ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երբեմն անմտությունը դավաճանությունից վատթար է․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

«Ես դուրս կգամ, երբ աշխարհք քանդվի, մեկ էլ՝ շինվի»,- ասում է Սասմա վերջին դյուցազնն ու մտնում Ագռավաքար: Միայն 20-րդ դարում աշխարհն առնվազն երկու անգամ քանդվել ու նորից շինվել է: Առաջին համաշխարհային պատերազմով քանդված աշխարհը շինվեց նորովի՝ նոր աշխարհակարգով, ազդեցության նոր գոտիներով, Ազգերի լիգայով: Այդ աշխարհակարգը, ազդեցության համաձայնեցված գոտիները, Ազգերի լիգան քանդվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմով, որի ավարտն էլ իր հերթին նորովի շինեց նոր աշխարհակարգը՝ երկու հակամարտող ճամբարներով, երրորդ աշխարհի երկրներով, ՄԱԿ-ով:

1990-ականներին ավարտին մոտեցավ Երրորդ համաշխարհային պատերազմը՝ Սառը պատերազմը: Մեր աչքի առջեւ փլուզվեցին Խորհրդային Միությունն ու Հարավսլավիան, Վարշավյան ռազմական դաշինքը… Աշխարհը քաոսի մեջ չնետելու համար շարունակեցին կիրառվել նախորդ աշխարհակարգի համար նախատեսված կարգի՝ Պոտսդամի համաձայնագրի (1945թ.) այն կետերը, որոնք դեռ հնարավոր էր կիրառել: Անվտանգության խորհրդի իր մշտական անդամներով շարունակեց գործել ՄԱԿ-ը, որն այլ իրողության ծնունդ էր:

Իսկ հիմա՝ թռիչքաձեւ զարգացած թվային տեխնոլոգիաներն ու կիբերֆիզիկական համակարգերը եկել են վերջակետ դնելու հին աշխարհակարգին՝ նրանից միայն որոշ «դիմագծեր» ու «բնավորություն» ժառանգելով: Մոլորակի միակ գերտերություն ԱՄՆ-ն դուրս եկավ ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ից եւ ԱՀԿ-ից, տորպեդահարում է այլ ստորաբաժանումների, մինչեւ իսկ ՆԱՏՕ-ի պարագան է առնվում հարցականի տակ: Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները փլուզվեցին մեկը մյուսի հետեւից: Իսկ թե ի՛նչ է լինելու նոր աշխարհակարգը՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հզորացած Չինաստանի ու միլիարդը վաղուց անցած Հնդկաստանի, միավորված եւ գերզարգացած Գերմանիայի ու իր առաքելությունն ու վաղեմի հզորությունը չվերագտնող Ռուսաստանի պարագայում, ընդամենը վարկածներ կարելի է առաջադրել՝ չտիրապետելով տեղեկույթի ամենաորոշիչ մասերին:

Բայց նաեւ այս ամենը չի ենթադրում, թե իսպառ են ջնջվելու նախորդ աշխարհակարգի մոդուլները. այդպես մահացած պապի որոշ դիմագծեր ու բնավորության գծեր շարունակում են փոխանցվել թոռներին ու ծոռներին: Հնի ամբողջական մահվան ու զրոյից ամեն բան նորովի շինվելու մեր բացարձակացնող, առասպելական պատկերացումը միայն կարագացնի մեր ձախողումը, եթե գումարվի համատարած փնթի իշխանավարմանն ու Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու գավառական բարդույթին: 

Մենք դա տեսնում ենք մեր սիրելի Լիբանանի օրինակով: Առաջին նախագահը, այն էլ խոշոր եւ միջուկային տերության նախագահը, որ այցելեց Լիբանան, Ֆրանսիան էր: Ֆրանսիան էր մանդատ ունեցող խնամակալն ու նոր Լիբանանի ճարտարապետը ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այլեւ դեռեւս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ այնտեղ էր թողել քրիստոնյա արաբների զանգվածներ: Մակրոնը շտապեց հայտ ներկայացնել Լիբանանի նո՛ր ապագայի ճարտարապետման մեջ Ֆրանսիայի հավակնությունների մասով: Մենք այդ տրամաբանությունը տեսել ենք նաեւ հենց մեզ վրա, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Գերմանիայի ներկայությունն առավել է Վրաստանում, Մեծ Բրիտանիայինը՝ Ադրբեջանում, եւ Ֆրանսիայինը՝ Հայաստանում, ինչպես եղել էր հարավկովկասյան առաջին հանրապետությունների շրջանում: Պարզապես հավելվել է այն հանգամանքը, որ 20-րդ դարի ընթացքում ձեւավորվել է ԱՄՆ-ի՝ նոր տիպի համաշխարհային գերտերություն լինելը:

Հիմա նորովի շինվելու համար հին աշխարհից քանդվում է չքնաղ Լիբանանը, որ Հայաստանից հետո երկրորդ աշխարհագրական տարածքն էր, ուր հայկական հոծ զանգվածը չէր ձուլվում 100 տարի շարունակ, ուր հայերը աննախադեպ եւ որոշիչ դերակատարում ունեին երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում: Դա այն Լիբանանն է, որտեղ վարչապետը սունի մահմեդական էր լինում, նախագահը՝ քրիստոնյա արաբ (երկրորդ այդպիսի փորձը ձախողվել էր Կիպրոսում): Դա այն երկիրն էր, ուր 22-ամյա ամերիկահայ Մոնթե Մելքոնյանը զենք վերցրեց ու պաշտպանեց հայկական թաղամասերը քաղաքացիական կռիվների շրջանում: Ի դեպ, պաշտպանեց ոչ թե մահմեդական, այլ քրիստոնյա՛ արաբներից՝ փաղանգավորներից՝ մարոնիտներից (սա ի գիտություն մեր նորօրյա իշխանությունների): Պաշտպանեց Լիբանանի քաղաքացի հայերի առաջին, երկրորդ ու երրորդ սերնդի հայերին, որոնց համար Լիբանանը, բնականաբար, հայրենիք էր: Հայրենիքը միայն ազգությանդ բնօրրանը չէ, այլեւ քաղաքացիությունդ է: 30-ամյա Հայաստանում Հայրենիքի՝ առաջին հերթին քաղաքացիությամբ չընկալելը քարանձավայնություն է (սա էլ ի գիտություն նրանց, ում փոխարեն ապրիլյան քառօրյային բառի բուն իմաստով իր գլուխն էր դնում Հայաստան պետության իսկական որդին՝ եզդի պատանի Քյարամ Սլոյանը. նրա՛ անկապտելի Հայրենիքն է Հայաստանը):

Հիմա մեր երկրում սկսվել է մակերեսային, բաժակաճառային, գավառական, կեղծ-հայրենասիրական մի պաթոլոգիկ զեղում, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրական պատրիոտիզմի հետ: Մրցակցում են, թե ով ավելի բարձրաձայն կբղավի լիբանանահայության ներգաղթի մասին: Մինչդեռ դա ամենակարճ ճանապարհն է հայությանը՝ լեռնային հայրենակտորի վրա կուչ եկած, որեւէ երազ ու հավակնություն չունեցող էկզոտիկ ազգ, տարածաշրջանային ու համաշխարհային զրո դարձնելու: Դեռ մի կողմ թողնենք, որ բղավողները ոչինչ չարեցին Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Շամխորից…, ապա նաեւ՝ Իրաքից ու Սիրիայից պատերազմի պատճառով ներգաղթած հայրենակիցների համար տանելի վիճակ ապահովելու համար. նրանք արտագաղթեցին:

Կեղծությունից, ձեւականությունից առավել վտանգավոր է պսիխոզի վերաճող մեր կարճամտությունը: Հիշենք՝ ժամանակին, երբ հայերի կրիտիկական զանգված հավաքվեց Բյուզանդիայի Կիլիկիայում, հանկարծ Հայաստանից հեռու ծնվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը: Հայկական այդ պետականությունն իր նպաստը բերեց օտարների արշավանքներից մարող պատմական Հայրենիքին:

Հայաստանից դուրս մեզ համար այդպիսի երկու տարածք կար՝ Աբխազիան եւ Լիբանանը, որոնց քաղաքական կյանքին տեղի հայությունն առավել արդյունավետ եւ հայանպաստ կարող էր մասնակից դառնալ, եթե Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանից հոսած մեկ միլիոն հայության հոսքի մի ինչ-որ մասն ուղղորդվեր, ասենք, Աբխազիա, որի համար մեզ շնորհակալ կլինեին թե՛ Վրաստանը, թե՛ Ռուսաստանը: Մինչդեռ Սեբաստացի Մուրադի եւ Անդրանիկ Օզանյանի մեկ ոսկով հավաքված սերմացու մանուկների ժառանգները որպես աղ ցրիվ եկան աշխարհի բոլոր անկյուններում՝ դատապարտվելով շատ արագ ձուլման ու վերացման: Հիմա էլ ուզում ենք քանդել մեր վերջին արեւելյան բաստիոն լիբանանահայությո՞ւնը, որը ոչ միայն չի ձուլվել ու բարգավաճել է, այլեւ պահել է Անթիլիասի եւ Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոսությունները, հայկական երկրորդ՝ Հայկազյան համալսարանը, ունի պատգամավորներ ու նախարարներ: Փոխանակ մտածելու, թե ինչպես առավել ակտիվ ու մեծ լիազորություններով մասնակիցը դառնանք քանդվող եւ նորովի հավաքվելու շեմին կանգնած Լիբանանի, մենք ձգտում ենք ա՞յլ ծրագրի իրականացման: Այդպիսի ծրագիր հենց այս վայրկյանին իրականացնում է Թուրքիայի Հանրապետությունը, որը մեծ գումարներով գնում է Երուսաղեմի հայերի տներն ու շինությունները: Մենք մեզ Մերձավոր արեւելքում որպես դերակատար պատկերացնո՞ւմ ենք, որը կարող է սատար լինել Մայր Հայրենիքին, թե՞ նպարավաճառի հոգեբանությամբ ու բեղերը սրած փորձելու ենք ժամկետանց ոտանավորներ արտասանել:

1983թ.-ին (Անդրոպովի օրոք) երեք ընկերներով ընկած ԼՂԻՄ-ի գյուղերը՝ արցախցի մեր եղբայրներին գաղտնի լսեցնում էինք ՀՅԴ ղեկավարներից  Փափազյանի մի ձայնագրությունը, ուր նա քաղաքացիական պատերազմի օրերին հուզիչ ու փաստարկված հորդորում էր լիբանանահայությանը՝ չթողնել Լիբանանը, չհեռանալ այլ երկրներ, ուր ձուլումն անխուսափելի էր լինելու: Չխաբենք ինքներս մեզ. մեզ ոչ ոք չէր քշել Քարվաճառից՝ Դադիվանքի ստվերի տակից, ինքնե՛րս էինք լքել ու հեռանալով հիմնել Արմավիր ու Բեսլան, Հյուսիսային Կովկասի ու Նախակովկասի շատ բնակավայրեր, որտեղ մեռած հայերից այսօր մնացել են միայն գերեզմաններ, իսկ նրանց ռուս սերունդների մեջ կարելի է ճանաչել հայկական արծվաքիթը միայն:

Ցավալի է, որ սա մեր մտավորականների եւ քաղաքական ուժերի փոխարեն հասկացել են երկու գործարար՝ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն ու հայաստանաբնակ Գագիկ Ծառուկյանը, ովքեր պատրաստակամություն են հայտնել տեղո՛ւմ օժանդակելու բեյրութահայությանը՝ վերականգնելու իրենց կորուստները, եւ ոչ թե դատարկելու այն Լիբանանը, որն ինչ-որ չափով նաեւ մե՛րը կարող է լինել, եթե անմիտ չլինենք: Հայաստանի ապագան կերտվում է նաեւ Մերձավոր արեւելքում, հատկապես քաղաքակրթական խաչմերուկ Լիբանանում: Այս դեպքերի համար էր Պատմահայրն ասել «ժառանգությունից փախչող, անարի, կեղծավոր, ցուցամոլ, մեծախոս, թուլամորթ, տխմար ու ինքնահավան…»:

Մեր հարեւան Սաակաշվիլին պլանավորում էր Վրաստան հրավիրել հարավաֆրիկյան սպիտակամորթ բուրերին եւ մսխեթցի թուրքերին, Ջավախքը դարձնել կալանավորների բնակավայր: Իսկ մե՞նք: Արագ պետք է հրաժարվել Մերձավոր արեւելքը հայաթափելու Թուրքիայի հենց այժմյան ծրագրից՝ փոխարենն անաղմուկ իրականացնելով հայկական պրոյեկտ, այլապես վաղվա սերունդները մեր անմտությունը դավաճանությունից վատթար են գնահատելու:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ 14.08.2020

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.