ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՊԿ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻ ԽՈՍՔԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Հանրապետության մեծարգո Հիմնադիր-նախագահ, հարգելի նախագահություն, պատվիրակներ եւ հյուրեր,

պատիվ ունեմ հայ պահպանողականների անունից ողջունելու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության սույն համագումարը` բարեմաղթելով բեղմնավոր արդյունքներ` ի փառս դժվարին կացության առջեւ հայտնված մեր երկրի:


ՊԿ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻ ԽՈՍՔԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Հանրապետության մեծարգո Հիմնադիր-նախագահ, հարգելի նախագահություն, պատվիրակներ եւ հյուրեր,

պատիվ ունեմ հայ պահպանողականների անունից ողջունելու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության սույն համագումարը` բարեմաղթելով բեղմնավոր արդյունքներ` ի փառս դժվարին կացության առջեւ հայտնված մեր երկրի: Ավելորդ չեմ համարում հիացմունքով հիշեցնել, որ ազնիվ քաղաքացի եւ քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանի ղեկավարած այս կուսակցությունն էր, որ հիմնելով «Իմպիչմենտ» դաշինքը, ներկայումս քաղբանտարկյալ եւ մեր ներկա պայքարի երկրորդ դեմքը հանդիսացող Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով եւ ետընտրական ակցիաներով սահմանեց այն բոլոր ոգեղեն եւ գաղափարական նախադրյալները, որոնցով սկիզբ առավ 2008 թվականի Համաժողովրդական հուժկու շարժումը: Հավանաբար այս գիտակցումից սարսափած էր, որ ռոբասերժական օկուպացիոն ռեժիմը հենց պարոն Մակեյանի, նրա զինակիցների ու զավակների հանդեպ ծավալեց ամենաճղճիմ ու արգահատելի հետապնդումներն ու հալածանքները թե՛ մարտի 1-ից առաջ եւ թե՛ հետո: Այս համագումարը վկայությունն է այն բանի, որ «Ժողովրդավարական հայրենիքն» ու նրա աննկուն ղեկավարը հիրավի անընկճելի են, որքան էլ ջանաց թաթար-մոնղոլական դրածո ռեժիմը:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ժառանգորդն է երեքհազարմյա պատմության, եթե նրա համար հիրավի բարձրագույն արժեք է Համաժողովրդական շարժման «Ազատություն» կարգախոսը, ապա պետք է թույլ չտա, որ իրեն կիրգիզի պես քարշ տան դրսից պատվիրված հեղափոխությունների շրջապտույտի մեջ: Հուսանք, որ կոմունիստական այդ նեոտոտալիտարիզմը Հայաստանում հենարան չի գտնի, թեեւ այստեղ էլ քաղաքական գործիչների մեծագույն մասն օբյեկտիվորեն չի կարողանում հրաժարվել պոլիտբյուրոյի ցուցումներով սեփական պետքերն անգամ հոգալու պրակտիկայից: Մեր հույսի առյուծի բաժինն ընկնում է այն վստահությանը, որ մեկ անգամ կոմունիստական 70-ամյա դրածոներին անցնցում տապալած Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհաջողի դա անել եւս մեկ անգամ ու վերջնականապես: Այսօր էլ հենց նրա տիրական եւ համակշռող ներկայությամբ է պայմանավորված, որ բոլորիդ հայտնի եւ սիրելի` Շարժման լուսե երիտասարդությունը մեկ գործողությամբ հիմնավորապես չի ճզմում ու սրբում պոլիտբյուրոների կարոտախտով տառապող ինֆանտիլների խաժամուժը` ինչ անվամբ էլ որ հանդես գան դրանք:

Այսինքն` ազգային հիմնախնդիրը մեր հոմո-սովետիկուսի գիտակցությունների մեջ է, իսկ եւ՛ հայ-թուրքական, եւ՛ հայ-ադրբեջանական այս խայտառակ նահանջները, կեղծվող ընտրությունները, քաղաքական հալածանքները, քաղբանտարկյալների առկայությունը, կոռուպցիան, ամենաթողությունը եւ մնացյալ հյուծիչ արատները սոսկ հեռավոր արձագանքն են կոմունիզմի եւ դրա ծնունդ քրեականության, օտարահաճության, գավառականության, քիրվայության, պոլիցայության, անլիարժեքության: Մի կողմից` հայ ազգի ներկա սերունդը, որ մենք ենք, իրավունք չունի վերջապես չկատարելու իր քաղաքակրթական ընտրանքը հօգուտ առաջադիմության, մյուս կողմից` պարտավորված է հաշվի նստելու միջազգային օբյեկտիվ ռեալությունների հետ: Այսինքն` մի կողմից պարտավոր ենք վերահռչակել Հայաստանի անկախ պետականությունը, մյուս կողմից` չչարախնդալ ու ձեռքերը շփելով չսպասել ռեժիմի ինքնակործանմանը, որն իր փլատակների տակ կարող է թողնել Հայաստանի այս վերջին բեկորը: Այսինքն` մի կողմից հրամայական է կեղծիքների ու դերասանության այս փակ ու կախարդական շղթան ճեղքելը, արդարության հաստատումը, մյուս կողմից` հրամայական է, որ խորը հավատ ներշնչվի ողջ հասարակությանը, թե մեր պայքարը նույնն է, ինչ կար, թե մեր պայքարը հայ ոստիկանի համազգեստի մեջ նոր կամ հին լլկողներ խցկելը չէ, ինչպես որ փետրվարյան հավատավոր զանգվածները ոտքի չէին ելել որեւէ ժամկետանց դարաշրջան վերակենդանացնելու:

Կասկած իսկ չկա, որ քաղաքական մեր ամենասերտ դաշնակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, ինչպես որ երբեւէ չի տրվել օրվա գայթակղությանն ու իր գործողությունները պայմանավորել է բացառապես Ազատ եւ Երջանիկ Հայաստան ունենալու տեսլականով, այնպես էլ այս համագումարում նման ուղեգիծ կորդեգրի` զանց առնելով կոնյուկտուրային թելադրանքները:

2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները չեն ավարտվել, եւ մնում են որպես օրվա գլխավոր քաղաքական խնդիր: Պայքարի ոչ մի փուլում այն դեֆորմացվելու իրավունք չունի, որքան էլ որ կողքից փորձեր անեն այլ` արտաքուստ համազգային ու մեծադղորդ երեւացող խնդիրներով ստվերել կամ մարել այն: Կեղծվել է Քաղաքացու քվեն, ձայնը, Բանը, որն ի սկզբանե է, որը ժողովրդավարական հասարակության եւ երկրի ամենաառաջին հանգանակն է: Հնարավոր չէ շրջանցել այն, հնարավոր չէ կեղծիքի վրա պետության ամուր շենքը կանգնեցնել: Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնած Հայ ազգային կոնգրեսն ա՛յդ արդարության վերականգնման նպատակով է ստեղծվել. մենք այդպես ենք հասկանում: Եվ մի՛այն այդպես ենք հասկանում: Եվ պատրաստ ենք «Ժողովրդավարական հայրենիքի» հետ անմնացորդ ծառայել այդ նպատակին:

Շնորհակալություն: Առաջն Աստված:

Միքայէլ Հայրապետեան

Պահպանողական կուսակցության նախագահ

10.04.2010.

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.