ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՎԱՐՇԱՎՅԱՆ ՊԱԿՏԻ ԾԱՂՐԱՆՄԱՆԱԿԸ

- Պարոն Հայրապետյան, Հայաստանը որպես անվտանգության երաշխավորներ մի կողմից ընտրել է ՀԱՊԿ անդամակցությունը, մյուս կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակը, սակայն օրակարգում չկա ՆԱՏՕ անդամակցումը: Ըստ Ձեզ` ո՞ր անվտանգության երաշխավորն է ավելի հուսադրող Հայաստանի պարագայում:


ՎԱՐՇԱՎՅԱՆ ՊԱԿՏԻ ԾԱՂՐԱՆՄԱՆԱԿԸ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ զրուցել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

- Պարոն Հայրապետյան, Հայաստանը որպես անվտանգության երաշխավորներ մի կողմից ընտրել է ՀԱՊԿ անդամակցությունը, մյուս կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակը, սակայն օրակարգում չկա ՆԱՏՕ անդամակցումը: Ըստ Ձեզ` ո՞ր անվտանգության երաշխավորն է ավելի հուսադրող Հայաստանի պարագայում:

- Անվտանգությունն ինքը բազմաշերտ հասկացություն է. եթե խոսքը արժեհամակարգային անվտանգության մասին է, ապա Հայաստանի համար նախընտրելին եւ հուսալին, բնականաբար, ՆԱՏՕ-ն է: Իրատես լինելու պարագայում պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող. կա ընդամենը Խորհրդային Միության ժառանգորդ Ռուսաստան, որն իր վաղեմի փառքի փշրանքների պահպանման ճիգերն է անում՝ Վարշավյան պայմանագրի ծաղրանմանակի պատրանք ստեղծելով: Վերջիվերջո, եթե հանենք բռնապետական Բելառուսի հանգամանքը, ապա ՀԱՊԿ-ն կպատկերանա որպես մահմեդական կիսանկախ եւ ավտորիտար երկրների ցեղապետերի ակումբ՝ ռուսական առաջնորդությամբ:

- Տեսակետ կա, որ Հայաստանը այս առումով պետք է չեզոքություն պահպանի ու չպետք է որեւէ ռազմաքաղաքական դաշինքի անդամլինի։ Արդյոք համամի՞տ եք:

- Չեզոքությունը կամ ռազմաքաղաքական դաշինքներից որեւէ մեկին մասնակցությունն ինքնանպատակ լինել չի կարող. այն պետք է բխի մեր պետության եւ քաղաքացիների անվտանգության շահից: Չեզոքությունն էլ հայտարարելով չէ, որ լինում է, այլ՝ հնարավորությամբ, կարողությամբ: Այս պահին չեզոքությունը պարզապես անհնար է: ՀԱՊԿ-ն (իմա՝ Ռուսաստանը) մեզ չի թողնի այնտեղից դուրս ելնել՝ առանց չափազանց մեծ գին վճարելու, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երեւակված ճանապարհային քարտեզ չունի նույնիսկ Վրաստանի վերաբերյալ, ուր մնաց՝ Հայաստանի անդամակցության մասին մտածի այս պահին. դա մե՛ր մտածելիքն է: Ընդհանրապես, հայ քաղաքական միտքն անգիտացել եւ անգիտանում է ժամանակի եւ պահի գործոնին, որը հիմնարար թեմա է:

- Ի՞նչ արժեքային տարբերություն եք տեսնում այդ երկու անվտանգության կառույցների մեջ, համամի՞տ եք, որ ՀԱՊԿ-ը ավտորիտար կառույց է, իսկ ՆԱՏՕ-ն ժողովրդավար:

- ՀԱՊԿ գոյություն չունի. դա նույնն է, ինչ ասեք, թե մարզպանական Հայաստանն ու Իրանի մյուս ծայրամասերը մետրոպոլիայի հետ անվտանգության միասնական համակարգ էին կազմում. վասալը սուզերենի հետ նույնը լինել, հավասար իրավունքով դաշինք կազմել չի՛ կարող: Ինչպես 1500 տարի առաջ կար իրանական կայսրության անվտանգության համակարգ, որին առանց վիճարկման իրավունքի՝ իր հստակ մասնաբաժինն էր պարտավոր իրացնել գաղութային Հայաստանը, այնպես էլ այսօր կա ռուսական կայսրության անվտանգության համակարգ, որին առանց վիճարկման իրավունքի՝ իր հստակ մասնաբաժինն է իրացնում Հայաստանը (լինի դա ռուսական բանակի հոգսերը Հայաստանում հոգալը կամ որոշակի չափաբաժնով աբորիգեններից համակազմ ապահովելը): Այնպես որ, ՀԱՊԿ կոչվածը, որ նույնն է թե ՌԴ զինված ուժերը, չեն կարող լինել ավտորիտար կամ ժողովրդավարական, դրանք պարզապես կայսրության զինված ուժեր են:

