ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պահպանողական կուսակցության Կանոնադրությունը գրանցվել է 1991թ. հունիսի 10-ին` 3-րդ համարի ներքո: Վերագրանցվել է 1998թ. դեկտեմբերի 28-ին, 2001թ., հունվարի 3-ին: ՊԿ Կանոնադրության սույն խմբագրումն ընդունվել է 01.11.2003թ. Պահպանողական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում:


ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Պահպանողական կուսակցությունը (կրճատ` ՊԿ) օրինականության, ժողովրդավարության, կամավորության, իրավահավասարության, ինքնավարության եւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա ստեղծված եւ գործող հասարակական միավորում է:

Հոդված 2. ՊԿ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության եւ սույն Կանոնադրության հիման վրա:

ԳԼՈՒԽ II

ՊԿ-Ի ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ

Հոդված 3. ՊԿ-ն ունի դրոշ եւ զինանշան` 3.1. ՊԿ-ի դրոշը 12x12 համամասնությամբ քառակուսի է, քառակուսու գույնը ծիրանին է. քառակուսին հորիզոնական եւ ուղղահայաց գծերով իր ամբողջական մակերեսին ունի 1,6x1,6 լայնքով խաչ, խաչի գույնն է կապույտը, 3.2. ՊԿ-ի զինանշանը 45 աստիճանի անկյամբ շեղված, 12x12 համամասնությամբ քառակուսի է, քառակուսու գույնը ծիրանին է. 45 աստիճանի անկյամբ շեղված քառակուսին հորիզոնական եւ ուղղահայաց գծերով իր ամբողջական մակերեսին ունի 1,6x1,6 լայնքով խաչ, խաչի գույնն է կապույտը, 3.3. ՊԿ-ի դրոշի եւ զինանշանի քառակուսի ձեւը եւ ծիրանի գույնը խորհրդանշում են հայ ժողովրդի պատմության հեթանոսական շրջանը, իսկ խաչը եւ կապույտ գույնը` հայ ժողովրդի պատմության քրիստոնեական շրջանը:

ԳԼՈՒԽ III

ՊԿ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 4. ՊԿ-ի խնդիրներն են՝

4.1. Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը, միջազգային բարձր վարկի հաստատմանը, քաղաքացիների բարօրությանը` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված միջոցներով նախանձախնդիր մասնակցությունը,

4.2. ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված միջոցներով ՊԿ-ի ծրագրային դրույթների իրացումը:

Հոդված 5. ՊԿ-ի նպատակներն են՝

5.1. ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական հայոց պետության ամրապնդմանը նպաստելը,

5.2. քաղաքական հավասարակշիռ դաշտի ստեղծումը, որը կբացառի հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունները, բռնապետություն կամ ամբոխապետություն հաստատելը,

5.3. քաղաքացիական հասարակության կայացման օժանդակումը,

5.4. հասարակական-քաղաքական համաձայնության մթնոլորտի ամրապնդումը,

5.5. ՀՀ-ում գործող քաղաքական, հասարակական ուժերի, անհատների միասնականության ապահովումը՝ պետական շահերի պաշտպանության գործում,

5.6. ազգային արժեքների իմաստավորումն ու արժեւորումը,

5.7. ազգային զարգացման ծրագրերի մշակումը,

5.8. հայրենիքի եւ սփյուռքի կապերի խորացումը եւ ամրապնդումը,

5.9. ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը,

5.10. ժողովուրդների, պետությունների միջեւ բարեկամության, փոխըմբռնման մթնոլորտի հաստատման օժանդակումը:

Հոդված 6. ՊԿ-ի ծրագրային հիմնադրույթները`

6.1. ՊԿ-ն որպես պետության տիպ ընդունում է ՀՀ Սահմանադրությամբ ամրակայված հանրապետական կարգերը:

6.2. ՊԿ-ի համար բարձրագույն արժեքներ են հայ պետականությունը, պետական անվտանգությունը, հայոց լեզուն, ազգային մշակույթը, քաղաքացու իրավունքները, բարոյականությունը, ազգային անվտանգության եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահամաններում՝ խղճի ազատությունը:

