ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագրով առաջիկայում չի նվազի Ռուսաստանից նվաստացուցիչ կախվածությունը

Post 1

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում արդեն իրողություն դարձած Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այս համաձայնագրով ձեռք բերած դրույթները կյանքի կոչել: Տեսակետ կա, որ իշխանությունը պատրաստ չէ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:

– Այդ համաձայնագիրն աստիճանաբար հորիզոններ կբացի Հայաստանի՝ քաղաքակրթության ճանապարհով զարգանալու համար, զգալիորեն կմեծացնի Հայաստանի համապարփակ անվտանգության ցուցիչը: Հայաստանի ներկա իշխանություններն, իհարկե, կդանդաղեցնեն համաձայնագրի իրականացման ընթացքը՝ մինչև իրենց ադապտացիան, բայց արգելելու աստիճանի սրիկա չէ որևէ հայ:

– Որքանո՞վ է Հայաստանի հասարակությունը պատրաստ այս համաձայնագիրը կյանքի կոչելու: Հայաստանում հասարակության մեջ կա՞ նման պատրաստակամություն:

– Նախ՝ ամեն ինչ արվել է, որպեսզի Հայաստանում հասարակություն չլինի, և չկա: Այն, ինչ մենք ունենք, դա մեր չարքաշ բնակչությունն է, որն իր հազարամյա բնազդով միշտ առաջավորը սեփականելու հակվածություն ունի: Իսկ թե ինչ արագությամբ կիրացվի այդ հակվածությունը, կախված է բացառապես մեր ուսյալ խավի և, ցավոք, քաղաքական վերնախավի ուղղորդումներից:

– Տեսակետ կա, որ այս փաստաթուղթը ուժեղացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը 2018-ին ընդառաջ: Համամի՞տ եք արդյոք:

– Դա միանշանակ է:

– Պարոն Հայրապետյան, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ի՞նչ հնարավորություններ ունի հիմա: Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել «Ելք» խմբակցությունը, իշխանությունն ասում է, որ պետք է համոզիչ լինել, թե ինչու ենք դուրս գալիս ԵԱՏՄ-ից:

– ԵԱՏՄ-ից դուրս գալու առնվազն 400 հիմնավոր պատճառ կա, ինչպես Օստապ Իբրահիմովիչը կասեր. խնդիրը դրա հնարավորության մեջ է, որը, ցավոք, տեսանելի ապագայում չկա: Սա ամենևին չի նշանակում, թե ամեն օր չպետք է կրկնենք, որ Հայաստանի զարգացման ապագան ԵԱՏՄ-ից օր առաջ դուրս գալն է: Այսու՝ «Ելքի» նախաձեռնությունն արժանապատիվ է, գրագետ, ողջունելի, քարոզելի և սատարելի:

– Որքանո՞վ այս համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանին նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը, և որքանո՞վ Ռուսաստանը ուղղակի չի խոչընդոտի՝ հաշվի առնելով այս օրերին ռուսական լրատվամիջոցներով հակաքարոզչությունը։

– Ամեն բան ժամանակի մեջ է չափելի: Իհարկե, համաձայնագրով առաջիկայում չի նվազի Ռուսաստանից նվաստացուցիչ կախվածությունը, սակայն աստիճանաբար այն կհամակշռի մեր ինքնիշխանության և մեր ազգային տեսլականների նժարները: Այսու՝ մեզանից՝ մեր քաղաքական, հասարակական և լրատվական հանրույթներից է կախված, թե ինքնուրույնության ինչ աստիճան կարող ենք նվաճել՝ օգտվելով նաև համաձայնագրի ընձեռած հնարավորությունից: Իսկ ռուսական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը լուրջ ընդունել պետք չէ, քանի որ իրենք էլ լուրջ չեն աղմկում: Մի՞թե կարելի է կարծել, որ Ռուսաստանի չուզենալու պարագայում Հայաստանի՝ ռուսական դրածո իշխանությունները կհանդգնեին նման փաստաթուղթ ստորագրել: Մերոնց հաղթանակն այն էր, որ կարողացան համադրել հայկական, արևմտյան և ռուսական շահերը:

  • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան 
  • 2017-12-02
  • 1in.am

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.