ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պահպանողական կուսակցության առաջարկները ընտրական բարեփոխումների վերաբերյալ

ՀՀ վարչապետին առընթեր

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին

Պահպանողական կուսակցությունից


Առաջարկներ


ՀՀ-ում ընտրությունների ազատ-արդար կազմակերպման, քաղաքական գործունեության ազատության իրական երաշխիքների ապահովման, ընտրական գործընթացների վրա արտաքին ուժերի ազդեցությունը բացառելու, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրինակարգության ապահովման նպատակով, 


Պահպանողական կուսակցությունն առաջարկում է.

1. Ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում (ընտրությունների նշանակման օրվանից մինչև արդյունքների վերջնական ամփոփումը) բացառել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի որևէ շարժ: 

2. Ընտրություններին նախընթաց իրականացնել օտար երկրների գործակալների գաղտնազերծում (Լյուստրացիա)՝ նրանց ազդեցությունը ընտրությունների վրա բացառելու նպատակով։ 

3. Նախկինում քաղաքական դրդապատճառներով դատապարտվածների (Շանթ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան և այլք) գործերը քննության առնել և արդարացման վճիռ կայացնել վերջիններիս նկատմամբ: 

Հիմնավորում.

1. Հիշեցում. 2018թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական զորքերն առանց ՀՀ իշխանությունների թույլտվության մտել էին բնակավայր, կրակել տարբեր զինատեսակներից։ 

Ընտրարշավի, հետընտրական գործընթացի կամ ընտրությունների օրվա լարված մթնոլորտում նման գործողությունները հղի են անկանխատեսելի հետևանքներով, կազդեն ընտրողի ազատ կամարտահայտության վրա և ուղղակի կասկածի տակ կդնեն ընտրությունների օրինակարգությունը։

Այսու, հաշվի առնելով, որ օտար, զինված ուժերի ներկայությունը որևէ երկրում ուղիղ սպառնալիք է այդ երկրի ինքնիշխանությանը, ինչպես նաև հաշվի առնելով, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի դուրս բերումն անիրատեսական չէ, ընտրական գործընթացի ամբողջ ժամանակահատվածում անհրաժեշտ է բացառել ռուսական զորքերի որևէ շարժ, որևէ շփում ՀՀ քաղաքացիների հետ։ 

2. Հիշեցում. Լյուստրացիա իրականացրել են նախկինում խորհրդային բռնազավթման ենթարկված ժողովուրդների մեծ մասը (Արևելյան Եվրոպայի երկրներ, Բալթյան երկրներ, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)։ Նպատակը եղել է՝ օտար (ռուսական) գործակալների ընտրվելու, պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը բացառելը։

Հայաստանում օտար (ռուսական, ադրբեջանական, թուրքական և այլն)  գործակալների գաղտազրծումը (լյուստրացիա) ազգային անվտանգության խնդիր է։ Մասնավորապես՝ ռուսական գործակալների ազդեցությունը բացառելով կչեզոքացվեն ռուսական քաղաքական, տնտեսական և մշակութային շանտաժները («Գույք պատքի դիմաց», գազի թանկացում, պատերազմի հրահրում և այլն), ինչպես նաև աշխարհի հետ ներդաշնակ գործակցելու առավել առարկայական հնարավորություններ կբացվեն։

3. Հիշեցում. 2008թ  ՀՀ նախագահի ընտրությունների հետընտրական գործընթացներին մասնակցելու համար, 2013թ. Շանթ Հարությունյանի կազմակերպած ցույցին մասնակցելու համար հետապնդվել են ու դատապարտվել բազմաթիվ անձինք (Շանթ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան և այլք)։ Նրանց վրա դեռ մնում է դատվածությունը, իսկ Շանթ Հարությունյանը դեռ գտնվում է բանտում։  

Թավշյա հեղափոխության օրերին հեղափոխության առաջնորդ, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ (18.05.2018թ.)նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:

Այսու, Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար հետապնդումը բացառելը նպաստավոր հող կստեղծի ազատ-արդար ընտրությունների կազմակերպման-անցկացման համար։ Այս ուղղությամբ համոզիչ քայլ կլինի նախին-ներկա քաղբանտարկյալի (Շանթ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան և այլք) գործերը վերաքննելն ու արդարացման վճիռներ կայացնելը։ Այդկերպ իրական երաշիք կստեղծվի, որ քաղաքական (ընտրական-հետընտրական) գործունեությունը հետապնդելի չէ:

 

(Առաջարկների 1-ին և 2-րդ կետերը Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ՊԿ փոխնախագահ Սոս Հարությունյանը հուլիսի 26-ին ներկայացրել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը, որին հրավիրված էին արտախորհրդարական կուսակցությունների ներկայացուցիչները։)

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

27.07.2018թ., Երևան


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.