6.3. ՊԿ-ն ՀՀ-ի զարգացումը տնտեսական ոլորտում տեսնում է պետության կողմից կառավարվող եւ ազատ շուկայի կողմից ղեկավարվող բազմակացութաձեւ տնտեսության մեջ:

6.4. ՊԿ-ն ջատագովն է ազգային եւ ժողովրդավարական-ազատական արժեքների այնպիսի սինթեզի, որը ներդաշնակ է հայ գենին եւ ապահովում է քաղաքացու եւ հասարակության՝ մինչեւ վերջ ինքնադրսեւորման հնարավորությունը:

6.5. ՊԿ-ն միջին խավի շահերի արտահայտողն ու պաշտպանն է. պայքարելու է, որ ստորին եւ ընչազուրկ խավ ՀՀ-ում չլինի, փորձելու է վերջինների կենսամակարդակը բարձացնելով եւ աշխատատեղեր ու ազատ ձեռներեցության հնարավորություն ստեղծելու ճանապարհով՝ հավասարեցնել միջին խավին:

6.6. ՊԿ-ն պայքարում է, որ բոլոր ռազմավարական, պետական անվտանգության տեսակետից առաջնային օբյեկտները լինեն բացառապես պետական սեփականություն:

6.7. Ազատ մրցակցությունն ապահովելու համար՝ ՊԿ-ն կողմնակից է մասնավոր սեփականության հակամենաշնորհային օրենքների:

6.8. Որպես պահպանողական՝ ՊԿ-ի մշտական խնդիրն է նպաստել պետական, հասարակական եւ տնտեսական կարգուկանոնին:

Հոդված 7. ՊԿ-ի գործունեության ձեւերը`

7.1. ընտրությունների միջոցով մասնակցել պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը, դրանց գործունեությանը,

7.2. համագործակցել ՀՀ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինպես նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ,

7.3. ՊԿ-ի ռազմավարական-վերլուծական կենտրոնի միջոցով մշակել անհրաժեշտ ծրագրեր եւ իրականացնել դրանք,

7.4. հարցման միջոցով տեղեկանալ եւ ներկայացնել հասարակության կարծիքը տարբեր գործընթացների, իրադարձությունների վերաբերյալ,

7.5. կազմակերպել հետազոտություններ, կոնֆերանսներ, դասախոսություններ, սեմինարներ եւ մշակութային միջոցառումներ,

7.6. օրենքով սահմանված կարգով հիմնել եւ օգտագործել զանգվածային լրատվության միջոցներ,

7.7. իրականացնել այլ գործունեություն, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

ԳԼՈՒԽ IV

ՊԿ-Ի ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. ՊԿ-ն կազմված է կամավոր հիմունքներով՝ դրանում 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների անդամագրումից, ովքեր ընդունում են ՊԿ-ի Ծրագիրն ու Կանոնադրությունը, չեն հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ:

Հոդված 9. ՊԿ-ին կարելի է անդամագրվել գրավոր դիմումի հիման վրա`

9.1. ՊԿ-ի Մասնաճյուղի ժողովի որոշմամբ,

9.2. ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի որոշմամբ:

Հոդված 10. ՊԿ անդամն անդամակցում է ՊԿ-ի իր տարածքային Մասնաճյուղին:

Հոդված 11. ՊԿ անդամը մուծում է ամսեկան անդամավճար, որի չափը եւ գանձման կարգը որոշվում է ՊԿ Կենտրոնական խորհրդի կողմից:

Հոդված 12. ՊԿ անդամի իրավունքները`

12.1. ընտրել եւ ընտրվել ՊԿ-ի ղեկավար մարմիններում,

12.2. մասնակցել ՊԿ-ի կողմից իրականացվող միջոցառումներին,

12.3. ՊԿ-ի ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ, մասնակցել այն ժողովներին ու նիստերին, որտեղ քննարկվում են իր անձնական հարցը կամ առաջարկությունները, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի շուրջ,

12.4. ազատորեն դուրս գալ ՊԿ-ի շարքերից՝ սեփական դիմումի կամ բանավոր հայտարարության համաձայն:

