ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼԵՈՆ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Լեոն պատմաբան է, բանասեր, գրող, հայագետ, հասարակական եւ քաղաքական գործիչ: Թեեւ ուղիղ 80 տարի է անցել նրա մահվանից, սակայն այսօր էլ արդիական են նրա որոշ մոտեցումները, մանավանդ նրանք, որոնք ամբողջացել են Մեծ եղեռնի, պետականության վերականգնման եւ կորստի, ապա եւ՝ խորհրդայնացման ապրումներից հետո:


ԼԵՈՆ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

(Զեկուցում ՀՊՃՀ գիտակրթական սեմինարում, 16.04.2012թ.)

Լեոն պատմաբան է, բանասեր, գրող, հայագետ, հասարակական եւ քաղաքական գործիչ: Թեեւ ուղիղ 80 տարի է անցել նրա մահվանից, սակայն այսօր էլ արդիական են նրա որոշ մոտեցումները, մանավանդ նրանք, որոնք ամբողջացել են Մեծ եղեռնի, պետականության վերականգնման եւ կորստի, ապա եւ՝ խորհրդայնացման ապրումներից հետո: Երբ ասում ենք «Լեոն եւ իր ժամանակը», հարկավոր է հստակեցնել, որ Լեոն, ինչպես ժամանակաշրջանի բոլոր հայ գրագետները, «ունեցել է» առնվազն երեք ժամանակ. առաջին՝ մինչեղեռնյան կամ ազգային ռոմանտիզմի ժամանակ, երկրորդ՝ հետեղեռնյան կամ քաոտիկ մտքի ժամանակ, երրորդ՝ խորհրդային կամ լենին-ստալինյան ժամանակ: Մենք կանգ կառնենք երրորդ ժամանակի վրա, քանի որ այստեղ է Լեոն տարբերվում իր ժամանակակիցներից՝ թե՛ խորհրդային կարգերն ընդունողներից, թե՛ այդ կարգերը մերժողներից:

Սակայն, սկզբում մի քանի խոսքով անդրադառնանք նախընթաց երկու ժամանակներին:

Առաջին ժամանակը բնութագրվում է ազգային ռոմանտիզմով, որով տարված էր հայության կիրթ զանգվածի մեծամասնությունը: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմն արթնացրեց ազգային իղձեր, որ շատ մոտ թվացին Սան Ստեֆանոյից եւ Բեռլինից հետո: Այդ երազայնությունն ամենաէական դերակատարությունն ունեցավ հայության վարքի վրա հետագա շրջանում՝ ընդհուպ մինչեւ 1918 թվական: Այդ ժամանակի հայ մամուլը, այդ ժամանակում ծնված հայ քաղաքական կուսակցություններն անվիճարկելի ֆանատիզմով հավատում էին, որ ընդամենը մի նոր պատերազմ է հարկավոր, որ հայությունը վերջապես թոթափի իսլամական աշխարհի իր 900-ամյա մաս լինելը: Առաջին համաշխարհային պատերազմը հենց այդպես էլ ընկալվեց: Լեոն եւս այս մտայնության կրողն էր, ինչպես մնացյալ գրեթե բոլորը հայ վերնախավում՝ սկսած Րաֆֆուց մինչեւ Սարգիս Կուկունյանց:

Լեոյի երկրորդ ժամանակը, դարձյալ ինչպես հայ ինտելեկտուալ վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչների համար, սկսվեց Մեծ եղեռնի հանգամանքով, թեեւ դա խորությամբ չզգացվեց Առաջին համաշխարհայինի ընթացքում: Միայն մի քանի տարի անց էր, որ պարզ դարձավ, որ հայության երազներն իրական հունավորում չեն ունեցել: Ռեալությունը պարզ դարձավ միայն ռուսական հեղափոխություններից հետո, երբ պարտավորվեցինք ինքներս իրական դերակատարում ունենալ տարածաշրջանային գործընթացներում: Ռուսական հեղափոխությունների արդյունքը դարձավ անկախության վերականգնումը: Այդ շրջանը հայ քաղաքական մտքի համար պետք է բնորոշել որպես քաոտիկ ժամանակշրջան, երբ պետության ապագայի շուրջ կային տրամագծորեն հակառակ պատկերացումներ: Լեոն եւս կարծում էր, որ պետք է պատեհ առիթն օգտագործել եւ հնարավորինս մեծ տարածքներ ձեռք գցել պատմական հայրենիքից: Լեոյի, այսպես կոչված, երկրորդ ժամանակը՝ քաղաքական դեգերումների եւ կողմնորոշիչների փնտրտուքի շրջանը, շատ արագ ավարտվեց, երբ 1920-ին կորսվեց անկախ պետականությունը:

