ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԺԽՏԵՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ, ԱՅԼԱՊԵՍ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ

Post 1

Նախապատմություն

2001 թվականին Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ԵԽ-ին և ԵԽԽՎ-ին: Անդամակցությունից ի վեր, ՀՀ-ն պայմանագրորեն պարտավորվել է ենթարկվել, կիրառել և իրականացնել ԵԽԽՎ-ի որոշումները և բանաձևվերը: 

Նմանատիպ բանաձևերից է՝ 2012թ.-ին ընդունված թիվ 1900 բանաձևը՝ «Քաղաքական Բանտարկյալ Հասկացությունը»: 1900 բանաձևը ընդունվել է ԵԽԽՎ-ի Իրավական Հարցերի և Մարդու Իրավունքների Կոմիտեի (ԻՀՄԻԿ) թիվ 13011 զեկույցի քննարկման և հիման վրա: 2012 թ.-ից մինչ օրս, Բանաձևի ընդունումից հետո ՀՀ որևէ պետական կառույց չի հրապարակել ԵԽԽՎ 1900 Բանաձևի կամ 13011 Զեկույցի անգլերեն բնօրինակը և հայերեն թարգմանությունը: 

Վերլուծություն

13011 զեկույցի «3.4 Ապացուցման բեռը» խորագրով բաժնում, հստակեցված է մեղադրվող և պաշտպանվող կողմերի միջև ապացուցման բեռը: Ըստ այդմ՝ ենթադրյալ քաղբանտարկյալը հանդիսանում է որպես մեղադրող կողմ, ով մեղադրանք է առաջադրում պետությանը, իրեն քաղբանտարկյալ դարձնելու համար, իսկ պետությունը պաշտպանվող կողմն է, որը պետք է փաստերով ապացուցի, որ ենթադրյալ քաղբանտարկյալները իրականում քաղբանտարկյալներ չեն: 

Մասնավորապես ներկայացվում է հետևյալ պահանջը. «քաղբանտարկյալ ներկայացող անձը կամ իր ներկայացուցիչը պետք է ներկայացնեն prima facie մեղադրանքը, որ անձը քաղբանտարկյալ է: Դրանից հետո պետությունը պարտավոր է փաստեր ներկայացնել, որոնք կժխտեն ներկայացված մեղադրանքը քաղբանտարկյալների գոյության մասին»: 

«Prima facie» լատիներենից բառացի թարգմանվում է՝ «առաջին հայացքից», իսկ իրավաբանության մեջ օգտագործվում է որպես «մեղադրանք նախնական քննության համաձայն» կամ «նվազագույն փաստերի վրա հիմնված մեղադրանք, որը ժխտման բացակայության դեպքում համարվում է ընդունված»:

13011 զեկույցում, Պետության կողմից, անձի քաղբանտարկյալ լինելը ժխտելու համար անհրաժեշտ փաստերի պահանջը հետևյալն է. «եթե պետությանը չի հաջողվել ապացուցել, որ անձը լիովին կալանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մեկնաբանված ՄԻԵԴ-ի պահանջներին համապատասխան, համաչափության և խտրականության պահանջները եղել են հարգված և ազատությունից զրկելը արդար դատաքննության արդյունք է, ապա շահագրգիռ անձին պետք է համարել քաղբանտարկյալ»:

Ամփոփում

Անձը, նրա հարազատը կամ ՀԿ-ները, չպետք է ապացուցեն, որ անձը քաղբանտարկյալ է, այլ պետությունը պետք է փաստարկներով ժխտի, որ տվյալ անձը քաղբանտարկյալ չէ:

Որպես անձի քաղբանտարկյալ չլինելու ապացույց, ԵԽ-ն պետությունից պահանջում է.

1. մեղադրանքի արժանահավատություն. այն է՝, որ մեղադրանքը շինծու, կեղծված, անհիմն, սուտ ցուցմունքի վրա հիմնված չէ, 

2. մեղադրանքը և դատավճիռը համեմատականության մեջ համաչափ է հանցագործությանը, որում անձը կասկածվում է կամ մեղավոր է ճանաչվել, 

3. անձը խտրական կերպով չի կալանավորված համեմատած այլ անձանց հետ,

4. անձը ազատազրկվել է արդար դատավարության պայմաններում:

Պետությունը պետք է ապացուցի, որ այս չորս պահանջները կատարվել են համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ-ի որոշումների: Եթե պետությանը չհաջողվի ապացուցել փաստերով, որ չորս պահանջները կատարվել են, ապա անձը պետք է ավտոմատ կերպով ճանաչվի որպես քաղբանտարկյալ:

Եզրակացություն

1. «Քաղբանտարկյալ» տերմինը, քաղաքական գնահատական է և ոչ իրավական:

2. Ինչպես որ կա անմեղության կանխավարկած, որ անձը անմեղ է մինչև կապացուցվի նրա մեղավորությունը, նույն կերպ էլ կա ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ, որը իշխանությունը պարտավոր է ժխտել, այլապես անձը համարվում է քաղբանտարկյալ (ըստ ԵԽԽՎ ԻՀՄԻԿ -ի 13011 Զեկույցի 3.4 բաժնի դրույթների):

ԿՈՉ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

• Համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի և ՄԻԵԴ-ի որոշումների՝ ապացուցեք, որ այն անձինք, որոնք համարվում են քաղբանտարկյալ, քաղբանտարկյալ չեն, այն է՝ ժխտեք քաղբանտարկյալների քաղբանտարկյալ լինելու կանխավարկածը:

• Ժխտման բացակայության դեպքում՝ հանրայնացրեք քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու բուն քաղաքական դրդապատճառները և ազատ արձակեք քաղբանտարկյալներին:

• Արձանագրեք, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, որ միջազգայնորեն ավտորիտար որակված վարչախմբին փոխարինել է՝ միջազգայնորեն ժողովրդավարական որակվող վարչախումբը:

• Պաշտոնական կայքերում զետեղեք՝ 

1. ԵԽ - ի անկախ փորձագետների կողմից սահմանված և ԻՀՄԻԿ -ի կողմից վերահաստատված՝ ««Քաղբանտարկյալ» հասկացությունը» վերնագրով թիվ 13011 զեկույցը (անգլերեն բնօրինակն ու հայերեն թարգմանությունը,

2. ԵԽԽՎ-ի 2012 թ.-ի «Քաղաքական բանտարկյալ» եզրույթը սահմանող թիվ 1900 բանաձևը (անգլերեն բնօրինակն ու հայերեն թարգմանությունը):

• Հիմք ընդունելով վերոնշյալը, ՀՀ-ի (որպես ԵՄ-ի հետ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» (ՀԸԳՀ) համաձայնագիրը վավերացրած պետության) համապատասխան իրավակիրառ բառադարան ներմուծել՝ «քաղաքական բանտարկյալ» սահմանումը:


Արամ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.