ դրույթ է: Ժողովուրդների եւ դրանով՝ ազգերի գոյության պայքարի ձեւերը հաճախ են ընդունում բարբարոսական բնույթ. հաղթում են, գոյատեւման իրավունք են ստանում պայքարի մեջ առավել կենսունակները: Ըստ այդմ՝ թուրքերը եւ բոլոր ժողովուրդները մեզ եւ միմյանց համար ոչ թե թշնամի, այլ մրցակիցներ են: Նույնիսկ պայքարի եւ հաղթանակի տրամաբանությունը չի հանդուրժում «թշնամի» ու «բարեկամ» կատեգորիաները. նման ձեւակերպումներն արդարացվում են միայն սեփական շահին ծառայեցնելու դիրքերից՝ ժամանակի փոքր կտրվածքում (պատերազմների ընթացքում եւ այլն): Չկա՛ թշնամի՝ կա մրցակից, չկա՛ բարեկամ՝ կա դաշնակից: Եվ սրանցից ոչ մեկը հավիտենական լինել չի՛ կարող: Պատմության ընթացքում բազմիցս «թշնամու» կարգավիճակում հանդես եկած պարսիկներն այսօր մեր «բարեկամն» են, հույները, ասորիները՝ եւս, իսկ մեր «թշնամիներից» շատերը՝ խեթեր, մարեր, քուշաններ եւ այլն, այսօր չկան, եւ մենք նրանց չենք «ատում»: Կնշանակի՝ պատմության ընթացքը սերը կամ ատելությունը չեն առաջնորդում, այլ շահը: Շահում են նրանք, ովքեր լուրջ չեն ընդունում եւ ընդամենը խաղարկում են այդ «բաժանումները», ովքեր ժամանակին եւ ճիշտ են կատարում մրցակցային եւ դաշնակցային վերադասավորումները: 1915-ը պատմության դաժան, միեւնույն ժամանակ օրինաչափ ապտակն էր իմունոհամակարգի խեղում ապրող հայությանը, իսկ խեղումը հասուն քաղաքական համակարգային մտքի եւ կազմակերպված հասարակության բացակայությունն էր: Պետություն ունեցող որեւէ ժողովուրդ առ այսօր ցեղասպանության չի ենթարկվել. ցեղասպանություն իրականացվում է բացառապես պետություն չունեցող ժողովուրդների հանդեպ: Պետություն ունեցող ժողովուրդները վատթարագույն դեպքում պատերազմում են միմյանց դեմ, իսկ պետություն չունեցող ժողովուրդների համար պատերազմն էլ է շռայլություն համարվում` նրանց պարզապես ցեղասպանում են (սպիտակ թե կարմիր` էական չէ): Մեծ եղեռնը մեր ազգային ողբերգությունն է, եւ չի կարելի թույլ տալ, որ այն մանրադրամ դառնա ուրիշների առեւտուրներում:

9. - Ի՞նչ է Ազատ, Անկախ, Ծովից-ծով Հայաստանը, ո՞րն է Հայ դատը:

9. - Դա հայ ժողովրդի հիմարացնելուն ծառայող պաթետիկ բառակույտ է, չհամակարգված մտածողության եւ արժեքային քաոսի արդյունք: Ամեն ժողովուրդ բարոյական եւ օրինական իրավունք է ստանում խաղի մասնակից լինել միայն անկախություն՝ պետություն ունենալու դեպքում: Այսօր 50 միլիոնանոց, մեծ մշակույթ ու հոգեւոր հսկայական ժառանգություն ունեցող տիբեթցի ժողովուրդը, մեզ հարեւանող 30-40 միլիոնանոց քուրդ ժողովուրդը եւ ուրիշ շատերը՝ պետություն չունենալու պատճառով, օրինակ, ՄԱԿ-ում ձայն չունեն, մինչդեռ 2-3 միլիոնանոց Հայաստանը, Վրաստանը, Կարիբյան ավազանի՝ մեր հնացած պատկերացմամբ միասնական ազգ չձեւավորած պետությունների նույնալեզու, նույնահավատ ու նույն մշակույթն ունեցող բնակիչներն իրենց պետություններով ՄԱԿ-ում հանդիսավորապես ներկայացված են: Համաշխարհային քաղաքակրթության մեջ ամեն ժողովրդի այցեքարտը ոչ թե նրա ներդրած երբեմնի հոգեւոր գանձերն են, այլ կենսունակության բարձրագույն ցուցիչ պետականությունը. սա պետք է գիտակցվի, որքան էլ հայ ժողովրդի հնաբույր պատկերացումներին չհամապատասխանի ու ռոմանտիկորեն ցավալի լինի:

Այն, ինչը ժողովուրդների համար կոչվում է անկախություն, անհատի համար անվանվում է ազատություն: Բոլոր այն թեկուզեւ անկախ պետությունները, որտեղ քաղաքացին ազատ չէ, դատապարտված են կործանման: Թեկուզեւ ժողովրդավարությամբ փետրազարդված՝ բռնապետական համակարգերը վերանալու են օրինաչափորեն: Հայաստանը եթե նույնիսկ դառնա տարածաշրջանի ամենահզոր բանակը, ամենազարգացած, բայց ամբողջատիրական տնտեսություն ունեցող պետությունը, միեւնույնն է՝ կկորցնի իր գոյության ու ճշմարտապես զարգացման միակ հիմնական կռվանը՝ պետականությունը, եթե քաղաքացին ազատ չլինի: Հայաստանը երրորդ հազարամյակի առնվազն սկզբին՝ ազատությունից բացի այլընտրանք չունի: Ազատության մասին հնարավոր է խոսել, երբ առկա է առաջին պայմանը՝ անկախությունը: Այսինքն՝ ոչ թե ազատ-անկախ, այլ՝ անկախ եւ ազատ:

Հայաստանը «ծովից-ծով» եղել է միայն 1-2 տասնամյակ՝ Տիգրան Մեծի թագավորման միջնամասում: Ամեն ժողովուրդ ունի այնքան տարածք, որի արդյունավետ վարման եւ պաշտպանության իր արժանավորությունն ապացուցել է շրջապատող ժողովուրդների նկատմամբ: 1990-99թթ. հայ ժողովուրդն ավելի կենսունակ էր, քան իր հարեւան ադրբեջանցիները, ուստի ավետարանական ճշմարտության պես՝ «վատ ու չար ծառայից» վերցվեց նրա չունեցածն էլ եւ տրվեց առավել կենսունակին: Կապացուցե՞նք մեր կենսունակությունը՝ կմարսենք կենսունակների այդ սերնդի վերցրածն էլ եւ կավելացնենք նորերը, չե՞նք լինի կենսունակ՝ կկորցնենք այն, ինչ կարծել ենք, թե ունենք: Սա՛ է պատմության եւ քաղաքակրթության տրամաբանությունը, օրինաչափությունը:

Այսինքն՝ «ծովից-ծովի» մասին ճամարտակում են նրանք, ովքեր ռեալ մտածելու ունակ չեն: Անհրաժեշտ է մտածել կենսունակության մասին, որի պարագայում «ծովից-ծովը» եւ այլ իռացիոնալությունները լուծվում են ինքնաբերաբար. 2000 տարի առաջ է Քրիստոսը հուշել՝ ասելով ճրագները մշտապես վառ պահելու մասին:

