ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Տոտալիտար երկրում ազատ ստեղծագործողը վտանգավոր տարր է եւ ենթակա է ճնշման ու ոչնչացման։ Նրա հասարակական վտանգավորությունը հիմնավորելու համար տոտալիտար կառավարման ապարատը ձեւավորում է գրաքննություն իրականացնող մարմիններ, որոնք որոշում են, թե ո՛ր գիրքն ու թերթը պետք է հրատարակվեն, ո՛ր կտավն ու ֆիլմը ցուցադրվեն, ո՛ր հաղորդումն ու սերիալը հեռարձակվեն, ո՛ր ներկայացումը բեմադրվի եւ այլն։ Եթե ստեղծագործողը չի ենթարկվում տոտալիտար մշակույթի անվտանգության պահանջներին, ապա նրան տնային կալանք են տալիս, բանտարկում, աքսորում, գցում սեւ ցուցակ կամ ավտոմեքենայի տակ։ Իսկ Պապուա-Նոր Գվինեայում հասարակական արժեքները ոտնահարողին պարզապես ուտում են:

Քաղաքացիական հասարակությունում ցանկացած մարդ իրավունք ունի ստեղծագործելու՝ գրելու, նկարելու, երգելու եւ այլն։ Եվ ցանկացած մարդ իրավունք ունի քննադատելու իր կարդացած գիրքը, լսած երգը, տեսած կտավը, ներկայացումը, սերիալը եւ այլն։ Այս հարաբերությունը կարգավորվում է հետեւյալ բանաձեւով. «Ինչ կարգի են քննադատական վերլուծությունները՝ նույն կարգի են ստեղծագործությունները»։ Մշակութաբանների եւ պատմաբանների գնահատմամբ՝ միջնադարյան վերածնունդը եւ դրան հաջորդող մշակութային ու քաղաքական հզոր տեղաշարժերը սկսվել են հանրային կյանքի եւ մասնավորապես՝ մշակույթի լայնածավալ քննադատությունից։ Սովետահայ քննադատությունն անցյալ դարի 60-70-ականներին ազգային շարժումների ազդեցության տակ սթափվեց ու դեպի մշակութային քննադատություն բարձրացավ, որի արդյունքում ծնվեցին մի շարք խոշոր գրողներ ու նկարիչներ։ Մշակութային քննադատությունը անդրադառնում է ստեղծագործության գրական, գիտական, գեղագիտական, հոգեւոր, քաղաքական, հասարակական, հոգեբանական, փիլիսոփայական խնդիրներին, կառուցվածքին, ընդգրկունությանը, թիրախին, հնարավոր հետեւանքներին, կատարողական վարպետությանը, օգտագործված տեխնիկային եւ այլն։

Վերջերս 100-ից ավելի մտավորական քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների ու սերիալների որակի եւ բովանդակության վերաբերյալ։ Այս ալիքի բարձրացմանն օբյեկտիվորեն նպաստել են մի շարք քաղաքական եւ մշակութային սպասված ու անսպասելի զարգացումներ, որոնցից նշանակալի են մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները, քաղաքացիական ու բնապահպանական շարժումների ակնհայտ հաջողությունները, հասունացող քաղաքական վերափոխումները, հեռուստատեսային շոուներում երաժշտական կատարումների մասնագիտական վերլուծությունները եւ, իհարկե, տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։

Մշակույթի զարգացմամբ, մշակութային անվտանգությամբ մտահոգ մարդկանց ու կազմակերպություններին առաջարկում եմ կազմակերպել քննադատների մրցույթ. ընտրվում է որեւէ գրական ստեղծագործություն, կտավ, երաժշտություն, ֆիլմ, հեռուստատեսային հաղորդում, սերիալ, եւ դրա վերաբերյալ հայտարարվում է քննադատությունների մրցույթ։ Քննադատությունները հրապարակվում են հանրամատչելի Էջում. տրվում է ոչ բարձր հոնորար։ Քննադատությունները գնահատում են ընթերցողն ու Կառավարությունը։ Լավագույն քննադատության համար սահմանվում է կառավարական պարգեւ եւ մշակույթի մեկենասի դրամային պարգեւ։ Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատանում Ծիրան շահած ֆիլմը կարող է դառնալ այսօրինակ քննադատության առարկա։ Իսկ մեր մեջ ասած՝ հեղինակավոր միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն ու հովանավորները վաղը կամ մյուս օրը Նոր Էջեր են բացելու, որտեղ հրատարակվելու են 9-րդ կինոփառատոնում ներկայացված, ինչպես նաեւ, 2013թ. 10-րդ «Ոսկե Ծիրանին» մասնակցելու հավակնություն ունեցող բոլոր ֆիլմերի մասին լուրջ ու բարձրարժեք բազմաթիվ քննադատական հոդվածներ։ Հակառակ պարագայում՝ 10-րդ «Ոսկե ծիրանը» կարող է լինել վերջինը՝ իր արհեստական լրջության մակարդակով։

Ժողովրդավարական երկրներում մշակույթի զարգացման խթանը քննադատությունն է։ Ազատ, քաղաքացիական հասարակություններում հետաքրքիր եւ բովանդակալից քննադատական վերլուծությունների ազդեցությամբ է հնարավոր հասնել այն բանին, որ շուկա հանվեն ու սպառվեն գերազանցապես բարձրարժեք ստեղծագործություններ։ Իսկ մաքուր օդից ու ազատ խոսքից վախեցող վարչախումբը «մտավորականների» պահանջով ստեղծում է կից գլավլիտ եւ սահմանափակում Միտքը։

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական կուսակցության քարտուղար

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.