ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ռուս-թուրքական տանդեմին Հայաստանում հարկավոր է անկումային մթնոլորտ՝ մի նոր ստորացուցիչ պայմանագրի համար․ Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, հունվարի 30-ին Աղդամում բացվեց հրադադարի մոնիտորինգի ռուս–թուրքական համատեղ կենտրոնը, Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երևանը չպետք է նոր արկածներ փնտրի։ Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ հարցերը քննարկում են Թուրքիայի գործընկերների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի՝ արդեն ուղղակի ներգրավումն այս ամենին։ 

Ամեն բան շատ տեսանելի է: Ռուսաստանն այլևս այն տերությունը չէ, որ կարողանա 200 տարի բացառապես ռուսական տարածք համարվող Հարավային Կովկասը միանձնյա տնօրինել: Եվ որպեսզի մեր տարածաշրջանում իր մենաշնորհային իրավունքը չկիսի Արևմուտքի հետ կամ չհանձնի Արևմուտքին, գերադասում է դաշնակցել Թուրքիայի հետ ու տեղ բացել Թուրքիայի համար, ինչը մեկ անգամ էլ արել էր 1921թ.-ին Նախիջևանի, Բաթումիի և Կարսի համար, երբ դարձյալ ճիշտ նույն վիճակում էր հայտնվել: Բայց եթե այն ժամանակ Թուրքիան Հարավային Կովկասում ռազմական ներկայության իրավունք չստացավ, ապա այժմ Ռուսաստանը իր ոտքն իր վերմակին համապատասխան է մեկնել:

Եթե Չավուշօղլուին պատասխան եղավ Հայաստանի ԱԳՆ–ից, Հայաստանից որևէ արձագանք չեղավ Մեդվեդևի հայտարարություններին։ Ինչո՞ւ են լռում իշխանությունները։

Մեր ներկա իշխանությունը պարտված կողմ է, հասկանալի է նրա խոսելու անհարմարությունը: Իշխանությունը պահպանելու համար մեր իշխանությունը ստիպված է կուլ տալ ռուսական ցանկացած անարգանք, անվրեպ կատարել ռուսական ցանկացած հրահանգ: Սա, ցավոք, օբյեկտիվ ռեալություն է:

Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական կյանքում զարգացումները, մասնավորապես Քոչարյանի հայտարարությունը մեծ քաղաքականություն վերադառնալու, արտահերթ ընտրություններին մասնակցելու և իր իսկ բնորոշմամբ «կրելու» մասին։ Որտեղի՞ց նրան այդ վստահությունը։

Մեր և՛ իշխանությունը, և՛ ինքնահռչակ ընդդիմությունը միակողմանիորեն ուղղակի կախման մեջ են Ռուսաստանից: Երկուսն էլ շարժվում են իմպերիայից իջեցված դիրեկտիվներով: Հիմա հավանաբար ցուցում են ստացել «պայքարել» միմյանց դեմ: Հետզինադադարային ժամանակում ռուս-թուրքական տանդեմին հարկավոր է հնարավորինս ատոմիզացված, թուլացած, անուղենիշ քաղաքական դաշտ, քաոտիկ և անկումային մթնոլորտ, որպեսզի կարողանան իրենց «եռակողմ» հայտարարությունը վերածել մի նոր Կարսի ստորացուցիչ պայմանագրի: Իր վստահության չափաբաժինը Ռուսաստանից ստացած հերթական շարքային ընդդիմադիրն է պարոն Քոչարյանը, պարզապես սեփական նյութական ծանրակշիռ միջոցներով: Ոչինչ ավելի:

Մինչ այս պահը հստակ չի նշվում, թե որ գյուղերն են անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո, որոնք ոչ։ Մասնավորապես, Սուսի, Աղավնո համայնքների հետ կապված մեծ անորոշություն է, նաև Ներքին Խնձորեսկի։ Այս անորոշությունը որտեղի՞ց է գալիս, ինչո՞ւ չկան հստակեցումներ։

Հստակեցում չի լինի, քանի դեռ Հայաստանին այն աստիճանի ծնկի չեն բերել, որ վախից ստորագրի նոր Կարսի պայմանագիրը: Բայց եթե իշխանություններն ու ինքնահռչակ ընդդիմությունը հանուն իշխանության պատրաստ են վախենալու, ավելին՝ մրցում են այդ վախենալու իրավունքը ստանձնելու համար, ապա Հայաստանի ժողովրդի վախը վաղուց է բռնված. Սյունիքն ու սյունեցին կխափանեն դավադրության երկրորդ արարը, մանավանդ, որ ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ներքին անորոշությունից ու Ֆրանսիայի հետ լինելու է մեր դաշնակիցը, եթե իհարկե չափազանց նյութապաշտ ու վախկոտ չգտնվենք:

Աղբյուրը՝ Lragir.am, հեղինակ՝ Սիրանույշ Պապյան, 08․02․2021թ․

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.