Հոդված 13. ՊԿ անդամի պարտականությունները`

13.1. կատարել ՊԿ-ի վերադաս մարմինների որոշումները,

13.2. մասնակցել ՊԿ-ի՝ իր Մասնաճյուղի ժողովներին եւ միջոցառումներին,

13.3. մասնակցել ՊԿ-ի խնդիրների եւ նպատակների իրականացմանը:

Հոդված 14. ՊԿ-ի անդամությունը կորցնելու պայմաններն ու կարգը`

14.1. ՊԿ-ի անդամն իր անդամությունը կորցնում է Մասնաճյուղի եւ (կամ) ՊԿ Կենտրոնական խորհրդին ուղղված սեփական դիմումի կամ բանավոր հայտարարության հիման վրա,

14.2. ՊԿ-ի անդամն իր անդամությունը կորցնում է, եթե անցնում է այնպիսի ծառայության, ում համար ՀՀ օրենսդրությունը կուսակցական լինելու արգելանք է սահմանում,

14.3. ՊԿ-ի անդամն իր անդամությունը կորցնում է, եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ նա գործել է ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենքների դեմ, եւ ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ կայացվել է համապատասխան որոշում,

14.4. ՊԿ-ի անդամն իր ՊԿ անդամությունը կորցնում է, եթե ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է, որ նա կատարել է ՊԿ-ն արատավորող` ՊԿ-ի Կանոնադրությանը հակասող գործողություններ,

14.5. ՊԿ-ի անդամությունը ՊԿ-ի շարքերում վերականգնվում է անձնական դիմումի համաձայն՝ ՊԿ-ի Համագումարի որոշմամբ:

ԳԼՈՒԽ V

ՊԿ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 15. ՊԿ-ի առանձնացված ստորաբաժանումները`

15.1. ՊԿ-ի առանձնացված ստորաբաժանումներն են նրա Մասնաճյուղերը, որոնք կազմվում են միայն տարածքային հատկանիշով,

15.2. ՊԿ կառուցվածքային հենքը կազմում են Մասնաճյուղերը, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չունեն եւ գործում են ՊԿ Կենտրոնական խորհրդի լիազորագրերով,

15.3. Մասնաճյուղերն ընդգրկում են ՊԿ-ի առնվազն 7 անդամ,

15.4. նոր Մասնաճյուղի ստեղծման դեպքում ՊԿ կենտրոնական խորհուրդը 5 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությանը,

15.5. Մասնաճյուղեր կարող է հիմնել ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը,

15.6. Մասնաճյուղերը գործում են ՊԿ Կենտրոնական խորհրդի հաստատած կանոնակարգով եւ ՀՀ գործող օրենսդությանը համապատասխան,

15.7. Մասնաճյուղը կազմալուծվում է ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի նիստի որոշմամբ` ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Մասնաճյուղի անդամների թիվը նվազում է սույն Կանոնադրությամբ նախատեսված 7 հոգուց,

15.8. Մասնաճյուղը կազմալուծվում է ՊԿ-ի Համագումարի որոշմամբ, եթե Մասնաճյուղն իրականացրել է ՀՀ Սահմանադրությունից եւ օրենքներից, ինչպես նաեւ սույն Կանոնադրությունից չբխող գործունեություն:

Հոդված 16. ՊԿ-ի առանձնացված ստորաբաժանումների ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները, գործունեության ժամկետը եւ գտնվելու վայրը`

16.1. Մասնաճյուղը ղեկավարում է Մասնաճյուղի Նախագահը, որը սահմանում է Մասնաճյուղի հերթական ժողովի օրակարգը,

16.2. Մասնաճյուղի Նախագահին Մասնաճյուղի անդամների միջից 2 տարի ժամկետով նշանակում է ՊԿ Նախագահը՝ Մասնաճյուղի ժողովի որոշման համաձայն,

16.3. Մասնաճյուղի Նախագահի հերթական նշանակում է կատարվում ՊԿ-ի հերթական համագումարից հետո՝ 10 օրվա ընթացքում,

