ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ տարբերություն, թե որ մի փալաս-դրածոն կլինի երկրի ղեկին

Post 1

Hraparak. am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Ըստ Ձեզ, այսօր հրատա՞պ է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու պահանջ առաջ քաշելը։

-Նայած ում կողմից: Եթե ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը բարձրացնում է հասարակությունը, ապա հրատապ է թե՛ այսօր, թե՛ երեկ: Մինչդեռ իշխանության առաքելությունը ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և զանազան անուններով հանդես եկող կայսերական կառույցներից բխող վտանգների չեզոքացումը պետք է լինի այսօր:

-Ո՞րն է այն օրակարգը, որը կարող է համախմբել հասարակությանն ու ընդդիմադիր ուժերին։

-Ամբողջատիրական համակարգերում քաղաքական ընդդիմադիր ուժեր օբյեկտիվորեն լինել չեն կարող, ուստի համախմբման մասին խոսքն ինքնախաբեության, ինքնահանգստացման նման է հնչում: Այսպիսի համակարգում ընդդիմադիր կարող են լինել հասարակական տարբեր շերտեր, մտավորական շրջանակներ, որոնք քաղաքական ձևավորում ստանալու դեպքում պարզապես կճզմվեն տանկերի թրթուրների տակ: Սակայն օրակարգ կարո՛ղ են ձևավորել, և այդ օրակարգի արդյունավետության չափորոշիչը կարող է լինել արևմտյան քաղաքակրթական հակվածությունը:

-2018թ. ընդառաջ՝ քաղաքական կյանքում ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել։ Կա՞ն այսօր Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավորումը խոչընդոտող գործոններ։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք։

-Եթե համակարգային փոփոխություն չպետք է լինի, ապա ի՞նչ տարբերություն, թե ո՞ր մի փալաս- դրածոն կլինի երկրի ղեկին: Իսկ եթե տարբերություն չկա, ապա ինչո՞ւ խոչընդոտել կամ նպաստել, այսինքն՝ ինչո՞ւ տրվել մոսկովյան խաղին: Մի՞թե ավելի արդյունավետ չի լինի, եթե խաղից դուրս պարտիա խաղարկի մեր ժողովուրդը. ճիշտ այնպես, երբ տաճարում ասում է՝ Հրաժարիմք ի սատանայէ: Իսկ որ դա մոսկովյան խաղ է, որին մոսկովյան տերերն ուզում են մեր ժողովրդին մասնակից դարձնելով այստեղ տրվող թաթար-մոնղոլական յառլիկի գինն իրենց համար բարձրացնել, կասկածից վեր է: Այստեղ էլ առմյաշկաների հսկայական հերթ է գոյացած՝ ավելի բարձր գին՝ անկախության տարբեր ատրիբուտներից մինչև Արցախով վճարելու ստոր պատրաստակամությամբ: Իհարկե, այս կարճ ընթացքում հնարավոր են համաշխարհային և տարածաշրջանային այնպիսի զարգացումներ, երբ հնարավորություն կստեղծվի տապալել հայերիս ոչ հարիր այս համակարգը և վերջապես անկախ հայրենիք կառուցել. ա՛յ դրան պետք է պատրաստ լինել՝ հոգով, բանականությամբ, պատեհ պահի զգացողությամբ:

Թագուհի Հակոբյան  hraparak.am  20,08,2017թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.