ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ-ԱՄՆ մեծ պայմանագիրը մեծ օրակարգում է

Կա՞ արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման խնդիր։ Ի՞նչ կփոխվի, երբ Հայաստանը կդառնա ԱՄՆ-ի ռեալ դաշնակիցը։ Եվ ինչպե՞ս կարող են Տիգրան Մեծն ու Պոմպեոսը նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն այսօր։

Տեղականք 1՝

Ք.ա. 66 թվականի գարնանը Մեծ Հայքի վրա են հարձակվում պարթևական զորքերը, մյուս կողմից Մեծ Հայք է ներխուժում Հռոմի բանակը Պոմպեոսի գլխավորությամբ։ Այս ծանր պայմաններում Ք.ա. 66 թվականի աշնանն Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքվում Հայաստանի և Հռոմի միջև: Ք.ա. 66թ. Արտաշատում կնքված հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը պարունակում էր հետևյալ դրույթները՝ 1. Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը: 2. Մեծ Հայքի կողմից նվաճված բոլոր պետությունները զիջվում են Հռոմին: 3. Մեծ Հայքը իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններով պահպանվում է որպես անկախ պետություն: 4. Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում: 5. Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով:

Տեղեկանք 2՝

2019-ին հայկական կողմը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի,  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի,  Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով այդ ժամանակ ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի և այլոց հետ: 2019-ի մայիսի 7-ին տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն, հոկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև են ընդունել: ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին 2019-ին աճել է 40% -ով: Հայ-ամերիկյան ռազմական գործակցության ձեռքբերումներից է, որ ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2004-ի փետրվարից, Կոսովոյում, Աֆղանստանում և այլուր։

Քաղաքագետներն ու քաղգործիչները բազմիցս են նկատել, որ առանց ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների Հայաստանին դժվար կլինի արձագանքել սպառնալիքներին, արդիականացնել տնտեսությունը և զարգացնել ժողովրդավարական հաստատությունները։ Ցանկացած տեղեկացված և ազնիվ ՀՀ պաշտոնյա կասի, որ անկախության ձեռք բերման ու պաշտպանության, ներդրումների ներգրավման, ժողովրդավարությունը քաղաքակրթական հավատամք դարձնելու հարցերում Արևմուտքի ունեցած և ընթացիկ դերն անուրանալի է։

Անշնորհակալությունը այպանելի է ազատ աշխարհում։ Ուստի՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման բարոյական հիմքն ամրացնելու համար պետք է արժևորել ԱՄՆ-ի դերը հայ ժողովրդի ռեալ ձեռքբերումների՝ անկախության և ժողովրդավարության հարցերում։ Մեր ազատությանը նպաստելու համար Ամերիկայի ժողովրդին ուղղված շնորհակալությունը կհաստատի, որ մեր ժողովուրդը ողորմելի, անշնորհակալ չի, ազատ աշխարհում իր հաստատ տեղն ունի։

Պատմական անցքերի համեմատությունը, ինչպես նաև՝ արժեքաբանական խորհրդանշությունը կարող են կիրառվել քաղաքականության մշակման և ներկայացման համար։ Այս առումով, Արցախին նվիրված պանելային հանդիպման ժամանակ Տիգրան Մեծի և Պոմպեոսի անունները տալով, հավանաբար, առաջարկվեց ի գիտություն ընդունել, որ ԱՄՆ-ն և Հայաստանը դաշնակից և բարեկամ են այսօր, ինչպես Պոմպեոսի Հռոմն ու Տիգրան Մեծի Մեծ Հայքը, ճանաչում են միմյանց ինքնիշխան իրավունքները, տարածաշրջանում ազդեցության գոտիները և այլն։ Պանելային հանդիպումը Պոմպեոսով սկսելը, հավանաբար, նշանակում է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա դաշնակցային, բարեկամական հարաբերությունները մեծ պայմանագրով կնքելու հարցը մեծ օրակարգում է։

Ըստ էության՝ այսօր ոչինչ չի խանգարում, որ միջազգային իրավունքի երկու իրավահավասար գործորդները՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, երկկողմանի պայմանագրով ամրագրեն փոխշահավետ հարաբերությունների զարգացման հիմքերն ու հեռանկարները։ Ակնհայտ է, որ գերտերության հետ ռազմավարական պայմանագիրը Հայաստանի առաջընթացի ռեալ դռներ կբացի, ինչի արդյունքում, հնարավոր է, կբարձրանա Հայաստանի դիրքը տարածաշրջանում և աշխարհում, կճանաչվեն հայ ազգի իրավունքները Արցախում և մի շարք այլ հայկական տարածքներում։

Սոս Հարությունյան, Պահպանողական կուսակցության անդամ


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.