16.4. ՊԿ Նախագահի որոշմամբ կարող են վաղաժամկետ դադարեցվել Մասնաճյուղի Նախագահի լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում նշանակվում է Մասնաճյուղի նոր Նախագահ,

16.5. Մասնաճյուղի Նախագահը հաշվետու է ՊԿ Կենտրոնական խորհրդին: Մասնաճյուղի Նախագահը 6 ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում ՊԿ Կենտրոնական խորհրդին՝ Մասնաճյուղի գործունեության մասին, ինչպես նաեւ գույքի, ստացված դրամական միջոցների, ծախսերի վերաբերյալ` ՊԿ նախագահին:

16.6. Մասնաճյուղի ժողովը լիազորված է կատարել անդամագրում եւ ազատել ՊԿ-ի անդամությունից` համապատասխան սույն Կանոնադրության, քննարկել ցանկացած հարց՝ կապված Մասնաճյուղի գործունեության հետ, ինչպես նաեւ սեփական որոշմամբ իարականացնել ՊԿ Ծրագրի` ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի քարոզչություն,

16.7. Մասնաճյուղի ժողովն իրավազոր է, եթե ներկա է Մասնաճյուղի անդամների 2/3-ը,

16.8. Մասնաճյուղի հերթական ժողով հրավիրվում է կես տարին մեկ անգամ, որը նախագահում է Մասնաճյուղի նախագահը,

16.9. Արտահերթ ժողով կարող է գումարվել Մասնաճյուղի անդամների 1/3-ի պահանջով,

16.10. Արտահերթ ժողովի օրակարգը սահմանում է Մասնաճյուղի անդամների 1/3-ը, որի պահանջով գումարվել է այն,

16.11. Մասնաճյուղի ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

16.12. Մասնաճյուղի ժողովի լիազորությունն է ձայնների պարզ մեծամասնությամբ ընտրել Մասնաճյուղի վերահսկողությունն իրականացնող մարմնին (կրճատ` ՄՎԻՄ), որի թիվը չի կարող պակաս լինել 3 հոգուց,

16.11. ՄՎԻՄ-ի գործունեությունը ղեկավարում է ՄՎԻՄ-ի նախագահը, որն ընտրվում է ՄՎԻՄ-ի անդամների քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ,

16.13. ՄՎԻՄ-ի նախագահը հաշվետու է ՊԿ-ի Կենտրոնական խորհրդին,

16.14. ՄՎԻՄ-ը վերահսկում է Մասնաճյուղի ֆինանսա-տնտեսական գործունեության` ՀՀ օրենսդրության հետ համապատասխանությունը եւ այդ մասին առնվազն 3 ամիսը մեկ գրավոր հաշվետվություն է ներկայացնում ՊԿ-ի Կենտրոնական խորհրդին,

16.15. Մասնաճյուղի գտնվելու վայրը կարող է լինել բացառապես տվյալ մարզի ցանկացած համայնքում:

Հոդված 17. ՊԿ-ի բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է 2 տարին մեկ անգամ: Համագումարը գումարված է համարվում պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Պատվիրակներն առաջադրվում են Մասնաճյուղերի ժողովներում: Հերթական համագումարի հրավիրման օրը եւ օրակարգը հայտարարվում է ՊԿ Կենտրոնական խորհրդի կողմից՝ համագումարի հրավիրման օրվանից առնվազն 1 ամիս առաջ:

Հոդված 18. ՊԿ-ի արտահերթ համագումարները առաջարկվող օրակարգով հրավիրվում են`

18.1. ՊԿ նախագահի որոշմամբ,

18.2. ՊԿ Կենտրոնական խորհրդի որոշմամբ,

18.3. առնվազն 2 Մասնաճյուղերի գրավոր պահանջով եւ ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի որոշմամբ:

Հոդված 19. ՊԿ-ի Համագումարը`

19.1. քննարկում եւ հաստատում է ՊԿ Ծրագիրը եւ Կանոնադրությունը, լրացումներ եւ փոփոխություններ է կատարում դրանց մեջ,

19.2. ընդունում է Կուսակցության գործունեությունը կարգավորող որոշումներ, հրահանգներ, կանոններ,

