ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դեռ ինչքա՞ն պիտի ընդամենը արձագանքողի դերում ավարտվենք

ԵՊՄ համանախագահ Սոս Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 

Ի վերջո ո՞րն էր բողոքը, կամ պահանջը, առավելագույն դեպքում ընդվզումը։ Օրակարգ էր բերված քաղաքական օրինագիծ, ու ողջ փաթեթից ընդունելի չէր ընդամենը տարեկետման վերացումը։ Ստացվում է, որ բանակ գնալը մի քանի տարով հետաձգելու խնդիր ունենք ընդամենը, և ոչ ավելին։ Կամ որ ավելի վատ է, օրվա լրահոսում հայտնվելու, հանրության ուշադրությունը գրավելու խնդիր ունենք։ Բացի տարեկետման վերացնելու «սարսափելի» փաստին դեմ լինելը, ուրիշ է՞լ ինչ կար այս բողոքի մեջ։

Քաղաքական օրինագծին դեմ արտահայտվելն անարդյունավետ է, և որևէ տեղ չի տանում, քանի դեռ հստակ չեն սահմանվել այն մարդկային արժեքները, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հանուն որոնց ամրապնդման կամ հաստատման է կոչված տվյալ շարժումը։ Նման փորձ ունեցել ենք ոչ վաղ անցյալում․ «Դեմ եմ պարտադիրին», «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» ինչո՞վ ավարտվեցին, «պարտադիրը» մնաց պարտադիր աշխատակիցների մեծ մասի համար, իսկ 2018թ-ին արդեն պարտադիր կլինի բոլորի համար, էլեկտրաէներգիան էլ միևնույնն է թանկացավ։ Այս օրինագիծն ավելի թեթև ընդունվեց, առանց լուրջ ցնցումների։ Ի վերջո ո՞րն էր բողոքը։ Հետաձգե՞լը։ Դեռ ինչքա՞ն պիտի նման «դեմ եմ»-ներով բողոքի երթեր, ցույցեր լինեն, երբ է գալու «հանուն» ինչ որ բանի շարժումների ժամանակը։ Դեռ որքա՞ն պիտի ընդամենը արձագանքողի դերում ավարտվենք։ Ի վերջո, երբ պիտի քաղաքական նպատակները, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի պետական շահն ավելի վեր դասվեն սոցիալական խնդիրներից, թանկացումից, մի քանի հազար դրամից։

Հետո էլ կհետևեն «Դե պարզ չէր, որ այս (կամ այն) օրենքն անցկացնելու էին», «Իշխանությունն իրանց ձեռքն ա, ոնց ուզում օգտագործում են» ծեծվելուց մաշված՝ արդեն քրքրված, արտահայտությունները։ Դե որ պարզ էր, էլ ուր էիք պատրոնդաշ կապում եղբայր, կամ եթե կապողներից չիէք ինչո՞ւ էիք թամաշա անում։ Սրանից վատն էլ կա, երբ «Դե մենք մեզնից ինչ հասնում էր արեցինք»-ենք են վրա գալիս, որ ուզում են ասես «դե շատ լուրջ գործ եք արել, ինչ խոսք»․ ակնհայտ պատասխանատվությունից խուսափողները, կամ փոշմանածները, ոնց էլ կոչես դրանից դատարկությունը չի լցվի։

Կասեք․ «դե էս անգամ էդքան էլ շատ մարդ չհավաքվեց, այ, որ բոլոր ԲՈՒՀ-երը միանային մի բան կլիներ»։ Թե կոնկրետ ինչ պիտի լիներ ասողն էլ չգիտի։ Ոչ էդ ձեր մի բանը, ոչ էլ ուրիշ բաները չէին լինելու՝ անգամ եթե, բոլոր ԲՈՒՀ-երը միանային։ Որովհետև չկա էն «հանուն»-ը ինչը պիտի միավորեր։ Մեծաքանակ երթերն ու ցույցերը չեն, որ բան են փոխում, այլ արժեքներ սահմանածները, և այդ արժեքների հետևից գնացողները։ Դա 2013թ․-ի այսօրերին ապացուցեցին Շանթ Հարությունյանն ու իր ընկերները։

Դե իսկ հացադուլն էլ այնքան է տարածում գտել, որ լսողի մոտ մարդկային կարեկցանք էլ չի առաջացնում։ Հացադուլ եմ անում, որ կառավարությունը չվերացնի տարեկետման հնարավորությունը։ Մոտավորապես, «դե որ չեք թողնում բակ իջնեմ, հաց չեմ ուտելու» երեխայական արտահայտությունը։ Պատմության մեջ հացադուլ հայատարարողները լուրջ քաղաքական խնդիրներ են լուծել՝ անգամ մահվան գնով (իռլանդացի Բոբի Սանդսը վառ օրինակ)։

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.