ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի սերունդը շռնդալից հաղթանակ է ապահովում՝ մեր երկրի ու ազգի համարումը բարձրացնելով մի քանի սանդղակ. Միքայել Հայրապետյան

Post 1

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Փորձե՞լ եք վերլուծել եւ հասկանալ այն պատճառները, որոնք հաշված օրերի ընթացքում քաղաքացիական անհնազանդություն ստեղծեցին երկրում եւ հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին։

-Հիմանական պատճառներից էին անսահման ատելությունը վարչախմբի հանդեպ և հիմնավոր վստահությունը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

-Ապրիլի 13-ից մեկնարկած քաղաքացիական անհնազանդության շարժումը, ի շարս այլ իրողությունների, բացահայտեց նաեւ կուսակցությունների, քաղաքական համակարգի սպառված լինելը։ Ո՞րը պետք է լինի այսուհետ քաղաքական ուժերի առաքելությունը։

-Շնորհավորում եմ կուսակցությունների և քաղաքական համակարգի մասին Ձեր անճառելի իմացությունը. այդ դեպքում ի՞նչ առաքելության մասին է խոսքը:

-Ակնհայտ է, որ շուտով Հայաստանում ձեւավորվելու է նոր իշխանություն։ Դատելով հասարակական տրամադրություններից՝ «թավշյա» հեղափոխության առաջնորդներից կան հստակ սպասելիքներ՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, վտարանդի Վանո Սիրադեղյանի վերադարձը հայրենիք, ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում, լյուստրացիա, թալանված միջոցների վերադարձ պետբյուջե, հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունների բացահայտում արդար դատաքննությունների միջոցով։ Շարքը կարելի է շարունակել։ Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞ր պահանջները հնարավոր կլինի ողջամիտ ժամկետներում իրականացնել, ի՞նչ մեթոդներով։

-Քաղբանտարկյալների ազատ արձակումը, թերևս, ամենաառաջնայինն է և ամնաարագ ու օրինական ճանապարհով լուծվելիքը: Ամբողջ հասարակությունը գիտի, որ առնվազն Շանթ Հարությունյանի և ընկերների, Հայկ Կյուրեղյանի, Անդրեաս Ղուկասյանի դատավճիռները քաղաքական պատվեր էին և շինծու. դրանք պարզապես նույն դատարանի միջոցով պետք է բեկանվեն՝ հանցակազմի բացակայության պատճառով: Նույնը վերաբերում է նաև Վանո Սիրադեղյանի հանգամանքին. օրինական ընթացակարգով պետք է անհապաղ դադարեցվի մեր լավագույն արձակագրի և պետականության հիմնադիրներից մեկի հանդեպ ամոթալի հետախուզումը: Ավելին՝ նրանք բոլորը պետք է դիմավորվեն ծնծղաներով, նրանցից մենք պետք է ներում հայցենք:

-Հաճախ հնչում են համեմատություններ 88-ի շարժման եւ 2018-ի երիտասարդական շարժման միջեւ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ կան այդ շարժումների միջեւ։ 88-ի արդյունքում ձեւավորված իշխանությունների սխալներից նշվում է, որ նրանք ձախողվեցին, քանի որ կոմունիստական նոմենկլատուրային վստահեցին բարձր պաշտոններ։ Ի՞նչ քայլեր պետք է անեն նոր իշխանությունները, որպեսզի բացառեն նախորդների սխալները։

-Ամեն սերունդ իր պայքարն ունի: Ամեն սերունդ պատմության առջև դատվում է իր պայքարի հաջողությամբ: Ըստ այսմ՝ համարժեք չէ տարբեր սերունդների պայքարները համեմատելը. կարելի է միայն արդյունքները համեմատել. բոլորն էլ այս կամ այն չափով արդյունավետ են եղել: Բայց շատ լավ է, որ մենք դժգոհ ենք. դա նշանակում է, որ ավելիի ակնկալիքն ունենք և ավելին անելու ներուժն ենք զգում մեր արյան մեջ: 88-ի շարժման առաջնորդների սերունդը չի ձախողվել՝ չնայած բազում սայթաքումներին ու կոպիտ սխալներին. նա մեր պատմության վերջին հազար տարում առաջին անգամ առաջնորդել է մի պատերազմ, որը տանուլ չենք տվել: Իմ սերունդը, որ դարձյալ անցյալ է, իր ուսերին է հաջողությամբ տարել նույն պատերազմի հիմնական բեռը. խիզախների մեծամասնությունը հենց 1960-ականների ծնունդ էր: Չարաբաստիկ հոկտեմբերի 27-ով զարգացման օրինաչափ ընթացքը խեղվեց. ռևանշ ապահովեցին ոչ թե կոմունիստները, այլ կոմունիստական մուտանտները: Ըստ այսմ, թերևս կարելի է ասել, որ վերջին 20 տարին լիարժեք արդյունավետությամբ չենք անցկացրել, երբեմն՝ մսխել ենք: Հերթը հիմա Նիկոլ Փաշինյանի սերնդինն է, որ ավելի երիտասարդներին՝ արդեն պետականության շրջանում ծնվածներին կամ աքսելերացվածներին առաջնորդելով, շռնդալից հաղթանակ է ապահովում՝ մեր երկրի ու ազգի համարումը բարձրացնելով միանգամից մի քանի սանդղակ: Հիմա մեր պարտքն է ամեն կերպ սատար կանգնել Նիկոլ Փաշինյանի հաղթարշավին. դա սրբազան պարտք է:

Հարցազրուցավար՝ Թագուհի Հակոբյան

Hraparak.am 26.04.2018թ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.