ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս անգամ նաչալնիկ-դուռակը մի փոքր ավելի քինախնդիր կլինի․ Միքայել Հայրապետյան


Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-2008թ․ քաղաքական դատավարությունները շատերը, այդ թվում նաեւ քաղբանտարկյալները, համեմատում էին Նյուրնբերգյան դատավարության հետ։ Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել 2008թ․ դատավարությունների եւ «Սասնա ծռերի» դատավարությունների միջեւ։

Դե, մենք չափազանցություններ սիրող ազգ ենք. մեզանում եղած բոլոր դատավարություն-հաշվեհարդարների համար էլ նման արտահայտություններ եղել են ու, ցավոք, կլինեն, ինչպես խռովությունն ապստամբություն, անմիտ խիզախումը՝ հերոսություն, Ռադիկ Մարտիրոսյանին՝ ակադեմիկոս, Հայկ Քոթանջյանին՝ գեներալ, Կարեն Կարապետյանին՝ երկրի վարչապետ, ԱԺ գավառական խաժամուժը՝ քաղաքական գործիչներ կոչելը… Իսկ որ 2008թ. և ներկա դատավարությունները երկվորյակ քույրեր են, շատ բնական է, քանի որ մենք այդպես էլ չունեցանք ոչ միայն արդար դատարաններ, այլև արդարության և արդարամտության ազգային պահանջ հենց մեր ներսում: Մեր գիտակցությունները դեռևս ռուսական-խորհրդային «Յա նաչալնիկ՝ տի դուռակ, տի նաչալնիկ՝ յա դուռակ» աշխարհայեցման մամլիչի տակ են: Այս անգամ պարզապես մի փոքր ավելի քինախնդիր կլինի նաչալնիկ-դուռակը, քանի որ եղան պատանդառված գեներալ և սպանված ոստիկաններ:

-ԱԺ ընտրություններին չմասնակցեցիք, մի շարք այլ ուժեր էլ մասնակցեցին եւ չկարողացան մուտք գործել խորհրդարան։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անեն այդ քաղաքական ուժերը հանրության հետ կապը չխզելու համար։

Մի՞թե հանրության հետ կապը պայմանավորված է ԱԺ-ում լինելով. կարծում եմ՝ ուղիղ հակառակը:

-Հնարավոր համարու՞մ եք, որ նախկին շարժումները կարող են ռեինկարնացիա (վերամարմնավորում) ապրել։

Ռեինկարնացիան հոգիների համար է ասված, իսկ նախկին շարժումները, ցավոք, բացառապես մարմնավոր սկիզբ ունեին: Եվ, ինչպես Մարկեսն է ասում, դրանք դատապարտված են երկրորդ անգամ չծնվելու: Իսկ ինձ և Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ո՛ր անշունչ մարմինը կլինի: Ասվածի ոգին պարզաբանելու համար, Ձեր թույլտվությամբ, ես կմեջբերեմ Վահան Տերյանին. «Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը - այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար»:

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am 

10,07,2017թ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.