ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հանրությունը վաղուց ի վեր որևէ ուղերձ չի ակնկալում մեր իշխանություններից․ Միքայել Հայրապետյան

Post 1

Երեւանի ավագանու ընտրություններից հետո Hraparak.am-ի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացնում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Հայաստանում տեղի ունեցան հերթական՝ Երեւանի ավագանու ընտրությունները։ Ինչո՞վ էին խորհրդանշական այդ ընտրությունները, հերթական անգամ ի՞նչ ուղերձ հղեցին դրանք հանրությանը։ Որևէ խորհրդանշական բան չկա այն միջոցառման մեջ, որը Դուք քաղաքավարիորեն «ընտրություն» եք անվանում: Վստահ եմ՝ հանրությունը վաղուց ի վեր որևէ ուղերձ չի ակնկալում մեր իշխանություններից: Շատ քաղաքական գործիչներ նշում են, որ չհաջողվեց Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքականացնել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չհաջողվեց քաղաքականացնել այդ ընտրությունները։ Հայաստանում քաղաքականացված ոչինչ չկա, ամեն բան մանրավաճառային-զոռբայական-թայֆայական է: Քաղաքականացվածության պահանջ հնարավոր է առաջադրել, եթե առաջադրողներն իրենք քաղաքականանան. այդ դեպքում գուցե ինչ-որ բան հաջողվի: ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական էլիտան առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում ի՞նչ խնդիրներ է փորձելու լուծել։ Մեր ԱԺ-ն ընտրովի՞ է, թե՞ նշանակովի։ Այն, ինչը Դուք դարձյալ բարեկրթորեն «քաղաքական էլիտա» եք անվանում, մեր ժողովրդի թափոնն է և առաջիկայում լուծելու է իր վերամշակման խնդիրը, ինչպես վայել է թափոնին: Ոչ միայն ԱԺ-ն, այլև հայաստանյան որևէ սեգմենտ ընտրովի չէ, քանի որ սրբազան այդ արժեքը՝ Ընտրությունը, մինչև վերջ ջախջախված է: Այո՛, մեզանում ընտրովի ցանկացած մարմին նշանակովի է. պարզապես Հայաստանում սատրապություն անելու համար մի քանիսին նշանակել են Մոսկվայից՝ դրանց տալով այստեղ նշանակումներ անելու լիազորություն, ինչպես եղել է ցարական և խորհրդային գաղութացման ժամանակներում: Հասարակական-քաղաքական կյանքում ի՞նչ ռեֆորմներ պետք է իրականացնել, ինչպե՞ս։ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանք չկա, այլ միայն դրա իմիտացիա. և ոչ մի բարենորոգում չի կարող լինել: Մեր երկրին պետք են դեսովետիզացիա, ապագաղութացում, ապագեղցիացում և կրթվածություն, կրթվածություն ու դարձյալ կրթվածություն:

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.