ԾՐԱԳԻՐ

ԾՐԱԳԻՐ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ  որեւէ ժողովրդի եւ նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն եւ մինչեւ վերջ ինքնադրսեւորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձեւն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը: Իսկ պետության կառավարման արվեստը հին հույներից մինչեւ այսօր անվանում են ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Անշուշտ վատ է, երբ մի ամբողջ ժողովուրդ քաղաքականացվում, առավել եւս՝ գաղափարականացվում է, բայց ճիշտ է նաեւ՝ որ եթե չզբաղվես քաղաքականությամբ, միեւնույնն է՝ նա զբաղվելու է քեզնով: Ժամանակակից աշխարհում քաղաքականության կիրարկման միջոցը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են. սրա այլընտրանքը նույնպես մարդկությանը դեռեւս հայտնի չէ: 1991թ. վերստեղծված պետության քաղաքականությունը վարելու համար, բազում պատճառներով, սփյուռքյան «կուսակցությունները» ցավոք պիտանի չէին, իսկ Հայաստանում նոր կազմավորված, միմյանց երբեմն թշնամաբար վերաբերվող կուսակցություններին հաջողվեց ապահովել այն, ինչ կա այսօր: Պետականության ավանդների բացակայության հազարամյա անփորձության միջից ծնված կուսակցությունները, դժբախտաբար, հաճախ հեղափոխական են ու անզիջում. մի մասը մոլեռանդորեն ժխտում է հնի ու ողբերգականի հետ կապված ամեն բան, մյուսը՝ սրբացնում հինն ու ողբերգականը: Մինչդեռ անհրաժեշտ է, մերժելով հանդերձ հինը, գնահատել դրա՝ պահպանման արժանի դրական մասը, եւ ապահովել նորի հաշվարկված մուտքը: Այս մտահոգությունից ծնվեց ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ կուսակցությունը: Խելամիտ, հավասարակշռված քաղաքականություն վարելու միջոցով է միայն, որ հնարավոր է մեր Պետությունը դարձնել մեր երազների Հայրենիքը: Այսօրվա կյանքը դեռեւս այն չէ, ինչին ձգտում է ՀՀ քաղաքացին. սակայն բացասման բացասումն էլ ճանապարհ չէ: Պահպանողականությունը Հայաստանի ապագան է՝ դրական ձեռքբերումները պահպանող, միեւնույն ժամանակ նորի կրողը:


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՆՔԸ - Պահպանողականությունը դուալիստական ուսմունք է. իր երեւութաբանական քննումներում անբաժանելի են երկու առաջնություններն էլ՝ գաղափարը (իդեա) եւ նյութը (մատերիա): Պահպանողականության էությունը էվոլյուցիոնիստական է. մերժում է ցանկացած հեղափոխականություն:

ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԸ - Պահպանողական կուսակցության բարձրագույն արժեքներն են՝ Հայաստանի պետությունը, պետական անվտանգությունը, պետական լեզուն՝ հայերենը, մշակույթը, բարոյականությունը, քաղաքացու իրավունքները, խղճի ազատությունը, սեփականության իրավունքը: Հայաստանի պետությունը՝ հայ մարդու Հայրենիքը, 21-րդ դարում կարող է գոյատեւել եւ զարգանալ միայն ժողովրդավարության, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների, քաղաքացիական հասարակարգ եւ եվրոպական իրավական մոդել, բարձր զարգացվածությամբ կրթական եւ գիտական համակարգ ունենալու, ամուր եւ կարգապահ բանակի, պետական քաղաքականությամբ ուղղորդվող եւ ազատ շուկայի կողմից ղեկավարվող տնտեսության, համաշխարհային գործընթացներից առաջ կամ ետ չընկնելով՝ դրանց ներդաշնակորեն ինտեգրվելու պայմաններում: (Տե՛ս նաեւ՝ Կանոնադրություն, գլուխ II:) ՊԿ-ն նեոկոնսերվատիզմի կրողն ու առայժմ միակ ներկայացնողն է ՀՀ-ում. պաշտպանում է տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական ինստիտուտների ինքնավարությունը, որտեղ պետության ուղղակի միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի: Ըստ այդմ՝ կողմնակից է հակամենաշնորհային քաղաքականության՝ բացառությամբ ընդհանուր անվտանգությունն ապահովող պետական մենաշնորհների (բանակ, հատուկ ծառայություններ եւ այլն): ՀՀ աշխարհաքաղաքական շահերի տիրույթում գործող զարգացման համապարփակ եւ ստեղծագործաբար ծավալվելու ունակ ծրագրից եւ այդ ծրագրի իրականացման՝ հայ ազգի էությանը եւ ազատ ինքնադրսեւորման ինքնահատուկ կերպին համապատասխան ճանապարհներից բացի՝ ՊԿ-ն ցանկացած այլ «ազգային գաղափարախոսություն» համարում է անշարժ, զարգացման անընդունակ, վտանգավոր դոգմա: ՊԿ-ի համար առաջնայինը պետական շահն է՝ քաղաքացու եւ հասարակության անվտանգությունն ու բարեկեցությունը:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ - Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում զանազան «ազգային» եւ «ապազգային» գաղափարախոսությունները վաղուց փոխարինված են աշխարհաքաղաքականությամբ (գեոպոլիտիկա) եւ աշխարհառազմավարությամբ (գեոստրատեգիա). Հայաստանի պետությունն ու քաղաքացիները եւս իրավունք ունեն եւ պարտավոր են տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների եւ միջազգային հանրության հետ խաղաղ համակեցություն ապահովել, թոթափել հազարամյա մեկուսացման կաղապարները, դառնալ քաղաքակիրթ մարդկության մասնիկը՝ մերժելով ծայրահեղությունները՝ հեղափոխականությունն ու պասիվ հարմարվողականությունը:

ՊԿ-ն, համարելով, որ Հայաստանի պետությունը չունի որեւէ թշնամի, միեւնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով: Առնվազն առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի բնական դաշնակիցը կարող է լինել առաջին հերթին Իրանը:

Թուրքերի եւ քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես եւ ոչ զգացմունքային. հայության եւ ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն եւ շահագրգռություն՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է:

Կովկասից հեռացող Ռուսաստանի պարագան ՀՀ-ի առջեւ դրել է Հարավկովկասյան տան կառույցին եւ Մեծ մերձավոր արեւելքին առավելագույնս ինտեգրվելու հրամայական. Հայաստանի ապագան առնվազն առաջիկա տասնամյակներում եվրասիականությունը չէ:

ՊԿ-ն ջանալու է, որ պահանջատիրությունը չլինի ՀՀ պետական քաղաքականություն. դա դուրս է իրատեսության սահմաններից եւ կվտանգի Հայաստանի պետության գոյությունն ու զարգացումը: ՀՀ-ն առայժմ կարող է միայն պաշտպանել արեւմտահայերի հետնորդների ազգային ինքնորոշման պահանջը, եթե սփյուռքահայերը եւ ՀՀ քաղաքացիների պահանջատեր հատվածը տեղափոխվեն նախնիների Հայրենիք եւ հաստատեն այնտեղ բնակվելու իրենց կամքը: ՀՀ-ն երբեւէ կարող է ունենալ ոչ թե սոսկական տարածքի, այլ կենսատարածքի՛ խնդիր:

Արցախի հարցի պատասխանը եւս ոչ թե «Հայ դատի» ծիրում է, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործման: «Հայ դատի» շրջանակներում Ջավախքի խնդրի ստեղծումը հայ պետականության համար հղի է անկանխատեսելի հետեւանքներով. ՊԿ-ն դա եւս դիտում է բացառապես աշխարհաքաղաքական տեսանկյունից:

ՊԿ-ն օրենքի շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի հանուն ինչ-որ գաղափարախոսությունների՝ ՀՀ-ն դուրս չմնա տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական, կոմունիկացիոն, գիտա-կրթական, մշակութային, արդյունաբերական, ռազմական ինտեգրացիոն գործընթացներից:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ - ՊԿ-ն Հայաստանի տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտա-կրթական ինդուստրիան, Էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին եւ արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթեւ եւ սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առեւտուրը:

ՊԿ-ն բացի պետական ռազմավարական մենաշնորհներից՝ չի ընդունում այլ մենաշնորհներ:

ՊԿ-ն մրցակցային դաշտի ապահովումը եւ պահպանումը համարում է ՀՀ կենսունակության եւ առաջընթացի պարտադիր պայման:

