ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կախյալ Հայաստանի համար տեղ չկա

1-2 տասնամյակ առաջ շատերին թվում էր, թե կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը, մենաշնորհները վտանգավոր չեն, ժողովուրդը կարող է ապրել նաև առանց ժողովրդավարության, նույնիսկ՝ կիսանկախ վիճակում: Ժամանակը ցույց տվեց հակառակը, և Հայաստանում կյանքը դժոխքի վերածվեց: Տեսակետ կա, թե նախորդ քաղաքական-պետական առաջնորդները նպատակադրված էին վատթարացնում ժողովրդի վիճակը: Եթե այդպես է, ապա պետք է պատժվեն օրենքի խստությամբ: Եթե այդպես չէ, ապա կան օբյեկտիվ պատճառներ, որոնց առաջ կարող են ընկրկել նաև վաղվա իշխանությունները:

Ենթադրաբար բացառելով, թե նախորդները վերջացած սրիկաներ են, քննենք պետության և հասարակության հետընթացի օբյեկտիվ պատճառները: Դրանք կարելի է բաժանել երկու պայմանական խմբի՝ սովորութային (հակաարժեքների տարածմամբ պայմանավորված) և իրավապայմանագրային (միջազգային իրողություններով պայմանավորված):

Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում, այդ թվում մեզ մոտ ռուսական-կայսերապետական դրդմամբ և հովանավորությամբ տարածվում են հակաարժեքներ, որոնք հասարակությունը բարոյազրկելու և նախկին գաղութը կախյալ կամ կիսակախյալ վիճակում պահելն արդարացնելու խնդիր ունեն: Այդ հակաարժեքներից ազատվելու համար տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակներում կիրառել և կիրառում են նույն մեթոդը: Նախ պետական-հասարակական պատասխանատու դիրքերից և պաշտոններից հեռացնում են նրանց, որոնք ուղղակի համագործակցել են զավթիչի կամ նրա իրավահաջորդի հետ՝ ի վնաս հայրենիքի ինքնիշխանության: Այս գործընթացը կոչվում է լյուստրացիա: Երկրորդ հերթին վերանվանվում են զավթիչի հետ ասոցիացվող տեղանունները (քաղաքներ, գյուղեր, փողոցներ, հրապարակներ, դպրոցներ և այլն): Այս գործընթացը խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում անվանում են դեկոմունիզացում: Եվ երրորդ՝ արգելափակվում են նախկին զավթիչի մշակութային-սոցիալական-տնտեսական էքսպանսիոն գործիքները՝ ռուսական հանրակրթական դպրոցները, ռուսական հեռուստալիքները, ռուսական ընկերությունները, և ամենակրևորը՝ արգելում են  ՌԴ պետական մարմինների ուղղակի և քարոզչական մարմինների անուղղակի միջամտությունները ընտրություններին: Այդ կերպ սահմանափակում են նախկին զավթիչի իրավահաջորդի սոցիալական, տնտեսական, մշակութային ազդեցության ոլորտները: Այս պատճառը վերացնելուց հետո միայն հնարավոր է ազգային-հասարակական արժեքներ սերմանել, վերաիմաստավորել և արժևորել ազգային, մշակութային հաղթանակները, նվաճումները, տառապանքները, զրկանքները, հերոսական ու ողբերգական էջերը, նվիրյալների վաստակն ու դերը, և ի վերջո՝ ազգային իդեալներ սահմանել:

Հետընթացի երկրորդ՝ իրավապայմանագրային պատճառը վերացնելն ավելի բարդ է: Եթե սովորութային պատճառը կարելի է վերացնել ՏԻՄ և օրենսդիր մարմինների որոշումներով, ապա իրավապայմանագրայինը միջազգային իրավունքի խնդիր է, և կարող է կարգավորվել միջազգային հարթակներում՝ քաղաքակիրթ հանրության կնքահայրությամբ: Այս կարգում առաջնային նշանակություն ունեն ռուսական թելադրանքով կազմված և ռուսական հետաքրքրություններ սպասարկող կառույցներից (ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ) դուրս գալը, ինչպես նաև՝ Մոսկվայի 1921թ. ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրն առ ոչինչ  ճանաչելը և Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերումը: Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կզրկվեն Հայաստանի և հայաբնակ տարածքների նկատմամբ իրենց վերապահված միջազգային իրավունքներից: Հայաստանը նոր պայմանագրերով կհաստատի իր սուվերեն իրավունքներն, այդ թվում՝ Արցախի նկատմամբ: Իսկ ռուսական զորքերի դուրս բերմամբ՝ Հայաստանը իրապես կձերբազատվի ռուսական սպառնալիքներից, և դրանցով պայմանավորված հակապետական-հակաժողովրդական քայլերն ու որոշումներն իբրև անվտանգային քայլեր ներկայացնելու ամոթալի վիճակից:

Այս երկու պատճառները շաղկապված են: Քանի դեռ կան ու գործում են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն ու Մոսկվայի 1921թ. պայմանագիրը, արատավոր բարքերը՝ կապված կոռուպցիայի և սոցիալական մյուս այլանդակ դրսևորումների հետ, չեն վերանա, կոմունիստի, զավթիչի, գործակալի կամ մարտնչող անաստվածի անուններով փողոցներն ու տեղանունները չեն անվանափոխվի, Ռուսաստանի խորքեր կազմակերպված արտագաղթը չի կասեցվի: Նույնիսկ մենաշնորհները չեն վերանա, որովհետև դրանց մեծ մասը (էներգետիկ, առևտրային, արդյունաբերական և այլն) սպասարկում են ռուսական հետաքրքրություններ: Այս պարզ իրողությունը հասկանում են նրանք, որոնք առնվազն 3 ամիս աշխատել են կառավարությունում և ծանոթացել են միջազգային իրավապայմանագրային սահմանափակումներին: Եվ առնվազն պարզամիտ են այն պնդումները, իբրև թե հնարավոր է սոցիալական-տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ առանց ազատվելու հակաքաղաքակրթական ազդեցությունից: Այդ իրավիճակում ընդունված օրենքը, որոշումը և, նույնիսկ, ընտրություններն արդար-օրինակարգ չեն և ինքնին վիճարկելի են, որովհետև տեղի են ունենում ուժի կիրառման սպառնալիքի տակ (պարզ ասած՝ ռուսական շանտաժի ներքո):

Ներկա խորհրդարանի մեծամասնությունն ու նախկին ընտրանու մեծ մասն առաջնորդվում են հակաարժեքներով, կաշկանդված են Ռուսաստանի նկատմամբ վասալային պարտավորություններով: Այդ պատճառով կառավարությունները (ինչ հմտություններ էլ ունենային) արագ հեղինակազրկվում էին և արդյունավետ չէին աշխատում: Այդ պատճառով տեղի ունեցավ քաղաքացիական շարժում և իշխանափոխություն: Վերջապես, ժամանակն է հասկանալու, որ աշխարհում կախյալ կամ կիսակախյալ Հայաստանի համար տեղ չկա: Տեղ կա միայն անկախ և ժողովրդավար Հայաստանի համար: Եվ ուրեմն, Հայաստանի իրական անկախության և ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ է վերացնել հետընթացի վերը նշված պատճառները և չկրկնել նախորդների սխալները: Դրանից հետո միայն հնարավոր է ազատության, հավասարության, եղբայրության արժեքներով առաջնորդվող, քաղաքակրթական հստակ ընտրանք կատարած, անկախությունն ու ժողովրդավարությունը գերնպատակադրած ամուր իշխանություն ձևավորել և իրականացնել ազգային երազանքները:

Թաթուլ Մկրտչյան                                                                                           

Պահպանողական կուսակցության քարտուղար


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.