ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ռուսական հեռուստաալիքները փակել է պետք

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի «տարակուսած» պատասխանը ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի դրականորեն փոփոխված գնահատականներին՝ խթանում է իռացիոնալ կարծրատիպը, ըստ որի ինքնիշխանությունը պաշտպանելու համար պետք է փրկագին վճարել։ Ի՞նչ էր մնում անել Ռուսաստանի դեսպանին, որը մոտ մեկ տարի առաջ առանց ավելորդ սեթևեթանքի հայտարարեց Հայաստանի նկատմամբ փափուկ ուժի քաղաքականություն վարելու մասին։ Միթե՞ ակնկալում ենք օտարի կողմից սկուտեղի վրա մատուցված ինքնիշխանություն, որը չեմուչում անելով պիտի ընդունենք։ Այս իրավիճակում քննության առարկա պիտի լինի ոչ թե Ռուսաստանի դեսպանի հավակնոտ արտահայտությունը, այլ ինքնիշխանության պաշտպանության հարցը։

Քաղաքական գործիչը, որն իշխանության հասնելու և իր քաղաքական ծրագրերն իրականացնելու հավակնություն ունի, պիտի որպես հիմնարար արժեք սահմանի ինքնիշխանությունը, ունենա դրա երազանքը և իր խոսքով ու գործով ի լուր աշխարհի հայտարարի այն պաշտպանելու վճռականության մասին։ Հակառակ դեպքում՝ եթե ինքնիշխանությունն արժեք չէ, ապա ի՞նչ իշխանության ձգտելու մասին կարող է խոսք լինել։

Այստեղ տարակուսելին ոչ թե պարոն Հակոբյանի դիրքորոշումն է, ինչպես պնդում է դեսպանը, այլ Հայաստանի քաղաքական համայնքի վախը՝ ասոցացվելու բախտակից երկրների իշխանությունների հետ, ովքեր ոչ միայն չեն ֆինանսավորում օտար հեռուսաալիքների վերահեռարձակումն իրենց երկրներում, այլև սահմանափակում են դրանց վերահեռարձակվելու երբեմնի իրավունքը։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում (Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլն) սահմանափակվում են նախկին զավթիչի էքսպանսիոն գործիքները, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հանրային հեռարձակումը, ինչպես նաև՝ արգելվում են ռուսական պետական և քարոզչական մարմինների միջամտություններն ընտրություններին: Այդ կերպ սահմանափակում են նախկին զավթիչի իրավահաջորդի սոցիալ-մշակութային ազդեցության ոլորտները, ինչից հետո ազգային-հասարակական արժեքներ սերմանում, վերաիմաստավորում և արժևորում ազգային, մշակութային հաղթանակները, նվաճումները, տառապանքները, զրկանքները, հերոսական ու ողբերգական էջերը, նվիրյալների վաստակն ու դերը, և ի վերջո՝ ազգային իդեալ սահմանում։ 

Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հանրային հեռարձակումը պետք է սահմանափակվեր «Կոլցո» գործողությունից հետո։ Ցավոք ո՛չ այդ ժամանակ, ո՛չ Անկախության հանրաքվեից հետո, և նույնիսկ ոչ էլ Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո քաղաքական համայնքը համարժեք չի արձագանքել և չի վերանայել ռուսական էքսպանսիոն գործիքների նկատմամբ վերաբերմունքը։

Այսօր էլ ուշ չի անելու այն, ինչ պետք է արվեր շատ վաղուց։ Դրա համար նախ պետք է արգելել թույլ, իրավազուրկ ժողովրդի մասին կարծրատիպային քարոզները, չփախչել իրականությունից, այսինքն՝ Հայաստանին վերաբերվել որպես անկախ և ժողովրդավարական պետության, ինչպիսին ընդունում են աշխարհի բազմաթիվ երկրներ։ Այս առումով՝ Տիգրան Հակոբյանը, շոշափելով կոնկրետ խնդիր, իրականում բարձրացրել է հիմնարար, աշխարհայացքային հարց։

Եթե հանրությունը, մասնավորապես՝ քաղաքական համայնքը հայրենիքն ընկալում է որպես ազգային իդեալով առաջնորդվող ինքնիշխան երկիր, ապա միջազգային թշնամանք հրահրող, հայկական արժեհամակարգի հետ ընդհանրություն չունեցող օտարերկրյա (ռուսական) հեռուստաալիքները պետք է չվերահեռարձակվեն հանրային մուլտիպլեքսով։ Երբ քաղաքացիներս մեր վճարած հարկերով ֆինանսավորում ենք հեռուստաալիքների հանրային հեռարձակում կազմակերպելու պետական ծրագիրը և լիազորում ենք կառավարությանն օրենքի շրջանակներում վերահսկողություն իրականացնել եթերի և հեռարձակման նկատմամբ, ապա առաջանում է տրամաբանական հարց՝ իսկ ինչպե՞ս վերահսկել պետական ֆինանսավորմամբ վերահեռարձակվող այն հեռուստաալիքները, որոնք ենթարկվում են այլ երկրի օրենքներին և սպասարկում այլ երկրի մշակութային, քաղաքական շահերը։

Սա ոչ միայն տեղեկատվական, այլև ավելի համապարփակ՝ հոգևոր անվտանգության խնդիր է։ Ուստի տրամաբանական է, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն դիրքորոշումն այս հարցում՝ ոչ միայն հարկատուներիս միջոցները նպատակային տնօրինելու, այլև հոգևոր անվտանգային միջավայր ձևավորելու առումով, որովհետև միայն այդ միջավայրում է հնարավոր իրականացնել զարգացման ծրագրեր։ Համենայնդեպս՝ մարդկության պատմությունը դա է վկայում։

Թաթուլ Մկրտչյան

Պահպանողական կուսակցության քարտուղար

Աղբյուրը՝ Lragir.am

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.