Հայաստանի ապագան բազմակացութաձեւ տնտեսավարումն է:

Օտարերկրյա կապիտալի ներհոսքը եւ շրջանառումը Հայաստանի զարգացման եւ պետական անվտանգության առաջնային գրավականներից են:

Սեփականության իրավունքը սրբազան իրավունք է, եւ այն պետք է օրենքով խստագույնս պաշտպանված լինի ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար՝ անկախ նրանց ազգային եւ դավանանքային պատկանելությունից:

ՊԿ-ն Հայաստանի զարգացումը տեսնում է արտահանումը եւ ներդրումները խրախուսող հարկային, մաքսային, ֆինանսավարկային քաղաքականության մեջ: Ըստ այսմ, այս ոլորտում եւս ՊԿ-ն աջ կենտրոնական՝ ազատական-պահպանողական (նեոկոնսերվատիվ) կուսակցություն է:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ - ՊԿ-ն միջին խավի, մտավորականների եւ ծառայողների շահերի արտահայտողն ու պաշտպանն է. պայքարելու է, որ աշխատատեղեր եւ ազատ ձեռներեցության հնարավորություն ստեղծելու ճանապարհով՝ ստորին եւ ընչազուրկ խավի կենսամակարդակը հավասարեցվի միջինին:

Պետությունը երաշխավորն է մանուկների եւ ծերերի բարեկեցիկ գոյության. սոցիալական բեռը ժամանակի ընթացքում աստիճանաբար պետք է փոխանցվի գործատուին:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի բժշկական սպասարկումից պատշաճ չափով օգտվելու հնարավորություն ունենա, անհրաժեշտ է սոցիալական ինստիտուտների ինքնավար կայացումը:

ՊԿ-ն մշտապես պայքարելու է գոյատեւման բյուջեները զարգացման բյուջեներով փոխարինելու համար:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈԼՈՐՏ - ՊԿ-ն համոզված է , որ ամենուր եւ առաջի՛ն հերթին քաղաքականության մեջ հնարավոր եւ անհրաժեշտ է ապահովել բարոյականությունը, որը պատասխանատվության գիտակցումն ու դրա կատարումից չխուսափելն է. լինի դա պետության, ընտանիքի, եկեղեցու թե շրջապատի հանդեպ:

Մարդիկ ծնվում են տարբերություններով. միակ հավասարությունը Պետության օրենքների եւ Աստծո առջեւ է: Ըստ այսմ՝ այդ հավասարությունը պետք է եւ հնարավոր է ապահովել միայն քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն եւ Բարոյական Հայրենիք ստեղծելով, որի համար Պահպանողական կուսակցությունը ներդնելու է բոլոր կարողությունները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏ - Պահպանողական կուսակցությունն առաջին հերթին գաղափարակցություն է եւ հոգեկցություն, ապա նոր՝ քաղաքական կազմակերպություն: Մեթոդոլոգիայով լինելով քրիստոնեավարական՝ ՊԿ-ն քաղաքականության անհրաժեշտ պայման է համարում բարոյականությունը եւ հանդուրժողականությունը, պարտադիր՝ պրագմատիզմը՝ խարսխված իր արժեքային կուռ համակարգի վրա. ըստ այդմ, անկախ նպատակից, մերժում է հեղափոխականությունը, հակահեղափոխությունը, ահաբեկչությունը, արկածախնդրությունը, ազգայնամոլությունը:

Որեւէ կուսակցության հզորության եւ արդյունավետության միակ պայման է համարում նրա արժեքային համակարգը եւ համակիրների բանակը. ըստ այսմ՝ մերժում է հասարակության ամբողջական կուսակցականացումն ու մարդորսությունը:

ՊԿ-ի քաղաքական դաշնակիցներն են աջ կենտրոնական հակումներով ուժերը մասնավորապես եւ ազատական հոսանքը՝ ընդհանրապես: Որոշակի կտրվածքում ՊԿ-ն ինքը բնապահպանական (էկոլոգիական՝ կանաչների) կառույց է:

Հայաստանի ներքաղաքական ապագան եռահոսանք դաշտի ձեւավորումն է՝ սոցիալիստներ, լիբերալներ, պահպանողականներ:

ՊԿ-ի ծրագրային առաջնայնություններից է նաեւ միջազգային պահպանողական շարժումների, օտարերկրյա գաղափարակից կազմակերպությունների հետ առկա կապերի անընդմեջ խորացումը՝ ի բարօրություն բոլոր ժողովուրդների, ի նպաստ խաղաղության եւ հօգուտ ՀՀ քաղաքացիների բարեկեցության, ազատ ու լիարժեք ինքնադրսեւորման:

ՊԱՏՎԻՐԱՆ - ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը:

2. Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ եւ միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված:

3. Բարոյականության եւ սեփականության իրավունքները տրված են ի վերուստ եւ սրբազան են:

4. Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետեւանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով:

5. Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության եւ ազատությունների՝ պահպանելով եւ բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով:

6. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձեւերի բազմազանությունը ձեւավորվել է հազարամյակների ընթացքում եւ հիմնականում օրինաչափորեն. եւ արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել:

7. Կա կանխավարկած՝ հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխական՝ չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի. հեղափոխությունից առավել մեծ չարիք միայն հակահեղափոխությունն է. ուստի միակ ճանապարհն աստիճանական, բնականոն բարեփոխումն է:

8. Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, եւ միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն:

9. Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ եւ քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձեւերի եւ փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան:

10. Մարդկային բազմաբղետության արդյունքը եւ զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման եւ մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները:

11. Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր եւ կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն:

12. Միայն ազատ անհատը կարող է արժեւորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, եւ դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը:

ԱՄՓՈՓՈՒՄ

Պահպանողականությունը մարդու էությունն է: Հաճախ տգիտության պատճառով կամ միտումնավոր կերպով՝ պահպանողականությունը (կոնսերվատիզմ) շփոթում են ավանդապաշտության (տրադիցիոնալիզմ) հետ: Պահպանողականությունն էվոլյուցիոն, անվերջ կատարելագործվող ուսմունք է, այլ ոչ թե ծիսականության վերածված, քարացած, դոգմատիկ գաղափարախոսություն: Դա կա նույնիսկ բնության մեջ. ֆիզիկայում՝ պահպանողական համակարգում է միայն, որ շարժման յուրաքանչյուր պահին եւ տարածության մեջ համակարգի գրաված ցանկացած դիրքում պոտենցիալ եւ կինետիկ էներգիաների գումարը մշտապես մնում է հաստատուն. իսկ հայերին ամենաանհրաժեշտը բազմահազարամյա իր էներգիայի արդյունավետ պահպանումն ու անկորուստ կիրառումն է:

Պահպանողականները ստեղծեցին ժամանակակից զարգացած երկրները (նրանք ԱՄՆ-ում կոչվում են՝ հանրապետականներ, Անգլիայում՝ պահպանողականներ, Գերմանիայում՝ քրիստոնեա-դեմոկրատներ եւ այլն), իսկ այժմ էլ նեոպահպանողականներն են շարունակում հաղթարշավն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Հայ ժողովրդի եւ իր պետության հարատեւման միակ երաշխիքը եւս բազմիցս փորձված, միայն անվիճարկելի հաջողություններ արձանագրած, մարդկությանն առայժմ հայտնի ամենաարդյունավետ, ճգնաժամերը բացառող եւ հակաճգնաժամային, միեւնույն ժամանակ՝ իրապես բնական այս ճանապարհն է:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ

(ՊԿ I համագումարի թիվ 16 որոշումից)

ԴՐՈՇԸ

Ա. Քառակուսի՝ 12x12 համամասնությամբ:

Բ. Քառակուսու գույնն է ծիրանին:

Գ. Քառակուսին հորիզոնական եւ ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ:

Դ. Խաչի գույնն է կապույտը:

ԶԻՆԱՆՇԱՆԸ

Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի՝ 12x12 համամասնությամբ:

Բ. Քառակուսու գույնն է ծիրանին:

Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական եւ ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ:

Դ. Խաչի գույնն է կապույտը:

Քառակուսին եւ ծիրանին խորհրդանշում են Արեւը, հեթանոսական շրջանը, կապույտը՝ Ազատությունը, քրիստոնեական շրջանը: Պահպանողականները ժառանգորդն ու տերն են նախընթաց ամբողջ պատմության:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.