ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

Կիլիկիայի Ադիյաման քաղաքում էր մինչեւ 1915 թ. Մեծ եղեռնը բնակվում Հացպանյանների 86 հոգիանոց գերդաստանը: Այդ մեծ գերդաստանից կիսամեռ վիճակում Դեր Զորի անապատ հասան միայն 3-ը` Մարիամը, Խանումը եւ Ծերունը: Ծերունն ամուսնացավ իր պես որբացած Արաքսի Թովմասյանի հետ, ով ծնունդով Սամոսատ քաղաքից էր:


ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

Կիլիկիայի Ադիյաման քաղաքում էր մինչեւ 1915 թ. Մեծ եղեռնը բնակվում Հացպանյանների 86 հոգիանոց գերդաստանը: Այդ մեծ գերդաստանից կիսամեռ վիճակում Դեր Զորի անապատ հասան միայն 3-ը` Մարիամը, Խանումը եւ Ծերունը: Ծերունն ամուսնացավ իր պես որբացած Արաքսի Թովմասյանի հետ, ով ծնունդով Սամոսատ քաղաքից էր: Նրանց ամուսնությունից ծնված 7 որդիներից անդրանիկը Գեւորգ Հացպանյանն էր:

Գեւորգ Հացպանյանը 18-ից մինչեւ 20 տարեկանը զինվորական ծառայությունն անցկացրեց հայկական չքնաղ Սարիղամիշ քաղաքի հանրահռչակ հեծելազորում: Զբաղեցրած պաշտոնի բերումով` թուրք սպայակազմը նրան Գեւորգ Չաուշ էր կոչում, ինչն իրեն հպարտության զգացում էր տալիս, քանի որ դա անունն էր 1907-ին զոհված հայ նշանավոր հայդուկապետի: 1947-ին Գեւորգ Հացպանյանն ամուսնացավ Ֆրանսիայի ազգային հերոս, նույնպես ադիյամանցի Միսակ Մանուշյանի հորեղբոր դստեր` Հռիփսիմե Մանուշյանի 7 երեխաներից մեկի` Մարիամի հետ` ինքն էլ 7 երեխա ունենալով: «Հակաթուրքական» որակված իր հայրենասիրական գործունեության պատճառով ձերբակալվեց ու բանտարկվեց բազմաթիվ անգամներ` 1949, 1955-56, 1963, 1968, 1973-74, 1982 թվականներին: Բանտային աննկարագրելի տանջանքների ու ֆիզիկական կտտանքների մասին տեղի մամուլն անդրադարձավ մի շարք նյութերով ու լուսանկարներով: Չնայած այս ամենին` Հացպանյանն անմնացորդ նվիրվեց Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայկական մասունքների պահպանման գործին: Դա աներեւակայելի խիզախություն էր պահանջում, եթե հաշվի ենք առնում, թե ինչպիսի ռասիստական երկիր էր Թուրքիան այդ տարիներին: Կիլիկիացի հայերը նրան «Խիվ Գիվուրգ» իսկ թուրքերը` «Դելի», այսինքն` «Խենթ» մականունն էին տվել: Նա 1964-ի մայիսին Ալեքսանդրեթ քաղաքում, իր տանը հյուրընկալեց մեծ գրող Վիլյամ Սարոյանին, ով զարմացած եւ հիացած համատարած թուրքական շրջապատում նրա դրսեւորած անկոտրում վարքից` ասաց. «Գեւորգ Հացպանյանն իր յուրաքանչյուր 24 ժամը բոլորիս փոխարեն հողի իսկական տիրոջ իրավունքով ապրող մեծատառով ՀԱՅ ՄԱՐԴ է եւ, իբեւ այդպիսին, հրաշքին հավասար ապրելու կամք դրսեւորող, միայն մատների վրա հաշվելու չափ քիչ մարդկանց տեսակին է պատկանում»:

Հացպանյանների երբեմնի բազմանդամ գերդաստանից ստացած իր 3 վերապրողի ժառանգությունը հենց թուրքերի քթի տակ ու աչքի առջեւ կրկին 86-ի հասցնելու առաքելությունը կատարող վերջին մոհիկանը կյանքին սպառնացող ահագնացող եւ ամենաիրական վտանգից զերծ մնալու համար 1986-ին ստիպված եղավ տիկնոջ` Մարիամ Հացպանյանի հետ թողնել հայրենի Կիլիկիան եւ տեղափոխվել ֆրանսիաբնակ կրտսեր որդու` Սարգիս Հացպանյանի մոտ, ով ճակատագրի հեգնանքով այժմ քաղբանտարկյալ է հենց Հայաստանում:

Գեւորգ Հացպանյանի` թուրքական բանտերում անցկացրած դաժան ընթացքը, կյանքի ամենժամյա անմարդկային հարվածներին դիմագրավելու ճիգերն անհետեւանք չանցան. նա ձեռք բերեց երիկամների քաղցկեղի անբուժելի հիվանդություն: Մահամերձի շուրջը հավաքվեցին նրա զավակները, բացառությամբ կրտսեր որդու` ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի, ով թուրքերի դեմ շարունակելով հոր պայքարը, այնուհետեւ Ղարաբաղում տալով սեփական բազմամյա կռիվը, այժմ բանտում է. ո՛չ թե թուրքական, այլ` հայկական: Ու չգիտենք` Հայոց բանակի ծննդյան օրվա առթիվ շնորհավորե՞նք Սարգիս Հացպանյանին, թե՞ համբերություն ցանկանք հերոսական հոր կորստի վիշտը բանտի պատերի մեջ անտրտունջ տանելու համար:

Այսօր` 2010թ. հունվարի 28-ին իր Հոգին Աստծո ձեռքը հանձնեց Գեւորգ Հացպանյանը` հավանաբար այն Մեծ հույսով, որ այն այլեւս հավերժորեն կսավառնի հայրենի Կիլիկիայի լեռների ու դաշտերի վրա: Այս իրոք «տարօրինակ, տարօրինակ մարդ արարած» Խենթ Հայի տեսակի խնկելի հիշատակի առջեւ հարգանքով խոնարհվելու ժամն է: Ի¯նչ լավ կլիներ, որ նման կենսագրության տեր մարդուն հավերժություն ճանապարհելիս աղքատացող մեր այս աշխարհում փորձեինք գոնե բարոյապես հարստանալու ձգտման հավատարիմ մնալ: Վիլյամ Սարոյանն ասել է. «Մեր աշխարհից հեռացած յուրաքանչյուր մարդու մասին որեւէ մեկը պետք է ինչ-որ բան գրի եւ հիշատակ թողնի անպայման»: Գեւորգ Ծերունի Հացպանյանի մասին գրված այս տողերը ոչ միայն հենց այդ պատգամը կատարելու նպատակն ունեն, այլեւ «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի» աղոթքը բարձրացնելու:

28 հունվարի, 2010 թ.

Ազատամարտիկ, ներկայումս քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայաստանյան հարյուրավոր ընկերների անունից` Միքայէլ Հայրապետեան, Պետրոս Մակեյան, Ժիրայր Սեֆիլյան, Դավիթ Մաթեւոսյան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.