ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իրենք զենքը վերցրել էին. թող մեկ քայլ առաջ գային ու այդ զենքը բաժանեին իրենց վստահած ժողովրդին․․․

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար տեսնում ենք ԵՄ և ԱՄՆ դեսպանների կողմից հայտարարություններ Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ անելու պատրաստակամության մասին, ինչը կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախությանը: Ինչո՞ւ Հայաստանը չի օգտվում այս առաջարկից, ինչո՞ւ չկա որևէ արձագանք այս առումով:

– Ռուսաստանը թույլ չի տալիս. նա մեր ոչ միայն քաղաքական անկախության խոչընդոտն է, այլև էներգետիկ, մշակութային, տնտեսական… Իսկ Ռուսաստանն այստեղ ներկայացված է ի՛ր իշխանությամբ և ի՛ր ընդդիմությամբ:

– Առհասարակ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ի՞նչ նշանակություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքականությանմեջ:

– Հայաստանի իշխանությունների համար ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ունեն այն նշանակությունը, ինչը սպասարկում է Ռուսաստանի շահերը: Իսկ իրական Հայաստանի համար դա պետք է լիներ մեր թիվ մեկ առաջնահերթությունը: Ցավոք, այդպես չէ:

– Հայաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս  եք գնահատում, արդյոք հնարավո՞ր է Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի կյանքի կոչումը մինչև տարեվերջ, թե՞ վերջին պահին դարձյալ խոչընդոտներ կլինեն Ռուսաստանի կողմից:

– Քանի որ ԵՄ ղեկավարությունը սեփական օրինակով, հուսամ, արդեն հասկացել է Հայաստանի նուրբ վիճակը, այլևս հանգրվանային փաստաթուղթ կներկայացնի մեր երկրին և ոչ թե անցյալ անգամվա նման, երբ ուզում էին մեզ իրենց փոխարեն  նետել վիրավոր արջի երախը, ինչից իրենք անգամ միասնաբար սարսափում են: Վստահ եմ՝ այս անգամ ինչ-որ մի դանդաղ ընթացք ենթադրող այնպիսի փաստաթուղթ կստորագրվի, որի համար մեր դրածո իշխանությունները չեն ունենա իրենց սրբություն սրբոցը՝ իշխանությունն իր կերակրատաշտով կորցնելու կենդանական վախը:

– Մեկ տարի է անցել «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գունդ մտնելուց: Այս մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատում: Հիմա էլ դատարանի դահլիճում  հնչում են զենք վերցնելու և ապստամբելու կոչեր: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:

– Զենք վերցնելը և ապստամբելը ցանկացած ժողովրդի անկապտելի իրավունքն է և սրբազան պարտականությունը, երբ ոչնչացված են հիմնարար իրավունքները: Այնպես որ, այդպիսի կոչերը վտանգավոր են (այս դեպքում՝ ծիծաղելի) ոչ թե հենց այդպիսին լինելու պատճառով, այլ որ դրանք նախ՝ ժամանակավրեպ էին և են, երկրորդ՝ ոչ այնքան վստահելի են: Իրենք զենքը վերցրել էին. դե թող մեկ քայլ առաջ գային ու այդ զենքը բաժանեին իրենց վստահած ժողովրդի՝ ապստամբության համար միանգամայն բավարար հոծ զանգվածներին: Դրա փոխարեն՝ պարոն Շանթ Հարությունյանի արածը՝ արժեքային հեղափոխության ազդարարումը, ազնիվ էր, բարոյական ու պետականության համար (չշփոթել դրածո իշխանությունների հետ) անգնահատելի:

– «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում համախմբման և թավշյա հեղափոխություն իրականացնելու: Որևէ քաղաքական ուժ, ըստ էության, դրական չի արձագանքում այս կոչին: Ինչպե՞ս եք Դուք գնահատում:

– Բավականին դրական, թեև պահպանողականը հեղափոխական չէ: Պարզապես նախ պետք է հասկանալ, թե ներկա Հայաստանի համար ինչ ասել է թավշյա:

-Արդյոք հնարավո՞ր եք համարում ընդդիմության համախմբում, օրինակ, այնպիսի օրակարգի շուրջ, որ որևէ կերպ թույլ չտրվի Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ:

– Արժեքային ի՞նչ տարբերություն եք տեսնում ներկա իշխանությունների և իրենց ընդդիմություն հռչակածների միջև: Անձամբ չեմ տեսնում: Եթե այդպիսի տարբերություններ չկան, ապա ամենաիսկական Սերժ Սարգսյանը հենց Սերժ Սարգսյանն է. և նույնը նույնով փոխելը խաբեություն է: Բայց քանի որ մեզանում դաշտը զբաղեցված է հիմնականում խաբեբաներով, շատ հնարավոր է այդպիսի մի թատերականացված խաբեություն:

Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի 1in.am

16.07.2017

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.