ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ռուսները մեզ տանում են պետականազրկության. Միքայել Հայրապետյան

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը կարծում է, որ անկախության 26 տարիների ընթացքում չի հաջողվել կառուցել ինքնիշխան և ժողովրդավարական պետություն՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դա դեռ չի նշանակում, որ չի էլ հաջողվելու:

«Իհարկե՛, քայլերը դանդաղ մակընթացություններով և տեղատվություններով, այնուամենայնիվ ընթանում են դեպի առաջ: Ուզենք, թե չուզենք՝ ժամանակը մեզ հրելով տանելու է առաջ, հակառակ պարագան՝ կործանումն է»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Միքայել Հայրապետյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ պետականության կառուցման ճանապարհին խոչընդոտ են հանդիսացել ինչպես արտաքին մարտահրավերները, այնպես էլ ներքին տգիտությունը: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարության կողմից ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակմանը, Հայրապետյանն ընդգծեց՝ վարչապետը նպատակ ունի ավիրել հայոց լեզուն, ապա ավելացրեց. «Կուզեի, որ իմանար՝ հայոց լեզուն որբ չէ, տեր ունի և իր նման կիսագրագետները չարժի, որ այդ որբի վրա սափրիչություն սովորեն»:

Factor.am-ի դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանն այսօր հերքել է, որ իր կողմից նման հանձնարարական է տրվել, Միքայել Հայրապետյանը հակադարձեց. «Վարչապետն այսօր ստել է: Որևէ իշխանավորի խոսքի հավատալ պետք չէ, հատկապես առաջին դեմքերի»: Պարոն Հայրապետյանը վստահ է, որ չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, այնուամենայնիվ կա սպառնալիք, որ ռուսաց լեզուն Հայաստանում կարգավիճակ կստանա: «Դա թույլ են տալիս մերոնք իրենց ողորմելի, գավառական լինելով: Վերջապես Հայաստանը քաղաքակիրթ ղեկավարներ ունենալո՞ւ է, թե՞ անպայման պետք է գեղցիներ լինեն: Հայաստանը խնդիր ունի ապագեղցիացման, սա սոսկալի միջավայր է»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ իշխանություններին հորդորելով. «Իրենցը լափելիքն է, թող լափեն, բայց հոգևորին չկպչեն»:

Միքայել Հայրապետյանը խոսեց նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու մասին հայտարարությունից՝ այն որակելով սովորական շանտաժ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Շողիկ Գալստյան 
factor.am
21.09.2017

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.