Իսկ Հայ դատը նույն «ծովից-ծովի» հորինողներն են հեղինակել՝ որպես արդյունք քաղաքական մտքի տհասության: Այն ժողովուրդները, ովքեր իրենց հարցերը փորձում են դարձնել միջազգային դատ՝ դրանով իսկ խոստովանում են իրենց ոչ կենսունակ, թույլ, մարդկային մեծ ընտանիքին անպիտան լինելը: Առավել եւս պետության պայմաններում Հայ դատ ասվածը թունավորում է մտքերն ու հոգիները՝ պետության գերակայությունից, պետական շինարարությունից ուշադրությունը շեղելով ու եղած ներուժն անիմաստ փոշիացնելով: Գերմանիան ու գերմանացիները բաժանված լինելով ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի, Իռլանդիան ու իռլանդացիներն այսօր էլ բաժանված լինելով Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի, Հնդկաստանն ու հնդիկներն այսօր էլ բաժանված լինելով Հնդկաստանի եւ Պակիստանի... եւ այսպես շարունակ, երբեք չփորձեցին միջազգային դատի վերածել իրենց հարցերը, քանի որ գիտակցել են, թե հարցերը բացառապես լուծվում են կենսունակ պետություն եւ առողջ հասարակություն ունենալու ճանապարհով: Քանի դեռ հայության մեջ որոշակի շեմը հատած տոկոս կկազմեն Հայ դատի հիվանդությամբ տառապողներն ու դրանով կվարակեն նաեւ պետությունը, հայության վերջին ու միակ հույսի՝ հայ պետականության գլխին կախված կմնա կործանման ամենաիրական վտանգը: Ժամանակին Եղիշե Չարենցը, չնայած բանաստեղծական ձեւում, սակայն հենց այդ նույն իրողության մասին է հստակ գիտակցել տվել, որ «մեռելներին, որքան էլ հարազատ, թաղել է պետք». ավելացնենք՝ առավել եւս՝ մեռելածիններին:

10. - Ո՞րն է կարգախոսը. հանուն ինչի՞ է սրբազան պատերազմը:

10. - Կարգախոսները կենսունակ են միայն ժամանակի մեջ, ինչպես, ասենք, 5-րդ դարի վիճարկելի «Մահ կամ ազատությունը» վտանգավոր անախրոնիզմ է 20-րդ, առավել եւս՝ 21-րդ դարում: Այսօր պետք է աշխատել իրավական, ամուր, բայց ոչ ամբողջատիրական պետության, անշրջելի ժողովրդավարության, քաղաքացու իրավունքների, քաղաքացիական հասարակության, պետական բարոյականության, սեփական դեմքը չկորցնելու՝ բայցեւ համաշխարհային ինտեգրացիայի, հազար տարվա մենությունից դուրս գալու, նորագույն տեխնոլոգիաների, թեթեւ, սննդի եւ քիմիական արդյունաբերության եւ ամենակարեւորը՝ ոգեղենության մթնոլորտի համար: Համաշխարհային զարգացումներին զուգընթաց՝ սրանք եւս կփոփոխվեն՝ բացառված չէ՝ մինչեւ տրամագծորեն հակառակ որակի: Ցանկացած նորմալ ժողովրդի համար հավերժական կարգախոս կարող է լինել միայն ազատության գիտակցումը՝ Ազատությունը:

Պատերազմը չարիք է եւ երբեք չի կարող լինել սրբազան: Դեռ հին հույներն էին նկատել դա, երբ «սրբազան պատերազմում» զոհված Աքիլլեսն այն աշխարհից Ոդիսեւսին ասում է. «Ավելի լավ է լինել վերջին ծառան Երկրում, քան արքա՝ մեռյալների թագավորությունում»: Պատերազմը մտքի եւ հոգու ճակատներում կրած պարտության խոստովանությունն է, քանի որ միշտ էլ կարելի է հաղթել մինչ այդ եւ գործը չհասցնել արյան ու ավերի: Պատերազմից խուսափելու համար պետք է ջախջախիչ հաղթանակներ տանել մտքի եւ հոգու ճակատներում, բայց հաշվի առնելով մարդկային պատմության փորձը՝ մշտապես պատրաստ լինել նաեւ պաշտպանական իրական պատերազմին: Պատերազմն արդարացված է, եթե այն հանուն Կյանքի է, իսկ Կյանքը տիեզերքի թրթիռներին ներդաշնակ ապրելն է: Այդ դեպքում է միայն, որ պատերազմը պատերազմ չէ, այլ բնության օրինաչափություն՝ գոյապայքար՝ հանուն Արեւի տակ սեփական տեղի: Գոյապայքարի նպատակը ոչ թե մահն է, այլ Հաղթանակը՝ Կյանքը: Անիմաստ է այն մահը, որը նոր Կյանքի սկիզբ չէ, ինչպես Հիսուսի Խաչելությունը՝ Հարության: Կյանքը նույն ինքը Բարոյականությունն է, իսկ բարոյականությունը բնության կողմից տրված ապրելու իրավունքի դիմաց ունեցած պարտքի գիտակցումն ու դրա կատարումից չհրաժարվելն է: Ամեն անհատ, եթե մակաբույծ չէ, ապա պարտք ունի իր մեծ եւ փոքր ես-երի՝ պետության եւ ընտանիքի առջեւ, որի անվերապահ կատարումը Կյանքի գրավականն է: Բարոյական մարդ կարող է կոչվել միայն Քաղաքացին, քանի որ միայն նա՛ ունի իրեն իրավունք եւ պարտք տվող՝ Պետություն: Կեղծ, հորինովի արժեքների վրա են հիմնված «սրբազան պատերազմները». սրբազանը գոյապայքարն է՝ մանկան արցունքը ժպիտի վերածելու, մահը Կյանքով փոխարինելու համար:

11. - Այդ դեպքում, կա՞ պատմական առաքելություն:

11. - Ինչպես մարդու ամեն մի օրգան բնության կողմից նախատեսված է ամբողջական մարմնի ներդաշն գոյությունն ապահովելու համար (աչքերով տեսնում եւ ոչ լսում են, ոտքերով շարժվում եւ ոչ մտածում են), այնպես էլ ազգերը մարդկության միասնական օրգանիզմում կատարում են իրենց նախասահմանված առաքելությունները: Տգիտության արդյունքում կարող է առաքելությունը ճիշտ չընկալվել, եւ կհետեւեն արժեքային քաոսը, ընդհանուր զարգացման խանգարումը (եթե ձեռքերը խառնվեն ոտքերին վերապահված գործունեությանը, ապա մարդը ետընթացով չորքոտանի կդառնա, սխալ հիգիենայի արդյունքում հիվանդացած ատամը կարող է խանգարել ե՛ւ մյուս ատամների, ե՛ւ այլ օրգանների առողջ գործունեությանը), որի արդյունքում դարձյալ կհետեւի Քրիստոսի ավետարանական ճշմարտությունը. «Եթե խանգարում է քո աչքը կամ ձեռքը, ապա կտրիր եւ դեն նետիր, որովհետեւ ավելի լավ է կորցնես մարմնիդ մի անդամը, քան ամբողջ մարմինդ»: Այդպես են եւ ավելորդ ու բորբոքված կույրաղիքի, հիվանդ այլ օրգանների դեր ստանձնած ազգերը, որոնք հեռացվում են սանիտարի դեր կատարող մի մասի կողմից՝ մյուսների լռելյայն կամ ցավին չհամակերպվող ճչոցներով:

Չկան առաքելություն չունեցող ազգեր. կան իրենց առաքելությունը չգիտակցող ու վատ կատարող ազգեր, որոնք ժամանակի ընթացքում դառնում են մարդկության զարգացման խոչընդոտներ ու իրենք իրենց դատապարտում ոչնչացման, իսկ «Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում»:

12. - Ո՞րն է հայ ազգի առաքելությունը:

12. - Վերջին երկու հազար տարում հայերի գրեթե բոլոր սերունդները դժբախտաբար ապրում են միայն ետ նայելով ու երազելով, իրենց փառքն անցյալի մեջ փնտրելով: Եվ այդ անցյալում, որպես դրական, գտնում են միայն գիտական ու հոգեւոր արժեքներ: Այդտե՛ղ պետք է փնտրել հայի առաքելությունը, որը երբեք չի կարող մեկուսի եւ ինքնանպատակ լինել, այլ պետք է ծառայի իր եւ իրենով՝ համայն մարդկության առաջընթացի գործին:

Ինչպես որ անհնար է, երբ մարմնի մի անդամի հիվանդության պատճառով չտնքա, չջերմի ամբողջ մարմինը, չխանգարվի ամբողջ մարմնի նորմալ կենսավիճակը, այնպես էլ անհանդուրժելի է մարմնի մի առանձին անդամի չաճելը կամ գերաճը, երբ որոշակի տրամաբանությամբ է աճում ամբողջ մարմինը. անդամների միջեւ կապն օրգանական է: Այսօր հպարտությամբ ցուցադրվող Գառնին հելլենիստական շրջանի հայկականացված արդյունք է: Իսկ որքա¯ն շրջաններ են Հայաստանն ու հայությունը բաց թողել խեղված ինքնամփոփության դարերում: Բաց համակարգը ձուլում, վերացում է նշանակում ոչ կենսունակների համար, իսկ կենսունակ հանրույթները, բացվելով աշխարհի հետ, նրա ամենայն լավն ընդունում են սեփական պրիզմայով, ազգայնացնելով, իսկ վատը, գենետիկ կոդին խորթը վանվում են ինքնաբերաբար՝ ապահովելով թունավորումից եւ այլասերումից:

13. - Ե՞րբ են վերանում ազգերը:

13. - Ազգերը վերանում են այն ժամանակ, երբ իրենց հակադրում են ամբողջ մարդկությանը՝ փոխանակ ընկալելու տարբերությունների վրա հիմնված ամբողջականության ներդաշնակությունը: Այն ժամանակ, երբ մրցակցին՝ թշնամի, գործընկերոջը՝ բարեկամ, պահը՝ հավիտենականություն են ընկալում: Այն ժամանակ, երբ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հրաժարվում են կատարել իրենց առաքելությունը՝ վտանգելով համայն մարդկության զարգացման տրամաբանությունն ու օրինաչափությունը: Այն ժամանակ, երբ դառնում են ծայրահեղական-հեղափոխական կամ քարացած-դոգմատիկներ: Այն ժամանակ, երբ կորցնում են օրինաչափությունների զգացողությունը եւ օբյեկտիվ իրողություններին հարմարվելու փոխարեն կա՛մ կորցնում են իմունոհամակարգը, կա՛մ տեսակային մուտացիայի ենթարկվում. այդպես մոլորակի բնակլիմայական փոփոխության արդյունքում դանդաղաշարժ, չհարմարվող, բացառապես խոտակեր՝ թեկուզեւ խոշոր կենդանիները տեղը զիջեցին ճարպիկ, հարմարվող, մսակերությունը հիմնականում չբացառած ժամանակակից կենդանական աշխարհին: Այդպես է եւ ազգերի պարագայում - ստորակարգերը, թույլերը, անընդունակները, հեղափոխականները, դոգմատիկները մշտապես փոխարինվում են բարձրակարգ, կենսունակ, ուժեղ, հարմարվող ու ճկուն ազգերով: Ազգերը վերանում են նաեւ այն ժամանակ, երբ տեղի է ունենում ներազգային խեղում, հակաբնականություն, երբ սեռական այլասերումը փոխարինում է ընտանիքին, երբ հոգու արտահայտիչ սեփական լեզուն փոխարինվում է օտարինով, երբ իշխող է դառնում Խորենացու զգուշացրած «ժառանգությունից փախչելը», երբ քաղաքացու փոխարեն հպատակն է կամ հավերժական գաղթականը, որը չի գիտակցում իր արժանապատվությունն ու իրավունք-պարտականությունները, երբ ժողովրդից ամբոխի է վերածվում՝ վերջինիս ներհատուկ ատրիբուտներով:

14. - Ո՞րն է ընտանիքի դերը:

14. - Ընտանիքը պետության մանրակերտն է. դրանք գործում են նույն օրենքներով, սակայն ունեն միմյանց լրացնող տարբեր գործառույթներ: Երբ պետության եւ ընտանիքի գործառույթների կրկնելիություն է լինում՝ իրար լրացնելու փոխարեն, դատապարտվում են երկուսն էլ: Ընտանիք համակարգն առաջին հերթին ստեղծված է հակաբնականությունը թույլ չտալու, ժառանգականությունը (ոչ միայն սերնդատվությունը) ապահովելու համար: Ընտանիքը սրանից դուրս կարեւոր գործառույթներ է վերցնում, երբ բացակայում է պետությունը, իսկ պետության առկայության դեպքում՝ սրանից ավելին վերցնելը կործանման է դատապարտում պետությանը: Պետություն չունեցող ժողովուրդների (եզդիներ, բասկեր եւ այլն) ընտանիքները նահապետականության տեսակետից ավելի «ամուր» են, քան պետության ավանդներ ունեցող ժողովուրդներինը (ժամանակակից եվրոպական եւ այլ ազգեր): Պետություն ունեցող ժողովուրդների ընտանիքները միմյանցից տարբերվում են ընդամենն ըստ իրենց էթնիկ առանձնահատկությունների: Պետականությունը նոր վերագտած հայ ժողովուրդն ընտրություն է կատարելու պետականության ու ներսից նեխող քարացած-նահապետականության միջեւ: Պետականությունն ընտրելու պարագայում ավելի բարձրակարգ ընտանիքի տիպ է որդեգրելու, որի առաջնային խնդիրներն են առողջ ժառանգականության (ոչ միայն սերնդատվության) ապահովումը եւ սեռային հակաբնականություն թույլ չտալը:

15. - Հայ եկեղեցին ե՞ւս պետք է փոփոխվի, որը վերջին հազար տարում ուներ նաեւ պետության գործառույթներ:

15. - Անշուշտ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ պետականազրկության վերջին հազար տարում հաճախ հաջողությամբ իրականացրել է նաեւ պետության որոշ գործառույթներ, պետության առկայության պարագայում պիտի սահմանափակվի հոգեւոր ու բարոյական ոլորտներով: Մակերեսի անհրաժեշտ սահմանափակումը պետք է լրացվի խորացումներով:

16. - Հայաստանում օրավուր շատանում են աղանդները, դա կործանման չի՞ տանում:

16. - Կործանման տանում են քաոսը, ապաբարոյականությունն ու անկարողությունը: Կրոնական համայնքները շատանում են երկու հիմնական պատճառով. առաջին՝ Հայ եկեղեցու՝ ժամանակակից մարդու հոգեւոր պահանջմունքները ժամանակակից լեզվով ու ձեւերով բավարարել դժվարանալուց, երկրորդ՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքին պետության՝ դիմադրել չկարողանալու արդյունքում, որոնք այստեղ խմբեր ունենալով՝ կարեւոր շատ գործընթացներ իրենց համար վերահսկելի են դարձնում: Ժամանակին ճգնաժամ ապրող հայ աստվածներին փոխարինեց այն ժամանակվա աղանդներից մեկը՝ «օտարամուտ» քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում ազգային եկեղեցի ձեւավորեց: Ինչպես անհատների, ինչպես ժողովուրդների ու ազգերի, այնպես էլ եկեղեցիների պարագայում հաղթում է առավել կենսունակը, ճկունը, ուժեղը: Քրիստոնեությունը բացարձակապես մեղք չունի քրիստոնեական ընկալման հայ-ժողովրդական կերպի համար. քրիստոնյա շատ ժողովուրդներ կերտեցին աշխարհակալ կայսրություններ, մղեցին նվաճողական դաժան պատերազմներ, այսօր էլ հաջողությամբ շարունակում են իրենց հաղթարշավը գիտության, մշակույթի գրեթե բոլոր ճյուղերում, մինչդեռ ծույլերը, սեփական մեղքն ուրիշների վրա բարդողներն իրենց հարմար մեկնաբանմամբ հղում են կատարում միայն «Մի այտդ ապտակում են՝ մյուսն էլ տուր» խորիմաստ ասույթին: Հայ եկեղեցին թաքնված հզոր հոգեւոր ներուժ ունի՝ այս գոյամարտում հաղթանակելու համար, բայց նա էլ հայտնվել է դարն ապրած դոգմատիկ-նահապետականության եւ ստեղծագործ միտք պահանջող ժամանակի հրամայականի միջեւ: Միանգամայն անարդար է, նաեւ կործանարար, մեր մեղքն ուրիշների վրա գցելը. պատճառները փնտրենք մեր մեջ: Շնորհակալ պետք է լինել ճակատագրին, որ մեզ թուրքի պես անհանգիստ հարեւան է բաժին հանել. եթե ապրելու ներուժ ունենք, ապա մշտապես կլինենք ավելի՛ զգոն, ավելի՛ մարզված վիճակում. շնորհակալ պետք է լինել ճակատագրին, որ Հայաստանում այսօր այսքան կրոնական համայնքներ կան, քանի որ լրացուցիչ հնարավորություն է ստեղծված Հայ եկեղեցու եւ պետության համար, որ վերջիններս բացահայտեն իրենց ապաշնորհությունը կամ կենսունակությունը:

17. - Ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը:

17. - Չարչրկված այդ արտահայտությունը պետք է ենթադրել, որ նույն ինքը կյանքի բնական օրենքների ամբողջությունն է, որին երկրորդ՝ ազգային գաղափարախոսություն անվանում տալու մարմաջն անիմաստ է: Ազգային գաղափարախոսություն որակումն ընկալելի եւ ըմդունելի է, եթե այն ընկալվում է որպես մի ազգի զարգացման համալիր ծրագրի եւ այդ ծրագրի իրականացման՝ տվյալ ազգի գենետիկ կոդին եւ ազատ ինքնադրսեւորման յուրահատուկ կերպին համապատասխան ճանապարհների ամբողջություն: Բայց քանի որ Կյանքն անընդմեջ զարգացման մեջ է, ուստի անպատկերացնելի է մեկընդմիշտ շարադրված ու խմբագրում-սրբագրում չենթադրող ազգային գաղափարախոսություն ասվածը: Պատմական նորմալ ճակատագիր ունեցած ազգերի համար դա նույն պետության գաղափարախոսությունն է. այսօրվա հայերի համար դրանց համընկնումը դժվար ընկալելի է, մինչդեռ դրանք մեկը մյուսից ածանցելի են: Պետությունն ավելին է, քան ազգը. պետական ազգն ավելին է, քան պետությունը:

18. - Ի՞նչ է պետությունը:

18. - Պետությունը տվյալ ազգի կարգաբանական աստիճանը որոշող քննությունն է, մշակույթի բարձրակետը: Լինելով համաշխարհային քաղաքակրթական ստեղծագործության բարձրագույն արժեքներից՝ պետությունը, ինչպես նաեւ պետականության որակը բնորոշում են տվյալ ազգի բարձրակարգությունը կամ ստորակարգությունը: Պետությունն ազգային պաշտպանական բարձրագույն համակարգն է եւ առայժմ միակ միջոցը, միակ հնարավորությունը` որեւէ ազգի մինչեւ վերջ եւ բնական ինքնադրսեւորման: Միեւնույն ժամանակ պետությունն ինքը նաեւ ազգակերտիչ երեւույթ է: Չգոյության կամ ցածրակարգության են դատապարտված այն ազգերը, որոնք չեն կարողացել պետություն կերտելու աստիճանի հասնել կամ, դեգրադացվելով, կորցրել են պետականությունը: Եթե կատակլիզմային վիճակներում պետական ազգը (քաղաքացիական մենթալությամբ ազգը) ժամանակավորապես կորցնում է պետականությունը, ապա այն կվերականգնվի անպատճառ, ինչպես եվրոպական բազում նշանավոր ազգեր Երկրորդ աշխարհամարտում կորցրին պետականությունը, բայցեւ կարճ ժամանակում, լինելով պետական-քաղաքացիական ազգեր, վերականգնեցին իրենց պետականությունը՝ ի տարբերություն քրդերի, գնչուների, ասորիների, հնդկացիների, տիբեթցիների եւ այլն:

Ազգը ստեղծում է իր ինքնադրսեւորման առայժմ քաղաքակրթությանը հայտնի միակ բարձրագույն ձեւը՝ պետությունը, իսկ պետությունը ստեղծում է պետական ազգին՝ որպես մարդկության որոշակի հանրույթի ամենաազնիվ տեսակի: Ինքնանպատակ է այն պետությունը, որը նաեւ հայրենիք չէ. անիմաստ է այն հայրենիքը, որը նաեւ պետություն չէ:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.