ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Լեգեոնների առջևից միշտ գաղափարներն ու համոզումներն են գնում. Միքայել Հայրապետյան

Post 1

Hraparak. am - ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Քաղաքացիական այս խանդավառ շարժումից հետո մենք հիմա Երրո՞րդ, թե՞ Չորրորդ հանրապետությունում ենք ապրում:

Եթե ելակետ ընդունենք կիսանախագահականից խորհրդարանական հանրապետության անցման հանգամանքը, ապա մենք Չորրորդ հանրապետության շեմին ենք: Իսկ եթե ելակետ ընդունենք մեր պետական արժեհամակարգը և աշխարհաքաղաքական մոտեցումները, ապա, շնորհիվ քաղաքացիական աննախադեպ այս շարժման, Երրորդ հանրապետության մի ավելի բարձր մակարդակին ենք: Ինքս հակված եմ կարծելու, որ այս պատմաշրջանն առաքելություն ունի հենց Երրորդ հանրապետության էջը պատվով թերթելու և, մեր անկախության չափաբաժինն էապես մեծացնելով, նախապատրաստելու ոչ հեռու ապագայում իսկապես Չորրորդ հանրապետություն անցում կատարելը:

-Որո՞նք են այդ անցման գլխավոր մարտահրավերները: Կհաջողվի՞ դա մեզ:

Իհարկե կհաջողվի: Հիմնական մարտահրավերները նորընտիր Վարչապետը շատ հստակ նշել է՝ Մեծ ներգաղթ, օրենքի առջև բոլորի հավասարություն, իրական ժողովրդավարություն, հակամենաշնորհային և հակակոռուպցիոն գործընթացներ, վերջապես՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացում և արմատավորում: Եվ ընդհանրապես, բոլոր ոլորտներին սպառիչ անդրադարձեր եղան Նիկոլ Փաշինյանի խոսքում: Ինքս կուզեի դրանք ընկալել հոգևոր արժեքների առավել կարևորման, Հոգևոր Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Ինչպես Ավետարանում է ասվում՝ ոչ ոք Տունն ավազի վրա չի կառուցի, այլ՝ ամուր ապառաժի, իսկ այդ ապառաժը մեր հոգևորն է: Լեգեոնների առջևից միշտ գաղափարներն ու համոզումներն են գնում: Քաղաքական, տնտեսական և ցանկացած այլ հաջողություն ու ձախողում ընդամենը նյութականացումն են հոգևորի: Մեր երիտասարդ պետականության բոլոր հաղթանակները պայմանավորված են եղել հոգևորի հաղթանակով. վկան՝ Արցախյան հաղթանակը: Մեր բոլոր պարտությունները պայմանավորված են եղել հոգևորի պարտությամբ. վկան՝ արտագաղթը, որի միայն հարյուրերորդ մասն է բաժին ընկնում տնտեսական գործոնին: Ցավոք, մենք դեռևս խնդիր ունենք դեկոմունիզացիայի, դեսովետիզացիայի, իսկ դրանք առաջին հերթին մտածողության և հոգևոր ոլորտներին են վերաբերում:

-Համաժողովրդական այս խանդավառությունը մի՞թե հզոր լիցք չէ այդ խնդիրները լուծելու համար:

Խնդիրների լուծումը հաջողությամբ սկսելու համար, իհարկե, անգնահատելի լիցք է: Բոլոր խանդավառությունները երբևէ մարելու հակում ունեն. եթե մեր այս հիասքանչ խանդավառությունը համակարգված և հեռահար ծրագրավորմամբ չամրակայենք, ապա որոշ ժամանակ անց այն ևս կսկսի մարել: Որպես օրինակ հիշենք Առաջին հանրապետության հայրերի սկսած ներգաղթը, որի գաղափարը ժառանգեց Ալեքսանդր Մյասնիկյանը: Բարեկեցիկ Արևմուտքից և Ռուսաստանից մեր փոքրիկ, կիսագավառական, սովից ու համաճարակներից օրական տասնյակներով զոհեր տվող մայրաքաղաք եկան կայսերական ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի, պրոֆեսոր Հրաչյա Աճառյանի, մեծատաղանդ գրողներ Վահան Թոթովենցի, Զապել Եսայանի պես անհատներ, հարյուրավոր մտավորականներ և տասնյակ հազարավոր սովորական հայորդիներ: Բայց քանի որ այդ խանդավառությունը հոգևոր հեռահար տեսլականի տրամաբանությունից շեղվեց, աստիճանաբար նվազեց ու վերածվեց խորհրդային քարոզչամեքենայի էժանագին գործիքի, իսկ եկածների զգալի մասը միջոցներ փնտրեց ինչ-որ կերպ կրկին հեռանալու երկրից: Եվ սա մեկ մասնավոր օրինակ է՝ կապված ընդամենը հայրենադարձության հետ, իսկ որքան ավելի խնդրահարույց է գլոբալացած ներկա աշխարհում համազգային ծրագրերի իրականացումը: Գլոբալ աշխարհում գլոբալ հայերը միանգամայն մրցունակ կարող են լինել:

-Արդյո՞ք 26-ամյա պետությունն արդեն չունի Հոգևոր Հայաստանի ձևավորված ավանդույթներ:

Ցավոք, անկախությունից ու Արցախյան պատերազմից հետո մեզանում գրեթե ամեն բան ընկավ կեղծության ճիրանները, մենք բովանդակությունը փոխարինեցինք ձևով: «Արի տուն», զանազան «Բազեներ» ավելի շատ PR ակցիաներ էին ու ձևական, ուստի՝ անարդյունավետ: Իսկ ամենից սկզբում, լավ հիշում եմ, վարչապետ Վազգեն Մանուկյանը հոգևոր ոլորտը համակարգող նույնիսկ փոխվարչապետ ուներ. կամ՝ Լեզվի պետական տեսչությունը, որ լուսահոգի Ռաֆայել Իշխանյանի համառ ջանքերով ստեղծվեց, չարաբաստիկ 1998-ից հետո ձևականացվեց՝ խցկվելով Կրթության նախարարության մեջ, որին համակշռելու նպատակով էր ժամանակին ստեղծվել: Նախ՝ Պետական համալսարանը, ապա Ակադեմիան հանձնվեցին Ռադիկ Մարտիրոսյանի պես մեկին, և վերականգնվեց կոմունիստական լճացումը. բնական է, որ նույն կարգերը պիտի հաստատվեին դպրոցներից մինչև բուհեր: Վահան Տերյանն ասում էր, որ շենքը դեռ դպրոցը չէ, մինչդեռ այսօր մենք բացառապես նյութով՝ շենքով, տեխնիկական հագեցվածությամբ, միջազգային չափանիշերով պահանջվող գործընթացները մի լավ բովանդակազրկելուց հետո սոսկական ձևը կապկելու հաջողվածությամբ ենք չափում կրթօջախի մակարդակը, ինչը մեր հետամնացության ցուցիչներից է: Եվ պատահական չէ, որ մեր առավել հաջողակ գիտնականներն այսօր արտերկրում են: Այսպիսի հարցերն, իրոք, պետականության հիմնադրույթներին են վերաբերում: Հուսամ՝ նոր Վարչապետն ու իր խոստումնալից երիտասարդների թիմը կշտկեն նման հակաավանդույթները և հարկավոր ուշադրություն կդարձնեն Հոգևոր Հայաստանին՝ հասկանալով, որ առանց դրա չի կարող լինել, ազատ, անկախ Հայաստան՝ երջանիկ մարդկանց երկիր: Անշրջելի դրական ավանդույթներ ստեղծելու պատիվը դարձյալ Նիկոլ Փաշինյանին է վերապահված. Աստված օգնական նրա բոլոր ռազմավարական նախաձեռնություններում:


Թագուհի Հակոբյան  Hraparak.am 10.05.2018թ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.