ՆԱՏՕ-ն նույնպես չի կարող լինել ավտորիտար կամ ժողովրդավարական. ավտորիտարը կամ ժողովրդավարականը զինված ուժերի եւ դրանցից բխող ենթակառուցվածքների չափորոշիչներ չեն: Եթե խոսքը Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի երկրների արժեհամակարգերի մասին է, ապա, այո՛, Ռուսաստանը եւ իր մահմեդական գաղութները՝ Բելառուսի եւ Հայաստանի հետ միասին, ավտորիտար են, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը դասական ժողովրդավարության պետություններ են, թեեւ այնտեղ էլ կա ինչպես Թուրքիայի նման ֆաշիստականից ոչ այնքան հեռու պետություն, այնպես էլ Ալբանիայի նմանը: Առկա է խնդրի մեկ այլ կողմ եւս. ՀԱՊԿ-ն կոչված է պաշտպանելու ինչպիսի՞ արժեքներ ու արժեհամակարգ, եւ ՆԱՏՕ-ն կոչված է պաշտպանելու ինչպիսի՞ արժեքներ ու արժեհամակարգ. նույնիսկ այսպիսի համեմատությունն է անարդար: Անշուշտ, մենք պետք է ձգտենք երբեւէ արժանի մասը դառնալ քաղաքակրթական՝ մեզ հարազատի եւ ընդհանրապես առաջավորի ու կենսունակի՝ անվտանգության ՆԱՏՕ-ական համակարգի, բայց միայն ճիշտ՝ մեզ եւ միայն մեզ հարմար պահին, որպեսզի աշխարհաքաղաքական գլոբալ տեղաշարժի «հաշիվը փակողը»՝ գինը վճարողը, հերթական անգամ մեր երկիրն ու ժողովուրդը չլինեն, ինչպես դա բազմիցս եղել է մեր պատմության ընթացքում:

- Պարոն Հայրապետյան, որքանո՞վ էր այս անգամ Սերժ Սարգսյանի Չիկագո գնալու պատճառը պայմանավորված Կովկասի եւ Մոլդովայի հակամարտությունների վերաբերյալ հռչակագրի ընդունմամբ, եւ արդյոք հռչակագիրը հնարավո՞ր է վնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

- Այդպիսի հռչակագրերը չէ, որ վնասում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, մանավանդ որ մեզ համար որեւէ արտառոց կամ նոր բան չկա այդ հռչակագրում: Եթե Սերժ Սարգսյանի ԱՄՆ չգնալը կարող էր մեղմել Ռուսաստանի խստացող վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ապա պարտավոր ենք ըմբռնումով մոտենալ: Հուսով եմ՝ այդ հանգամանքն Արեւմուտքում եւս հասկանում են:

- Ի՞նչ եք կարծում, որքանով ՆԱՏՕ-ն կկարողանա ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների անցկացման ճանապարհին վճռորոշ դեր ունենալ:

- Ձեր թույլտվությամբ՝ այս հարցին պատասխանելիս դիմեմ դասականի, տվյալ դեպքում՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի օգնությանը: Հիշու՞մ եք, երբ Գեւորգ Սարոյանը հարցնում է Անահիտին, թե ու՞ր է նրա զառամյալ հայրը, Անահիտը պատասխանում է, թե գնացել է գաղթականների խնդրով: Գեւորգը կատակում է՝ ասելով, թե ուրեմն ամեն բան լավ է լինելու, քանի որ նրա հայրն է զբաղվում գաղթականներով: Հիմա էլ թե՛ ես՝ այս հարցին պատասխանողս, թե՛ Դուք՝ հարցադրողդ, թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Ռուսաստան-ՀԱՊԿ-ն, թե՛ մանավանդ Տաջիկստանը մտահոգվելու պատճառ չունենք. այդ հարցերով Հովհաննես Հովհաննիսյանը զբաղվում է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

www.lragir.am

04/06/2012թ.

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.