ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՐԱԾԵ՛Ք, ԿՈՎԵ՛Ր, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

Post 1

Ունի՞ այսօր Հայաստանը քաղաքական հոսանքների գունային հստակեցման խնդիր: Այո՛, ուներ երեկ և ունի այսօր: Արդյո՞ք այսօր կիրառելի են նախորդ և նախանցած դարերի ձևակերպումները: Այո՛, եթե մեր միտքը լռվել-մնացել է այդ դարերում, և ճիշտ այնքան, ինչքան բազմագործառույթ սմարթֆոնների դարում կիրառելի են միայն ֆիլմերից հայտնի բռնակով պտտվող հեռախոսները:

2018թ. մայիսմեկյան Խորհրդարանում պատգամավորներից մեկը հաջողեց լյուստրացիա կատարել՝ բացահայտելով սեփական երկրի դեմ «տղա բերողների» մի ամբողջ ոհմակ, որոնց մասին իրենց սիրելի խորհրդային ժամանակներում ամենից մեղմ բնորոշումը «գործ տվողն» էր ու «շպիոնը», իսկ ավելի անշեղ բնորոշումը նրանց մասին տվել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը:

Բայց խորքային, գուցեև՝ ավելի կարևոր մի լյուստրացիա ևս իրականացվեց: Դա մեր ժողովրդի 10 հազարանոց «ընտրյալների» մտավոր ինքնալյուստրացիան էր: Դրանցից ոմանք չխորշեցին իրենց իմացության ցածրավայրերից խոսել ազգային պահպանողականության, լիբերալիզմի ու համանման բաների մասին:

Պարտքս եմ համարում այդ թերուս 10 հազար դրամանոցների համար այսպիսի մի գերպարզունակ, պրիմիտիվագույն հուշաթերթիկ ներկայացնել: Նախ՝ քաղաքակիրթ աշխարհում ոչ լուսանցքային է համարվում երեք հոսանք՝ լիբերալ, պահպանողական, սոցիալիստական: Կան նաև այլ հոսանքներ, որոնք այս երեքից դուրս են, իշխում են ոչ զարգացած երկրներում և աղանդների տեսքով կան նույնիսկ զարգացած երկրներում: Թե՛ այդ երեքը, թե՛ մյուսները գույներ են, որոնց երանգները տասնյակների են հասնում, որոնք տեսնելու համար քայլ առաջ է պետք անել՝ թվայնացվածության դարում դուրս գալով սև-սպիտակ հեռուստացույցի ժամանակներից:

Սկսենք լիբերալիզմից: Լիբերալը հայերեն ազատականն է: Ազատությունն ինքնին բարձրագույն արժեք է թե՛ անհատի, թե՛ հանրույթի (տվյալ դեպքում՝ ազգի) համար: Այդ ազատականությունը վերաբերում է հանրային կյանքի վարման և տնտեսավարման ոլորտներին: Լիբերալները համոզված են, որ պետության դերը հնարավորինս պետք է նվազեցվի հանրային կյանքի կազմակերպման հարցում՝ բեռը տեղափոխելով ինքնակառավարման հանրային սեգմենտների վրա: Տնտեսության հարցում կողմնակից են հնարավորինս ազատ մոտեցումներին, երբ պետության փոխարեն ազատ շուկան պետք է որոշի տնտեսական գրեթե բոլոր հարցերը: Պետությանը միայն կողմնակի ուղղորդման գործառույթներ են վերապահում: Բայց սա միայն դասական մոտեցումն է, որը բացարձակ տեսքով չի եղել և լինել չի կարող, ինչպես որ բնության մեջ ոչինչ բացարձակ կերպով չկա: Լիբերալ քաղաքական հոսանքներին ընդունված է անվանել «աջ»: Բայց քանի որ շրջանագծի ամենամոտ կետերը հենց ամենահեռու կետերն են (նայած թե ո՛ր կողմից մոտենաս), երբեմն լիբերալի հակառակ ծայրում գտնվող սոցիալիստներն են հենց աջ ծայրահեղականներ, ինչպես հիտլերյան նացիոնալ-սոցիալիստները:

Իսկ լիբերալի հակառակ բևեռում գտնվող սոցիալիստները գտնում են, որ պետության դերը հնարավորինս պետք է մեծ լինի թե՛ հանրային կյանքում, թե՛ տնտեսության մեջ. նրանք գտնում են, որ պետությունը ոչ միայն պետք է կառավարի, այլև ղեկավարի տնտեսությունը: Դրա գռեհիկ տարբերակը մենք տեսել ենք 70 տարի շարունակ: Մինչդեռ ժամանակակից աշխարհում, ինչպես շատ ճշգրիտ նկատեց քաղաքացիական շարժման վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դրանք դարձյալ զտարյուն չեն, և բերեց կոմունիստական Չինաստանի օրինակը, ուր ամենից շատ միլիոնատերերը կան: Սոցիալիստական գույնին, որն իր հերթին տասնյակ երանգներ ունի, ասում են «ձախ»: Արդյո՞ք նույնն են ձախական Տրոցկին, ձախական Չե Գևարան, ձախական Ստալինը, ձախական Կիմ Չին Ընը, ձախական Կարմիր կխմերները: Իսկ, ասենք, Գերմանիայի քրիստոնեա-սոցիալիստական ձախական կուսակցությունն ընդհանրապես այս շարքում տեղավորել կարող են միայն մեր Խորհրդարանի անհոդաբաշխ գործակալները:

Կա երրորդ հոսանքը նույնպես, որ կոչվում է պահպանողական: Սրանց անվանում են «ցենտրիստներ», քանի որ լիբերալների չափ «աջ» չեն, ազատության արժեքը բարձրագույններից համարելով հանդերձ՝ ընդունում են պետության կողմից կառավարվող, սակայն շուկայի կողմից ղեկավարվող տնտեսության և հանրային կյանքում պետության կարգավորող գործոն լինելու մոտեցումները: Նաև այնքան ձախ չեն, որ չափազանցնեն պետության՝ ամեն ինչում գերակայող դերը: Անշուշտ, սա ևս բնության մեջ զտարյուն կերպով չի հանդիպում, այլ ունի տասնյակ երանգներ: Իսկ երբ խոսում են ազգային պահպանողականության մասին, ապա պիտի գոնե իմանան Գաբրիել Այվազովսկու, Կարապետ Եզյանի, Պերճ Պռոշյանի, Մկրտիչ Խրիմյանի մասին, և հասկանան, որ կղերականն ազգային սոուսով համեմած իրենց գավառական բարբաջանքները կարող են լսել ոչ միայն իրենց պես թերուսները, այլև, ասենք, պահպանողական Անգելա Մերկելը, Թերեզա Մեյը, Ջորջ Բուշը, Դոնալթ Թրամփը, նույնիսկ՝ Վլադիմիր Պուտինը, և որ «անցյալի այդ կառեթով հեռու գնալ չեն կարող»: Թեև հասկանալի է՝ սինլքորների վերջին ապաստանը «ազգայինը» մաստակ սարքելն է և կրոնական, սեռական, ազգային և այլ փոքրամասնություններին արհեստականորեն առնչելը: Նրանք հանգիստ կարող են հիմնել պատգամավորական նոր խումբ՝ «Տգիտություն՝ առանց սահմանների» անվամբ:

Ի դեպ, ներկայումս ոչ միայն բազմերանգ է այս հոսանքներից յուրաքանչյուրի գույնը, այլև ի հայտ են եկել նոր գույներ՝ նեոլիբերալիզմ, նեոկոնսերվատիզմ, լիբերալ-կոնսերվատիզմ, սոցիալ-լիբերալիզմ և այլն: Երբեմն սրանք միասին են հանդես գալիս, ինչպես օրինակ, Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատականն ու քրիստոնեա-սոցիալիստականը (իմա՝ պահպանողականն ու սոցիալիստականը): Ավելին՝ հիմա նույնիսկ Եվրոպայում մոդայիկ է դառնում պոպուլիզմը, որի անդունդը կարող է գլորվել Հայաստանը, եթե ժամկետանց մեր թերուսները շարունակեն «ՍՄԿԿ պատմության» դասագրքերի էջերից նայել աշխարհին:

Եթե ամենապարզունակներից գլուխ չեք հանել, ընկեր սովետոպարտիականներ, ապա որքան ավելի դժվար է լինելու երանգները տարբերելը: Եվ ամենևին պետք չէ ճամարտակել գաղափարների ոլորտում, ձերը լափելն է՝ լափե՛ք: Ձերը գործ տալն է՝ տվե՛ք: Ձերը հուդայությունն է՝ արե՛ք, ի՞նչ եք մտել բարդ մատերիաների դաշտ. ձերը կանա՛չ դաշտն է՝ արածե՛ք, քանի որ կարճ է ձեր կյանքը: Եկել է նոր սերունդ և ձեր փլվելու նախասահմանված պարիսպների շուրջ իր Ազատության փողերն է հնչեցնում:

 

Միքայէլ Հայրապետեան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.