ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները ստիպում են Սվիտալսկուն արագացնել Հայաստանի ապագաղութացման գործընթացը. Հայկ Միրզոյան

Երիտասարդ պահպանողականների միության համանախագահ Հայկ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


Պյոտր Սվիտալսկու նկատմամբ իշխանության ներկայացուցիչների գրոհները մեկնաբանողների մեծ մասը հանգում են իշխանության՝ Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիրը չստորագրելու հակվածությանը: Ըստ ամենայնի վերլուծողների երևակայությունը չի բավականացնում քննարկել այլ՝ ավելի հավակնոտ տարբերակ:

Կեղծ են պնդումները, թե ժողովրդավարությամբ կարելի է կառուցել ազատ և անկախ Հայաստան։ Մարդկության պատմությունը նման օրինակներ չունի: Իրականում, ազատության և անկախության ձգտող հասարակությունը կարող է կառուցել ժողովրդավարություն: Ուստի ԵՄ-ի հետ քաղաքական ասոցիացումը հնարավոր է լիարժեք անկախ պետության կերտման պարագայում միայն:

Հետևաբար Հայաստանի համար առավել կարևոր է ոչ թե ասոցիացման պայմանագրի ստորագրումն ինքնին, այլ դրան նախորդող զարգացումները, որոնք կարող են հանգել Հայաստանի ապագաղութացմանը։ Հայաստանի իշխանությունների «ցասումը» իր մեջ հենց այս ակնարկն է պարունակում ԵՄ-ին:

Անտարակույս, ԵՄ-ում կան պետություններ, որոնք պատրաստ են և նաև աջակցում են Հայաստանի ապագաղութացմանը: Սակայն, որպես Եվրամիության ներկայացուցիչ, Պյոտր Սվիտալսկին չունի ԵՄ-ի կողմից տրված մանդատ՝ ֆինանսական, քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրելու Ռուսաստանի տիրապետությունից դուրս գալ պատրաստվող Հայաստանին:

Հայաստանի իշխանությունների՝ Սվիտալսկու դեմ ուղղված գրոհների տակ քողարկված պահանջ կա: Նրանք այդպիսով ստիպում են Սվիտալսկուն ստանալ այդ մանդատը և արագացնել Հայաստանի ապագաղութացման գործընթացը:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.