ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱ՛ՐԴՆ Է ԱՌԱՆՑՔԸ

Խնդրեմ, սրանց խելքին նայեք. սրանք նույն հիվանդներն են, ինչ մեր հասարակության մնացյալ բոլոր հատվածներն անխտիր: Փոխանակ ցավ զգալու, որ ՄԱՐԴՈՒ են ծեծել, անարգել, ասում են՝ «ազնվագույն եւ ամենամարդասիրական մասնագիտության» տիրոջն են բան ասել:


ՄԱ՛ՐԴՆ Է ԱՌԱՆՑՔԸ

Պահպանողական կուսակցության նախագահ Մ. Հայրապետեանն իր էջում անդրադարձել է Հայաստանի քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հայտարարությանը, որն արտատպել է 1in.am կայքը

Խնդրեմ, սրանց խելքին նայեք. սրանք նույն հիվանդներն են, ինչ մեր հասարակության մնացյալ բոլոր հատվածներն անխտիր: Փոխանակ ցավ զգալու, որ ՄԱՐԴՈՒ են ծեծել, անարգել, ասում են՝ «ազնվագույն եւ ամենամարդասիրական մասնագիտության» տիրոջն են բան ասել: Երբ լրագրողի հետ են այդպես վարվում, բոլորը ոռնում են, թե լրագրողին պետք չէ ծեծել, անարգել. ոչ ոք չի ասում, թե ՄԱՐԴՈՒՆ թողեք ՄԱՐԴ մնա: Թշվառականի այս մտածողությունը մի քանի հարյուր տարեկան է: Դեռ Վահան Տերյանն էր ասում, որ հայ գրականությունը ստոր է, քանի որ այնտեղ ամեն բան կա, բայց չկա ՄԱՐԴԸ. կա բժիշկ, կա լրագրող, կա նախագահ, կա վարչապետ, կան «համբալներ եւ հայվաններ» (ինչպես ներկա պաշտոնյաներն են ասում), չկա միայն ՄԱՐԴԸ: Ուզում եմ ասել այս քիթ-կոկորդ-ականջի մասնագետներին, որ մասնագետ լինելուց առաջ ՄԱՐԴ է պետք լինել: Ես ուսուցիչ եմ. կարո՞ղ եք ասել, թե ինչո՞վ է ավելի մարդասիրական կամ ազնվագույն բժշկությունը ուսուցչությունից կամ փողոց մաքրող հավաքարարությունից: Ազնվությունն ու մարդասիրությունը մասնագիտական որակներ չեն, այլ մարդկային. եւ ձեզ ու բոլորին ծեծելու ու անարգելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, որ առանցքը Մարդն է, որը եթե կաշառակեր ու սրիկա է, ապա այդպիսին է եթե բժիշկ է, եթե ուսուցիչ է, եթե լրագրող է, եթե քաղաքական գործիչ է… Եթե Մարդն ազնիվ է եւ մարդասեր, ապա այդպիսին է, եթե բժիշկ է, եթե ուսուցիչ է, եթե լրագրող է, եթե քաղաքական գործիչ է… Ամո՛թ է. ուրիշի ողբերգության վրա ձեր մասնագիտական գովազդը մի՛ արեք. այլապես այդ տրամաբանությամբ կարելի է ասել. «Վրեժ լուծեք բժիշկներից, քանի որ նրանք ձեզ օգնություն ցույց չեն տա, քանի դեռ իրենց լափի փողը չեն վերցրել, նրանք անազնիվ եւ մարդատյաց մասնագիտության կրողներ են. վրեժ լուծեք լրագրողներից, քանի որ նրանք որեւէ ճիշտ բան չեն գրի եւ կստեն միշտ նրա օգտին, ումից արդեն վերցրել են իրենց լափի փողը, նրանք անազնիվ եւ մարդատյաց մասնագիտության կրողներ են»: Սա նույնքան սխալ է, որքան այս հայտարարության տխմար մտածողությունը: Վատ մասնագիտություններ չկան, կան վատ ուղեղ ունեցողներ, որոնց թվում է, թե իրենց հարգը իրենց մասնագիտության, իրենց բիլակի ուժի, իրենց գրաված դիրքի մեջ է: Այդպես է թվացել նաեւ այն կենդանուն, ով «Հարսնաքարում» մահվան դուռն է հասցրել ՄԱՐԴՈՒՆ:

http://www.1in.am/arm/armenia_society_91364.html

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.