ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կոչ ենք անում ամենակոշտ ու հատու միջոցներով կանխել հայոց լեզվի դեմ ռուսական ամեն ոտնձգություն․ հայտարարություն

Արցախյան 44-օրյա պատերազմով Արցախը Ադրբեջանի հետ կիսելուց հետո Ռուսաստանի Դաշնությունը, հավատարիմ իր երկուհարյուրամյա քաղաքականությանը, Հայաստանում վերստին անցել է հոգևոր լայնածավալ ինտերվենցիայի: Տեղեկատվական անվտանգության միասնական տարածքի ստեղծման անվան տակ ՀՀ Կառավարությանն արդեն իսկ պարտադրվել է համաձայնագրի ստորագրում: Փորձ է արվում հայությունից խլել նրա նաև հազարմյա ժառանգությունը տնօրինելու անկապտելի իրավունքը՝ պարտադրելով հեղինակային իրավունքի միասնական տարածք: Լկտիության և ագրեսիայի գագաթնակետ էր ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ միատարր Հայաստանում նոր ռուսական դպրոցներ բացելու և ռուսերենի դերը բարձրացնելու Լավրովյան հայակործան պլանի հեղինակ Լավրովի հայտարարությունը:

Միջազգային հանրության կողմից ստախոս ու միջազգային դատարանի առջև կանգնելու թեկնածու ընկալվող Լավրովի խոսքին հավատ չընծայելով հանդերձ՝ տարակուսած ենք, նրա այն խոսքից, թե «Երևանի՛ ցանկությանն ի պատասխան կօժանդակենք Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանը»: Հայոց լեզվով դպրոցը և գիտությունը համարելով հայ ազգային էության գերագույն գրավականը՝ կոչ ենք անում Կառավարությանը, Խորհրդարանին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ ամենակոշտ ու հատու միջոցներով կանխել հայոց լեզվի դեմ ռուսական ամեն ոտնձգություն: Մեր կողմից հայտնում ենք մեր վճռականությունը սիմետրիկ և ասիմետրիկ պատասխաններ հասցնել հայոց լեզվի հաշվին ռուսական ցանկացած ոտնձգության: Հայաստանի կառավարությանը հաստատակամորեն առաջարկում ենք հանրակրթական դպրոցներում և բուհերում դադարեցնել աշխարհի համար անընկալելի և կրթության ու գիտության համար անպիտան ռուսաց լեզվի ուսուցումը: Նյութական կորուստները, ընդհուպ մինչև տարածքներ ու մշակութային արժեքներ, երբևէ վերականգնելի են, իսկ Ազգի Հոգու՝ Մայրենի լեզվի տարածքից ամեն մի զիջում անդառնալի է ու կործանարար:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.