19.3. ընտրում է ՊԿ Նախագահին,

19.4. ընտրում է ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի անդամներին, որոնց թիվը սահմանում է Համագումարը,

19.5. Կենտրոնական խորհրդի կազմից՝ ՊԿ Նախագահի առաջարկությամբ հաստատում է ՊԿ Նախագահի տեղակալին եւ ՊԿ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարին,

19.6. ընտրում է Վերստուգիչ հանձնաժողովի նախագահին եւ անդամներին,

19.7. լսում եւ հաստատում է ՊԿ Նախագահի եւ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները,

19.8. հաստատում է ՊԿ-ի նպատակների եւ խնդիրների իրագործման համար անհրաժեշտ գործելակերպ,

19.9. հաստատում է ՊԿ-ի նախընտրական ծրագիրը,

19.10. առաջադրում եւ հաստատում է ՀՀ Նախագահի եւ ԱԺ պատգամավորության թեկնածուների,

19.11. հաստատում է ՊԿ-ի կողմից պաշտպանվող ԱԺ պատգամավորության թեկնածուների ցուցակը,

19.12. որոշում է կայացնում ՊԿ-ի` նախընտրական դաշինքների մեջ մտնելու մասին,

19.13. ընդունում է որոշումներ ՊԿ-ի վերակազմակերպման, վերանվանման, լուծարման վերաբերյալ,

19.14. ՊԿ Համագումարի որոշումներն ընդունվում են, որպես կանոն, բաց քվեարկությամբ՝ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ` բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքով եւ սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի,

19.15. ՊԿ ղեկավար մարմինների ընտրությունները կարող են անցկացվել փակ քվեարկությամբ, որի համար բաց քվեարկությամբ ընդունվում է առանձին որոշում,

19.16. Ընտրված է համարվում այն թեկնածուն, ում օգտին քվեարկել է ներկաների պարզ մեծամասնությունը`, բացառությամբ ՊԿ-ի Նախագահի թեկնածության, որն ընտրվում է Համագումարին ներկա պատվիրակների ձայների 2/3-ով,

19.17. Համագումարի աշխատանքները կոորդինացնում են Համագումարի նիստերին նախագահողը եւ նրա տեղակալը, որոնք ընտրվում են Համագումարի կողմից` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

Հոդված 20. ՊԿ համգումարների միջեւ ընկած ժամանակաշրջանում ՊԿ-ի հանրապետական ղեկավար մարմինն է ՊԿ Նախագահը.

20.1. ՊԿ Նախագահն ընտրվում է համագումարի կողմից` 2 տարի ժամանակով, Համագումարին ներկա պատվիրակների ձայների 2/3-ով,

20.2. ՊԿ Նախագահը ՊԿ Կենտրոնական խորհրդի անդամներից՝ ՊԿ Նախագահի տեղակալի եւ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարի թեկնածություններ է ներկայացնում Համագումարի հաստատմանը,

20.3. ՊԿ Նախագահը հարավիրում է ՊԿ Կենտրոնական խորհրդի եւ աշխատակազմի նիստեր եւ վարում դրանք,

20.4. ՊԿ Նախագահը ՊԿ-ի անունից անում է հայտարարություններ, վարում է բանակցություններ, մեկնաբանում է ՊԿ-ի Ծրագիրն ու Կանոնադրությունը, ստորագրում է փաստաթղթեր, պայմանագրեր եւ ստանձնում պարտավորություններ,

20.5. ՊԿ Նախագահը տնօրինում է ՊԿ-ի կնիքը եւ դրոշմը,

20.6. ՊԿ Նախագահը ՊԿ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարի ներկայացմամբ հաստատում է ՊԿ-ի աշխատակազմը,

20.7. ՊԿ Նախագահն իրականացնում է սույն Կանոնադրությունից բխող այլ գործողություններ:

Հոդված 21. ՊԿ Նախագահի հիվանդության, բացակայության կամ այլ անհրաժեշտ դեպքերում նրա լիազորություններն իր իսկ կողմից դրվում են տեղակալի կամ անհրաժեշտության դեպքում՝ ՊԿ Կենտրոնական խորհրդի անդամներից որեւէ մեկի վրա:

Հոդված 22. ՊԿ նախագահի հրաժարականի դեպքում, մեկ ամսվա ընթացքում ՊԿ Կենտրոնական խորհուրդը հրավիրում է արտահերթ համագումար՝ ՊԿ Նախագահի ընտրությունների հարցով: Խորհուրդը ՊԿ Նախագահի հրաժարականի կապակցությամբ արտահերթ համագումար հրավիրելու մասին որշումն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Մինչեւ ՊԿ նոր Նախագահի ընտրությունը՝ ՊԿ Նախագահի լիազորությունները կատարում է տեղակալը:

Հոդված 23. ՊԿ Նախագահի թեկնածուներն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ում օգտին տրվել է համագումարի պատվիրակների ձայների 2/3-ը: Անհրաժեշտ ձայների քանակը չհավաքելու դեպքում կատարվում է նոր առաջադրում եւ ընտրություն: Եթե առաջադրվել են երկուսից ավելի թեկնածուներ, եւ նրանցից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների 2/3-ը ստացած թեկնածուն համարում է ընտրված:

Հոդված 24. ՊԿ Կենտրոնական խորհուրդը բաղկացած է ՊԿ-ի Նախագահից, տեղակալից, Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարից եւ համագումարի կողմից ընտրված անդամներից:

Հոդված 25. ՊԿ Կենտրոնական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ ՊԿ նախագահի կամ Կենտրոնական խորհրդի անդամներից որեւէ մեկի պահանջով:

Հոդված 26. Խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների 2/3-ի մասնակցությամբ՝ բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

Հոդված 27. ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը

27.1. անդամագրում եւ ազատում է Կուսակցության անդամակցությունից,

27.2. սահմանում է համագումարի պատվիրակների ընտրության կարգը,

27.3. ընդունում է ՊԿ-ի գործունեությունը կարգավորող որշումներ, հրահանգներ, կանոններ,

27.4. սահմանում է համագումարների որոշումների իրականացման ուղղությունները,

27.5. վերահսկում է համագումարների որոշումների կատարումը,

27.6. սահմանում է ՊԿ-ի աշխատակազմի թվակազմը եւ կառուցվածքը,

27.7. սահմանում է ՊԿ Նախագահի եւ աշխատակազմի աշխատողների վարձատրության դրույքաչափերը,

27.8. հաստատում է ՊԿ Մասնաճյուղեր հաշվետվությունները,

27.9. նշանակում է իր ԶԼՄ-ների ղեկավարներին եւ նրանց ներկայացմամբ՝ հաստատում խմբագրական կոլեգիայի կազմերը,

27.10. առաջարկություններ եւ միջնորդություններ է ներկայացնում պետական մարմիններին,

27.11. հաստատում է տեղական ինքնակառավարման մարմիններում ՊԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուներին,

27.12. մշակում եւ Համագումարի հաստատմանն է ներկայացնում ՊԿ-ի նախընտրական ծրագիրը,

27.13. հրավիրում է արտահերթ համագումար,

27.14. համագումարի քննարկմանն է ներկայացնում ՊԿ-ի վերակազմակերպման, լուծարման հարցերը,

27.15. հաստատում է ՊԿ-ի տարեկան բյուջեն, նպաստային ֆոնդերը, հիմնական եւ համալիր միջոցառումների ծրագրերը,

27.16. Ծրագրի եւ Կանոնադրության փոփոխման եւ լրացման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Համագումարին,

27.17. համակարգում է Ազգային ժողովում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցականների աշխատանքները,

27.18. կազմում է հանձնաժողովներ եւ հանձնախմբեր,

27.19. մեկնաբանում է ՊԿ-ի ծրագրերը, Կանոնադրությունը, ՊԿ համագումարների որոշումները,

27.20. որոշում է ընդունում ՊԿ-ի անունից կատարվող պարգեւատրումների վերաբերյալ,

27.21. լուծում է այլ հարցեր, որոնք բխում են սույն Կանոնադրությունից:

Հոդված 28. ՊԿ-ի աշխատակազմը ղեկավարում է ՊԿ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարը, որը հաշվետու է ՊԿ Նախագահին:

Հոդված 29. ՊԿ-ի աշխատակազմը`

29.1. հսկողություն է իրականացնում ՊԿ համագումարների եւ Կենտրոնական խորհրդի որոշումների կատարման հանդեպ,

29.2. կազմակերպում է ՊԿ-ի համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքները,

29.3. նախապատրաստում է համագումարում, Կենտրոնական խորհրդի նիստերում եւ այլ միջոցառումներում քննարկվելիք հարցերը, մշակում է համապատասխան փաստաթղթերը,

29.4. մշակում եւ Կենտրոնական խորհրդի քննարկմանն է ներկայացնում ՊԿ-ի տարեկան բյուջեի նախագիծը, կազմում է աշխատանքային գործունեության ծրագրեր եւ ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դրանց իրագործման ուղղությամբ,

29.5. մշակում է ՊԿ-ի հիմնական եւ համալիր միջոցառումների ծրագրերը,

29.6. հսկողություն է իրականացնում ՊԿ-ի մամուլի, լրատվական եւ հրատարակչական ծառայությունների գործունեության հանդեպ:

Հոդված 30. ՊԿ ղեկավար մարմինների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Վերստուգիչ հանձնաժողովը, որն ընտրվում է համագումարի կողմից եւ հաշվետու է նրան:

Հոդված 31. ՊԿ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են 2 տարի ժամանակով:

Հոդված 32. Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, անդամները միաժամանակ չեն կարող լինել ՊԿ ղեկավար մարմնի անդամ:

Հոդված 33. Վերստուգիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Վերստուգիչ հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցությամբ, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

Հոդված 34. Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների կազմից ընտրում է Համագումարը՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

ԳԼՈՒԽ VI

ՊԿ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 35. ՊԿ-ի դրամական միջոցները գոյանում են`

35.1. անդամավճարից,

35.2. ՀՀ օրենքներին չհակասող այլ աղբյուրներից:

Հոդված 36. ՊԿ-ի` գույքի ձեռքբերման աղբյուրներ կարող են հանդիսանալ բացառապես ՀՀ օրենսդրությամբ կուսակցությունների համար սահմանված աղբյուրները:

Հոդված 37. Դրամական միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում են ՊԿ-ի նախագահը, ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը՝ ըստ ՊԿ-ի տարեկան բյուջեի եւ ֆինանսական այլ ծրագրերի:

Հոդված 38. ՊԿ-ի տարածքային ստորաբաժանումները կարող են ունենալ դրամական միջոցների եւ գույքի ձեռքբերման բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբյուրներ եւ միջոցներ:

Հոդված 39. ՊԿ-ի տարածքային ստորաբաժանումները դրամական միջոցները եւ գույքը տնօրինում են ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի կարգով եւ ՊԿ Կենտրոնական խորհրդի որոշումներով` ծրագրային եւ կանոնադրական խնդիրները լուծելու համար:

ԳԼՈՒԽ VII

ՊԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 40. ՊԿ-ի Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը բացառապես ՊԿ-ի Համագումարի լիազորությունն է եւ կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ:

Հոդված 41. ՊԿ-ի Կանոնադրության մեջ կատարվող փոփոխություններն օրենսդրությամբ սահմանված ժամկետում ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի կողմից ներկայացվում են գրանցման պետական լիազոր մարմնին:

ԳԼՈՒԽ VIII

ՊԿ-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 42. ՊԿ-ն ենթակա է լուծարման` համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքի համապատասխան կետերի:

Հոդված 43. ՊԿ-ի լուծարման դեպքում` ՊԿ-ի գույքն անցնում է պետությանը:

ԳԼՈՒԽ IX

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 44. ՊԿ-ն իրավաբանական անձ է, ունի դրոշմ, կլոր կնիք:

Հոդված 45. ՊԿ-ն կարող է ունենալ հաշիվ բանկում՝ ինչպես ազգային դրամով, այնպես էլ արտարժույթով:

Հոդված 46. ՊԿ իրավաբանական հասցեն է՝ ք. Երեւան, Ն/Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան նրբանցք, շենք 11, բն. 4:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.