ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

«Դա իրե՛նց՝ իշխող ուժի խնդիրն է. շունը սատկացնողին են քարշ տալ տալիս». Մ. Հայրապետյան․ ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ.

— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին շրջանում՝ հաշվի առնելով առկա լարվածությունը, իշխանություն – ընդդիմություն հաճախակի դարձած բախումները, նախկին նախագահի փեսայի հայտարարությունները, ներկա իշխանության ներկայացուցիչների հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնելը։ Ձեր կարծիքով՝ իշխանությունն արդյոք համարժեք պատասխան տվե՞լ է այդ հայտարարություններին, թե՞ ոչ։

— Ներքաղաքական վիճակն այսօր ավելի լարված չէ, քան վերջին երկու տարում. պարզապես, ելնելով պահանջմունքներից, դրանք մի փոքր ավելի ցցուն երևակվեցին: Բախումները, ըստ իս, հիմնական նպատակ ունեին՝ պաշտոնական ընդդիմություն ձևակերպելու, քանի որ Ռ.Քոչարյանին բացարձակ սևի մարմնացում ներկայացնելու և այդ սևության ստվերում բացարձակ սպիտակ երևալու տեխնոլոգիական մոտեցումը սպառել էր իրեն և հակառակ էֆեկտի սահմանին հասցրել: Ուստի պետք էր բախումներով, «ուստա-սիլլասիով» նոր՝ պաշտոնական ընդդիմություն հռչակել, ինչը և արվեց: Շատ լուրջ պետք չէ ընդունել բախումները: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին իշխանությունների տված պատասխանների համարժեքությանը, ապա գոնե այսօրվա կտրվածքով կարելի է արձանագրել, որ անձամբ վարչապետի բացատրությունը միանգամայն սպառիչ է, սակայն պետությունը չի սկսվում և չի ավարտվում վարչապետով. այդ գործին պրոֆեսիոնալ մակարդակով պետք է լծված լինեին պաշտոնական տեղեկատվական և ոլորտային կառույցները, որոնց գավառականից և «լաչառականից» վեր լինելը չի երևացել առայժմ:

— ԱԺ-ն օրեր առաջ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը և վավերացրեց «Լանզարոտեի կոնվենցիան». ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս որոշումների վերաբերյալ, և ինչո՞վ է պայմանավորված որոշ քաղաքական գործիչների բացասական արձագանքն այս որոշումների նկատմամբ։

— Առաջին օրենքի ընդունումը միանգամայն ողջունելի է. հուսանք՝ կամայականություններ չեն լինի, և չորի հետ թացն էլ չեն վառի: Կոնվենցիայի վավերացումը մի փոքր շտապողական էր, թեև անհրաժեշտ: Ըստ իս, Հայաստանը վերջապես պետք է իրեն իրավունք վերապահի համարձակ խոսելու ոչ միայն սեփական բնակիչների հետ, այլև միջազգային գործընկերների: Տվյալ պարագայում անհրաժեշտ էր կիրարկման կարգում մեր երկրի իշխանություններին լիակատար իրավունքներ վերապահելը. օրինակ՝ կրթական հաստատություններում դաստիարակման պարտադիր լինելուն զուգահեռ պետք էր ամրագրել, որ կոնվենցիայի ոգին ու էությունը չխախտելով՝ մենք դա կանենք յուրովի՝ ելնելով տարածաշրջանային մեր ընկալումներին և անվտանգության շահերին համապատասխան: Իսկ որ որոշ քաղաքական գործիչներ, ինչպես Դուք եք ասում, բացասաբար պետք է արձագանքեին, շատ բնական է: Ցավոք, արդի հայաստանյան քաղաքականությունն էլ հենց այն է, երբ օգտագործվում է յուրաքանչյուր հնարավորություն մրցակցին խոցելու և ընտրազանգվածի համակրանքը շահելու համար:

— Արդարադատության նախարարը հայտարարեց, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո։ Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում դատաիրավական համակարգի մաքրմանը։

— Ոչ միայն դրան, այլև ամեն բանին խանգարում է քաղաքական և անհատական կամքը: Չէ՞ որ մենք ունենք ոչ թե կամք ունեցողների, այլ հիմնականում կամազուրկների՝ անգամ զինվորական ծառայության կամք չունեցածների խորհրդարան ու պաշտոնյաներ՝ սկսած այդ հայտարարության հեղինակ նախարարից:

— Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, պայմանավորված համավարակով, չի լինելու։ Ձեր կարծիքով ի՞նչ հանգուցալուծում է ստանալու ՍԴ-ի հարցը։ Իշխող ուժը ՍԴ խնդիրը լուծելու այլընտրանքային տարբերակ է մտածում և դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ Խնդիրն այս փուլում պետք է հանգուցալուծվի խորհրդարանի միջոցո՞վ։

— Մենք ՍԴ-ի հարց չունենք, այլ նախորդ իշխանությունների սպասարկու անձանց՝ դատավորների կամ անդամների հարց կա մեր երկրում: Եթե հաշվի առնենք այն հիմնավոր դրույթը, որ այլևս երբեք նախորդ կլանները չեն կարողանալու վերադառնալ իշխանության, ապա նույնիսկ նվեր կարելի է դիտարկել, որ ունենք անկախ իր կամքից համակշռող դարձած ՍԴ: Իսկ հանգուցալուծման համեմատաբար ազնիվ 400 մեթոդ կա, ինչպես Օստապ Իբրահիմովիչը կասեր:  Սակայն դա ամենագետ իշխանավորներին հարցնելիք է. թող մի քիչ մտածեն, չէ՞ որ ասված է՝ «Ոչ միայն հացիվ»:

Դա տարբերակներից մեկն է՝ ոչ այնքան հաջողը: Բայց կրկնեմ՝ դա իրե՛նց՝ իշխող ուժի խնդիրն է. շունը սատկացնողին են քարշ տալ տալիս:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.