Լեոյի երրորդ ժամանկը սկսվեց 1920 թվականի ձմռան սկզբին, երբ ռուսական օկուպացիոն 11-րդ բանակը մտավ Հայաստան:

Խորհրդային պատմագիտության կողմից 1920թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը համարվել է սոսկ դաշնակցական վերնախավի ապաշնորհության հետեւանք, այն որպես այդպիսին ներկայացվել ու ներարկվել է խորհրդահայ մի քանի սերնդի նաեւ գեղարվեստի միջոցով (գրականություն, կինոարվեստ եւ այլն): Մինչդեռ դա Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ քաղաքական եւ դիվանագիտական երկարատեւ պայմանավորվածությունների հետեւանք էր, որը եւս մեկ անգամ ամրագրվեց Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով՝ առանց տարածքային փոփոխությունների: Կոմունիստական պատմագիտության այդ քարոզչությամբ տարբեր շարժառիթներով տարվել է Խորհրդային Միությունում մնացած հայ մտավորականների մեծամասնությունը:

Հատկանշական է, որ 10 մեծադիր հատորով լույս տեսած նրա ժառանգության մեջ տեղ չգտավ առնվազն երեք գործ: Դրանցից առաջինը «Անցյալից» պատմագիտական հուշագրությունն է (կարելի է համեմատել այդ շրջանում բուռն ծաղկում ապրող գեղարվեստական հուշագրության հետ): Մյուս երկուսն են «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» եւ «Խոջայական կապիտալը»: Հենց սրանցով էլ հնարավոր է բնորոշել Լեոյի եւ իր ժամանակի շաղկապվածությունը: 1920-ականներին Լեոյի մյուս գործերը պատմաբանի սառը հայացքով են գրված, որոնք, ի դեպ, կա՛մ սկիզբ էին առել նախորդ պատմաշրջանում, կա՛մ դրանց տրամաբանական շարունակությունն էին: Իսկ այս երեքից առանձնանում է հատկապես «Անցյալից»-ը, քանի որ սրա ուսումնասիրությունը միանգամայն հստակ ցույց է տալիս 1920-ականների բեկումնային շրջանում հայ մտավոր եւ քաղաքական վերնախավի աշխարհընկալումն ու հոգեկերտվածքը: Ժամանակաշրջանը խստիվ գաղափարախոսականացված էր, ուստի այդ հուշագրության ճակատագիրը կարող է ցույց տալ ամբողջ ժամանակաշրջանի պատկերը:

Եվ այսպես. հիմնարար մեկ հարց. ինչու՞ խորհրդային իշխանությունը, որ հատորյակներով տպագրեց Մանանդյանի, Աբեղյանի ու նաեւ Լեոյի բազմահատորյակները, զլացավ հրատարակել Լեոյի երեք գործերը:

Առաջին. դա պայմանավորված էր խորհրդային իշխանության պրիմիտիվ ամբողջատիրությամբ. ըստ այդ իշխանությունների մտածողության՝ «Անցյալից»-ը կարող էր սոցիալիստ Դաշնակցության հետ միաժամանակ ստվերել նաեւ սոցիալիստ բոլշեւիզմը: Ճիշտ այդպես չտպագրեցին Օտյանի «Ընկեր Փանջունին», ինչ է թե՝ կոմունիստներն էլ էին հեղափոխական, կոմունիստներն էլ էին որդեգրել կարմիր տեռորը, կոմունիստներն էլ էին նույն տրամաբանության մեջ:

Երկրորդ. դրանք (Լեոյի չտապրված գործերը) իրենց էության մեջ կրում են հայ ժողովրդի, ինչպես Լեոն է ասում, կղերական դիվանագիտության մտածողության հիմքերը քանդելու միտում, բերում անհաշտ պատերազմ դրանց դեմ: Պատերազմ հայ ժողովրդի` դարերով եկած այն մտածողության դեմ, որը ճանաչում է միայն բարեկամ եւ թշնամի, մինչդեռ Լեոն բերում է շահի գաղափարը: Եվ այդ շահն էլ ընկալում է ոչ թե ավանդաբար ընդունվածը, այլ այնպես, ինչպես առողջ ու հաղթական ազգերը կընկալեին: Բարեկամները կամ դաշնակիցները, ինչպես եւ թշնամիները կամ մրցակիցները մեզ համար ունեցել են անժամանակյա, հավերժական, դոգմատիկ երեւույթ. չնչին բացառություններն էլ կրել են նեղ, կուսակցական, կոնյուկտուրային, պատեհապաշտական բնույթ` աղետալի հետեւանքներով: Դա խանգարել է, որ մենք ունենանք արժեքային դաշնակիցներ ու արժեքային մրցակիցներ, որոնք մշտապես նույնի մեջ մարմնավորված չլինեն: Այս առումով, իհարկե, խորհրդային իրականությունը չէր կարող խրախուսել Լեոյի այս գործերի տարածումը, թեեւ դրանք շատ հանգամանքներում հենց իրեն` խորհրդային պետությանն էին պաշտպանում: Ելակետերն էին տարբեր: Այսպես. խորհրդային իրականությունը կարող էր հանդուրժել, ասենք, հույժ կրոնական անվանումը` Էջմիածին, բայց ոչ երբեք հայ թագավորի անունով Վաղարշապատը: Մենք կարող էինք կանգնեցնել մինչեւիսկ կաթողիկոսի արձան եւ կրոնական աստիճան ունեցող բազում գործիչների արձաններ, սակայն ոչ երբեք արքայի, ասենք, Տիգրանի կամ Վռամշապուհի: Արտաքուստ թվում է, թե խորհրդային աթեիստական գաղափարախոսության հիմնական թշնամին եկղեցին էր, սակայն թույլատրված էր նրան չընդունել միայն կոմունիստական դիրքերից, բայց ոչ երբեք ազգային: Եվ երբ հարցը գալիս էր եկեղեցուն եւ ազգին, կոմունիստները նախապատվությունը տալիս էին եկեղեցուն: Իշխանությանն ավելի ձեռնտու էր լոկալացված, հաճախ իր հետ համագործակցության գնացող եկեղեցին (ոչ միան հայ), քան ազգային առողջ ինքնագիտակցումը:

Հաշվի առնելով ցեղասպանության հետեւանքով հայերի ատելությունը Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ` խորհրդային գաղափարախոսությունը դա խրախուսում էր, իհարկե, կառավարելիության ծիրում պահելու աստիճան, քանի որ հակառակը (ինչը բերում էին Լեոյի վերոհիշյալ գործերը) շատ ավելի վտանգավոր կարող էր լինել հենց իրեն համար: Խորհրդային Ռուսաստանն առաջին վերակենդանացնողն էր մեռած թուրքական պետության, սակայն նրա տեսանկյունից` հայերին արգելել էր պետք վերագնահատել պատմական իրականությունը, ճանաչել այն, քանի որ հաջորդ վայրկյանին սլաքն իր դեմ կդառնար: Լեոն արտաքուստ դուրս չէ ժողովուրդների բարեկամության, ինչպես նաեւ «իմպերիալիստական երկրների դեմ ազգային պայքար մղող» Թուրքայի եւ թուրքերի հանդեպ առնվազն լոյալության շրջանակից: Սակայն դարձյալ Ելակետն է տարբեր: Առողջ մտածողությունն ու ընկալումն այն տրամաբանական հանգրվանին են հասցնում, որ չի կարելի անկեղծ հույս դնել օտարի, այդ թվում եւ` Ռուսաստանի վրա: Իսկ առողջ ազգերին ոչ մի կայսրության դեռ չի հաջողվել երկարատեւ ճորտության մեջ պահել: Այս առումով, Լեոյի այս գործերը հենց «հակասովետական» էին իրենց էությա՛ն մեջ: Իսկ հայերի կառավարելի հակաթրքությունը պահպանելը եւ խորացնելը խորհրդային կայսրության տրամաբանության ծիրում էր` Բաժանիր, որ տիրես:

Երրորդ. հայ կղերական դիվանագիտությունը, որ հազարամյա արմատներ ուներ, քաղաքական ասպարեզ էր իջեցրել Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ այդ մտածողության ծիրում արեց առավելագույնը: Անարդար կլիներ մեր աննախադեպ ողբերգության, ազգային համակործանման ամբողջ մեղքը բարդել ՀՅԴ-ի ղեկավարության վրա: Մեղքը ոչ թե այդ կուսակցությանն էր, այլ մայր մտածողությանը: Ոչ մի արեւելաեվրոպական կամ մերձբալթյան, նույնիսկ վրացական կուսակցություն չէր գործի այնպես, ինչպես գործեց մեր այն ժամանակվա հիրավի ամենահարազատ, ամենահայկական կուսակցությունը: Ամենահարազատ, քանի որ նա ոչ մի ավելի բան չարեց, քան կաներ ցանկացած հայ ուժ, եթե ասպարեզ իջած լիներ դրանից 100 կամ 500 տարի առաջ: Իհարկե, որոշիչ չդարձած եզակի բացառություններ եղել են պատմության ընթացքում, ինչպես հենց ինքը` Լեոն է նկատել մի առիթով ու ասել, որ դրանք մնացին եզակի ու մեկուսի: Այդպիսի տարբեր ու առողջ` ոչ «հայկական», այսինքն` ոչ կղերական մտածողության կրողներ կային նաեւ 19-20-րդ դարագլխին, բայց նրանք մնացին լուսանցքում: Սա, անշուշտ, հասկանում էր եւ խորհրդային կայսերական մեքենան, ուր մարշալներից, գիտնականներից, քաղաքագետներից ավելի կարեւոր էին գաղափարախոսական հատվածի դեմքերը (միշտ էլ այնտեղ երկրորդը եղել են սուսլովներն ու անդրոպովները): Ուստի կայսերական մեքենան հանդես էր գալիս Եկեղեցու եւ Դաշնակցության դեմ գործողի դերում, սակայն գործում էր ոչ թե նրա էության դեմ (հակառակը` խորացվում էր այդ էությունը հայ ժողովրդի մեջ), այլ ձեւի, քանի որ ամբողջատիրական համակարգերը չեն հանդուրժում իրենց կառույցից դուրս գործող հատկապես նույնանման այլ կառույցներ: Դրանք, բացի կղերականության դասական խտացումներ լինելուց, նաեւ աշխարհասփյուռ կառույցներ էին, որոնց հետ պետք էր խաղալ:

1920 թվականին կար երկու լսելի ուղի. դաշնակցականը եւ բոլշեւիկյանը: Բանը հասավ այնտեղ, որ սկսեցին գրել եւ գործել` «Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա»: Լսող չկար մտահոգ այն տեսակին, որ այլ Ելակետ էր առաջարկում, որի պարագայում այդ ամոթալի, միայն մահամերձին հատուկ հարցադրումն ուղղակի չէր լինի անգամ ենթագիտակցականի մակարդակում:

Լեոն իր այս գործով, մի տեսակ, կամուրջ է հանդիսանում հիվանդ եւ առողջ մտածողությունների միջեւ: Նա տեսնում է, որ իր նկարագրածը մի շրջան էր, երբ վերելք էր ապրում ազգայնական տենդը. Գերմանիաները միանում էին, ռուսները շրջանառում էին համասլավոնականությունը, թուրքերի մոտ դեռեւս Միդհատ-փաշայի ժամանակներից ծլարձակում էր համաթուրանականությունը, որ հետո դարձավ երիտթուրքերի պաշտոնական գաղափարախոսությունը: Հստակ պատկերացնում էր, որ պետություններից եւ ազգերից յուրաքանչյուրն ունի իր սեփական շահը եւ պարտավոր չէ այն զոհել մեկ ուրիշի հանդեպ թեկուզ ամենամարդասիրական նկատառումներից ելնելով, եւ այդտեղ որեւէ անբարո բան չկա. ավելին` հակառակն է անբարո: Սթափորեն արձանագրում է, որ հայազգի ռուս Լոռիս-Մելիքովը խորհուրդ է տալիս մեր ազգային պատվիրակությանը` պահանջներն անել Կիլիկիայի տարածքում, քանի որ` «Այս կողմը… մե՛ր ճանապարհն է»: Ավելին ի՞նչ բացախոսություն կարելի է պահանջել` հասկանալու համար, որ այն, ինչ մեկի համար Հայրենիք է, մյուսի համար կարող է սոսկ ճանապարհ լինել: (Եվ մի՞թե այսօր էլ այդպես չէ:) Լեոն գրում է. «Հայերն այս բանը չհասկացան եւ ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ»: Իսկ մեկ ուրիշը` Միլյուկովը, տարիներ անց հակառակն էր խորհուրդ տալիս, որ էության մեջ նույն դասն է հայերին. «…ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետեւ այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք եւ կհակառակվեն հայերի տիրապետության Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, եւ այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ»: Լեոն հմուտ քաղաքագետի պես որսում է էությունը եւ բանաձեւի ճշգրտությամբ սահմանում հետեւությունը. «Ձրի համակրանք չկա»: Լեոն դա խորությամբ հասկանում էր առնվազն «Անցյալից»-ի գրության տարիներին, նա գրում է. «Չհավատայի՞նք: Բայց ինչպե՞ս չհավատայինք: Այն ժամանակ էլ ինչի՞ն կարելի էր հավատալ: Եվ հավատացինք մենք»:

Այստեղ հաշվել էր պետք: Մեր առաջնորդները վատ հաշվողներ եղան: Քաղաքական հարաբերություններում հավատքը տեղ չունի, անհրաժեշտ է միայն հաշվարկ, սառը եւ մանրամասն հաշվարկ: Սա՛ ի նկատի ունի Լեոն, երբ բազում տեղերում արտահայտում է այսպիսի մտքեր. «…որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը», «Սա մի կատարյալ անգրագիտություն էր: Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը», «Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց եւ այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան եւ կյանքի առեղծվածն էր դրված», «…հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը»: Եվ որպես ամփոփում սրա` «Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»:

Ժամանակը բնորոշող հաջորդ առանցքային դասը, որ այդպես էլ չսերտվեց` երրորդ ուժի բացառման հրամայականն է (այս արտաքին երրորդ ուժը չշփոթել վերանշյալ ներքին երրորդի հետ), ինչպես հետագայում հրաշալի ձեւակերպեց լուսահոգի պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը: Եթե խնդիր կա հարեւանի հետ, ապա հնարավորության դեպքում պետք է բացառել երրորդ կողմին, քանի որ երրորդները միշտ ունեն սեփական հետաքրքրություններ, որոնց արանքում ձեւախեղվում է խնդիրը, հարմարեցվում երրոդների շահերին: Դա չհասկանալու արդյունքում մենք Սան Ստեֆանոյի պայմանագրից սկսեցինք եւ հասանք մինչեւ Ալեքսանդրապոլի խայտառակություն: Սա կտեսնենք այս գործի ամեն էջում: Եվ քանի որ, ինչպես ասվեց, հասկանալի պատճառներով գույները թանձրացված են, փոքր-ինչ չոր, աննրբանկատ լիենելու եւ ստեղծագործաբար մոտենալու անկարության հետեւանքով կարող ենք մեղադրել հեղինակին, թե ինչու է ամեն մեղք, կատարվածի ամբողջ պատասխանատվությունը վերցնում մեզ վրա: Սա ոչ միայն հոյակապ առավելություն է եւ մարդկային ու ազգային բարձր որակների առկայության նշան, այլեւ հրաշալի դաս մեզ բոլորիս: Այդպես միայն Ուժեղը կարող է վարվել:

