ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ռուսաստանն իր վերջին սև գործն է անում հայ ժողովրդի և հայ պետականության դեմ․ Միքայել Հայրապետյան․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրաապետյանը

Պարոն Հայրապետյան, Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում հետաքրքրված են ռուսական դպրոցներ բացելու հարցով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ իշխանության մեջ կան անձինք, որոնք տարիներ առաջ նախանձախնդիր պայքար էին ծավալում ռուսական դպրոցների վերաբացման դեմ: Մամուլը գրում է, որ Փաշինյանը խոստացել է բացել մի քանի տասնյակ ռուսական դպրոց։

Հայաստանում ռուսական դպրոցների բացմամբ կարող են հետաքրքրված լինել բացառապես ռուսական գործակալները. Դրա համար էինք տասնամյակներ շարունակ ահազանգում, որ լյուստրացիա է պետք: Ձեր նշած անձինք, ովքեր տարիներ առաջ իբրև թե նախանձախնդիր պայքարում էին հայազգի մանուկների համար ռուսական դպրոցների վերաբացման դեմ, հենց իրենք իրենց իշխանավարման առաջին քայլերով սլաքներն ուղղեցին բուհերում հայոց գիտական լեզվի դեմ՝ տգիտորեն շփոթելով քերականությունը Լեզվի հետ: Չեմ կարծում, թե երկրի ղեկավարը միայն ռուսական դպրոցներ բացելն է խոստացել. Հայաստանը թավալգլոր կորցնում է իր ինքնիշխանությունը: Բացարձակ կորուստը հենց հոգևոր կորուստն է, մնացյալ ամեն բան վերականգնելի է: Ռուսաստանն իր վերջին սև գործն է անում հայ ժողովրդի և հայ պետականության դեմ՝ փորձելով գնդակահարել մեր ազգային ինքնության գերագույն երաշխիքը՝ Հայոց լեզուն՝ Հայ դպրոցը: Նիկոլի ասած՝ «գոյաբանական պատերազմը» հենց սա՛ է, մի՛այն սա է. կհանդգնի՞ առաջնորդել մեր գոյաբանական պատերազմը: Տա Աստված:

Երևանում ռուս ուղղափառ եկեղեցի կկառուցվի. Արդեն արքեպիսկոպոս Լեոնիդը հայտնել է վայրը։ Ի՞նչ է սա նշանակում։

Եթե այդքան շատ հունադավան ռուսներ, ասորիներ ու հույներ կան մեր երկրում, ապա թող կառուցվի այնքան, որքան պետք է նրանց հոգևոր պահանջմունքները բավարարելու համար: Խնդիրն այստեղ միանգամայն այլ է: Ռուս եկեղեցին իզգոյացվում է ամբողջ հունադավան եկեղեցիներից, անգամ ուկրաինական եկեղեցին ու Պոլսի տիեզերական պատրիարքն են իրենց շարքերում մերժում ռուսական զոռբայությունը: Եվ հիմա այդ վտարյալը փորձում է վերջին շնչում կլանել Հայաստանյայց եկեղեցին: Բայց այստեղ ռուսական հեռուն գնացող մեկ այլ ախորժակ էլ կա: Հայ եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից մեկը Երուսաղեմի պատրիարքությունն է, ուր բացառապես Հայ, Հույն և Հոռոմ եկեղեցին իրավունքներ ունեն: Ռուսներն աստիաճանաբար ուզում են հայերից խլել ու սեփականել 1700-ամյա ա՛յդ իրավունքը: Բայց շատ մտահոգվել պետք չէ այս հարցում. Ժամանակին Բյուզանդիան էլ փորձեց իր վերջին շնչում նույն ագրեսիվությունը Հայ եկեղեցու դեմ: Եվ ո՞ւր է այժմ երբեմնի հզորագույն Բյուզանդիան: «Հզորագույն» պուտինյան Ռուսաստանն էլ նույն ճամփով է գնալու: Մենք պարտավոր ենք մի փոքր էլ դիմադրել և դիմանալ:

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչպե՞ս եք գնահատում։ Իշխող ուժը պարտվեց Գորիսում, Գյումրիում և Մեղրիում։ Սա ինչի՞ վկայություն է։

Սա ամենևին վկայությունը չէ այն բանի, որ Յուշչենկոյի ու Սահակաշվիլիի նման մեր երկրում էլ կարողացան անցկացնել արևմտյան չափանիշներին համապատասխան ընտրություններ: Հակառակը, սա վկայությունն է այն բանի, որ ռուսական ռազմաբազայի քաղաք Գյումրիում տեղական իշխանությունը տարբեր նրբագույն տեխնոլոգիաներով հանձնվեց: Ռուս-թուրքական պրոյեկտով ապագա վիճարկումների մարզ Սյունիքի պարագայում ամեն բան շատ ավելի ցցուն է. կատարվելիքի պատասխանատվությունն իշխանությունը «հաջողությամբ» հեռացնում է իրենից, թեև պատմության առջև հենց ինքն է լինելու պատասխանատուն, եթե հանկարծ Սյունիքը հայտնվի 1920-1921թթ. Ալեքսանդրապոլի վիճակում: Բայց հիմա աշխարհը փոխվել է. կան ԱՄՆ և Եվրոպա, կա Իրան, իսկ Սյունիքը միշտ էլ ունակ է իր միջից Նժդեհ ծնելու:

Պարոն Հայրապետյան, նոյեմբերի և դեկտեմբերի ՏԻՄ ընտրություններին Ձեր քաղաքական ուժը հնարավո՞ր է մասնակցության հայտ ներկայացնի։

Դա չի բացառվում, քանի որ դեռ քննարկումների և բանակցությունների փուլում ենք: Այս պահին ավելին ասելը չի բխում Պահպանողական կուսակցության շահերից, ուստի ներողություն եմ խնդրում չծավալվելուս համար:

Աղբյուրը՝ Lragir.am, հարցազրուցավար՝ Սիրաբույշ Պապյան, 20․10․2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.