ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սինլքորների վերջին ապաստանը «հայրենասիրությունն» է. նոր ԱԺ-ից որևէ ակնկալիք չկա


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, երեկ մեկնարկեց ԱԺ վեցերորդ գումարման  անդրանիկ նստաշրջանը: Ի՞նչ սպասել այս նստաշրջանից, երբ շատերի գնահատմամբ՝ ունենք գաղափարազուրկ իշխանություն և ապագաղափարական ընդդիմություն:

– Մեր խորհրդարանի նիստերի դահլիճի միայն ներքին հարդարանքն է փոխվել    1999թ. հոկտեմբերի չարաբաստիկ 27-ից հետո: Մեր ժողովուրդը թերհաս չէ, որ խորհրդարանից որևէ ակնկալիք ունենա:

– Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է:

– Վիճակն այնքան էլ օրհասական չէ, որ եզակի թվով ելքի մասին խոսենք: Աստված ողորմած է և մեր ժողովրդի համար շատ ելքեր է թողել: Դրանցից առաջինը թերևս կրթվելն է, որից խորշում է և որի դեմ ուժերի ներածի չափով գործում է մեր քաղաքական վերնախավը՝ իր իշխանական և ընդդիմադիր թևերով:

– Արդյոք ներքաղաքական կյանքում հնարավո՞ր են արագ զարգացումներ առաջիկա տարիներին, երբ ընտրություններ չկան:

– Ընտրություններ չկան առաջիկայում և չեն եղել նաև մեկ ամիս առաջ: Արագը չգիտեմ, բայց անսպասելի զարգացումներն ամենևին չեն կապվելու «ընտրություն» անվանվածի հետ և լինելու են անպայման: Համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները հանգեցնելու են դրան:

– Պարոն Հայրապետյան, երեկ անդրանիկ նիստի բացմանը Սերժ Սարգսյանը ասել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի դերը կբարձրանա:  Արդյոք խորհրդարանի դերը արտաքին քաղաքականության ոլորտում բարձրացնելով՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել այլ պատկեր, բացառել այնպիսի պայմանագրերի հաստատումը, ինչպիսին էր ԵԱՏՄ-ն:

– Սերժ Սարգսյանը ժամանակին «Արմենիկումի» մասին էլ է ասել: Առա՛ջ անցեք, լուրջ մի՛ ընդունեք:

– Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Արցախի խնդրի մասին առաջիկա տարիներին ԱԺ ամբիոնից շատ ելույթներ կհնչեն: Նա խնդրի կարգավորման մասին երկար խոսեց, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Արդյոք առաջիկայում նախատեսվո՞ւմ է խնդրի արագ կարգավորում:

– Արցախի մասին չեն խոսում, Արցախի համար, որ նույնն է, թե հայ պետականության համար, գործում են: Առաջիկայում չի սպասվում ո՛չ խնդրի կարգավորում, ո՛չ իսկ թեժացում: Կապրենք՝ կտեսնենք: Պարզապես սինլքորների վերջին ապաստանը «հայրենասիրությունն» է, ինչպես վաղուց է նկատված:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.