Լեոն բավականին կոպիտ է արտահայտվում ֆիդայականության մասին, որ կարող է թյուրըմբռնման տեղիք տալ: Սակայն դրանով հերթական դասն է տալիս` չխորշելով վիրավորել հայերիս կարծրացած եւ իռացիոնալ «ազգային» արժանապատվությունը: Ի դեպ, այդպիսի համարձակություն, որ սրտացավության եւ իրատեսության ցուցիչ է, պատմության ընթացքում մենք տեսնում ենք միայն մեր ամենալուսավոր դեմքերի մոտ (Խորենացի, Չարենց, Տերյան, Շահնուր…): Լեոն գրում է. «Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ: Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՛նք պիտի լինեին նաեւ քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր եւ ուժեղ մտքին: Այսպես էր մեր աղքատությունը: Եվ մենք, բնականաբար, պիտի տեղի տայինք ընդունակ վրացի առաջնորդներին, որոնց ետեւից կազմակերպված բազմություններ էին գնում: Նոր միայն զգացվում էր, թե որքան մեր կյանքը տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրել եւ անդամալուծել է հայդուկային աշխարհավարությունը: Մեր լավագույն երիտասարդությունը թուրքական բանտերի եւ կախաղանների կերակուր էր դառնում, եւ մեր միտքը գնալով գոսանում էր, շաբլոնական միանմանության էր ստրկանում` գրեթե ոչինչ տեղ չթողնելով ինքնուրույն աշխատանքի, պրպտումների, որոնումների համար: Սասունի, Վասպուրականի լեռները հայ ֆիդայիների դիրք դառնալով՝ կուլտուրական աշխատանոցներ, մտքի մարզարաններ չէին դառնում իհարկե, այլ ավելի նեղացնում էին մտավոր հորիզոնը` ամեն շահ եւ մտածմունք կենտրոնացնելով հրացանի բլթակի վրա: Եվ ահա, երբ եկան նոր օրեր` նոր եւ մեծ պահանջներով լեցուն, դարձյալ նույն լեռներից իջած, բլթակի շահերով ապրող մարդիկ եկան մեզ առաջնորդելու նոր պայմանների մեջ: Հասկանալի է, որ մե՛նք պիտի թույլ լինեինք, պիտի պարտվեինք, եւ ոչ մեկ ուրիշը»: Այսինքն` խոսքը ֆիդայիների նվիրվածության մասին չէ, դա քննարկման առարկա չէ, այլ նրանց զբաղեցրած դիրքի:

Լեոյի գրական ժառանգությանն անծանոթ լինելու դեպքում հնարավոր է նրան մեղադրել «հակաանկախականության» մեջ: Այս գործի գլուխներից մեկը նա նույնիսկ առնում է չակերտների մեջ («Անկախություններ»)` ցույց տալով իր անհամաձայնությունը: Սակայն դատելուց առաջ հարկ է խորամուխ լինել խնդրի բուն էության մեջ, հաշվի առնել ստեղծված գրեթե անելանելի կացությունը եւ այդ կացության թողած հոգեբանական ազդեցությունը: Լեոն մեր այն եզակի մտավորականներից է, որ ջերմեռանդ քարոզիչն է եղել անկախության. դրա վկայությունն են նրա բազում գործերը (մանավանդ ստվարածավալ «Հայոց պատմությունը», «Մելիքի աղջիկը», «Վարդանանքը»: Սակայն երբ ուղղակիորեն դրված էր ժողովրդի ամենատարրական ֆիզիկական գոյության խնդիրը, ապա, բնականաբար, մտավորականը նախապատվությունը պիտի տար այդ գոյությանը: Պատկերացրեք, թե գրքի մարդը` Լեոն, ինչ հոգեկան տառապանքի միջով պիտի անցած լինի, որպեսզի առաջարկի վաճառքի հանել մեր հոգեւոր նյութական ժառանգությունները եւ փրկել սովահար Մարդուն: Խոնարհվել է պետք նրա տառապանքի առջեւ:

Լեոյի ժամանակի դիմագծի մեկ այլ բնութագրիչ է այսօր գրեթե նույնությամբ կրկնվող հայ-թաթարական (ադրբեջանական) հակամարտությունը:

Ընդհանրապես հուշագրության ժանրին հիմնականում դիմում են խոշոր, պատմական տեղաշարժերից հետո, երբ վերարժեւորման հրամայական կա: 1920-30-ականները հենց այդպիսին էին: Հուշագրությունը երկունքի այն ճիգն է, որով փորձ է արվում կտրվել անցյալից:

Իր ծննդյան օրից, հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ապրել էր մի տարածքում, որի մեծագույն մասն այլեւս չկար. դա հասկանալ էր պետք ու չխելագարվել: Ամենասոսկալին` չկար ժողովրդի կեսը. այդ անդամահատությանը դիմանալ էր պետք, այդ արնահոսությունը կանգնեցնել էր պետք, դրան բացատրություն գտնել էր պետք, հետագա կյանքի իմաստը պատճառաբանել էր պետք: Որքան էլ տարօրինակ է, գեղարվեստի մակարդակում մեզանում դա առաջինն արեց մի հանճարեղ երիտասարդ` Եղիշե Չարենցը` գրելով «Երկիր Նաիրին»: Հետո մեկը մյուսի ետեւից կատարվածը փորձեցին դասդասել, վերարժեւորել Գուրգեն Մահարին, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Ակսել Բակունցը, Ալեքսանդր Շիրվանզադեն… Վտարանդության մեջ հայտնվածներն էլ ունեին այդ խնդիրը, գուցե առավել ծանր ու ծանրացած. պատահական չէ, որ հուշեր գրեցին Ռուբեն Տեր-Մինասյանը, Կոմսը, Սիմոն Վրացյանը, Ռուբեն Դարբինյանը, Միքայել Վարանդյանը… Ամենեւին էական չէ, որ Չարենցի հուշերը մարմին առան որպես պոեմանման վեպ, Զորյանինը` ինքնակենսագրական վեպ, Մահարունը` գեղարվեստական հուշագրություն, Շիրվանզադեինը` դասական մեմուար, Վրացյանինը` քաղաքական ժամանակագրություն, Վարանդյանինը` քաղաքական պատմություն… Խնդիրը մեկն էր` դասդասելով վերարժեւորել: Անշուշտ, փշալարի տարբեր կողմերում հայտնվածների հուշագրություններն ունեին ներքին մի թաքնված երանգ` մեղադրանք եւ արդարացում: Չարենցը, ասենք, մեղադրում է մազութիհամոյականությունը, իսկ նույն երեւույթն այլ լույսի տակ ներակայցնելով, ասենք, Վրացյանը մեղադրում է բոլշեւիզմը, փորձում արդարացնել իր ու իրենց գիծը: Մեծ հաշվով, սա մի պատերազմ էր նույն ժողովրդի ընտրանու երկու հատվածների միջեւ:

Թիվ մեկ մեղավորը չէր բավարարում. ողբերգությունը շա¯տ էր մեծ: Այդ մեղավորը թուրքն էր` ըստ բոլորի: Չէր բավարարում նաեւ երկրորդ մեղավորը` քրիստոնյա տերությունների «ապերախտությունը»: Երրորդ մեղավոր մերոնք հռչակում էին միմյանց, ինչը հոգեբանական տեսանկյունից միանգամայն հասկանալի էր: Այդ մեղադրանքների առաջին օրինակը տվեց անկախ Հայաստանի առաջին ղեկավարը` Հովհաննես Քաջազնունին` գրելով «Հ.Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւս»: Երկրորդը Լեոյի այս հուշագրությունն է: Ուշադիր լինելու դեպքում կարող ենք նկատել, որ սփյուռքյան այդ շրջանի գրեթե բոլոր հուշագրությունները խորքում պատասխան էին Լեոյի հենց այս գործին, ինչպես նաեւ «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությանը»: Մանավանդ այդ գործերից ամենաարժեքավորը` Վարանդյանի «Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւնը», կետ առ կետ պատասխանն է Լեոյի այս երկու գործերի. չկա ոչ մի ինքնուրույն հարցադրում: Եվ այդ գրվածքների շարժառիթն ու նպատակը «պաշտպանական ճառով» հանդես գալն է Լեոյի «մեղադրական ճառից» հետո:

Ահա, այսպիսին էին Լեոն եւ իր ժամանակը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅԱՐՊԵՏԵԱՆ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.